ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Երանի նրանց, ովքեր պիտի տեսնեն…

30 տարի առաջՀիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետոԱյնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմումԱկանջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում ենՄի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ուայդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:



Պատմում է ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ (Գյումրու քաղաքապետի խորհրդական՝ մշակույթի գծով)

30 տարի առաջ

Այն ժամանակ Գյումրի չէր, Լենինական էր՝ մի շենշող քաղաք, աղմկոտ քաղաք, կյանքով ապրող քաղաք, ժպիտներով, հրաշալի մարդկանցով լեցուն քաղաք: Արվեստի մարդիկ ու քաղաքի բնակիչներն այնքան միախառնված էին, որ դու մայթերին կանգնած կարող էիր տեսնել և՛ Փափազյանին, և՛ Փաշայանին, և՛ Ամերիկյանին, և՛ Զորաբյանին կողքովդ քայլող: Ես միշտ ասել եմ՝ իմ քաղաքը նախկինում՝ սովետական տարիներին, եղել է մեծ թատրոն: Շատ ընդգծված է եղել թատերական արվեստն այս քաղաքում: Հետաքրքիր քաղաք. բանվորն իր գործին, տան, խանում կինը՝ իր գործին. գաթա, փախլավա, թաթար բորանի, օխլաված և՛ անկողին, և՛ խմորեղեն, ջրջկնած մաքուր հայաթներ Գյումրվա: Թասիբով ու օսկե բիլազուկով տղամարդիկ, ովքեր գիտեին իրենց պարտականությունն ու պատասխանատվությունն ընտանիքի հանդեպ, ծնողի հանդեպ: Աշխատասեր, ավելի լավին ձգտող մարդիկ էին: Մերթընդմերթ եկեղեցու զանգերի ղողանջն էր լսվում նույնիսկ սովետական տարիներին: Սա ինքնամփոփ, իր ավանդույթը, իր ամեն ինչն ունեցող քաղաք էր: Մի ժամանակ, երբ քաղաքը փակ էր, նույնիսկ մարդկանց չէին թողնում գնացքից իջնել: Ասում էին՝ «Պոգրանիչնի քաղաք է», պետք է անցաթուղթ ունենային, որ թողնեին քաղաք մտնել: Հենց փակ քաղաք լինելը շատ բաներից զրկեց Լենինականին. զրկեց մայրաքաղաք լինելուց, զրկեց պետական համալսարանից, զրկեց օպերային թատրոն ունենալուց… Եթե առաջին օպերային թատրոնն եղել է Ալեքսանդրապոլ քաղաքում, ապա բնական էր, որ պետք է օպերան այդտեղ ծնվեր, այդտեղ հիմնվեր, բայց, ցավոք, սահմանին գտնվելը, փակ քաղաք լինելը բավականին սահմանափակեց Լենինականի հնարավորությունները: Սակայն մյուս կողմից էլ, շատ լավ բաներ տվեց. քաղաքը մնաց ինքն իրենը, շատ չասիմիլացվեց՝ ինչպես այսօր, շատ մաքուր էր, համարյա 90 տոկոսով լեննականցիներ էին: Ղեկավարության մոտ էլ չկար բյուրոկրատական շեղումներ. քաղկոմի քարտուղարը քայլում էր քաղաքով, զրուցում էր բանվորների հետ, քաղսովետի նախագահը ստորգետնյա ճանապարհներ էր բացում, «Մայր Հայաստան» էին կառուցում, թատրոնի շենքն էր կառուցվում, բանվորների հետ հավասար նստում, նախաճաշ էին անում: Ես տեսել եմ Մատնիշյանին՝ «Պոլիգոններ» թաղամասում, բանվորների հետ նստած, ձու ու լավաշ էր բրդուճ անում: Հետաքրքիր էր քաղաքը, ուսանողական, արդյունաբերական քաղաք էր: Այսօրվա «Տեխնոպարկի» տեղում Մանկավարժականն էր՝ լեփ-լեցուն: Դիմացը տղաներն էին կանգնում, որ ինստիտուտից դուրս եկող սիրուն-սիրուն աղջիկներից ընտրություն անեին, հետևներից գնային… Շատ հետաքրքիր էր քաղաքի միջին մասնագիտական, բազմաթիվ պրոֆտեխուսումնարանների առկայությունը, բազմաթիվ բանվորական կադրեր էին պատրաստվում, Երկաթգծի ուսումնարանում անգամ Ռուսաստանից էին գալիս սովորելու… Սա ասացի, հիշեցի «Տեքստիլ» կոմբինատը: Անծայրածիր Ռուսաստանից երիտասարդ աղջիկներ, աշխատակիցներ էին գալիս Լենինական, սրանց հետ մեր տղաները համ էլ ռուսերեն սովորեցին, աչք ու երեսները բացեցին…

Լենինականը ճանաչված էր և՛ հանրապետությունում, և՛ դուրսը: Ասում էին՝ մեր Մսի կոմբինատը երեք հանրապետություն էր կերակրում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Մեր քաղկոմի առաջին քարտուղարը՝ Դոնարա Ասկանազի Հարությունյանը, Սովետական Միության Գերագույն խորհրդի դեպուտատ էր, Հայաստանի Կենտկոմի բյուրոյի անդամ էր: Ընդհանրապես, մեր կադրերը ամենուրեք էին, բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Դե, ինչպես գիտեք, այն ժամանակ մեկ կուսակցություն էր, հիմիկվա պես բազմերանգ կուսակցությունների չէր բաժանված, այդքան աղճատված չէր: Եռուզեռը մեր քաղաքում ապրում ու ապրեցնում էր, հումորն ու ռեկորդներ զարկելը սովորական առօրյա էր: Աղքատ ու հարուստ բաժանում չկար: Ամառային ճամբարներում և՛ դիրեկտորի, և՛ բանվորների երեխաները միասին էին անցկացնում: Թե քանի՜ ինքնագործ խմբեր ու խմբակներ ունեինք, անհաշիվ էր. փողային, ժող.գործիքների, պարի, թատերական… Ու ամեն մի գործարան իր երաժշտական, թատերական, մարզական խմբակն ուներ, որ իրար մեջ մրցում էին: Ըբը պառադնե՜րը… Ամեն գործարան իր անհատական ներկայացումով էր անցնում կենտրոնական հրապարակով՝ անվանի մարդիկ, հարվածային աշխատողներ, Լենինյան շքանշանակիրներ, Աշխատանքի հերոսներ, ռացիոնալիզատորական առաջարկներ… Այնքան մարդաշատ էր, որ իրար քսմսելով հնարավոր կլիներ մայթերով քայլելը:

 

Մեկ օր առաջ

Ես ղեկավարում էի մշակույթի բաժինը, որը տեղակայված էր ներկայիս Երիտասարդական պալատի շենքում: Ձմեռը, գիտեք, որ մութը շուտ է ընկնում, ես էլ աշխատանքից 6-7-ին էի տուն գնում: Դուրս եկա, հասա «Կինո Հոկտեմբեր»-ի մոտ, ժամացույցի տակ կանգնած էին Գառնիկ Վարդանյանը՝ օղորմի իրան («Կինո Հոկտեմբեր»-ի տնօրենը), քաղաքի տղեքից մի քանիսը: Ես այն է, փողոցը անկյունագծով պիտի կտրեի, որ անցնեի, տեսա, որ հրապարակի գետնից տաք գոլորշի էր բարձրանում, ակամայից դարձա Գառնիկենց կողմը ու բղավեցի. «Քա Գառնիկ, ըսիկ ի՞նչ գոլորշի է», ասաց. «Եսի՞մ, ես էլ եմ զարմացած»: Դա մառախուղ չէր, այլ ներքևից էր բարձրանում:

 

Դեկտեմբերի 7, ժամը 11:37

Առավոտյան գործ ունեի, գործից տուն եկա, 11:30 էր, գազօջախին սուրճ էի դրել, ասի՝ խմեմ, նոր գնամ ետ՝ աշխատանքի: Այն է, սուրճը պիտի թափվեր, մեկ էլ ահավոր պայթյունի ձայն լսեցի, դղրդոց, մեր խոհանոցի պատաշարը բերանքսիվար շուռ եկավ, ես ակամայից վազեցի պատշգամբի կողմը ու ի՞նչ տեսա… Մի ահավոր տեսարան. Ամենափրկչի գմբեթն օդի մեջ էր՝ երկնքում, աչքիս առաջ Ամենափրկիչը փլվեց: Էն կրպակը, որ «Ցայգի» շենքի մոտ է, ալիք-ալիք, եկել հասել էր մեջտեղը… Ուզեցի տանից դուրս փախչել, հասկանում էի, որ ահավոր բան է տեղի ունեցել, բայց տան դուռը փակվել էր, մտածեցի պատշգամբից թռնեմ, վախեցա, այդ պահին երկրորդ հարվածն եղավ, դուռը բացվեց… Վազեցի երեխեքիս մոտ՝ 20 դպրոցում էին… Դպրոցը չկար… Փլվել էր… Սկսվեցին մեր տառապանքները՝ ոչ միայն իմ երեխուս փրկելու, այլ թե որքան անմեղ երեխեք էին մնացել, որքանի դիակներն էին դուրս հանում…

Քաղաքը վերածվեց ավերակների ու դագաղների… Սկզբնական շրջանում դագաղների մեջ բարձ չկար, հետո դրեցին: Միառժամանակ անցել էր, բայց մեր բակում դեռ մի քանի դագաղ մնացել էր, որովհետև հարևաններս հույսով փնտրում էին իրենց հարազատներին, որ տանեին թաղեին: Չգտան… Երեխեքը ծնողներին էին քաշում, տանում՝ թաղելու, ծնողները՝ երեխեքին… Օտարներն էլ թաղում էին ամբողջական ընտանիքների… Մի զույգի, որի հարսանքն էր այդ օրը, հենց հարսանեկան շորերով թաղեցին… Մի մայր դպրոցի փլատակների տակից իր երեխայի ձեռքն էր գտել…

Աստվա՜ծ եմ, ես էլի ու էլի հարցնում եմ ինձ ու ինձ՝ մենք ինչպե՞ս դիմացանք… Մարդն ի՞նչ հոգեբանություն ունի, ի՞նչ դիմակայություն ունի: Ես գիտեմ, որ նրանք, ովքեր այս ցավը տեսել են, միևնույն կերպ են տառապում, սերունդ պիտի փոխվի, որ անհայտ ցավի պատճառն անցնի… Որ տան կողքով անցնում էիր՝ պատերին 5, 6, 7 մահացածի դիմանկար էր փակցված…  Ահավոր թվով երեխեքի կորուստ ունեցանք: Ինչքան հրաշալի բանաստեղծներ, կոմպոզիտորներ, դերասաններ ու հանճարներ, ինչեր դեռ պիտի ունենայինք… Բայց չունեցանք…

Բայց գյումրեցին իր դեմքը չկորցրեց: Մի գյումրեցի կորցրել էր երկու տղաներին: Երբ դիակները գտել, բերել են, էս գյումրեցին մի արկղից հանել է հաց, պանիր ու օղի, լցրել է բաժակները, ու խնդրել է խմել երեխեքի օղորմաթասը… Ասել է՝ «Լեննական եք եկել, ճիշտ է՝ տուն չունիմ, մեծ դարդ ունիմ, բայց հո առանց աղ ու հացի ձեզի չեմ ճամփե»:

Էս քաղաքը դարդ տեսած քաղաք է, բայց միևնույն ժամանակ տոկուն քաղաք է, որ լացի միջից կարող էր գտնել իր ծիծաղը: Շատ մարդիկ էլ, նվիրյալներ մի օր անգամ չթողեցին քաղաքը: Մարդ կար, քնելու տեղ չուներ, դագաղների մեջ էր գիշերը պառկում, քնում, առավոտ ելնում: Փողոցներում էինք քնում, կրակների կողքին, կեղտոտ, սոված… Երբ առաջին օգնությունը Ջավախքից, Արցախից եկավ, այնպիսի կսկիծով եմ հիշում. ջավախեցիք մեքենայի ետևը բացել էին, հաց ու կարագ բրդուճ կենեին, ու կբաժնեին ժողովրդին… սոված էինք, կտոր կուլ չէր էրթա, բայց ուրիշ ելք ու հնար չկար: Էն, ինչ մենք ենք տեսել, Աստված ոչ անի, որ ուրիշն էլ տեսնի:

Ժամանակը ամենամեծ սպեղանին է: Բայց դեկտեմբերի 7-ը մեր հիշողություններից չի ջնջվի:

 

Հետո

Հետո քաղաքը շա՜տ դանդաղ կառուցվեց… Արեգնազանի՝ «Քարե քաղաք»-ն էր դարձել, առանց մարդկանց, առանց լենինականցիների… Գնացել են: Այստեղ հոգեբանական պահ կա. շատերը հեռացան, որպեսզի ցավի դեկորացիան շարունակաբար չխեղդի, որպեսզի ուրիշ քաղաքներում, երկրներում մաշեն վերհուշերը:

30 տարի է անցել, բայց տնակներ դեռ կան, այն էլ՝ բնակիչներով: Եթե քաղաքը մաքսիմում արագ կառուցվեր, մարդկային հոգեբանությունն էլ արագ կվերականգնվեր: Երկարատևությունն իր ազդեցությունը թողեց մեր հոգեբանության վրա: Մի դրոշմ դրվեց մեր քաղաքի վրա, նրան զրկելով լիաթոք ծիծաղից, հումորից, ինչքան էլ կա, դա այն չէ, ինչ կլիներ, եթե ցավը չլիներ: Բայց մենք այն տիպն ունենք, որ լացի միջից էլ կարող ենք ծիծաղել…

Քաղաքը սև ու կարմիր քարով էր, դրան ավելացավ շեկ քարը, բայց մարդկային հոգեբանության վրա սևը դեռ իշխում է: Տեսեք, հագուստի մեջ սևն է իշխողը, պայծառ գույները նոր-նոր են մտնում: Տեսնո՞ւմ եք, 30 տարի էլ անց, մենք դեռ ողբում ենք մեր կորուստը, բայց ինչպե՞ս չողբաս, երբ մի քանի վայրկյանում 25 հազար մարդկային կորուստ ունեցանք, սա համաշխարհային աղետ էր:

Սպիվակովի առաջին այցը Գյումրի…Ես միշտ արտահայտվել եմ՝ «Թատրոնի սգո վարագույրը բացվեց»: Համերգը սկսվել էր, մարդ չկար, մեկ էլ տեսնենք, քիչ-քիչ, սև, գորշ մարդկային հոսքը դեպի թատրոն… Սպիվակովը ցնցված էր, արտասվում էր… Հետո Դեմիդովան, Արխիպովան, Ուլյանովան, Ռոզենբաումը, շատ ու շատ մեծամեծեր եկան, փորձում էին արվեստով կյանքի վերադարձնել, ապրելու ցանկություն առաջացնել մարդկանց մեջ… Գնում էին փլատակների մոտ նվագում էին, երգում էին, արտասանում էին… արտասվում էին…

 

Էլի հետո

Կառուցված քաղաք, կռացած մեջքը դզած քաղաք… Անկախ Հայաստան դարձանք, սակայն քաղաքի վաղեմի արդյունաբերական համբավն էլ չկար: Մշակութային իմաստով մենք ավելի շատ բևեռվեցինք պրոֆեսիոնալիզմը՝ քիչ, բայց որակովը: Ստեղծեցինք ժող.նվագարանները, սիմֆոնիկ խումբը, Լորիս Ճգնավորյանի հայտնի ուխտագնացության շնորհիվ մշակութային օազիսը՝ Ակադեմիան հիմնվեց՝ իր 3 մասնաճյուղերով: Կամաց-կամաց քաղաքը վերգտավ իր մշակութային կերպարը: Հետո բուհական կյանքն աշխուժացավ, բայց մարդիկ մնացին աշխատանքի կարոտ, մարդկային քարավանները տեղաշարժվեցին այլ բնակավայրեր՝ աշխատանք գտնելու, օրվա հաց վաստակելու, ընտանիք պահելու համար: Թե այդ ճանապարհին էլ որքան մարդկային ճակատագրեր խեղվեցին, դա անհայտ է:

Մի 2 ամսից 30-րդ տարելիցն է. իմ կարծիքով, այնքան էլ գլուխ գովալու շատ բան չունենք: Մարդը լոյալ դարձավ, անտարբեր դարձավ, պակասեց սերը երկրի նկատմամբ, և դատապարտելի չէ, որովհետև աղքատությունը մարդուն մղում է ամեն ինչի. ամենաբարոյականը դառնում է անբարոյական, ամենաազնիվը՝ ավազակ, եթե մանավանդ երեխային պահելու հարցն է առկախված:

Շուտով քաղաքի օրն է: Չգիտեմ ինչու առաջվա ընտրությունները հիշեցի. ճիշտ է, մեկ կուսակցություն էինք ընտրում, մեկ մարդու, ու մեզ համար կարևոր էլ չէր՝ թե ում, բայց մարդիկ ուրախանում էին, երգում-պարում էին, քեֆ անում: Իսկ մեր իմացած հետագա ընտրություններում ինչե՜ր էին կատարվում:

 

Այսօր

Չգիտեմ էլ, թե ինչպես կփոխվի, ինչ կլինի այսպես ասած՝ նոր Հայաստանում, բայց ինձ համար կարևոր է, որ կեղտերին բացահայտեցին, ժողովրդից լափողների ցանկը կա արդեն, դրանց դեմքն ու դիմագիծը բացվել է, ու կարևոր է, որ դրանց երկրով մեկ խայտառակ են անում, դա դաս կլինի մյուսներին, որ էլ այդպես չվարվեն երկրի հետ, ժողովրդի հետ:

Իր ալեհեր լեռների մեջ ծվարած մի փոքրիկ երկիր, որի անունն է Հայաստան, ունենալով ստորգետնյա և վերգետնյա պատմական հարստություններ, Արարատյան դաշտավայր, մրգառատ այգիներ, ունենալով ցորենյան արտեր, շտեմարաններ, անուշ խաղող ու ծիրան, ու աշխարհի ամենահամով ջուրը, և ամենասիրուն երկիրը… Այս երկիրը կարելի է դրախտավայր դարձնել… Ափսոս, ես չեմ տեսնի, երանի տեսնողներին:

Գրառեց՝  Ս.ՄԵԽԱԿՅԱՆԸ

Պիտակներ՝