Մեր համաքաղաքացի Կլարա Ալիխանյան-Ադամյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը: Ամուսնանալով լիբանանահայի հետ, 2015 թվականին տեղափոխվել է Լիբանան: Վրջերս Կլարան հաղթել է ֆրանսիական հայտնի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Golden Voices Lebanon» երաժշտական մրցույթում:
Հարցազրույց ԿԼԱՐԱ ԱԼԻԽԱՆՅԱՆ-ԱԴԱՄՅԱՆԻ հետ:
— Կլարա, եթե չեմ սխալվում, մենք Ձեր հետ 7 տարի առաջ հարցազրույց ունեցել ենք մեր թերթում: Ձեր քո՞ւյրն էլ է Լիբանանում ապրում:
— Այո, տարիներ առաջ մենք հարցազրույց ունեցել ենք: Ուրիշ թեմա էր: Իսկ քույրիկս ինձ հետ չէ, նա Անգլիայում ստացավ միջազգային իրավաբանության մասնագիտություն և այնտեղ էլ մնաց: Ցրված ենք աշխարհով…
— Ինչպե՞ս է կյանքը Լիբանանում:
— Հայրենիքից դուրս լավ չէ: Կա աշխատանք, վազում ես, վազում, բայց հոգեկան բավարարում չունես:
— Ամեն դեպքում, դու հասնելով այդտեղ, էլի կարողացել ես դրսևորվել: Հետաքրքիր է, ինչպե՞ս ես օտարության մեջ կարողացել կարիերա ստեղծել:
— Դե, ինչպես գիտեք, օպերան մասսայական, հիթային երգարվեստ չէ: Բացի այս, պետք է հովանավոր ունենաս, որ քեզ առաջ տանի: Ես տեղի հայկական թատերասրահում և հայկական երաժշտական դպրոցում եմ աշխատում: Այստեղ սկսեցի երգել, լսեցին, հրավիրեցին հայկական մշակութային միջոցառումների: Հետո այստեղի պառլամենտում ունենք Հակոբ Բագրատունի, որը հայկական շահերն է ներկայացնում: Մեր հանրապետության 99-ամյակին հրավիրեցին, հետո հրավիրեցին տեղի Մեսրոպյան վարժարան՝ բարեգործական համերգի: Կամաց-կամաց կարողացա ինձ գտնել իմ ասպարեզում: «Ֆեյսբուքում» տեսա, որ Բեյրութում կայանալու է «Golden Voices Lebanon» երաժշտական մրցույթ: Մեկ ասի՝ իմաստ չունի մասնակցել, միևնույն է, չեմ հաղթահարի փուլերը, բայց մյուս կողմից էլ վստահ էի իմ ուժերին: Իրենց հարցրեցի, թե կարո՞ղ եմ օպերա երգել: Դժկամորեն համաձայնեցին: «Golden Voices»-ը ֆրանսիական միջազգային նախագիծ է, որն առաջին անգամ էր անցկացվում Լիբանանում: Երգեցի ու հանգիստ տեղս նստեցի՝ համոզված, որ այդքանով պետք է բավարարվեմ: Նախագծին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի շուրջ 200 երգիչներ: Միակ օպերային երգչուհին ես էի: Կատարեցի Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «J՚ai perdu mon Eurydice» արիան՝ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայից: Դե, երբ սկսեցին մրցանակները հանձնել, լսում էի՝ 4-րդը, 3-րդը, 2-րդը… Մեկ էլ անունս հնչեց… Ու այնպիսի շոկի մեջ էի ընկել, որ չէի հասկանում, որ իմ անունն է… Կողքից ուրախ բացականչություններով ինձ փորձեցին ուշքի բերել: Ախր, պատկերացրեք, Լիբանանում արաբական երաժշտություն են լսում, ֆրանսիական ու անգլիական հիթային երգեր են լսում, բայց որ օպերային ե՞րգ… Շոկի մեջ էի, հետ գալուց, ճանապարհին նոր միայն հասկացա, որ ես եմ հաղթել:
— Շնորհավորում եմ ողջ Գյումրիի անունից:
— Շնորհակալ եմ ու շատ ուրախ, որ իմ քաղաքի անունն ու պատիվը բարձր պահեցի:
— Այդտեղ հայ լինելդ որևէ դեր խաղա՞ց…
— Դե, ազգանունիցս արդեն պարզ էր, որ հայ եմ, բայց հաղորդավարը, այնուամենայնիվ, հարցրեց՝ որտեղի՞ց եմ, ի՞նչ ազգ եմ: Լսելով, որ հայ եմ, հաճելիորեն արձագանքեցին. «Ա՜, դե հայերը հայտնի են… Շառլ Ազնավուր»:
— Այս հաղթանակը ինչ—որ կերպ կօգնի՞, որպեսզի, որպես օպերային երգչուհի, քեզ դրսևորես այլ բեմահարթակներում: Սպասելիքներ ունե՞ս:
— Ճիշտն ասած, Լիբանանից շատ բան չեմ սպասում: Ես իմ կարիերայի աճը պատկերացնում եմ միայն Հայրենիքում: Ուզում եմ վերադառնալ, ուսումս մագիստրատուրայում շարունակել ու փորձել ավելի առաջ գնալ: Համենայնդեպս, ես ինձ չեմ պատկերացնում Լիբանանում: Կարոտից խեղդվում եմ Հայաստանի համար: Հեղափոխության ժամանակահատվածում ինչքան հնարավոր լրատվական աղբյուր ու միջոց կար՝ միացրել էի, որ րոպե առաջ լուր ստանայի:
— Իսկ ամուսինդ ի՞նչ է ասում, նա Լիբանանում է ծնվել, կուզենա՞ Հայաստան գալ:
— Այո… Ամուսնուս ընկերներից շատերը, հեղափոխությունից ոգևորված, վերադարձան Հայրենիք: Այստեղ շատերն են ուզում Հայաստան գալ: Հայաստանը մեր հոգին է: