ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

«Ես ու ընկերս 10 րոպե ուշացանք… փրկվեցինք»

30 տարի առաջ… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են… Մի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ու… այդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:




Պատմում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս, «Բեռլին Հյուրերի տան» տնօրեն ԱԼԵՔՍԱՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ:

30 տարի հետահայաց

Ես մասնագիտութամբ մեքենաշինության ինժեներ եմ: Այն ժամանակ նորավարտ էի, այդ բնագավառում ակտիվ, թվածրագրային հաստոցների մասնագետ, թվածրագրային բյուրոյի ղեկավար, ու նոր սերնդի թվածրագրային հաստոցներ էինք ներմուծել, որը նախկին՝ ժապավենայինը փոխարինեց մագնիսական նոր տեխնոլոգիաներով, ռոբոտատեխնիկան էր զարգանում: 1988-ին Կարապետ Համասյանի հետ միասին առաջին անգամ, ամբողջ Սովետական Միության մեջ, Հղկող հաստոցների ամբողջ մի արտադրամաս առանց մարդու աշխատեցրինք: Հղկող հաստոցներն առանց մարդու ֆիզիկական մասնակցության 8 ժամ աշխատել սկսեց: Մոսկվայից, Թբիլիսիից եկան, գովեցին: Պետք է ասեմ, որ Լենինականը մեքենաշինության ամենահզոր կենտրոններից մեկն էր ու պատահական չէր, որովհետև Լենինականի Պոլիտեխնիկ ինստիտուտի «Տեխնոլոգիայի և կտրող հաստոցների» բաժինը ամենաուժեղներից մեկն էր Սովետական Միությունում: Մենք միշտ հատուկ այցելություններ ունեինք Մոսկվայից, Թբիլիսիից, գալիս էին ուսումնական պրակտիկա անցնելու: Եվ դրա համար եմ ասում, որ մենք ԽՍՀՄ-ի մեջ ամենազարգացած մեքենաշինական քաղաքն էինք, և մենք միայնակ չէինք, կար նաև Մագնիտահաստոցային գործարանը, Դարբնոցամամլիչայինը, Ստրոմաշինան, Տեքստիլը, բայց ամենազարգացածը՝ նորարական տեխնոլոգիաների ներմուծմամբ, դա մերն էր, որի արդյունքը մինչ այսօր ենք զգում. այն ժամանակվա մեքենաշինության ինժեներները նոր-նոր թափ առնող Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կադրերի բազա ապահովեցին: Բայց Պոլիտեխնիկը հետագայում կորցրեց իր վաղեմի համբավը, վերածվեց Ճարտարագիտականի… Հուսամ, այն դեռ կուժեղանա, կվերգտնի իրեն, քանի որ մենք հիանալի բազայով մասնագետներ ունենք:

 

Այդ օրը և հետո

Մենք սովորականի պես պետք է լինեինք գործարանում: Ինժեներատեխնոլոգիական բաժնի աշխատողներից մի քանիսս փրկվեցինք, որովհետև նոր կառուցած ադմինիստրատիվ շենքի 7-րդ հարկում էր մեր կաֆետերիան, որտեղ մենք սովորաբար 11:30 լինում էինք: Ես ու ընկերս՝ Արկադին, 10 րոպե ուշացանք… Մեր գործընկերը՝ էքսպորտի բաժնի պետ Շուշանիկը հիվանդ էր, և այդ օրը չէր եկել: Ճանապարհին տեսանք Շուշանի դուռը բաց էր, մտանք հարցնելու, թե ինչու չէր եկել: Ինքն էլ գնացել էր սրտի էլեկտրագրություն անցնելու, հանեց ցույց տվեց, կատակեցինք, սրճի բաժակի պես սկսեցինք գուշակություններ անել, ու այդպես, 11:37 րոպե էր… սկսվեց: Մենք այն 2-հարկանի շենքում էինք, որն հիմա էլ կանգուն է ու ՌԴ-ի հյուպատոսարան է ծառայում: Մի կերպ, չորեքթաթ հազիվ դուրս եկանք, իսկ դուրս գալուց հետո էլ ոչինչ հնարավոր չէր տեսնել, քանզի քաղաքը փոշու մեջ էր: Երբ 2-րդ ցնցումն էլ եղավ, նոր միայն կարողացանք ինչ-որ բաներ նշմարել, սակայն այդ ընթացքում, հազար ներողություն… միայն մարդկանց ձայն չէր, ոռնոց էր լսվում՝ ցավի, սարսափի, կորստի… Ու սկսվեց քաոսային վազքը… Շատ ընկերներ կորցրեցի: Հատկապես Գարիկը, որ նոր ամուսնացած էր, իրեն հետ պայմանավորվել էինք հանդիպել, ինքը մյուս կողմից մեզ դեմ էր գալու, իսկ մենք Շուշանի մոտ մի քանի րոպե կանգ տալով, փրկվեցինք… Ճակատագիր էր կամ Աստծո գործ. ով պիտի ողջ մնար, իսկ ով՝ ոչ:

Ինչորէ… Սկզբում առաջնային էր փրկարարական գործողությունները, փորձում էինք ողջ մնացածներին գտնել, դուրս հանել, իսկ հետո արդեն անցանք գործարանը փրկելու, մտածելով, որ նորից հնարավոր կլինի վերականգնել, հույսը մեծ էր, չնայած, որ շատ արտադրամասեր հիմնովին փլուզվել էին: Քարերն հանելով, դասավորում էինք, համարակալում, կրակի մոտ գիշերում, առավոտյան նորից շարունակում, մենք էլ մյուսների նման՝ բուշլատներով, երբեմն սոված, մրսած, բայց պետք էր գործ անել, որովհետև հավատ կար:

Հետագայում մեր գերմանական «Վալդերխ Քոբուրգ» ֆիրմայի մեքենաների մասնագետները եկան, որպեսզի տեսնեին՝ եթե հնարավոր էր փրկել, աշխատեցնել, ապա օգնեին: Դիմավորեցինք, բերեցինք «Կումայրի» հյուրանոց ու փոշմանեցինք, որովհետև այնտեղ արդեն մարդիկ էին բնակություն հաստատել: Նրանց տարա մեր շենք, որը գտնվում էր Շիրակացի փողոցում՝ «Լենկոշ» գործարանին հարկից: Այն վերևի հատվածում փլուզում ուներ, բայց տեսնելով, որ շենքը ամուր է, հայրս մեկ ամսից մեզ համոզել էր տուն վերադառնալ: Գերմանացիներին տարա մեր այդ տուն, նրանց հարցրի՝ հո չեք վախենում: Ասացին՝ եթե դուք աղետը տեսածներդ բնակվում եք, ուրեմն մենք ևս անվախ կգտնվենք: Հետո, երբ գործարան գնացինք, սկսվել էր թալանի ժամանակները: Հենց մեր աչքի առաջ վերամբարձը  բարձրացնում էր իմ ասած այն եզակի մեքենասարքավորման մի մասը, Ֆրից Հաասը գոռաց. «Վայ, սա մեր մեքենան է»: Մի խոսքով, այդ մեքենաները գնացքով ճանապարհեցինք, մեզ խոստացել էին, որ կվերականգնեն, ետ կուղարկեն, բայց մեր հույսը, թե նորից հնարավոր կլինի գործարանը վերագործարկել, կամաց-կամաց մարեց, մանավանդ, որ այդ թալանը հասել էր նաև այն քարերին, որոնք մենք խնայողաբար մի կողմ էինք շարել: Մյուս կողմից էլ, ուրախ եմ, որ դրանք մարդկանց համար տան պատերի շարվածք հանդիսացան:

Քանի որ մեծ գործարան վերականգնելու հույս չկար, 1991-ին ընկերոջս հետ որոշեցինք փոքր մասշտաբի մի գործ ձեռնարկել: Մի քանի հաստոցներ գնեցինք, սկսեցինք մոմակալների արտադրություն: Առաջին արտադրանքը մեծ հավանության արժանացավ հատկապես ավստրիացիների կողմից, ովքեր այստեղ արդեն ձեռնարկել էին ավստրիական հիվանդանոցի, նաև թաղամասի շինարարությունը: Ընկերս՝ Արկադին, որպես երիտասարդ բիզնես նախաձեռնող, Ավստրիա մեկնեց, որն ավելի շուտ զբոսաշրջային շրջագայություն էր, և որի ժամանակ հանդիպելով գերմանական հայտնի «Quelle» մոդայի ամսագրի ներկայացուցիչների հետ, որպես հուշանվեր, նրանց էր նվիրել մեր «Նեգրուհի» մոմակալները: Արի ու տես, որ այնքան էին հավանել, որ մեզ առաջարկեցին ամանորյա կատալոգի մեջ տպագրել այդ մասին: Ու 91-ի վերջերին մենք, կզարմանաք, 10 հազար հատ մոմակալի պատվեր ստացանք գերմանական կողմից: Ինչու մանրամասնեցի, որովհետև, որքան գիտեմ, մեր «Շարա» կոչվող ձեռնարկությունը Գյումրիում, երկրաշարժից հետո առաջինն էր, որ աշխատեց: Այդ պատվերը, եթե իրականացնեինք, մեծ հաջողություն կգրանցեինք: Քայլ-քայլ պլանավորել էինք՝ սկսած արտադրության ծավալների մեծացումից, մինչև գնացքով ճանապարհելը: Սակայն, ինչպես հիշում եք, այդ տարիներին սկսվել էր էներգետիկ ճգնաժամը, երբ օրվա մեջ հազիվ 2 ժամ էինք լույս ունենում: Մենք նոր սարքեր էինք գնել, միացրեցինք, բայց սկսեցին չաշխատել, բնականաբար, դա էներգիայի ոչ հաստատուն հաճախականությունից էր: 2 կմ կաբել առանք, որ լույս քաշեինք: Թբիլիսիից մեր էլեկտրոտեխնիկ ընկերներն էլ եկան օգնության, գյումրեցիներից էլ կային: Բայց չաշխատեց: Մեր ձեռնարկը ձախողվեց, մանավանդ պատերազմն էլ սահմանին սկսված էր: Նամակ գրեցինք, ներողություն խնդրեցինք, որ ֆորս-մաժորային իրավիճակների պատճառով պատվերը չենք կարողանա իրականացնել: Բայց գոնե շրջակա լայն հատվածին կարողացանք լույսով ապահովել: Ի դեպ, ասեմ, որ այդ մոմակալներից բոլոր ընկերներս համարյա ունեին, միայն մենք չունեինք, ուղղակի միշտ ասում էի, թե մնա՝ հետո կունենամ: Մի օր, ես ու կինս քաղաքում կոմիսիոն խանութ մտանք՝ նվեր գնելու: Մտնելս ու հայացքս այդ մոմակալների վրա գամվելը մեկ եղավ, անմիջապես վաճառողուհուն խնդրեցի փաթաթել, որ իմ երազանք «Նեգրուհի»-ներին տուն տանեմ: Բայց դա արդեն շատ տարիներ անց էր:

Հետո ընկերներով խանութ բացեցինք, առևտրական դարձանք, ինչպես հիշում եք, այն ժամանակների համար դա շատ բնորոշիչ էր: Կարողացանք մեծ թափով աշխատեցնել, պարսկական ապրանք էինք ներմուծում, մինչև հիմա այդ խանութին մեր ժողովուրդը սովորության համաձայն «պարսկական» էլ կոչում է: Մեր նպատակն այլ էր. գումար հավաքել, կապիտալ ունենալ, որպեսզի ընկերներով մեր երազանքն իրականացնենք, արտադրություն, իմպորտ, էքսպորտ… Այդպես էլ արեցինք, քարերից արտադրանք թողարկելու ցեխ հիմնեցինք, յուրահատուկ պրոդուկտ էինք թողարկում, հասել էինք բավական բարձր կետերի, սակայն դարձյալ եկավ մի պահ, որ մեծ գումար էր անհրաժեշտ՝ շարունակելու համար, իսկ այդ գումարը չճարվեց, քանի որ մենք ամեն ինչ արդեն ներդրել էինք: Իսկ այն ժամանակ վարկերը բավական մեծ տոկոսներով էին տալիս:

 

«Բեռլինը» Գյումրու կենտրոնում

«Բեռլին հյուրերի տուն»

Ինչպես սկսվեց իմ՝ գերմանական «Կարմիր Խաչի» հետ ծանոթությունը. ավստրիացի ընկեր ունեի՝ Ալֆրեդը, որը ավստրիական, հունգարական ու գերմանական շինարարական ծրագրերի ղեկավարներից էր: Գնալ-գալ ունեի, բոլորին էր հետաքրքիր, թե այդ ինչ են կառուցում նախկին «Ունիվերսամ» խանութի տարածքում, հենց քաղաքի կենտրոնում, այն էլ՝ պենոպլաստե կոնստրուկցիաներով: Դե, այն ժամանակ, ամենակարևորը՝ տներից բացի, առողջապահական կենտրոններ հիմնելն էր, և պետք է ասեմ, որ մեր հիվանդանոցը միակն էր, որը կենտրոնում կառուցվեց: Բեռլինի «Կարմիր Խաչը», կոորդինացնելով Գերմանիայի «Բուրդա» հրատարակչության, Բեռլինի ժողովրդի ու Բեռլինի հայ համայնքի հավաքագրած գումարները, որոշեց այստեղ հիվանդանոց կառուցել: Մեր այս կառույցը սերբ հայտնի ճարտարապետի նախագծով է, և բավական հետաքրքիր է: 1992-ին արդեն բերվել էին նոր սարքավորումներ, պետության կողմից բաներ էին խոստացվել, բայց չարվեց, տեխսպասարկման փոքր կենտրոն հիմնվեց, իսկ սարքավորումները, որոնք բերվել էին, գերմաներենով էր, այն տրվել էր թարգմանության մի կնոջ, բայց նա չէր կարողացել տեխնիկական անձնագրերի հստակ թարգմանությունն ապահովել: Եվ Ալֆրեդն ինձ առաջարկեց օգնել թարգմանելու տեխնիկական հատվածը: Այդպիսով ես ներքաշվեցի այս կառույց, ծանոթացա «Կարմիր Խաչի» ներկայացուցիչ Օտտո Ռայների և Բեռլինի հայ համայնքի ղեկավար Պետրոս Դիքիջյանի հետ: Հետո ինձ առաջարկեցին աշխատել որպես տեխնիկական գծով տնօրեն: Ցերեկ ու գիշեր սկսվեց աշխատանքային պրոցեսը: Բժիշկներին ու քույրերին ուղարկեցին վերապատրաստման: Էներգետիկ կրիզիսը շրջանցելու համար, շենքին կայուն ջերմաստիճան ապահովելու համար այստեղ փոքր գեներատորային կայան մոնտաժեցինք, որի շնորհիվ ապահովեցինք ոչ միայն հիվանդանոցի շենքի էներգիան, այլև շրջակայքում բնակվող հաշմանդամներին, նաև նրանց, ովքեր ծնունդ, կնունք կամ հիվանդ ունեին տանը, մի երկու փողոց ծածկեցինք: Բավական պայքարային ճանապարհ ենք անցել:

Եկավ պահ, որ «Կարմիր Խաչից» մեզ հայտնեցին, որ կառույցը աղետների շրջանակում է օգնում, և երկար ժամանակով չի կարողանա ապահովել մեր գոյությունը: Պարոն Օտտոն էլ հաճախակի էր ասում այդ մասին, և նշում, որ պետք է մի բան մտածել: Արդեն 1995 թիվն էր: Ու որոշեցինք կոմերցիոն նպատակներով լվացքատունը աշխատեցնել, շատ լավ էր, բայց պետությունն արգելեց, փաստարկելով, որ հիվանդանոցին զուգահեռ հակահիգիենիկ եսիմինչ կոնֆլիկտներ կարող է առաջ քաշել: Փակեցինք:

«Բեռլին հյուրերի տուն»

Մենք հաճախ էինք կատակում, թե մեր այս կառույցը որքան հաճելի անկյուն է ու հոթել կարող է ծառայել, բայց այդ ամենն ասում էինք վախվորած, որովհետև դեռ այն ժամանակներին հոթել հասկացությունը, կներեք, «բարդելի» հետ էր ասոցացվում մարդկանց մոտ, լավ համբավ չուներ: Մի օր, մի պատահականություն մեզ ստիպեց հաստատ որոշման հանգել: Գերմանիայի Բավարիայի հատվածի Ռոյթլինգենի համալսարանի երկու պատկառելի տարիքի պրոֆեսորներ էին եկել. նրանց անունները երբեք չեմ մոռանա՝ պրոֆեսորներ Տաուտհենը և Կրաուզը, որոնք ուզում էին հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք Տեքստիլ կոմբինատին օգնել: Նրանք ստիպված էին օրերով՝ ամեն օր գնալ Երևան, հետ գալ, գնալ-գալ, ու շատ ծանր էր նրանց համար 3-ժամյա ճանապարհահատվածը հաղթահարելը: Ու մի օր, երբ ծանոթացանք, մեզ պատմեցին իրենց դժվարության մասին: Մենք վախվորած, որ պրոֆեսորների պիտի առաջարկենք, այն էլ հիվանդանոցային մահճակալներ՝ առաջարկեցինք մնալ մեզ մոտ: Նաև ասացինք, որ առավոտյան կարող ենք նախաճաշն էլ հասցնել: Առավոտյան երկուսն էլ լուսավորված, ժպտալով, 50 դոլարանոց ձեռքերին, ասացին, որ այն ոչ թե նվիրատվություն է, այլ առաջին վճարը մեր մատուցած ծառայության դիմաց: Եվ այն եղավ մեզ համար կասկածները փարատելու վերջին կաթիլը, որոշեցինք, որ հյուրանոց ենք դարձնում: Սկսեցինք պայքարելը, Առողջապահության պատասխանատուները դիմակայում էին մեր գաղափարին, այն ժամանակ Առողջապահության նախարար Բաբլոյանն էր: Գնացինք նրա մոտ, ներկայացրեցինք մեր գաղափարը, նա էլ հավանություն տվեց, ու անմիջապես նրա սեղանին դրեցինք համաձայնագիրը, որն անմիջապես կնքվեց: Այսպիսով, «Բեռլին Մոր ու մանկան» հիվանդանոցի մի հատվածը կարողացանք դարձնել «Բեռլին հյուրերի տուն», որի կահավորման համար 100 հազար մարկով դարձյալ աջակցեց «Կարմիր Խաչը»: Մենք, որպես հյուրանոց Գյումրիում, միակն էինք: Մեզանից հետո նոր մեկ-երկուսը բացվեցին: Մինչև 2000 թիվը շատ լավ արդյունքներ ունեինք: Բայց մենք հյուրանոցավար չլինելով, գործը լավ չէինք պատկերացնում. մեզ մոտ մնում էին նախագծեր իրականացնողները, որոնք ընթացքում ավարտեցին իրենց գործառույթները, գնացին: Այդտեղ է, որ սկսեցինք կրթվել, ուսումնասիրել, զարգանալ որպես հյուրանոց, ստեղծեցինք տուրիստական ընկերություն, տուրը զարգացրեցինք, բավական մեծ թվով պատվերներ ունենք: Ինչպես գիտեք, «Բեռլին հյուրերի տուն» հոթելը լոկ միայն հոթել չէ, այն նաև Արտ կենտրոն է, գալերիա, մենք այստեղ արվեստագետների հետ պրոյեկտներ ենք իրականացնում, հետաքրքիր ու նորարական գաղափարներ իրականացնում, մեծ հոգատարությամբ պահում ու պահպանում այն, ինչը մեր քաղաքի համար նվիրաբերել են Բեռլինի ժողովուրդն ու հայ համայնքը:

Պիտակներ՝