ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ հաշմանդամություն ձեռք բերելը չի փոխում մարդու էությունը

62-ամյա Անահիտ Հովհաննիսյանն իր շրջապատի ամենադրական, կենսուրախ ու կարեկից կանանցից է: Ծանոթներն են փաստում, որ նա միշտ հոգ է տանում բոլորի մասին, հնարավորինս փորձում օգտակար լինել։ Անահիտն ապրում է Գյումրիում: Ամուսնացած է, ունի 2 երեխա և 1 թոռնիկ, աշխատում է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում` որպես դաստիարակ: Կնոջ համար շրջադարձային է եղել 2019 թվականը։

— Սովորական օր էր, քայլում էի դեպի կանգառ, որ աշխատանքի գնամ։ Այդ օրը շատ հոգնած էի արթնացել, ինքս ինձ ասում էի` առիթ լիներ, մի քանի օր պառկեի, տեղ չգնայի։ Ի՜նչ իմանայի, որ «առիթը» գալու էր շատ անսպասելի,- պատմում է կինը։

Այդ «սովորական» օրը նրան բախտ վիճակված չէր հասնել աշխատանքի։ Նա վրաերթի է ենթարկվում։ Վարորդը փախուստի չի դիմել, կանչել է շտապօգնություն և կնոջը հասցրել հիվանդանոց: Այնտեղ պարզել էին, որ Անահիտի ձախ ոտքի վերին մասի ոսկորն ամբողջովին փշրվել էր և անհրաժեշտ էր պրոթեզավորում, ինչը նշանակում էր, որ նա հաշմանդամություն է ունենալու իր ողջ կյանքում:

Անկախ ոտքի ցավից` Անահիտը միշտ հոգում է տան կարիքները և օգնում ընտանիքին տնային գործերում

— Բավականին ծանր վիրահատության եմ ենթարկվել։ Մի քանի շաբաթ պառկել եմ հիվանդանոցում, ապա քայլակով քայլել, հետո՝ ձեռնափայտով։ Դժվար էր, բայց ժամանակի ընթացքում սովորեցի առանց որևէ մեկի օգնության տեղաշարժվել, ոտքի կանգնեցի ու վերադարձա աշխատանքի,- ասում է կինն ու հավելում, որ բնավ չի չարացել և դեռ հիվանդանոցից վարորդի որպիսությամբ է միայն հետաքրքրվել:

— Երիտասարդ տղա էր վարորդը, անընդհատ հարցնում էի՝ բան չի պատահել չէ՞ նրան… Կյանք է, ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է իրեն սպասում։ Բացասական էներգիա կուտակել պետք չէ, պետք է փորձենք առավելագույնս բարի մնալ։

Անահիտը միշտ նշում է, որ ինքն ուժեղ է և կարող է հաղթել ցավին, թեկուզ և դեղորայքով։ Այս հարցում նրան աջակցում է ընտանիքը։ Կինն էլ իր հերթին ոչ միայն չի բողոքում, այլև փորձում է դրականը գտնել նաև նոր կարգավիճակի համար։

-Ես նիհար մարդ եմ, եթե մի ուժեղ քամի լինի, կքշի ու ինձ կտանի, իսկ ոտքիս երկաթը լավ ծանրացրել է ինձ,-կատակում է Անահիտը։

3-րդ կարգի հաշմանդամություն ունենալը բոլորովին չի խանգարում նրան զբաղվել իր սիրելի գործով` կրթել ու դաստիարակել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, որոնց թվում են նաև ներառական երեխաները, և իր օրինակով ապացուցում է, որ մարդ ինչքան էլ հանդիպի դժվարությունների, միշտ պետք է պայքարի` հանուն այն ամենի, ինչ ունի:

Ալինա Անտոնյան