ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Եթե փող կորցնես՝ ոչինչ չես կորցնի, եթե ընկեր կորցնես՝ շատ բան կկորցնես, եթե առողջություն կորցնես՝ ամեն ինչ կկորցնես»

Հարցազրույց Գյումրիի Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, արվեստագետ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Տիկին Մկրտչյան, կորոնավիրուսի շրջանն ի՞նչ վերցրեց, ի՞նչ տվեց ստեղծագործողին, արվեստագետին:

— Կորոնավիրուսը բոլորիս կյանքում էլ շատ անսպասելի էր, անծանոթ մի բան, որ ներխուժեց մեր կյանք: Սկզբում թվաց, թե այն կարճատև է լինելու, և իմ նման ամենօրյա, ամենժամյա աշխատանքից հոգնածներս մի պահ ուրախացանք, թե կարճատև արձակուրդ ենք ունենալու: Բայց հետո դրան փոխարինեց մղձավանջային սպասումը, ապա վախը՝ քո առողջության, քո շրջապատի առողջության համար… չարաբաստիկ լուրեր, մահեր, համաճարակի թվերի աճ, ու փախնելու տեղ չկա, քանզի ամբողջ աշխարհում է համաճարակը բռնկվել: Ուղղակի ես իմ կյանքի փորձից գիտեմ, որ մարդուն ամենափրկողը՝ աշխատանքն է: Իսկ ստեղծագործական աշխատանքն ամենաաստվածային շնորհն է, որ այդ պահերին գալիս է մարդուն օգնելու: Ես մարտից մինչև ապրիլի վերջ շտապելով, գիշեր-ցերեկ նկարում էի: Ինչպես ասացի, կարծում էի՝ մի երկու ամսվա կարանտին է, ու ազատ ժամանակ գտնելով, փորձում էի բաց թողնված ժամանակը ետ բերել, ստեղծագործել: Վախենում էի, թե կավարտվի, ու չեմ հասցնի… Ու այդ ընթացքում նատյուրմորտների շարք ստեղծեցի: Իսկ երբ մայիսին նորից երկարաձգվեց մեր «կարճատև արձակուրդը»… ճիշտն ասած, մի տեսակ թմբիր իջավ, անորոշության, կարոտի և այլ իրարամերժ զգացմունքներ սկսեցին գլուխ բարձրացնել: Ես առաջին երկու ամիսը տան դարպասի դուռը չեմ բացել, նույնն էլ ամուսինս, քանի որ երկուսս էլ վտանգավոր, ռիսկային գոտում ենք, նաև որպես օրինապաշտ քաղաքացիներ, առանց խիստ անհրաժեշտության, ինչո՞ւ պետք է տանից դուրս գայինք: Չինական ասացվածքն ասում է. «Եթե փող կորցնես՝ ոչինչ չես կորցնի, եթե ընկեր կորցնես՝ շատ բան կկորցնես, եթե առողջություն կորցնես՝ ուրեմն ամեն ինչ կկորցնես»:

Իսկ որոշ շրջանակների պես, Ձեզ մոտ էլ կասկած չառաջացա՞վ, որ, ասենք՝ սուտ է, հա դե:

— Մարդիկ կան, որ ինչի մասին ուզում ես ասա, միևնույն է, իրենք պետք է հակառակը պնդեն, թեև կարող է և ներքուստ իրենք էլ համաձայն լինեն: Միայն թե մի տեսակ հիասթափեցնողն այն է, որ այսօր մի որոշում, մի բան են ասում, մինչև հարմարվում ես, վաղը մերժվում, ժխտվում է, մյուս օրն ուրիշ բան: Ինձ համար սա այնքանով սուտ չէ, որքանով ամբողջ աշխարհն է ոտքի կանգնել՝ պայքարելու: Իսկ դիմանալով երկու ամիսը, հետո արդեն մի տեսակ խեղճացա, կարոտը սկսեց խեղդել, էլ չեմ ասում, որ նորածին թոռնիկ ունեմ Երևանում ու, պատկերացրեք, ես նրան մինչև հիմա տեսազանգով, տեխնիկական հնարավորություններով եմ տեսնում: Մինչդեռ ես կարոտից այրվում եմ, բայց դիմանում եմ, չէ՞: Ի դեպ, հարցրեցիք, թե ի՞նչ տվեց պանդեմիան: Այն սովորեցրեց գնահատել մարդկային ջերմ հարաբերությունները: Ապա հիշեք, թե մեզանից յուրաքանչյուրը քանի անգամ հիասթափությունների, ընկճվածության ժամանակ արտահայտվել է, թե լիներ մի անմարդաբնակ կղզի… Բայց զգացինք, որ առանց մարդկանց ահավոր է: Առանց էներգիայի փոխանցման… Էդ ձեռքով բարևելն էլ ունի իր խորհրդանիշը. ափդ ափի մեջ զգալ դիմացինի տրամադրվածությունը, ջերմությունը: Բայց հիմա մենք որքան անվստահ ենք դարձել, կասկածամիտ…

Իսկ ինչպե՞ս կազմակերպեցիք Գեղագիտական կենտրոնի աշխատանքները:

— Դե, էլ ինչպե՞ս կարող էի… Հեռավար դասեր… Ու որպես մանկավարժ, կարծես վիրավորված էի ներքուստ, որ չես կարողանում երեխայի լավ աշխատանքը գովաբանելու համար գլուխը շոյել, խրախուսել, իսկ սխալի դեպքում՝ ուսին թփթփացնել, ձեռքը բռնել, սխալը ցույց տալ: Հեռավար դասերի ժամանակ որքա՞ն եղավ, երբ անկախ ինձանից ձեռքս երկարացնում էի, որ ցույց տամ ինչպես է ճիշտը… Մի խոսքով, հիմա էլ բոլորս սպասում ենք սեպտեմբերին: Բայց էլի պարապ չմնացի, մեր թաղի երեխաներին, որ պարապությունից ամբողջ օրը դրսում թղթախաղով էին զբաղվում, կամ հեռխաոսների մեջ էին, կարողացա ձգել դեպի արվեստանոց, սովորեցրի նկարել, ասեղնագործել, հիմա նրանցից շատերը ձեռագործ են անում, տիկնիկներ են պատրաստել: Ուզում եմ մեր՝ Հանեսօղլյան փողոցում նրանց համար ցուցահանդես կազմակերպել: Այս 4-5 ամսվա «գերությունը» շատ բան վերցրեց, շատ բան սովորեցրեց: Իմ նման ստեղծագործող մարդիկ նորից ու նորից պիտի համոզվեն, որ բախտավոր մարդիկ են, որ կարող են ստեղծագործել, և դրանով իսկ դիմակայել դժվարություններին: Պարտադրված պարապությունը պետք է լցնել արվեստով, ջերմությամբ:

Եվ այս պարտադրված պարապուրդը հնարավորություն տվեց ստեղծագործությունների շարք ունենալու:

— Այո, բացի նատյուրմորտներից մեծ նկարների վրա եմ աշխատել: Ի դեպ, ասեմ, որ այս շրջանում ես մեր բակում ցուցահանդես եմ արել: Որոշ նախանձախնդիր շրջանակներ ասում են, թե ես շատ եմ այն սիրում, բայց ես՝ որպես արվեստագետ, հո միայն իմ համար չեմ ստեղծագործում, այլ հոգի եմ ներդնում ու պիտի մարդկանց տամ, ու դրա համար եմ դուրս հանում, ցուցադրում: Ինչ խոսք, տխուր ցուցահանդես էր, ես մենակ էի, և՛ տխրություն կար, և՛ հույս կար, և՛ լուսավոր բան կար… Տղաս էլ զանգեց, կատակով ասաց. «Բացման խոսքը՝ Կիրակոսյան Հասմիկի ձայնով, ես կխոսեմ»… Թաղի երեխաներն անչափ ուրախացել էին, նրանցից էլ զգում ես, թե որքան ջերմության կարիք ունենք:

Պիտակներ՝