ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դարերի ու ջրերի խորքում»

Աննա Մարտիկյանի անունը լսելիս, շատերին կհիշեցնի 2012 թ-ին առաջին գյումրեցի «թույլ սեռի» ներկայացուցչին, որը լեռնագնացների, արշավորդների և մի խումբ հետազոտող-գիտնականների հետ բարձրացել էր Արարատ լեռան գագաթը, որտեղ բարձրացրել էր Գյումրու դրոշը…

Աննային միայն որպես լեռնագնացության էքստրիմի սիրահար ներկայացնելը սխալ կլիներ: Նա հետաքրքրված է, սիրում է, ու զբաղվում է էքստրիմի՝ Հայաստանում քիչ թե շատ հայտնի ու զարգացած բոլոր ձևերով. պարաշյուտով թռիչքներ, աէրոպլանով թռիչքներ, ձմեռային էքստրիմ, դայվինգ (ջրասույզ): Աննայի հետ զրուցելիս, նա մի գաղտնիք բացեց. պարզվում է, վախենում է ջրից, անգամ ջրի մի կաթիլի հպումից, բայց, իր իսկ մեկնաբանությամբ, այդպես փորձում է հաղթահարել ֆոբիան: Վերջերս մասնավոր զրույցից տեղեկացա, որ նա պատրաստում է մեծ նախագիծ, որը նոր լույս կսփռի Հայոց պատմության վրա:

Աննա, դու չես դադարում հիացնել ու զարմացնել: Դու իսկական կարծրատիպեր կոտրող եսԿպատմե՞ս քո նոր նախագծից:

— Մի քանի տարի առաջ ես էլ չգիտեի, թե ինչ էր հայաստանյան ծովագնացության պատմություններն ու ովքեր էին եղել հայ ծովագնացները: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ առաջին անգամ փորձում էի սովորել դայվինգ: Մի անգամ Սևանում ջրի հոսանքն ինձ ու դայվինգի մարզիչ Ռաֆայել Մկրտչյանին տարավ ջրի տակ մի այնպիսի տեղ, որտեղ կողմնացույցը սկսեց չաշխատել՝ մագնիսական բարձր հոսանքների պատճառով: Ջրի տակ խոսակցական նշանային համակարգ կա, նա ինձ նշաններով հասկացրեց, որ ոչինչ պետք չէ անել, ընդդիմանալը զուր է, պետք է սպասել: Ու հոսանքը մեզ հասցրեց մի տեղ, որը բնակավայր էր հիշեցնում: Մեր մտքով անգամ չէր անցնում, որ դա ինչ-որ արժեքավոր վայր է: Բարեբախտաբար տեսախցիկն ինձ հետ էր և ես նկարահանեցի այն ամենը, ինչ տեսանք: Ի դեպ, դայվինգի մարզիչս ունի ստորջրյա հնագետի որակավորում, Լենինգրադում է ավարտել, նա ևս զարմացած էր, բացատրում էր, որ էսինչը նման է սարկոֆագի, էնինչը՝ չգիտեմ ինչի… Ես այնքան էլ չէի հասկանում, թե խոսքը ինչի մասին է, ուղղակի նկարում էի, տեսա՝ մի հատվածը կանոնավոր շարվածքով պատ է հիշեցնում: Դուրս եկանք:

Հաջորդ անգամ մեզ միացավ մեկ այլ ջրասուզակ՝ Արտակ Էլմասակյանը: Հետո արդեն, նկարահանվածը ցույց տվեցինք հնագետներին, պատմաբաններին: Նրանցից ոմանք ասացին, թե հնարավոր չէ, որ Սևանի տակ ինչ-որ բան գտնվի, ոմանք էլ հետաքրքրվեցին, ասացին՝ հնարավոր է, ու դա նոր պատմություն կբացահայտի: Երբ 50-ականներին Սևանի մակարդակն իջեցրել են, հայտնաբերվել է Լճաշենի հնավայրը, որը նոր լույս էր սփռել պատմությանը: Նշանակում է, որ այն հազարավոր դարեր առաջ՝ Բրոնզե դարաշրջանին վերաբերող հնավայր էր: Նույնիսկ որոշ ցուցանմուշներ էին գտել, որոնք տարվել են Էրմիտաժ: Իսկ մինչ այդ պատմական ոչ մի աղբյուրում որևէ հիշատակում չի եղել, թե այդ հատվածներում Բրոնզե դարի հետ կապված որևէ առնչություն կարող էր լինել: Սևանի ավազանում կան Կիկլոպյան ամրոցներ, կան հնագույն մշակույթ հիշեցնող վկայություններ, բայց որ ջրի տակ կարող են լինել՝ անհավանական է կամ՝ դժվար բացահայտելի: Այդ ժամանակ, ճիշտ է, հեռուստառեպորտաժներ պատրաստվեց, Ձեր թերթում էլ գրեցիք այդ մասին, բայց ոչ մի մասնագիտական բացատրություն կամ հետաքրքրություն չդրսևորվեց մեր մասնագետների կողմից:

Երբ վերջերս իմ ունեցած կադրերը վերհիշելու համար նայեցի, զգացի, որ հնարավոր է այն, ինչ մենք նկարահանել ենք, կրկին ուսումնասիրել: Բայց, որպեսզի ավելի տեղեկացված լինեի, սկսեցի ուսումնասիրել ստորջրյա հնագիտության համաշխարհային փորձի մասին պատմող գրքեր, հոդվածներ, տեսագրություններ: Որպեսզի համեմատություններ տանեի կամ, ինչպես ասում են, ավելի խորն ըմբռնեի եղածը, մեկնեցի Միջերկրական ծով՝ խորքերն ուսումնասիրելու, ստորջրյա հայտնագործությունների պատմություններին ծանոթանալու: Այնտեղ, ջրի տակ, երեք քաղաքակրթություններ են հայտնաբերվել, Ալեքսանդրիայի հրաշալիք փարոսը, Կլեոպատրայի պալատը… Բավականին մեծ գումարներ ծախսեցի, որ սուզվեի ու իմ աչքերով տեսնեի այս հրաշքները. Կլեոպատրայի պալատը, սեղանը, սֆինքսը: Նրանք այս տարածքները մտցրել են զբոսաշրջային ուղղության մեջ՝ դայվինգի սիրահար տուրիստների համար: Եվ համեմատություն տանելով հասկացա, որ այն, ինչ տեսել եմ Սևանում, նման է, ու հնարավոր է, ինչ-որ քաղաքակրթության մնացորդ է: Վերադարձա Հայաստան: Ցավոք, մեզ մոտ մենք չունենք ստորջրյա հնագետներ, կամ ստորջրյա հնագիտությամբ զբաղվողներ: Բայց, փնտրտուքներս տվեցին այն արդյունքը, որ գտա աշխատություններ՝ միջնադարում հայ ծովագնացների մասին: Նույնիսկ միջնադարում ունեցել ենք ջրասուզակության ձեռնարկ… Միջնադարում հայերը սուզվել են, բայց ոչ թե որևէ բան գտնելու, այլ լոկ մարգարիտներ հանելու նպատակով: Այդ պատճառով էլ այդ ժամանակներում ստեղծվել է ջրասուզակության ձեռնարկ: Սա գոնե իմ համար Հայաստանի պատմության ևս մի էջ է բացում: Այս հետազոտություններից հետո Հայաստանն իմ համար լրիվ նոր լույսի տակ երևաց: Իսկ երբ իմացա հայերի ծովագնացության պատմությունները, թե ինչ ավանդույթներ ենք ունեցել, ովքեր եղել են հայտնի ծովագնացներ, լրիվ ուրիշ հայացքով սկսեցի նայել ամեն ինչին: Հիմա էլ, չնայած չունենք ծով, բայց ունենք նավապետեր, ովքեր և առագաստանավերով, և այլ ջրային միջոցների պահանջված նավապետեր են:

Ես ճի՞շտ հասկացա. ասել կուզեք, որ երազել են նավապետ դառնալ, գնացել, սովորել են:

— Այո, գնացել, սովորել են ծովագնացություն, իսկ փորձ ու վարպետություն ձեռք բերելու շնորհիվ էլ նավապետեր են դարձել: Օրինակ, Կարեն Բալայանը միջնադարյան ձեռագրերն ուսումնասիրելով է «Կիլիկիա» առագաստանավը կառուցել, ու 3 տարում օղակեց Եվրոպան: Հետո, ես մի բան հասկացա. ծովագնացությունը, ծովի հանդեպ սերը մեր գեների մեջ կա, ուղղակի պետք է այն արթնացնել: Երբ ծովահայի գենն արթնացրեցիր, սկսում ես քո պատմությունն ու քո ինքնությունը նոր գույներով տեսնել:

Իսկ քո հայտնաբերածը որևէ մեկի մոտ հետաքրքրություն չառաջացրե՞ց, թեկուզ այն նպատակով, որ միգուցե «գանձերի» կղզի է հայտնաբերվել:

— Մեզանից հետո փորձեր արվել են սուզվելու, սակայն այն, ինչ մենք ստորջրյա մակընթացության շնորհիվ հայտնաբերել էինք, մյուսներին դա չէր հաջողվել, քանզի Սևանի տակ ալեբախությունների հետևանքով հնարավոր են մինչև կես մետր ավազային բլուրների գոյացություններ ու տեղաշարժեր և ենթադրում եմ, որ այդ պատճառով մյուսներին դա չի հաջողվել:

Այսինքն, ծովերի աստված Նեպտունը քեզ հաջողության էր մղել:

— Ավելի շուտ ես հաջողություն եմ համարում այն, որ ինձ հետ եղել էր տեսախցիկ, ու ես տեսագրել էի մեր հայտնաբերածը: Բայց կուզենայի կրկին անդրադառնալ ծովահայությանը… Երբ ստորջրյա հետազոտությունների աշխարհի փորձն էի ուսումնասիրում, մեկ այլ բացահայտում էլ արեցի. Ռուբեն Օրբելի. եղել է հայ խորհրդային հնագետ, ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում, հիմնել է գիտության նոր ճյուղ՝ հիդրոհնագիտություն: Օրբելին առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը։ Եվ նա իր եղբոր՝ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծող, ակադեմիկոս, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելու միջոցով փորձեր է արել, թե ջրի խորությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա, և ջրասուզակությունը զարգացնելու համար՝ վերջինիս սուզելով ջուրը: Նա մի աշխատություն ունի՝ «Դարերի ու ջրերի խորքում»: Ես իմ նախագծի վերնագիրը այստեղից եմ վերցրել, քանզի այն, ինչ ես եմ ուզում իրականացնել, նույն գաղափարն է՝ ջրերի խորքում բացահայտել դարերի խորքը…

Իսկ հիմա՝ «Դարերի ու ջրերի խորքում» նախագծից պատմեք:

— Այն կլինի ֆիլմաշար՝ և հետազոտական, և՛ գիտահանրամատչելի: Սկզբում ուզում էի որպես հեռուստանախագիծ, որը կլիներ որպես հետազոտական արշավներ, սակայն մեծ ծախսերի հետ էր կապված: Ես կփորձեմ այն ֆիլմաշարի տեսքով ներկայացնել՝ համագործակցելով «Լայթ» փրոդաքշընի հետ: Ներկայում առաջին ֆիլմն է պատրաստվում՝ արխիվային կադրերից: Այն կլինի որպես իրապատում՝ իմ Սևանում առաջին սուզման ժամանակ նկարահանած կադրերի հիման վրա: Ի դեպ, ամենակարևորն ասեմ. երբ ստորջրյա հատվածում պատահականորեն հայտնաբերեցինք բնակավայր հիշեցնող տարածքը, ես, որպես նվիրյալ գյումրեցի, Գյումրու դրոշն եմ իջեցրել ու ամրացրել այդ տարածքում: Այս ամենը ֆիքսված է ֆիլմաշարի առաջին հատվածում… Մի քանի շիշ «Գյումրի» գարեջուր եմ դրել…

 

Այնպես որ, եթե մինչ այս, օլիգարխիան սեփականաշնորհում էր Սևանի ափամերձ տարածքները, կարող ենք ասել, որ Գյումրին «գրավել» է Սևանի ընդերքը

— Այո, ստացվում է այդպես (ծիծաղում է): Պետք է ասեմ, որ նախագիծը բավականին ծախսատար է: Բացի աշխատատարությունից, պետք է ուսումնասիրություններ կատարվեն Մատենադարանում, Վենետիկի՝ Մխիթարյան աբբայությունում, որտեղ կան պահպանված վկայություններ հայկական ծովագնացությունների մասին: Համեմատություններ անելու համար անհրաժեշտություն կլինի այլ վայրերում ջրային սուզումներ անցկացնել, որոնք մանավանդ վերածվել են դայվինգի սիրահարների համար զբոսավայրեր:

Նախագծում աջակիցներ, օգնողներ կլինե՞ն:

— Գիտական տարբեր կառույցների ներկայացուցիչներ հավանություններ են տվել, հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, պատրաստակամություն է հայտնել ԱՅԱՍ ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակները: Այն ժամանակ հենց նրանց հետ էի սուզվել, այնպես որ, նրանց մասնակցությունն էլ՝ որպես այդպիսին, կա, նաև Հայաստանի ջրասուզակներն են պատրաստակամ: Բոլորի մոտ նոր հետաքրքրություն է առաջացել: Բացի այս, ֆիլմաշարի միջոցով դայվինգը պրոպագանդելու հնարավորություն է ընձեռնվում: Իսկ ֆիլմի ստեղծման աշխատանքների համար ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել «Գյումրի» գարեջուրը, առանց որի, այս նախաձեռնությունը կյանքի կոչելը շատ դժվար կլիներ:

Կարո՞ղ եմ քո նախագիծը համեմատել National geographic-ի հետ:

— Համեմատության եզրեր կան, բայց մենք դեռ նրանց պրոֆեսիոնալիզմի մեկնարկային փուլում ենք: Մեկ այլ բան ասեմ, սա հնարավորություն է, որպեսզի կամաց-կամաց ուսումնասիրվի Սևանը, որի, ըստ երկրաբան մասնագետների, մեկ տոկոսն էլ ուսումնասիրված չէ:

Երբ ենք դիտելու առաջին ֆիլմը:

— Կարծում եմ՝ աշնանը կլինի ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլմաշարերը կլինեն ոչ միայն մասնագիտական կամ գիտահետազոտական, այն կկրի նաև զբոսաշրջային մեսիջ, ինչպես նաև ուսումնական ձեռնարկ՝ դայվինգի սիրահարների համար:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ