Հռիփսիմե Պետրոսյանը Շիրակի մարզի Կրաշեն համայնքի սովորական ներկայացուցիչ է… Ամենասովորական է այնքանով, որ աստղաբույլի ներկայացուցիչ չէ, մարզական չեմպիոն չէ, բայց իր բնույթով ու նպատակասլացությամբ այնքան է մյուսներից տարբերվում, որ գյուղական հոգսերից կքած, ժամանակակից կյանքի մասին չիմացող գյուղում փորձեց ու կարողացավ փոփոխությունների սկիզբը դնել:
— Հռիփսիմե, երբ սոցցանցում տեսա քո լուսանկարը՝ տրակտոր վարելիս, մտովի պատկերացրեցի, թե ինչպես տրակտորն է մեծ կոշով քանդում կոշտացած ու պինդ հողը, այդպես էլ դու կոտրում ես գյուղական կյանքի կարծրատիպերը:
— Չեմ կարող չհամաձայնել, քանզի, իրոք, կարծրատիպերը, որոնք խեղդում, սպանում են մարդու մեջ թռիչքները (ի դեպ, խոսքը միայն կանանց մասին չէ), խոչընդոտում են զարգացմանը: Հաճախ մարդիկ շփոթում են կարծրատիպն ու ավանդույթը… Ավանդույթներն այլ բան են. կարող ես լինել հայուհի, բայց ժամանակակից աշխարհի դիտակետից՝ գրագետ, զարգացած, ինքնահաստատված, կամային: Բայց սա դեռ վեհ բաներից ենք խոսում, մինչդեռ մեր կյանքում այնպիսի մանրուքներ են մարդուն պատնեշում, ինչպիսիք են՝ հագուստը, հակառակ սեռի հետ մարդկային հարաբերություններն ու շփումները և անգամ ժպտալը…
— Էլ չենք ասում՝ մեքենայի ղեկին կին, սրճարանում միայնակ նստած կին…
— Դա քաղաքային կյանքում, իսկ գյուղական կյանքում՝ վայ, առավոտ կանուխ չես արթնացել, վայ, տունը կամ սենյակդ չես հավաքել, վայ… ու, եթե դու շարունակելու ես կյանքդ այդ միջավայրում, շատ հաճախ հասարակական կարծիքին կուլ ես գնում: Կարծրատիպերն այնքան շատ են ու այնպես սերտաճած մեզ հետ, որ մեր կյանքը դառնում է հասարակական: Իսկ սա մեզ հեռացնում է երջանիկ զգացողություններից, ինքնատիպ մտածելակերպ ունենալուց, ներքին ազատություններից: Այո, գյուղի կանանց համար շատ բարդություններ կան մինչ օրս:
— Եթե քո կյանքին 10 տարով հետահայց նետես, ապա…
— Երբ իմ մասին ենք խոսում, ես ասում եմ, թե իմ կյանքը սկսվել է 24 տարեկանից: Ինչո՞ւ եմ այդպես ասում: Որովհետև այդ ժամանակվանից ես իմ մեջ ուժ գտա՝ հաղթահարելու կարծրատիպերը, իմ նպատակներն ունենալ, երազանքներն իրականություն դարձնելու և երազելու հնարավորությունների սկիզբ դրեցի: Դպրոցն ավարտելուց հետո, երազանքս էր՝ ուզում էի քաղաքում սովորել, իսկ քանի դեռ այն իրականություն չէր դարձել, ինքնակրթությամբ էի զբաղվում: Իսկ բոլորն, այդ թվում ծնողներս, ասում էին, թե ինչիս է պետք… Դե, իհարկե, դասընկերուհիներս վաղուց ամուսնացել էին, երեխաներ ունեին, իսկ ես դպրոցն ավարտելուց 8 տարի հետո իմ մեջ ուժ գտա գնալու երազանքիս ընդառաջ. ընդունվեցի մանկավարժական քոլեջ, ապա՝ համալսարան: Ես մինչ այդ մշտապես գյուղական միջավայրում եմ եղել, և ահա, գյուղից դուրս եմ գալիս: Հիշում եմ, երբ սեպտեմբերի 1-ին երիտասարդ ուսանողների հետ գյուղի չեղած կանգառից քաղաք գնացող տրանսպորտն էի բարձրացել, ստիպված էի շատերի ծաղրական հարցերը կուլ տալ. «Իյա՜, էս դասի կերթա՞ս»: Մինչ այդ որքան բան մենք չգիտենք, ես կյանքից որքան հետ էի մնացել, այնպիսի մանրուքներ չգիտեի, որ ուսանողական շրջանում անհարմար էի զգում, խեղճացած էի զգում, մի կողմ քաշված էի պահում: Բայց կյանքն ինքնըստինքյան փորձություններ են, փորձություններից դասեր քաղելն է: Եվ իզուր չէ, որ իմ կյանքում հանդիպած մարդկանցից ես շնորհակալություն եմ հայտնւմ՝ ինձ փորձություն տալու համար, այդպիսով մոտիվացնելու համար, որոնք երբ հաղթահարել եմ, ես ավելի ուժեղ եմ ինձ զգացել ու ավելի հաստատուն եմ կանգնել ոտքերի վրա:
— Երբ մոտ 5 տարի առաջ մենք ծանոթացանք, հիշում եմ, դու տարբեր ուղղությամբ՝ տարբեր սեմինարների էիր մասնակցում, իմ կարծիքով՝ փորձում էիր գտնել քեզ, գտնել քոնը. ստացվե՞ց:
— Այո, երկար ժամանակ փնտրտուքների մեջ էի, ես էլ չգիտեի՝ ինչ եմ ուզում, դեպի ուր եմ գնում: Իրոք, տարբեր դասընթացների եմ մասնակցել. է՛լ խոհարարություն, է՛լ վարսավիրություն, է՛լ փրկարարական, է՛լ լրագրողական… Սակայն, ինչպես ասացիք՝ 10 տարի հետահայաց նետելով ու հիմա ինձ դիտարկելով, հաստատապես կարող եմ ասել, որ ես ինձ գտել եմ: Իմ կյանքը համակարգված է դարձել, իմ նպատակն ու առաքելությունը տեսնում եմ ձեռք բերածս փորձությունները գյուղական կյանքի զարգացմանը ծառայեցնելու մեջ: Ուզում եմ հասնել նրան, որ գյուղի, թե քաղաքի աղջիկը՝ իրեն կարող համարի, ինքնաճանաչողություն ունենա, ինքնակատարելագործվի, ինքնահաստատվի, կախման մեջ չլինի… Ինչո՞ւ են կարծում, եթե կինն ուժեղ եղավ, ապա կկտրվի իր հողից, իր պարտականություններից, ի վերուստ տրված իր էությունից… Երեխան պիտի տեսնի, զգա, որ իր ծնողը գրագետ է, ուժեղ է, և ընդօրինակի:
— Ինչպե՞ս եղավ, որ տրակտոր վարեցիր:
— Էն որ տարբեր դասընթացների էի մասնակցում, մի դասընթաց աչքովս ընկավ՝ «Կազա» շվեցարական հիմնադրամի կողմից էր հայտարարված: Մասնակցեցի: Հետո պիտի ծրագիր ներկայացնեինք: Ես փոքրուց երազում էի, որ մեր գյուղում խաղահրապարակ լիներ, որ ծնողներիս ձեռքերը բռնած գայի ու խաղայի: Բայց չկար ու չէր եղել: 2016թ. էր, առաջին անգամ իմացա, ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը: Ծրագրին մասնակցում էին 30 գյուղի ներկայացուցիչներ, և ինչն է հետաքրքիր. այդ ծրագրին համայնքներն էին մասնակցում, ու միայն ես էի անհատ: Նախատեսված էր 1 միլիոն դրամ դրամաշնորհ: Ես ծրագրի ղեկավարին հարցրեցի, թե արդյո՞ք նորարարություն կդիտվի, եթե կինը տրակտոր վարի: Ասաց՝ չգիտեմ, դու ես որոշողը: Ես այդ ժամանակ անգամ համակարգիչ չունեի, ունեցողներից խնդրում էի, որ ծրագրի վրա աշխատեի: Վերջին օրն էր, հույսս կտրած, ինքնագնահատականս աչքիցս ընկած՝ ծրագրի հայտն ուղարկեցի: Ու պարզվեց՝ անցել էի, դեռ 1 միլիոն դրամի փոխարեն երկու միլիոն էին նախատեսել, ու գտել էին, որ շատ նորարարական գաղափար եմ առաջ քաշել: Իմ պատկերացրած տրակտորը գնեցինք, ես առաջինն այն փորձարկեցի: Գյուղում հետաքրքիր փոփոխություն մտավ. նախաձեռնող խմբի հետ միասին կառուցեցինք մեր խաղահրապարակը: Եվ հիմա, երբ կողքով անցնելիս, տեսնում եմ ծնողի հետ խաղահրապարակում հրճվանք ապրող երեխայի, շատ եմ ուրախանում:
— Նաև հիշում եմ, որ հեղափոխությունից հետո, երբ սկիզբ էր առել մարզային զարգացման ծրագրերի ներկայացումները՝ «Իմ քայլը՝ Շիրակի մարզի համար» շրջանակներում դու էլ կայիր, ու քո ներկայացրած ծրագիրը վարչապետի ու ներկաների վրա մեծ տպավորություն թողեց՝ իր կրեատիվությամբ ու հումորի մեծ պաշարով. ինչպե՞ս էիր գրել. «Ազատ պահվածքով էկոլոգիական հավե՞ր»…
— (Ծիծաղում է): Հավերի ծրագիրը շահել եմ Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից՝ «Կին ձեռներեցներ» խորագրով: 26 մասնակցից 4-ը շահեցին, այդ թվում ես էի: Բավական փորձառություն ենք ձեռք բերել, ինկուբատոր ենք հիմնել, բայց քիչ է՝ էկոլոգիապես մաքուր հավի մսի ու ձվի պահանջարկը մեծ է, կարծում եմ, շուտով կընդլայնեմ:
— Գիտեմ, որ նաև աշխատանքի ես հրավիրվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
— Հայտարարություն էր տրվել նախարարության կողմից՝ կամավորության հիմունքներով աշխատելու համար: Ես դիմեցի ու ընդունվեցի նախարարությանը կից խորհրդում: Զբաղվելու ենք կանանց ու երիտասարդության խնդիրներով:
— Ոնց որ թե ստանձնած լինես կանանց իրավունքների պաշտպանությունը:
— Մոտավոր այդպես. ես դպրոցական տարիքից աղջիկներին նեղացնող տղաներից պաշտպանել եմ:
— Ի՞նչ նոր ծրագրեր ես մտմտում:
— Հայ բարեգործական ընդհանուր միության մի դասընթացի եմ այս պահին մասնակցում: Դասընթացի ավարտին դրամաշնորհ է նախատեսված: Ուզում եմ գյուղում ժամանցային կենտրոն հիմնել, որը թե՛ մեծահասակների, թե՛ կանանց, թե՛ երեխաների համար կլինի:
— Հռիփսիմե, դու կարծրատիպերը կոտրել ես. չեմ կարող չհետաքրքրվել՝ գյուղի հոգեբանության մեջ փոփոխություն կա՞:
— Միանշանակ կա: Հիմա ինձ այլ աչքերով են նայում, գնահատանքով: Դիմել էի «Երիտասարդական բանկ»-ին, գումար տվեցին, համայնքն էլ մասնակցեց, և գյուղի այն չեղած կանգառը սարքեցինք, գյուղը միասնական ուժերով այն կառուցեց: Ու հասկացան, որ «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»-ն զուր չի ասված: Գալիս ինձ դիմում են, ծրագրեր են առաջարկում, անգամ բիզնես գաղափարներով են ինձ հետ կիսվում:
— Քո ծննդյան օրը տեսա լուսանկար, որտեղ Եվրամիության դեսպանի հետ էիր:
— Երազում էի, որ այս ծննդյանս օրն օրիգինալ ձևով եմ անցկացնելու, ասենք՝ օդապարիկով եմ թռնելու, կամ Խուստուփ եմ գնալու… Գյումրիի «Բեռլին Արթ հոթելի» տնօրեն և Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը մեր գյուղում լուրջ նախագծեր է իրականացնում: Նրա հետ մի քանի անգամ հանդիպել ենք: Ասաց, որ ծննդյանս օրը Եվրամիության պատվիրակությունն է գալու Կրաշեն: Առաջարկեց հանդիպել: Ստիպված ինչ-որ պլանավորել էի՝ մի կողմ դրեցի: Այդ օրը Ալեքսանն ինձ ներկայացրեց՝ ինչեր եմ արել, բոլորը ծափողջունեցին: Ես ինձ աստղ էի զգում, ու այդպես իմ ծննդյան օրը անմոռաց տոնի վերածվեց: