ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական երիտասարդական ցանցին միանալով՝ մեծ ներդրումներ են ակնկալվում

Երևանում կայացավ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» խորագրով ֆորում, որը ֆինանսավորվում էր Եվրամիության կողմից: Ֆորումի նպատակն էր` ներկայացնել «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի արդյունքների մասին հաշվետու-զեկույցը, քննարկել երիտասարդական աշխատանքի զարգացման հիմնահարցերը, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, փորձն ու հետագա անելիքները, ինչպես նաև բաց երիտասարդական աշխատանքի (ԲԵԱ) ցանցի ստեղծման կարևորությունը:

2018թ-ից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն Եվրոպական միության և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, նաև ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի հետ համագործակցությամբ, Գյումրիում գործարկեց Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնը (ԲԵԿ)՝ Գյումրու «Երիտասարդների տունը»: Այս կառույցի գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել թե՛ տեղական, թե՛ բարձրագույն իշխանության, թե Եվրոմիության կողմից:

Բանախոսները ողջունեցին ծրագիրը, բարձր գնահատականներ հնչեցրին արված աշխատանքի վերաբերյալ, հույս հայտնեցին, որ մեծ արդյունքներ են սպասվում ապագայում, անդրադարձան երիտասարդության հարցերին, կարևորեցին վերջիններիս ներուժի բացահայտմանն ու կարողությունների զարգացման համար ձեռնարկված միջոցառումները:

Փոխըմբռնման հուշագրեր վավերացվեցին Գյումրու քաղաքապետարանի և ԵՆԿ ՀԿ-ի, ինչպես նաև Սպիտակի համայնքապետարանի և ԵՆԿ ՀԿ-ի միջև` Գյումրի և Սպիտակ համայնքների 12-18 տարեկան պատանիներին կրթական և երիտասարդական ծառայությունների տրամադրման վերաբերյալ։

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ասաց, որ համայնքապետարանի կողմից ԵՆԿ-ին անվարձահատույց շենք է տրամադրվել 8 տարի ժամկետով, ընտրել են այն թաղամասը, որտեղ շատ են խոցելի երիտասարդները, բարեկարգվելու է տարածքը, և համայնքը պատրաստ է իր վրա վերցնել «Երիտասարդների տան» կոմունալ ծախսերը, որը տարեկան կազմում է 600-700 հազար դրամ, որպեսզի շահառու՝ 12-18 տարեկան 600 և ավել երիտասարդների կրթական, սոցիալական, ժամանցային ու զարգացման ուղղությամբ աշխատանքները կազմակերպվեն հավուր պատշաճի: Սպիտակի համյանքապետարանը ևս տարածք է տրամադրել՝ նման կենտրոն հիմնելու համար և նույնպես հանձն են առել իրենց վրա վերցնել գործունեության հետ կապված ծախսերը՝ սկսած 2 աշխատակցի աշխատավարձերից, վերջացրած կոմունալ ծախսերը:

«Շրջապատը» ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանից հետաքրքրվեց արդյունքներից: «Հատկապես պետական գերատեսչությունների կողմից մեծ հետաքրքրություն կա բաց երիտասարդական աշխատանքը որպես մոդել ունենալու: Սա ծրագրի հաջողված կողմերից մեկն է: Բացի այս, նաև տեղական իշխանություների կողմից հետաքրքրությունն ու մասնակցությունը՝ բաց երիտասարդական կենտրոնների հիմնման առումով, որն ապահով տարածք է, որն հասանելի է մարգինալ խմբերի երիտասարդների և պատանիների համար և ամենակարևորը՝ կենտրոնի շուրջ համախմբվում են ոչ թե զարգացած պատանիները, այլ կենտրոնն է իր ծառայություններով դեպի թաղեր գնում»,- ասաց Արթուր Նաջարյանը: Ըստ նրա, շատ դեպքերում սոցիալապես ծանր պայմաններում գտնվողների ծնողները չեն պատկերացնում, թե ինչպես կազմակերպել իրենց երեխաների կրթական, մասնագիտական կողմնորոշման հարցերը, անհատական զարգացումները, ժամանցի ճիշտ կազմակերպումը: Եվ այս բացը լրացնելու համար է, որ կենտրոնն ինքն է գնում թաղեր, որպեսզի շահառուներին ավելի հասանելի դառնա:

Հարցին, թե ներկայում չափելի՞ է, օրինակ, Գյումրու երիտասարդության կարիքները, պատասխանեց.  «Առհասարակ, երբ խոսում ենք զբաղվածության կամ ժամանցի մասին, սա նկատի չունի սրճարաններ կամ ժամանցային վայրերի հասանելիության մասին: Խոսում ենք առհասարակ երիտասարդի ինքնառեալիզացվելու, յուրացվելու տարածքների մասին: Եվրոպական տարբեր երկրներում կան համայնքային երիտասարդական կենտրոններ, որոնք ապահով տարածք են, հագեցած բոլոր հնարավոր միջոցներով՝ երաժշտական, սպորտային, կրթական… Սա կենտրոն է, որն ամբողջովին բավարարում է ցանկացած կարիք, օգնում է կողմնորոշվելու, գնահատելու սեփական կարիքները, հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշում կայացնելու, ընտրություն կատարելու, ինքնակայացման, ինքնաբացահայտման հիանալի հնարավորություն է: Եվ հիմա «Երիտասարդների տունը» փորձում է այդ մոդելով աշխատել, միայն թե առայժմ փոքր թվաքանակով ու քիչ հնարավորություններով: Եվ, բացի այս, այստեղ հաշվի է առնվել նաև մենթալիտետը»:

Ըստ Ա. Նաջարյանի, այս պահին Հայաստանում ամենաարդիականը երիտասարդության մասին օրենք ունենալն է: Ստացվել է, որ մեր երկրում չնայած կարևորվում է երիտասարդությունը, սակայն ոլորտը չի կառավարվում օրենքներով: Ներկայում այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում նոր կառավարության կողմից:

Երիտասարդական աշխատանքի միջազգային ցանցին անդամակցելով, այն հնարավորություն կտա հասանելի դարձնել այնպիսի միջոցառումներ, որոնք մինչ այժմ Հայաստանը չի ունեցել: Սա լուրջ ֆինանսական ներդրման մասին է խոսում, որովհետև շատ լուրջ երիտասարդական միջոցառումները, որոնք իրականացնում են Եվրոպայում, կսկսեն անցկացնել նաև Հայաստանում, իսկ սա ենթադրում է մեծ թվով այցելուներ, տնտեսական զարգացում, տուրիզմի զարգացում: