ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երաժիշտը պետք է լավ երաժշտություն տա, որ ունկնդիրն էլ այն վերցնի

Հարցազրույց գյումրեցի ջազային երգչուհի, երգահան ՆԱԻՐԱ ԱՎԴԱԼՅԱՆԻ հետ, որը հայտնի է բեմական «Մեմո» կեղծանունով: Վերջերս կայացավ նրա` «Պաղ օրեր» երգի տեսահոլովակի պրեմիերան: Այն արդեն հասանելի է «YouTube»-ում:

Նաիրա, դեռ շարունակում ես ջազայի՞ն ոճում, թե՞ այլ ոճային ընտրություն կատարեցիր, քանզի դու երգում ես նաև ռոմանսներ, բալլադներ

— Ընդունված է, որ շատերն են իրենց փորձում տարբեր ոճերում և, ի վերջո, գտնում են իրենցը: Ինչպես երկու տարի առաջվա մեր զրույցում էի նշել՝ ես ինձ ջազ երգչուհի եմ համարում, հեղինակային ստեղծագործություններս ջազի հետ միակցված սվինգային ռիթմերում եմ ներկայացնում: Չնայած ընկերներս ասում են, թե ջազն անգլալեզու է, սակայն ես համամիտ չեմ իրենց հետ, համադրում եմ իրար հետ, իսկ դատելը մնում է ունկնդրին:

— «Պաղ օրերը» քո առաջի՞ն ստեղծագործությունն է, որ ունի նաև տեսահոլովակ:

— Ոչ, սա հերթականն է, թվով 4-րդն է: Իսկ որպես հեղինակային ստեղծագործություններ, ճիշտն ասած, չեմ հաշվել՝ քանիսն են:

Ինչքա՞ն ժամանակը մեկ է քեզ հաջողվում նոր ստեղծագործությամբ հանդես գալ:

— Որ կարողանամ տարին մեկ նոր ստեղծագործությամբ ներկայանալ, դա արդեն իսկ հաջողություն է, ինչն, ի դեպ, այդպես էլ ստացվում է:

Նկատի ունեի՝ մեծն Մուսա՞ն է քեզ այցելում, թե դու, հենց գալիս է, բաց չես թողնում, ու մի քանի ստեղծագործություններ են շարունակական ծնվում:

— Ես միշտ մուսայի հետ համերաշխ եմ: Բայց այստեղ ֆինանսական հնարավորությունների հետ պետք է հաշվի նստել. տարին 12 ամիս կարող է և ստեղծագործեմ, բայց տեսահոլովակ միշտ չէ, որ հնարավորություն է լինում նկարահանելու:

Ներկայիս Հայաստանո՞ւմ էլ է դժվար շոուբիզնեսում մնալը, թե՞ դարձյալ «թիկունքի» հարց է:

— Անկեղծ ասած, ես դեռ շոու-բիզնեսում չեմ, դեռ առաջին քայլերս է, և իմ խնդիրը հաստատվելն է, ոչ թե մնալը: Տեսահոլովակն էլ այդ քայլերից մեկն է:

Քո երգերը, ստեղծագործությունները մեր մարզի սահմաններից դուրս ներկայացվե՞լ են:

— Այո, ներկայացվել են, և հիմա այնպես չէ, որ որևէ մեկը կարող է քո դեմ արգելք հանդիսանա, «ճանապարհ փակի»: Մեծ բեմերի հետ կարող է դեռ խնդիրներ կան, բայց մյուս կողմից էլ ուզում եմ ասել, որ մենք երբեմն ունկնդիր ենք լինում ոչ բարձր մակարդակի երգերի, անորակ «աստղերի», մինչդեռ ունենք «ընդհատակում» այնպիսի ստեղծագործողներ, որ բարձր մակարդակում են: Ու այո, իրենց աստղը փայլելու համար մեծ ֆինանս է պետք, և սա կոնկրետ ֆինանսական խնդրով է պայմանավորված, այլ ոչ թե ինչ-որ մեկի չթույլտվությամբ: Անկեղծ ասած, քանի որ Հայաստանում գործող երաժիշտները մեծ բեմերում հաճախ ելույթ ունենալու հնարավորություն չունեն, բայց ստեղծագործողներիս համար կապ չունի՝ մեծ, փոքր բեմեր, նույն էներգիան է տանում, նույն պատասխանատվությունն է:

Բայց բավարարվածություն զգալու համար մեծաթիվ հանդիսատես պետք է ունենալ, այդպես չէ՞:

— Ոչ, դա միգուցե և պետք է, բայց ավելի շատ նրանց համար, ովքեր սահմանային վերցնում են ֆինանս աշխատելը: Իմ պարագայում, ավելի շատ բեմում ստեղծագործություն հնչեցնելն է: Անշուշտ, ես հարցի տողատակը հասկանում եմ, սակայն ինձ ֆինանս այնքան պետք չէ, որպեսզի կարողանամ հերթական տեսահոլովակը նկարահանել, որովհետև, նախ ավարտել եմ Գյումրու Գեղարվեստի ակադեմիան, թատերական կրթություն ունեմ, տեսահոլովակի, հագուստի, սցենարի, գեղարվեստական մասի հետ կապված ամենը ինքս եմ անում՝ ռեժիսուրան, մնում է օպերատորական աշխատանքը և, իհարկե, հեռարձակումը:

Բայց հեռարձակումն արդեն իսկ ֆինանսական պահանջ ունի:

— Այո, բայց եկեք համաձայնեք, որ հիմա կարելի է առանց դրա էլ հանրահայտ դառնալ. ինտերնետի լայն հնարավորությունը կա, որը մեկ վայրկյանում կարող է քեզ մեծ հռչակ բերել, եթե տաղանդդ այդչափ մեծ է: Իմ համար, ամեն դեպքում նպատակ չէ մեծ բեմում լինելը, այլ ինձ համար կարևոր է հայտնի դառնալը՝ որպես գործող երգիչ-երաժիշտ: Ինձ համար ավելի ցանկալի կլիներ տարբեր երկրներում հանդես գալը, պահանջարկ ունենալը: Ես ուզում եմ, որ իմ երգերը ճանաչվեն, լսելի դառնան, հատկապես հայկական էստրադան նման երգերի բաց ունի: Բայց ես ինձ ավելի շատ երաժիշտ եմ համարում, քան երգչուհի, և ուզում եմ, որ իմ երաժշտությունը լայն տարածում ունենա: Եվ այո, այսօր սոցիալական ցանցերը կարող են տալ այդ հնարավորությունը:

Դու ասացիր, որ որպես երաժիշտերգահան ես ուզում հանրահայտ դառնալ, այս դեպքում, դու երգեր գրում ես ու առայժմ միայն ի՞նքդ ես կատարում, թե՞ արդեն ուրիշների համար էլ ես գրում:

— Երգեր կան, որոնք նախատեսել եմ ուրիշ երգիչների համար, բայց դեռ պասիվ եմ այդ պահով:

Իսկ ավելի շատ սիրում ես սոլո հանդես գալ, թե՞ զուգընկերությամբ, թեկուզ, ասենք, դաշնամուրը կոնտրաբասի հետ՝ դուետով, մանավանդ, ջազը սիրում է իմպրովիզացիաներ:

— Այո, կուզենայի, բայց դա հետագայի հարց է, իսկ ես չեմ սիրում երազանքների մասին բարձրաձայն խոսել:

Կփորձեի՞ր Գյումրիում, փողոցում նվագելԱսենք, ֆլեշմոբ անցկացնել...

— Ինչո՞ւ ոչ, ես նման կոմպլեքսներ չունեմ: Եթե դա պետք լինի, կանեմ:

Հիմա հասարակությունն ինչպիսի՞ երգեր է սիրում ունկնդրել:

— Չգիտես ինչու, հիմա մեր շատ երգիչներ, երաժիշտներ կարծում են, թե սիրո մասին երգերը, այսպես ասած, զիզի-բիզի են, այնքան իմաստալից չեն, որքան, ասենք, հայրենիքի մասին երգելը:

Միգուցե պահանջա՞րկն է թելադրողը:

— Ես համամիտ չեմ. ճաշակ թելադրող պետք է լինել: Ես չեմ քննադատելու մեր հասարակությանը: Ստանիսլավսկին իր մի գրքում գրում է. «… ոչ բծանխնդիր հանդիսատեսի համար…»: Իմ մոտ այն շատ է տպավորվել, և այո, կա հանդիսատես, որը ոչ բծախնդիր է, ու իրեն ինչ տաս, նա կվերցնի՝ սպունգի նման: Եվ դա նորմալ է: Ու մեր էստրադան օգտվում է դրանից:

Ես կարծում եմ, մեր հանդիսատեսը լավ էլ փոխվել է ու մի քանի միջոցառումները դրա վառ ապացույցն են, թե ինչպես մեր երիտասարդությունը հաճույքով ջազ կամ ռոք է ըմբոշխնում:

— Այո, այդպես է, իմ պնդումն էլ այն է, որ լավ երաժշտությունը երաժիշտը պիտի տա, որ ունկնդիրն էլ այն վերցնի:

Ո՞ւմ հետ կուզենայիր բեմել:

— Հայկական էստրադայից՝ երևի կոմպոզիտոր Հայկոյի հետ: Իսկ արտասահմանյանից՝ Ստինգ. այ, սա արդեն երազանքներիցս մեկն էր, որի մասին բարձրաձայնեցի: