Հարցազրույց գյումրեցի ջազային երգչուհի, երգահան ՆԱԻՐԱ ԱՎԴԱԼՅԱՆԻ հետ, ով հայտնի է «Մեմո» կեղծանունով:
— Նաիրա, Գյումրին հանրապետության հոգսաշատ քաղաքներից է, որտեղ երիտասարդներն առաջընթացի շատ քիչ հնարավորություններ ունեն, ու ձգտում են հաստատվել մայրաքաղաքում: Որտե՞ղ ես դու քո գործունեությունը ծավալում:
— Ես հիմնականում Երևանում եմ ստեղծագործում, որովհետև այստեղի լավ երաժիշտները գնացել են քաղաքից, բայց Կոնսերվատորիան Գյումրիում եմ ավարտել, և երգերս Գյումրիում են ծնվում:
— Ո՞ր ժանրում ես ստեղծագործում:
— Բալլադներ, ռոմանսներ, երգում եմ նաև ջազ ստանդարտներ, արդեն 4 տարի է խորացել եմ ջազի մեջ: Առանց ավելորդ համեստության, ինձ ջազ երգչուհի եմ համարում:
— Գյումրիում ջազ ակումբը փակվեց ու, փաստորեն, ջազ լսելու համար ստիպված Երևան պիտի հասնել: Ի՞նչ ես կարծում, Գյումրում ջազը զարգացման, առաջընթացի նախադրյալներ չունի՞:
— Քաղաքը փոքր է, բնակչությունն էլ գնալով քչանում է: Իսկ երգարվեստի ֆինանսավորումը հանդիսատեսից է գալիս, ու դա երաժշտի գործունեության վրա ազդեցություն է ունենում: Մարդիկ կան, որ անկախ գումարից, ուր էլ լինի, կգնան ջազ լսելու… Գյումրու ջազ ակումբում միշտ նույն դեմքերն էիր տեսնում, ու այս առումով ջազ ակումբը ծանրաբեռնված էր, անընդհատ պետք է նոր բան ներկայացներ, գուցե և ջազից շեղվել էր պետք: Փոխկապակցված խնդիրներ կային, որ անհրաժեշտ էր լուծել, իսկ Երևանը ոչ միայն մարդաշատ է, այլ զբոսաշրջիկներ շատ կան: Գուցե դա է պատճառը, որ կայանալով Գյումրում, երգիչ-երգչուհիները գնում են Երևան, որովհետև այնտեղ լսարանը տարբեր է, պահանջկոտ են, նորն են ուզում, իսկ մեր մոտ ամեն ինչ շատ փակ է, անընդհատ նույնն է, չես զարգանում:
— Մտածողությա՞ն առումով փակ:
— Պահանջի առումով, միայն մտածողությամբ չէ: Անընդհատ նույն բանն ես անում, այդպես չես զարգանա, իսկ Երևանում հնարավորություն կա առաջընթացի: Իհարկե, այնտեղ էլ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ մոտդ լճացում է, առաջընթաց չկա: Գյումրիում պահապանողականությունը շատ է, որը խանգարում է մտքի թռիչքին: Նոր գաղափարը կամ չի ընդունվում կամ շատ ուշ է ընդունվում, ու դու արդեն ժամանակ ես կորցնում, մինչդեռ այդ ընթացքում կարող էիր աճել: Ամեն դեպքում, Գյումրին միշտ իր խոսքն ասում է, լինի լավ, թե վատ առումով:
— Ասում են՝ ջազը իմպրովիզ է, մտածողություն է, հոգեվիճակ է: Չգրված այս կանոններով առաջնորդվո՞ւմ ես:
— Հա, իհարկե: Ջազում առաջնայինն իմպրովիզն է, բայց և այնպես, ջազը արվեստի այն տեսակն է, որը ճշգրիտ գիտություն կարելի է համարել: Արվեստի տեսակներ կան, որը պիտի սովորես… հենց այնպես չես կարող տանը նստել ու երգել, բայց այդ շնորհը զարգացնելու համար պարտավոր ես սովորել: Ընդհանրապես, երգը կարելի է տարբեր ոճերում ձևափոխել, բայց պետք է նաև ընտրել այնպիսի երգ, որը հարմար կլինի ձայնիդ, քեզ կսազի, քո էությանը համահունչ կլինի: Միայն իմպրովիզ անելով չես կարող քեզ ջազային երգչուհի համարել: Մեր երգարվեստում շատերն ասում են՝ ջազ ենք երգում, բայց առանց ջազի նրբությունները գիտենալու, ջազ երգելն այնքան էլ ճիշտ չէ: Իմպրովիզը երգարվեստում այն պահն է, երբ երգչուհին, այսպես ասած, իրեն պետք է ներկայացնի, իր խոսքը պետք է ասի: Շատերն այդ խոսքը չեն ասում: Ես հիմա երգը փորձում եմ բերել գիտության ոլորտ. դա նշանակում է՝ ուսումնասիրել հարմոնիա, ռիթմը հասկանալ, նվագել: Երաժշտությունը մաթեմատիկա է, այդ մաթեմատիկան պետք է ուսումնասիրվի:
— Կա՞ մեկը, ումից ազդվել ես, ումից սովորում ես, ում փորձում ես նմանվել:
— Նմանվել երևի չէի ցանկանա, ցանկացած ոլորտում նմանվելը վատ բան է, բայց քո խոհանոցային աշխատանքում, երբ դեռ նոր ես սկսում սովորելը, օրինակ վերցնելը, նմանվելը վատ չէ: Հայկական էստրադայում չկա մեկը, ումից ոգեշնչվեմ, բայց որպես ուղեցույց՝ ունեմ Տիգրան Մանսուրյանին և Ռոբերտ Ամիրխանյանին:
— Նաիրա, բազմաթիվ երգերի հեղինակ ես, բայց որոշել ես հանրությանը ներկայացնել դրանցից մի քանիսը, ինչո՞ւ:
— 18 տարեկանից սկսել եմ գրել, բոլոր ստեղծագործողների մոտ էլ կարծում եմ այդպես է՝ նոր երգն ավելի թանկ է, ավելի հարազատ է: Ես միշտ մտածել եմ, որ կարող եմ երգ գրել, գրածս երգերը սկսեցի ներկայացնել հայտնի երաժիշտներին, հավանեցին, ու դա ինձ թև տվեց: Հետո որոշեցի ավելի հիմնավոր զբաղվել դրանով: Հիմա 5 երգ եմ ներկայացնելու «Շիրակ» հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ՝ «Դարձյալը», որի հեղինակը քույրս է, այն միապաղաղության, միօրինակության մասին է, «Կանգ առ, ժամանակ»-ը, որի և՛ բառերը, և՛ երաժշտությունը ես եմ գրել, «Թող որ»-ի բառերը թերթից եմ հայտնաբերել, այն ռոմանս է և շուտով դաշնամուրային տարբերակով կլինի, «Հրաժեշտ» երգի բառերը բանաստեղծ Արակ Մանուկյանինն է: «Դաշտերում» երգն էլ Տերյանի բառերի հիման վրա է ստեղծված, որը շուտով նաև տեսահոլովակ կունենա և եթեր կհեռարձակվի: Իսկ այս երգերի դաշնամուրային տարբերակները կհեռարձակվեն երկուշաբթի, հոկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին՝ «Շիրակ» ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշարի ընթացքում:
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ