Հարցազրույց բժիշկ ԱՇՈՏ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ հետ:
— Բժիշկ, «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի պաշտոնին մարզպետի կողմից այլ թեկնածուի նշանակումից հետո, Ձեր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Դուք ասացիք, որ մարզպետի որոշումը բողոքարկելու եք, պայքարելու եք՝ հանուն արդարության: Ներկայում այդ պայքարի ճանապարհի՞ն եք:
— Նախ շատ ուրախ եմ և շնորհակալությունս եմ հայտնում այն մեծաթիվ ու բազմապրոֆիլ մարդկանց, ովքեր հենց առաջին օրվանից իմ՝ թե՛ ֆեյսբուքյան, թե՛ էլեկտրոնային հասցեներիս նամակներ են հղում, մտահոգություն հայտնում, զորակցություն հայտնում: Եվ կարևորն այն է, որ մարդիկ հասկանում են, որ սա զուտ աթոռակռիվ չէ, պաշտոնի համար չէ, այլ պայքարը լոկ արդարության վերականգնմանն է վերաբերում և, ինչու չէ, նաև իմ 15-ամյա «կյանքի կռվին», որը ես տվել եմ, որպեսզի այն մակարդակում ու ճանաչելիության աստիճանում, որ գտնվում է հիվանդանոցը, հասցնեմ դրան: Դե, գիտեք, մարդիկ իրենց մեկ օրն անգամ չեն ուզում զուր անցնի, ուր մնաց 15 տարին. անմնացորդ նվիրում, որի արդյունքում թույլ օղակից քո ղեկավարած կառույցն այնքան է աճում, որ հանրապետությունում ճանաչված բրենդ է դառնում՝ բավականին լուրջ ծառայություններով, սրընթաց զարգացմամբ: Եվ գալիս է մի պահ, որ մարդիկ, ելնելով ինչ-ինչ ցանկություններից ու մտածողությունից, պրիմիտիվ փաստարկներ մեջբերելով, քո, չակերտավոր, գնահատականն են տալիս: Անարդարության զգացողություն է: Ավելին՝ նման աշխատանքին այսպիսի գնահատական տալը ես համարում եմ ցինիկություն: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կգա իր տեղը կառնի: Ընդհանրապես, կյանքում ժամանակը բոլորին իրենց տեղն է դնում: Եվ այս աբսուրդի թատրոնի ու դերակատարների դեմքերը կբացվեն:
Այո, ես պասիվ նստած չեմ, և իրադարձությունները ինքնահոսի չեմ թողել. արդարությունը վերականգնելու համար ընտրել եմ օրինական ճանապարհը և, հավանաբար, հաջորդ շաբաթ արդեն բողոքարկման հայցը դատարան կներկայացվի: Իսկ դատարանում արդեն շատ հարցերի պատասխաններ ջրի երես կելնեն: Մարզպետի՝ բրիֆինգին ներկայացրած այդ սին փաստարկները պետք է ապացուցվեն: Սանէպիդի, աուդիտի, այդ իբր հակահիգիենիկ պայմանների (ի դեպ, այդ նույն Արմինե Անդրիյանը, որը նման եզրակացություն էր տվել, արդեն իսկ Ավստրիական հիվանդանոցում աշխատանքի է անցել՝ որպես համաճարակաբան. սա իմիջիայլոց): Իսկ բրուցելոզի պատմությունը… Ես բրիֆինգից հետո հայտարարեցի, որ իրավապահները ուշադրություն դարձնեն, այդ խզմզանքը՝ որպես փաստաթուղթ ևս կցվելու է դատական հայցին, և պահանջելու ենք քննություն: Տեսեք, այստեղ կա երկու իրականություն. եթե դա ճիշտ է, ու նման սխալ է թույլ տրվել, ապա ինչու մինչև այս պահը բժշկուհին շարունակում է աշխատել, բակտերոլոգիական լաբորատորիան չեն փակել, որ նման ահավոր փաստը տնօրենի աշխատանքը թերագնահատելու առիթ էր հանդիսացել: Եթե ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, ապա մարզպետն ինչու է պաշտոնական կարծիք հայտնում, այն որպես հիմնավորում բերում: Ես գիտեմ, որ այն փուչիկ է:
Եթե Ձեզ ներկայացնեմ բրուցելոզի պատմության ժամանակագրությունը, ապա ընթերցողի համար եզրակացությունների մեծ հնարավորություն կստեղծվի: Հունվարի 14-ին, երբ ես մարզպետարանում մասնակցում եմ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին, այդ օրը մեր հիվանդանոցի բակտերոլոգիական լաբորատորիայում այդ անալիզն արվում է: Սննդի անվտանգության պետական տեսչությունը (ՍԱՊՏ) ենթադրում է ծառայություն, որը պետք է շրջի մարզերում, գյուղերում, մոտենա, ստուգի կովերին, թե հիվանդություն կա՞: Եվ թե ի՞նչ պատահականությամբ հենց ամսի 14-ին է այդ անալիզն արվում, իսկ 15-ին ՍԱՊՏ-ն գնում է հենց այդ կովի գլխին է կանգնում, ցույց են տալիս լաբորատորիայում արված անալիզը, իսկ 16-ին տեսչության աշխատակիցը գալիս է մեր հիվանդանոց (այստեղ հատուկ ուշադրություն եմ հրավիրում. խոսքն այն 3-օրյա ժամկետի մասին է, որ մարզպետը պետք է մրցույթի մասնակից թեկնածուներից մեկի օգտին որոշում կայացնի, և շատ արագ այդ երեք օրերի ընթացքում են գործողություններ կատարվում): Իսկ ՍԱՊՏ-ն, որքան էլ պետական մարմին լինի, անգամ հարկայինը, եթե պետք է այցելի որևէ կառույց՝ ծանուցում է այդ մասին: Ամեն դեպքում, առանց ինձ՝ որպես տնօրեն, ծանուցելու, մտնում են մեր լաբորատորիա, իբր պարզում են, թե իբր այնտեղ նման մի քանի գործառույթներ ևս եղել են… Գիտե՞ք ինչ, տնօրենը պարտավոր չէ 279 աշխատակցի 24/7 ժամով հսկի, եթե թերություններ ու խնդիրներ կան, բնականաբար, այդ ամենին առանձին ուշադրություն և հետևություն է տրվում: Եվ արդեն ամսի 17-ին այդ, չակերտավոր փաստաթուղթը հազիվհազ, շնչակտուր հասցնում են մարզպետին: Իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ գործ թխել եմ որակում: Եվ քննությունը սա պետք է պարզի: Եթե սա սադրանք է, ապա պատիվ չի բերում:
— Բայց ինչո՞ւ է նման, Ձեր ասած՝ շնչակտուր քայլեր ձեռնարկվում:
— Երևի տեսնում են, որ ես մրցույթին բարձր մակարդակով եմ մասնակցել, քանի որ որոշումը, մրցույթից առաջ մեզ հասած տեղեկություններով, ավելի վաղ արդեն կայացված է եղել, որ չէ՝ պիտի Ժորժիկը լինի տնօրեն ու վերջ, հիմք են ապահովում. եթե անգամ այդ մրցույթին ես Նոբելյան մրցանակ ստանայի, միևնույն է, իրենք արդեն կլանային որոշում կայացրել էին՝ «ոչ մի քայլ հետ»:
— Ճշտեմ՝ Դուք արդեն դիմե՞լ եք դատարան՝ բողոքարկելու մարզպետի որոշումը:
— Հաջորդ շաբաթ հայցը կմտնի դատարան, ես անպայման մամուլի ասուլիս դարձյալ կհրավիրեմ, կներկայացնեմ: Էլի եմ ասում, անգամ փողոցում մարդիկ մոտենում, ասում են՝ «Բժիշկ, ի՞նչ եղար, հո չհանձնվա՞ր», «Հո չե՞ս համակերպվել էդ ամեն ինչին»…
— Իսկ կոլեգաները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, Ձեզ հետ խոսո՞ւմ են, քննարկո՞ւմ են, ի՞նչ են ասում: Դե, նախարարի կարծիքը կարծես պարզ է, որովհետև նա անկախ ամեն ինչից, իր կարծիքն արտահայտել էր:
— Միայն օրական ստացածս էլեկտրոնային նամակներն են անհաշվելի, էլ չեմ ասում անհամար զանգերը: Իսկ ինչ վերաբերում է մեր վերադասին, ապա… Ասեմ, որ ինձ Երևան հրավիրել են, ադմինիստարտիվ լուրջ աշխատանքի առաջարկ է եղել, բայց ես դեռ պատրաստ չեմ ու չեմ պատրաստվում «Ավստրիականի» էջը ծալելու, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել: Ասեմ, որ ես մեծ համբերություն ունեմ, ով ինձ ճանաչում է, շատ լավ գիտի, որ ես որքան համառ եմ: Իսկ իմ համառությունն արդարացված է, և ես չեմ կարող դա մարսել: Ճապոնական մի ասացվածք կա. «Հաղթում է նա, ով կես ժամ ավել է սպասում»… Ես համառությամբ և համբերությամբ զինված՝ գնալու եմ մինչև վերջ:
— Իսկ Ձեր բուն մասնագիտականը չի՞ տուժի ժամանակի մեջ:
— Ոչ, թերևս փակագծեր այս պահին չեմ բացի, սակայն մի քանի բան կասեմ. ես ձեռքերս ծալած նստած չեմ, քաղաքի համար լուրջ բան ենք պատրաստվում անել, որի մասին շատ շուտով կլսեք, կիմանաք: Եվ, բացի այդ, զուր չի ասված. «Չկա չարիք՝ առանց բարիք», միգուցե ինձ այդ ժամանակն էր պետք, որ ես բարձրացնեմ իմ մասնագիտական որակները, իմ պրոֆիլից զատ, զուգահեռ նոր որակներ եմ սովորում այս ընթացքում, և շուտով Դուք այդ ամենի մասին կլսեք: «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է»՝ երևի Ճակատագիրը նման սցենար պիտի խաղարկեր, որպեսզի իմ աչքերը բացվեին և ես շատերին իրենց իրական դեմքերով տեսնեի:
— Տեսեք, բոլորիս է հայտնի Ձեր գործունեությունը, ակտիվությունը, փոխհամագործակցությունը եվրոպական ներդրողների հետ, հիվանդանոցի համար մեծ աշխատանք տանելու ընթացքի մասին բազմիցս ենք խոսել ու գրել: Ձեր ֆեյսբուքյան էջում տեսա նամակներ, որոնք հղվել էին Ձեր ավստրիացի ու նորվեգացի գործընկերների կողմից…
— Երևի հիմա պիտի խոստովանեմ, որ սխալվել էի, երբ ավելի վաղ ավստրիական կողմին չէի ներկայացրել, թե ինչ է սպասվում, թե ինչպիսի դեպքեր կարող են զարգանալ, քանզի, նախ ամեն ինչ օրինական կարգով էր ընթանում. պետք է մրցույթ հայտարարվեր, մասնակցեիր, իսկ անհանգստության լեզվով խոսելը մի քիչ այլ կերպ կդիտվեր: Ներկայացնեմ, որ ավստրիացիների հետ իմ հարաբերությունները լոկ գործնական մակարդակով չեն ավարտվել, այլ 15 տարվա փոխվստահությունը տարել է անգամ ընտանեկան մտերիմ հարաբերությունների: Իսկ մոտ 1,3 միլիոն եվրոյի օժանդակությունը, որը բավական լուրջ թիվ է, իմ գեղեցիկ աչքերի համար չեն տվել, այլ հսկա փոխվստահության արդյունքում է, իմ աշխատանքի արդյունքում է: Եվ երբ հետո արդեն իմացան ամենի մասին, մի մասի մոտ զայրութ, մյուս մասի մոտ զարմանք առաջացրեց: Նույնիսկ այնքան, որ կառույցներից մեկը գրեց, թե վերջին տեխնիկան, որ նվիրաբերել են՝ հետ տանեն: Իհարկե, դա հնարավոր չէ, և նաև այն ինձ պատիվ չէր բերի, ես փորձեցի մեղմել նրանց: Այո, մի քանի նամակ հրապարակել եմ, ովքեր գերմաներեն գիտեն, կարող են ընթերցել, թարգմանել տալ, իմանալ, ծանոթանալ դրանց բովանդակությանը: Նամակները հղվել էին վարչապետին, Տարածքային կառավարման նախարարությանը: Հետո իմացա, որ մարզպետարանում ասել են, թե՝ «Տեսա՞ք, որ ավստրիացիները անտարբեր էին», ես դրա համար հրապարակեցի այդ նամակները: Պաշտոնական գրությունները, որոնք հղված էին վարչապետին, ես հարկ չեմ համարել հրապարակել, ինչպես և ՀՀ-ում Ավստրիայի լիազոր դեսպանի գրությունը: Ավստրիական կողմի գրությունում ասվում է, որ խնդրում են չեղարկել կնքված պայմանագրերը:
Բացի այս, շատ լուրջ ներդրման ծրագրեր ու նախնական պայմանավորվածություններ կային, որի արդյունքում դոնորներն ուզում էին մեր հիվանդանոցում մանկական ուրոլոգիական բաժանմունք հիմնել, գերժամանակակից տեխնիկա բերել, անգամ տոմսերն էր գնված, մարդիկ հրաժարվեցին, չեղարկեցին: Թեպետ, անկեղծ եմ ասում, դա չի նշանակում, թե ես հրճվանք եմ ապրում, որովհետև այն ամենը, որ արվում էր, Աշոտ Կուրղինյանի համար չէր արվում, կարող է վստահության հիմքով էր արվում, բայց արվում էր մեր երեխաների համար: Այո, մարդկային գործոնը շատ կարևոր է:
— Հետագա ծրագրերն ի չի՞ք դարձան:
— Ես չգիտեմ, համենայնդեպս, այս պահին, ցավոք, դրան է գնում: Օրինակ, Գյումրիի «Ռոթարի» միջազգային ակումբը, որը 130 հազար դոլարի ներդրում արեց մեր հիվանդանոցում, և մարզպետի հետ հանդիպման ժամանակ հստակ ասեցին, որ այդ ամենը կոնկրետ Աշոտ Կուրղինյանին վստահության հիմքով է արվում, վարչապետին հղված գրությունում իրենց դժգոհությունն են հայտնում: Վարդան Սրմաքեշը, երբ այստեղ որոշվեց ծննդատուն կառուցելը, իր խոսքում հստակ ասում էր. տնօրենի կառավարչական հմտություններն ի նկատի ունենալով, մենք որոշել ենք Ավստրիական հիվանդանոցին կից կառուցել: Էլի զանգել, հարցնում են, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել, եթե ես մրցույթը տանուլ չեմ տվել: Նորվեգացի դոնորը գրեց, որ հրաժարվում է ծրագրից. մամոգրաֆիայի սարքավորումը չեն բերում… Այդպես ևս մի քանի շարունակական ծրագրեր… Ես բնավ ուրախ չեմ, որ մարզի համար այդ ամենը դադարեցվում է, տա Աստված, որ… Այս ամեն աշխատանքը մարզի իշխանությունը չփորձեց դնել նժարի, այլ ինչ-որ ծիծաղելի հիմք են ստեղծում, որպեսզի արդարացնեն իրենց քայլերը: