ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Երեք առաջնախաղ 157-րդ թատերաշրջանում

Հարցազրույց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պարոն Հարությունյան, շուտով բացվելու է 157-րդ թատերաշրջանը: Թատերասերներն արդեն սովոր են, որ Գյումրու թատրոնն ամեն անգամ «թատերական հրավառություններ» է պարգևում. այս անգամ ի՞նչ եք նախատեսել:

— Նախ շնորհակալություն Ձեզ, որ մշտապես թատրոնի կողքին եք: Այո, մեր թատրոնը մի կարևոր սկզբունք է որդեգրել. ամեն տարի նորովի ներկայանալ: Այո, Դուք ճիշտ նկատեցիք, այս տարի էլ թատերական հրավառությունների տարի կլինի: Շատ առիթներ եմ ունեցել ասելու, որ այս թատրոնի բեմը լավ ստեղծագործողների համար միշտ էլ ազատ է, ու համագործակցություններն ենք մենք շատ կարևորում:

Այս տարի կունենանք երեք առաջնախաղեր, որոնք իրենց ձևաչափով նորություն են, կարծում եմ արդեն ավանդույթ է դարձել և կլինի շարունակական: 157-րդ թատերաշրջանի առաջին ներկայացումը Սթիվեն Կինգի «Միզերի»-ն է, որի բեմադրող ռեժիսորը մայրաքաղաքից հրավիրված, երիտասարդ, փորձառու ռեժիսորներից է՝ Գոռ Մարգարյանը, որի ներկայացումներից Գյումրու թատրոնում վերջերս բեմադրվեց ռուսերենով «Գորդինյա»-ն, որը բազում փառատոների է մասնակցել: Գոռն ազատ ու տաղանդավոր ռեժիսոր է, Հայաստանի տարբեր թատրոններում է բեմադրել, և մենք սիրով նրան հրավիրեցինք ոչ միայն հյուրախաղի, այլև ստեղծագործելու: Ի դեպ, ի ուրախություն մեզ, ստեղծագործական խմբին միացավ նաև Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, որին ինքս էլ շատ եմ սիրում ու գնահատում, և որը «Միզերի»-ում գլխավոր դերն է ստանձնել: Մյուս գլխավոր դերակատարն է մեր թատրոնի ոչ պակաս տաղանդավոր դերասան Արսեն Սաղաթելյանը: «Միզերի»-ն հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերի 17-ին և 18-ին: Եթե Գոռ Մարգարյան, ապա նորություն, հետաքրքրություն, գժություն, և տվյալ դեպքում ներկայացումը ծնվել է ետնաբեմում, հանդիսատեսին տեղափոխելով այլ միջավայր:

Այսինքն՝ դեկորացիաների շնորհիվ մի այլ իրականություն է սպասվո՞ւմ:

— Այո, դեկորացիաների, բեմավիճակների, այնպիսի բեմական միջավայրի, որը հանդիսատեսը դեռ չի տեսել, չի զգացել: Շատ հետաքրքիր պիես է, նաև շատ վաղուց ֆիլմ կա նկարահանված: Ասեմ, որ երկու դերասանի ներկայացում է, որի համար գրվում է հատուկ երաժշտություն մեր գյումրեցի տաղանդավոր երաժիշտ-ստեղծագործող Նարեկ Կոսմոսի կողմից: Այստեղ պետք է նկատենք, որ Գոռը լինելով երիտասարդ՝ ճանապարհ է հարթում երիտասարդներին: Այս ձևաչափով, լուծումներով, բեմադրաոճով և նորարական մոտեցումներով մեր թատրոնում դեռ չէր ներկայացվել: Պատկերացրեք, հանդիսատեսը, որ երբեք չի տեսել թատրոնի նկուղը, ետնաբեմը, հիմա իրեն թատրոնի այդ կողմն է ներկայացվում: Բեմանկարչությունը և զգեստները` Նելլի Բարսեղյանինն են, ով շատ հմուտ կերպով է ներկայացնում դեկորացիաները: Այս ներկայացման հանդիսատեսը բոլորն են՝ առանց տարիքային առանձնահատկությունների: Թե ինչ է տալու այս ներկայացումը… համոզված եմ, որ հանդիսատեսը գոհ, լցված ու տպավորված է դուրս գալու:

Ժամանակները թելադրում և/կամ իրենց ազդեցությունն են թողնում արվեստի, ստեղծագործությունների վրա, հարցս այն է, թե Դուք ինչպե՞ս եք կարողանում ձեռքը պահել ժամանակի զարկերակին և հմուտ կերպով հանդիսատեսին բումերանգի էֆեկտով վերադարձնել տվյալ ժամանակի շեշտադրումները:

— Նախ թատրոնը պետք է հեռու լինի քաղաքականությունից, բայց թատրոնը պետք է ժամանակին համահունչ քայլի, իսկ ստեղծագործող մարդը պետք է ասելիք ունենա, այսօրեկան խնդիրներից պիտի խոսի իր ձևով: Ես՝ որպես ռեժիսոր, իմ ասելիքը տեղափոխում եմ իմ ներկայացումների մեջ, իմ մտահոգությունները, իմ բանաձևը, ինչ-որ տեղ իմ լուծումներն եմ առաջարկում: Այդպես ծնվեց «Մաուգլին», «Քեյս»-ն էլ էր նման նպատակի ծառայում: Այն իրադարձությունները, որ կատարվեցին մեր երկրում և ամբողջ աշխարհում՝ Քովիդ, պատերազմ՝ ես պիտի խոսեի, պիտի ասեի, ու «Մաուգլի»-ում ես համեմատականներով ու շեշտադրվող արտահայտություններով խոսեցի հանդիսատեսի հետ, փորձեցինք ցույց տալ, որ Մարդը հեռացել է Բնությունից, ինչը չպիտի լիներ, որովհետև այդպիսով կորցնում է Մայր Երկրագնդի հետ ներդաշնակությունը՝ սիրո փոխարեն ատելությունն է ավելի շատ, համախմբվածության փոխարեն՝ մասնատվածությունը: Մարդկային բոլոր վատ հատկանիշներն այն ժամանակ են ի հայտ գալիս, երբ Մարդը կտրվում է Բնությունից: Եվ կենդանիների միջոցով փորձեցինք ցույց տալ մեր ասելիքն ու մեր մտահոգությունները: Թատրոնը յուրաքանչյուր ժամանակահատվածում պետք է կարողանա այնպիսի շեշտադրումներ անի, որ հասկանալի լինի՝ մենք մի միջավայրում ենք ապրում և չպիտի կտրված լինենք: Հենց դա էր, որ անհրաժեշտություն կար 156-րդ թատերաշրջանում խոսել միասնականության, սիրո, համերաշխության մասին: 157-րդը, կարծում եմ, դրա տրամաբանական շարունակությունն է և «Միզերի»-ն գալու է ապացուցելու, որ որքան հնարավոր է, մարդը պետք է իր առաջ նպատակ դնի ու խնդիրներն ու խոչընդոտները հաղթահարելով՝ հասնի դրանց: Որովհետև վաղը կախված է նրանից, թե դու որքանով հույսդ չես կորցրել ու հավատացել ես քո ուժերին: Թատրոնը և, ընդհանրապես, արվեստը՝ պետք է կարողանա ուժ, հույս, հավատ ներշնչի ժողովրդին:

Գիտեմ, որ ԿԳՄՍ նախարարության մշակութային մասը, այսպես ասած, պահանջարկ է իջեցրել՝ համագործակցության ձևաչափով նախագծել մշակութային ծրագրերը: Եվ մեր թատրոնը, ըստ փոխնախարար Արա Խզմալյանի, առաջամարտիկ է բոլոր առումներով

— Այո, և մեր թատրոնի համար բոլորովին նորություն չէր համագործակցությունը, դրսից հրավիրյալ դերասաններ, ռեժիսորներ ունենալը, և Ուիլյամ Գիբսնի «Հրաշագործը» ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարված դրամաշնորհի արդյունքում ծնված ներկայացում է, որը սակայն տարբերվում է նրանով, որ երկու թատրոնի ստեղծագործական թիմերի աշխատանքի արդյունքն է: Երևանի Սոս Սարգսյանի անվան թատրոնի և մեր թատրոնի խաղացանկերում է միևնույն ժամանակահատվածում ընդգրկված այս ներկայացումը: Մենք որոշեցինք, որ մեկ ռեժիսոր պետք է լինի, բայց ստեղծագործական խմբերը երկու թատրոններից: Աշխատում ենք մի թատրոնի հետ, որը պրոֆեսիոնալ է, աշխատում ենք այնպիսի տաղանդավոր դերասանների հետ, ինչպիսիք են Նարինե Գրիգորյանը, ով Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է, ներկայացման մեջ գլխավոր դերակատար: Եվ Տաթև Ղազարյանը, որը նույնպես Համազգային թատրոնից է, ինչպես նաև մեր տաղանդավոր դերասաններ՝ Տիգրան Գաբոյանը, Արփինե Մխիթարյանը, Ֆրունզ Ամիրխանյանը, Սարգիս Ղարիբյանը, և պարմենուհի 8-ամյա աղջնակ Անգելինա Զաքարյանը. ի դեպ, նա դերասան Բաբկեն Զաքարյանի դուստրն է…

Սեպտեմբերի 24-25-ին ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած «Հրաշագործը» իր անկեղծությամբ ու հոգու խորքերը թափանցող ասելիքով կներկայանա առաջնախաղով: Չակերտներ չբացելով, միայն կասեմ, որ Նիկոլայ Ծատուրյանն իր ստեղծագործական խմբի հետ խոսելու է շատ արդիական թեմայի մասին՝ ֆիզիկական արատ ունեցող երեխաների… Այս ներկայացմանը մեզ միացավ որպես գործընկեր «Կարիտաս Հայաստան» բարեգործական ընկերությունը:

Ֆրանսիայում բնակվող հրավիրված ռեժիսոր Սաթեն Խաչատրյանը, որը ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի թատրոնում է ստեղծագործում, հայ-ֆրանսիական մշակութային բարեկամության շրջանակներում մեր թատրոնի ստեղծագործական խմբի հետ հոկտեմբերի վերջին կներկայացնի Ժուել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը»… Վերնագիրը նախնական է:

Բացի այս երեք առաջնախաղերից, գիտեք, որ ամեն տարի Ամանորին մեր փոքրիկ հանդիսատեսի համար միշտ նոր ներկայացմամբ ենք հանդես գալիս, ինչպես նաև ընթացքում կխաղանք մեր խաղացանկային ներկայացումները: Նպատակներ ունենք, հուսանք ոչ մի պրոբլեմ չի լինի և մենք արտագնա հյուրախաղերով արտասահմանում կխաղանք:

Ի՞նչ կասեք կազմակերպչական աշխատանքներից:

— Մեծ ուրախությամբ պիտի նկատենք, որ եթե նախկինում գնում էին մայրաքաղաք՝ լավագույն ներկայացումներ դիտելու, ապա հիմա հակառակն է՝ Երևանից են հանդիսատեսներ գալիս Գյումրի. մեր հանդիսատեսի կեսից ավելին ՀՀ տարբեր մարզերից են: Գյումրին մշակութային քաղաք է, և դիտելու, տեսնելու, նաև ներկայանալու շատ հնարավորություններ ունի: Այդկերպ աջակցում ենք զբոսաշրջությանը, որը փոխկապակցված ծառայության և սպասարկման ոլորտների աշխուժացմանն է զուգակցվում՝ բերելով տնտեսական զարգացման:

Ինչ մնում է իմ պաշտոնի վարչարարական մասին, ապա լավ լուր ունեմ. Շիրակի մարզպետի անմիջական աջակցությամբ թատրոնի պատուհանների փոփոխման հարցն առաջ գնաց, ինչպես նաև նկարի տեղափոխման հարցն է քննարկվել: Այդ պատուհանները ոչ միայն ճարտարապետական առումով էին հնացած, այլև կարևոր էր անվտանգության առումով:

Թատրոնը մեր սեփականը չէ, այլ բոլորինն է, այն մեր աշխատանքի վայրն է, և եթե այսօր ես եմ գեղարվեստական ղեկավար, ապա պետք է հնարավորություն տամ երիտասարդ և ոչ միայն, մյուս ռեժիսորներին ևս ներկայանալ, բնականաբար բոլորովին չկտրվելով հնից, ճանապարհ հարթել նորին: Այս թատրոնն ունի հզոր ռեժիսորներ՝ Հովհաննես Հովհաննիսյան, որը պարբերաբար ներկայացումներ ունի, Ապսպրամ Բաղդասարյանը, երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը, Տաթև Ժաքյանը, Արտուշ Միքայելյանը… Մեկ ձեռագիր չպիտի լինի: Եթե այսօր ես եմ ղեկավարը, ապա հրավիրված ռեժիսորների, մեր տեղացիների ստեղծագործական աշխատանքների բարձր գնահատվածությունն արդեն իսկ իմ հաջողությունն է: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ դերասաններին, ապա ամեն ինչ արվում է նրանց ներկայացումներում ընդգրկելուն: Մեր հաստիքով 30 դերասաններից 20-ը մշտապես զբաղված են: Ակտիվ ստեղծագործական գործունեության մեջ են Անահիտ Քոչարյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Սամվել Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ֆրունզիկ Ամիրխանյանը… իրենց կողքին էլ երիտասարդները: Այսօր Հայաստանում մի քանի ֆիլմեր են նկարահանվում, որոնցում ընդգրկված են մեր թատրոնի դերասանները:

Գործո՞ւմ է թատրոնին կից ստեղծված հիմնադրամը, որն առաջին տարում իսկ կարողացավ հավաքագրված ֆոնդով բնակարան գնել թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանի համար:

— Ցավոք, հիմա հիմնադրամը գոյատևում է բացառապես թատրոնի աշխատավարձերով, եթե դոնորներ, աջակիցներ լինեն՝ սիրով: Սակայն միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ հիմնադրամը աշխատում է, աջակցում է թատրոնին, ծրագրեր է մշակում. վերջին ծրագրով քննարկումներ ենք ունեցել և՛ քաղաքապետի, և՛ մարզպետի հետ, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել: Նախագիծ ունենք թատրոնի ետնամասում կառուցել կացարան՝ մեր արտիստների համար, որոնք վարձով են ապրում մեր քաղաքում: