2019 թվականի ապրիլի 23-ի դրությամբ, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու գավաթի խաղարկություններում 9 մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի կազմերում Շիրակի մարզից հանդես են եկել 30 մարզիկներ: Նրանցից 13-ը դարձել են մեդալակիրներ՝ նվաճելով 20 մեդալ, որից 4-ը ոսկե, 6-ը՝ արծաթե և 10-ը՝ բրոնզե:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն հյուրընկալել էր 2019 թվականի շիրակցի մեդալակիրներին ու նրանց մարզիչներին: Դիմելով մարզիկներին, մարզպետն ասաց, որ նրանցից շատ բան է կախված՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու տարբեր մրցահարթակներում ու առաջնություններում ու Հայոց դրոշը վեր խոյացնելու առումով: «Ձեզանից շատ էներգիա, շատ ժամանակ է գնում, ձեր կյանքի լավագույն տարիները դուք դնում եք ձեր կարիերայի և մեր երկրի պատիվը բարձր պահելու մեջ: Իսկ դա շնորհակալություն հայտնելու առիթ է: Դուք, իրավամբ, այն մարդիկ եք, որոնք մեր երեխաներին օրինակ են ծառայում»,- ասաց մարզպետը, ապա դիմեց ներկաներին՝ խնդրելով ներկայացնել խնդիրներն ու մտահոգությունները:
Բարձրաձայնվեց Գյումրիում մարզահամալիր ունենալու հարցը. «Մենք մարզասեր ժողովուրդ ունենք, և այն շատ ցանկալի է, որ միջոցառումներ կազմակերպենք, և մեր ժողովուրդը հնարավորություն ունենար ներկա գտնվելու: Կուզենայինք, որ այս մասին կառավարությանը դիմեիք: Ճիշտ է, հրատապ չէ, բայց շատ կարևոր է: Այսօր վրացական բոլոր քաղաքներն ունեն մարզահամալիրներ, մրցումներ կազմակերպելու մեծ հնարավորություններ, մինչդեռ մենք անգամ սպորտդահլիճներ նորմալ չունենք: Լուրջ միջոցառումներ, միջազգային մրցաշարեր, պատանեկան կամ երիտասարդական աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ կազմակերպելու առաջարկներ դրսից շատ են հնչում, մանավանդ, մենք մարզական հարուստ փորձ ու ավանդույթ ունեցող քաղաք ենք, բայց ստիպված չենք արձագանքում, քանի որ նման հնարավորություններ չունենք»,- ասաց ներկաներից մեկը:
Մարզպետն արձագանքեց. «Մարզապալատի մասով, ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ քննարկումներ են եղել, լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ… Դա նաև կոմերցիոն տարրեր էլ է պարունակում և, եթե ներդնողները մտածեն, միավորվեն, ապա հնարավոր է, որևէ բան ստացվի»:
«Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի» տնօրեն Հակոբ Փանոսյանը խոսեց բարձրագույն ուսումնական հաստատություններից տարկետման հանման մասին, ինչը բացասական ազդեցություն է թողնում մարզվողի կարիերայի վերելքի վրա, որովհետև այն ժամանակահատվածում, երբ նա արդեն պատրաստված է լավ արդյունքներ գրանցելու, գտնվում է զինվորական ծառայության մեջ, իսկ վերադառնալուց հետո էլ, արդեն անհայտ է, կվերականգնվի, թե՝ ոչ: Նաև առաջարկեց, որ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրները կարող են անվճար օգտվել Օլիմպիական հերթափոխում բացված տրենաժորային դահլիճից:
Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության բաժնի պետ Վաչագան Վարդանյանը բարձրաձայնեց սպորտային դիսպանսերի հարցը. «Դեռ 2008 թվականին կառավարությունն ընդունեց արձանագրային որոշում՝ Գյումրին որպես մարզական կենտրոն, և այդ ծրագրի մեջ մտավ մարզապալատի կառուցումը, սպորտային բժշկության հանրապետական կենտրոնի մարզային մասնաճյուղի ստեղծումը: Արդեն 11 տարի անցել է, բայց որոշումը մնացել է թղթի վրա: Բոլորն էլ կփաստեն, որ առաջնության գնալիս, պետք է մարզիկի առողջության հայտ տանես, որ թույլտվություն ստանաս: Կամ դրա համար պիտի գնաս թաղային պոլիկլինիկա, կամ տարբեր հիվանդանոցներ… Հիմա հավաքականի մարզիչը թիմ է տանում, պետք է այդ հայտն առնի ու բոլոր պոլիկլինիկաներով պտտվի: Իսկ, եթե լիներ սպորտային դիսպանսեր, ապա ղեկավարը հավաքականին կտաներ այդտեղ ու ավելի խորը բուժզննում կանցներ մարզիկը, որը ճիշտ կգտնահատեր մարզիկի առողջական վիճակը, մարզումային ծանրաբեռնվածությունը և այլն: Ցավոք, դա կա միայն Երևանում»: Հակոբ Փանոսյանն էլ մատնանշեց, որ, եթե նախկինում մարզիկի ստուգումը 2000 դրամ արժեր, ապա չգիտես ինչու, հիմա ծառայությունները թանկացել են կրկնակի, եռակի անգամ: Առաջ պետական միջոցների հաշվին տարեկան 2-3 անգամ անվճար էր, իսկ հիմա մեկանգամյա է դարձել: Նշեցին, որ ցանկալի է, որ գոնե կենտրոնացվի, որպեսզի ավելորդ վազքի մեջ չընկնեն:
Խոսվեց նաև սպորտդահլիճների անխնամ ու անհյուրընկալ վիճակից, մարզագույքի բացակայությունից: