Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի Կլինիկական հոգեբան ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, որը նաև աշխատում է «Գյումրու ծննդատան» «Մայրության դպրոցում» (բժշկուհին Մոսկվայում անցել է հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության վերապատրաստման և որակավորման կուրսեր,-հեղ.):
— Բժշկուհի, այսօր, քան երբևէ, առավել անհրաժեշտ է հոգեբանի աշխատանքը. նախ՝ բախվեցնք COVID-19-ի հետ, հետո՝ պատերազմ ու կորուստներ, որոնք ծանր հոգեբանական ազդեցություն թողեցին յուրաքանչյուր հայի վրա:
— Կորոնավիրուսի պանիկան երկարատև սթրեսներ տվեց մեզ և, ինչպես նշեցիք՝ պատերազմն ու կորուստները: Երկարաձգվող և կրկնվող սթրեսը շատ ավելի վտանգավոր է, քան մեկանգամյանը: Երկարատևը մեր օրգանիզմի թե՛ հոգեբանականի, թե՛ ֆիզիկականի վրա չէր կարող իր հետևանքները չթողնել: Մարդը ձեռք է բերում փսիխոստոմատիկ հիվանդություններ:
— Այդ ազդեցության ամենաաչքի զարնողը, ըստ իս, մարդկանց քաշի ավելացումն էր:
— Ուժեղ սթրեսների ժամանակ մարդը սկսում է ուտել ու չնկատել, որ հաճախակիացել է սննդի ընդունումը: Անգամ սթրեսի հետևանքով կարող է սնվել, սնվել ու չկշտանալ, չհագենալ:
— Ինչպիսի՞ աշխատանք պետք է տարվի, որպեսզի մարդուն սթրեսից դուրս բերվի:
— Կապված բարդությունից, առաջինը՝ հոգեբանական խորհրդատվությունն է՝ փսիխոթերապիան: Տեսեք, պատերազմից հետո մեր տղամարդկանց, զինվորների մոտ սկսվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Այս ընթացքում ես նկատել եմ դիմելիության աճ, հասկանում են, որ պետք է դիմել հոգեբանի: Եվ պատկերացրեք, եթե առաջներում մի կերպ հարազատները համոզում, բերում էին օգնության կարիք ունեցողին, հիմա հաճախակիացել է, երբ անձամբ են դիմում: Հոգեբանի ժամանակին ու ճիշտ կատարած աշխատանքը կարող է զերծ պահել հոգեկան խանգարումներից:
— Քանի որ Դուք աշխատում եք նաև «Գյումրու ծննդատան» «Մայրության դպրոցում», հարց է առաջանում. ինչպիսի՞ ազդեցություն է թողել վերը նշված սթրեսային իրավիճակները այն կանանց վրա, որոնք պլանավորում էին, կամ արդեն հղի են:
— Հղիությունը նախ շատ լուրջ գործընթաց է կնոջ օրգանիզմում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք արդեն ազդում են տրամադրության վրա, էմոցիոնալ են դառնում, փոփոխական տրամադրություն է առաջանում: Եվ, երբ այս ամենն արդեն իսկ առկա է կնոջ մոտ, վրա հասած արտաքին գործոններն ավելի խորը ազդեցություններ են թողնում: Հղի կինն ավելի շուտ է ենթարկվում սթրեսի, որովհետև չափից ավելի զգայուն է դառնում: Նրանք մինչ և հետո դեպրեսիաներ են ունենում:
— Սթրեսը կարո՞ղ է հանգեցնել պտուղի կորստի՝ վիժման, կամ կարո՞ղ է ազդել պտուղի զարգացման վրա:
— Անշուշտ: Նախ ապացուցված է, որ սթրեսները կարող են հանգեցնել վիժումների, պտղի ոչ ճիշտ զարգացման: Շատ մեծ նշանակություն ունի, թե հուզային առումով կինն ինչպես է տանում իր հղիությունը: Եթե դրական հույզերն են գերակշռողը, ապա հղիությունն ավելի հեշտ ընթացքով է ընթանում: Այլ ազգերի, ինչո՞ւ ոչ, նաև մեր ազգի մոտ առաջներում առավել ընդունված էր այն կարծիքը, որ հղիի աչքը պետք է լավ բաներ տեսնի, որ բալիկը առողջ լինի ու լավ մարդ դառնա: Գյումրեցիները ասում էին՝ «խաս» հղի հարս պիտի պահես: Ժամանակի հետ թվաց, թե կտրվում ենք ավանդույթներից, բայց գոյություն ունեն անփոփոխ եզրույթներ:
— Իսկ ինչպե՞ս է արտահայտվում սթրեսը, ասենք, հղի կնոջ մոտ:
— Էմոցիոնալ անկայուն վիճակից ելնելով նրանց մոտ սկսվում են առաջանալ վախեր: Վախեր անհայտությունից, ծննդաբերական ցավերից: Ես ինչո՞ւ ասացի, թե ընդունված է եղել հղի կնոջը պարուրել դրական էմոցիաներով: Հիմա ասես «արջի ծառայություն» են մատուցում, անգամ սոցցանցերի ինչ-որ խմբերում «ականատեսի» կողմից գրառումների ես հանդիպում, թե ինչպիսի «սարսափելի» ցավերով է ծննդաբերել: Բայց դա ուղղակի վատություն է հղիի նկատմամբ, և վերջինս բացասական լիցքերով է պարուրվում, սկսում է վախենալ, սթրեսի մեջ ընկնել, ինչը կարող է բերել պտղի մահվան: Եվ որքան էլ հղիի հետ աշխատող գինեկոլոգը բարձր մասնագիտական հատկանիշներ ունենա, հոգեբանական բարդույթավորվածությունը կարող է խոչընդոտել նորմալ ընթացքին: Դրա համար անհրաժեշտ ենք համարում հղիի հետ տևական սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու աշխատանքը: Այն հղիները, որոնք «Գյումրու ծննդատանն» են հաշվառված, մասնակցում են «Մայրության դպրոցի», այսպես ասած, դասերին, որտեղ գինեկոլոգներն իրենց աշխատանքն են տանում նրանց հետ, բացատրելով սկսած ճիշտ սնվելու, վարքային փոփոխությունների, ֆիզիոլոգիական փոփոխությունների մանրամասները, հետագայում նաև հետծննդյան շրջանի հետ կապված իրավիճակները, նորածնի հետ վարվելը, խնամելը և այլն: Իսկ հոգեբանն աշխատում է վախերի, հույզերի, էմոցիաների կառավարման ուղղությամբ: Կկրկնվեմ՝ էմոցիաները շատ մեծ դեր են խաղում՝ պտղի առողջ ու ճիշտ զարգացման մեջ:
— 1988-ի աղետից հետո, երբ ընտանիքները երեխաներ կորցրեցին, անգամ ոչ ծննդաբերական տարիքում դարձյալ փորձեցին երեխա ունենալ: Հիմա ծանր իրողության առաջ ենք կանգնել, որը նաև դեմոգրաֆիական խնդիր է. կորցրեցինք 18-20 տարեկան երիտասարդների… Ձեր աշխատանքում տեսնո՞ւմ եք դերակատարություն որդեկորույս մայրերի, և ոչ միայն, նաև հայրերի հետ, որպեսզի նրանց ծանր հուզական, հոգեբանական վիճակից դուրս գալու ելք նորից երեխա ունենալն առաջնահերթ դառնա:
— Գտնում եմ, որ այո, հոգեբաններս մեծ դերակատարություն կարող ենք ունենալ, մեծ աշխատանք, ծանր աշխատանք ունենք անելու և արդեն իսկ արվում է: Նաև անհրաժեշտ է պետության կողմից այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, լրատվամիջոցների կողմից նուրբ պրոպագանդա տանելը: Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել: Բայց նախ մարդկանց մոտ հետպատերազմյան շրջանում առաջացած մեծ հիասթափությունը պետք է փոխել, հույս ներշնչել, ապահովության ֆոն ստեղծել:
— Հիմա, հատկապես սոցիալական ցանցերում մարդկանց մոտ նկատվում է անհանդուրժողականություն, ագրեսիա, սա և՞ս սթրեսի հետևանք է:
— Այո, այն ևս սթրեսի արդյունք է՝ հիասթափության, քաղաքական ճգնաժամի, մարդիկ հոգեբանորեն կոտրվել են: