Չգիտեմ, թե ինչպես մեկնաբանեմ ինձ հետ տեղի ունեցած իրադարձությունները. ասել լոկ զուգադիպությո՞ւն՝ սխալ կլինի, քանի որ Մեծն ճակատագիրն էլ իր «սև գործն» է արել, ասել՝ պատահականությո՞ւն, նույնպես այն չէ…
Երբ նոր էի ինստիտուտ ընդունվել, ասես ինձ ուզողների «հիթ-շքերթ» էր հայտարարված. ամեն օր մի նոր խնամախոսի խումբ էր գալիս մեր տուն: Բայց ես բոլորովին մտադրություն չունեի ամուսնանալու, քանզի ինքս ինձ համար մեծ ապագա էի նախատեսել. լավ սովորող էի, ուզում էի իմ մասնագիտության մեջ խորանալ, դառնալ պահանջված, պրոֆեսիոնալ մասնագետ: Այնպես որ՝ հերթով բոլորին հետ էինք դարձնում, ծնողներիս մեկնաբանմամբ՝ «մեր աղջիկը դեռ փոքր է՝ ամուսնանալու համար» արտահայտությամբ: Մի երկու անգամ նույնիսկ փորձ եղավ ինձ փախցնելու, բայց, փառք Աստծո, կողքիս հայտնվում էին մարդիկ, ովքեր դա թույլ չէին տալիս:
Ավարտեցի ինստիտուտը, հետո ուսումս շարունակեցի ասպիրանտուրայում: Արդեն 23 տարեկան էի՝ մի ծաղկուն շրջան, երբ ընկալում ես, թե «ծովը ծնկներիցդ հետ է», բայց կյանքը շատ հաճախ հակառակն է ապացուցում: Նույն 23 տարեկանի «վարդագույն ակնոցների» պատճառով էլ… սիրահարվեցի: Գեղեցիկ, հարուստ երիտասարդ էր, նրա ընտանիքը քաղաքի էլիտային էր դասվում, դրան ավելացրած՝ ցինիկ էր, երես առած… Մեր մեկամսյա ընկերությունից հետո սիրելիս ասաց. «Իմ հետ հանկարծ մեծ հույսեր չկապես, ես մտադիր չեմ վզիս օղակ քցել, առավել ևս, չեմ պատրաստվում իմ ազատ կյանքը մի սիրուն աղջկա պատճառով վարի տալ»: Ու դեռ սիրտս հանգստացրեց, թե. «հոժար եղի, որ մաքուր մնացիր, թե չէ ձեռքս ընկածը էդպես էժան չէր պրծնի»: Ահավոր թևաթափ էի եղել, սերս անկեղծ էր, բայց անպատասխան ու անպտուղ:
Մեր բարեկամի հարևանները, ովքեր շուրջ 10 տարի ապրում էին Ռուսաստանում, հայրենիք էին վերադարձել՝ որդուն հայ, տնական աղջկա հետ ամուսնացնելու: Եկան մեր տուն՝ խնամախոսության: Տղան սրտովս չէր, բայց քանի որ սիրտս կոտրված էր, այլևս չէի ուզում մնալ մի քաղաքում, որտեղ սիրելիս իր ամենօրյա թեթևաբարո կյանքն է անցկացնում, ու տվեցի համաձայնությունս: Շատ արագ կազմակերպեցին մեր արարողությունները և ես ու ամուսինս՝ ընտանիքի հետ միասին մեկնեցինք Ռուսաստան: Որպեսզի պատմությունս կարճ ստացվի, ասեմ, որ «մեղրամիս» կոչված աբսուրդ հասկացությունից հետո, երբ ամուսնուդ մեկ ամսվա մեջ տեսնում ես ընդամենը 4 անգամ, ավարտվեց նրանով, որ ինձ ռուս հարևանուհին հասկացրեց, որ ամուսինս վաղուց ընկերուհի ունի, ու համատեղ աղջիկ ունեն: Երբ սկեսրոջս հետ այս մասին խոսեցի, ասաց. «Իյա, դրա մեջ ի՞նչ կա, էստեղ բոլորն էլ երկու-երեք կին ունեն, մեկը օրինական, մյուսները՝ սիրուհի»: Հակադարձեցի, թե սկեսրայրս եթե ունենար, նա կհանդուրժե՞ր: Ասաց՝ «Ես հո այդքան հիմար չեմ, որ թողնեմ»: Պարզ էր: Այսինքն ես հիմար էի: Հավաքեցի իրերս ու առանց նրանց ասելու՝ վերադարձա Գյումրի:
Մի երկու տարի ոչնչով չզբաղվեցի: Տանն էի, սովորական առօրյա կյանքով յոլա գնում՝ եղբորս կնոջ քիթ ու մռութի հետ, լավ է դեռ, որ եղբայրս ջերմ էր, էլ չեմ ասում ծնողներիս պահով: Երբ հազիվ հանդարտվել էի, մասնագիտությանս համապատասխան աշխատանք գտա: Գլուխս կախ, ինձ համար՝ իմ գործն էի անում: Եվ ահա, որտեղից որտեղ, էլի ինձ ուզողներ հայտնվեցին: Երբ իմացա, որ այդ տղան էլի դրսերից է, սարսափած պատասխանեցի, որ ինձ ոչ մեկը պետք չէ: Այդ տղան շատ կամակոր էր, բայց ես նրան անպատվում, ճանապարհում էի:
Բայց մի անգամ հայտնվեց նախկին «սերս», ու լկտիաբար առաջարկեց հանդիպել: Ես ապտակեցի ու արտասվելով տուն եկա: Վերջին երկրպագուս ինձ համար ծաղկեփունջ էր ուղարկել: Հարսս՝ քթի տակ ծիծաղելով, ինձ տվեց: Փնջի մեջ մի երկտող էր թողել. «Եթե ուզում ես մի անբախտ մարդու կյանք փրկել, զանգիր»: Շատ հետաքրքրեց, թե ինչո՞ւ է անբախտ, չգիտեմ ինչու՝ սիրտս ալեկոծվեց, զանգեցի:
Հանդիպեցինք: Պարզվեց, որ ժամանակին ամուսնացած է եղել, բայց կինը ծննդաբերության ժամանակ մահացել է: Փաստորեն, նա միանգամից երկու թանկ կորուստ է ունեցել: Նրա բնավորության մեջ շատ հետաքրքիր գծեր կային. ինչ-որ պահ ռոմանտիկ էր, ինչ-որ տեղ՝ էլեգանտ, պետքն եղած տեղը՝ խիստ ու ծանրակշիռ: Ես կարողացա սիրել նրան:
Անանուն
«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: