ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

Ես հանձնվողը չեմ

«Շրջապատի» զրուցակիցն է Հայաստանի լավագույն ծանրորդուհիներից մեկը՝ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության մրցանակակիր, գեղեցկուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: Վերջերս Հռիփսիմեն կրկնապատկեց իր ամենամեծ ու ամենաարժեքավոր հաղթանակը՝ լույս աշխարհ բերելով իր երկրորդ արու զավակին:

Հռիփսիմե Խուրշուդյանը ծնվել է 1987 թվականին, Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Նա այն կանանցից է, ովքեր ապացուցել և ապացուցում են, որ կյանքում անհնարին ոչինչ չկա:

Ծանրամարտում հաղթանակների սկիզբը Հռիփսիմեի համար եղել է 2001 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր:

— Սկզբում գաղափար անգամ չունեի, թե ինչ է ծանրամարտը, հետո քույրս ինձ տարավ իր մարզումներին, հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ՝ բարձրացնել ծանրաձողը: Այդ ժամանակ ծանրամարտը կնոջից շատ հեռու սպորտաձև էր, դրա համար էլ ոչ ոք չէր ընդունում, որ աղջիկը կարող է ծանրություն բարձրացնել: Հարազատներս ու ծնողներս, շրջապատիս մարդիկ հիմնականում բացասական էին վերաբերվում: Ի դեպ, ծնողներս մինչ օրս էլ դեմ են: Եվ կապ չունի՝ ես մեդալ էի նվաճում, չեմպիոն դառնում, թե՝ չէ, նրանք տեսնելով իմ տանջանքը, արդեն դեմ էին: Բայց ես սկսեցի հաճախել մարզումների: Մարզիչս ստուգեց տվյալներս՝ արդյո՞ք համապատասխանում են ծանրորդ դառնալու չափանիշներին, թե՝ ոչ: Պարզվեց՝ մարզիկ դառնալու մեծ պոտենցիալ ունեմ, եթե, իհարկե, լուրջ մարզվեմ: Չսիրելով այս մարզաձևը, սկզբում ուղղակի մարզվում էի, բայց մեկ-երկու մրցաշարի մասնակցելուց հետո, սկսեցի լուրջ վերաբերվել ծանրամարտին ու… սիրեցի: Սիրեցի այնքան, որ այժմ առանց այս մարզաձևի կյանք չունեմ: Հենց սկզբից ոչ ոք չէր հավատում, որ կարող եմ բարձր արդյունքներ գրանցել ծանրամարտում, բայց ոչ մեկին չլսելով, բացասական կարծիքները մի կողմ թողնելով, շարունակեցի մարզվել: Եվ 2 տարի անց դարձա Եվրոպայի պատանիների առաջնության մրցանակակիր:

Մարզուհին նշում է, որ ամեն անգամ մրցումների մեկնելիս, էլ ավելի է հզորացել, հպարտացել.

— Հպարտ էի, որ կարողանում էի մեր երկիրն էլ ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, որ նաև իմ շնորհիվ բարձրանում էր Հայաստանի դրոշը, հնչում օրհներգը:

Խոսելով իր երկրորդ որդու լույս աշխարհ գալու և մեծ սպորտ վերադառնալու մասին, ծանրորդուհին ասում է.

— Քանի որ ես հանձնվողներից չեմ, պայքարող անձնավորություն եմ, մեծ սիրով ու անհամբերությամբ սպասում եմ, որ դարձյալ վերադառնամ մեծ սպորտ՝ որպես գործող մարզիկ: Ես հանձնվողը չեմ:

Հումորով ու գյումրվա բարբառին տիրապետող Հռիփսիմեի համար նորություն չէ, որ իրեն համարում են գյումերցի: Խոսելով այս մասին, ասում է.

— Ես 17 տարի շփվել եմ գյումրեցիների հետ, նաև տիրապետում եմ բարբառին, թերևս սա է հիմնական պատճառը:

Չեմպիոնուհին, լավ մայրն ու գեղեցկուհի կինը պատասխանել  է մեր բլից-հարցերին.

 

— Ձեր առավոտը սկսում եք…

— Բալիկիս դպրոց ճանապարհելով:

— Քչերը գիտեն, որ դուք…

— Վերադառնալու եմ մեծ սպորտ:

— Կյանքն անհետաքրքիր կլիներ, եթե…

— Եթե չլիներ ընտանիքս ու սպորտը:

— Սիրու՞մ եք խոհանոցում ժամանակ անցկացնել:

— Եթե ժամանակս թույլ է տալիս՝ մեծ սիրով:

— Եթե կարողանայի…

— Նորից լինել 20 տարեկան:

— Տանել չեք կարողանում…

— Կեղծավոր ու նախանձ մարդկանց:

— Չեք սիրում, երբ կինը…

— Բամբասում է:

— Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն եք դուք Ձեր շրջապատում:

— Գիտեմ, որ հաստատ բացասական էներգիա չեմ թողնում, շատ հումորով մարդ եմ:

 

ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ

ՇՊՀ, լրագրության բաժին, 4-րդ կուրս

Լուսանկարը՝ armnoc.am