Երիտասարդական քաղաքականության նոր հորիզոններ
Ամենամյա երիտասարդական ֆորումը Աղվերանում
Աղվերանում տեղի ունեցավ ամենամյա երիտասարդական ֆորումը, որը համախմբել էր 150 երիտասարդների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների ՀՀ 10 մարզերից և մայրաքաղաքից: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, համայնքային ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ֆորումի ընթացքում իրականացվեցին մի շարք պանելային քննարկումներ, որոնք ուղղված էին երիտասարդական քաղաքականության մշակման անհրաժեշտությանը, ինչպես նաև երիտասարդության, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական աշխատողների և պետության միջև իրավահարաբերությունների կարգավորման և փոխգործակցության հստակեցմանը: Արթուր Մարտիրոսյանը ողջունեց ֆորումի մասնակիցներին՝ կարևորելով ինչպես քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ անմիջապես երիտասարդների մասնակցությունը գործընթացներին:
Նախարարի տեղակալը հատկապես ընդգծեց, որ երիտասարդների մասնակցությունն անհրաժեշտ է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման աշխատանքներին՝ նշելով, որ «առաջնային համարելով երիտասարդների ձայնն ու առաջնահերթությունները՝ հանրային լսումներ են կազմակերպվել ավելի քան 1000 երիտասարդի մասնակցությամբ, ընդգրկելով ողջ ՀՀ տարածքը»: Արթուր Մարտիրոսյանի խոսքով, երիտասարդների կարիքներն ու ակնկալիքներն անպայմանորեն կներառվեն օրենքին հաջորդող ռազմավարական փաստաթղթում, որն այս պահին գտնվում է մշակման փուլում: «Մենք աշխատում ենք օրենսդրական փոփոխությունների վրա և ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ օրենքը կընդունվի», — հավելեց նա:
Մարտիրոսյանը ներկայացրեց նաև երիտասարդական ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ երիտասարդական կենտրոնների ստեղծումից մինչև երիտասարդական աշխատողների վերապատրաստում և կարողությունների զարգացման ծրագրեր: Ըստ նախարարի տեղակալի, նախատեսվում է հիմնադրել 25 երիտասարդական կենտրոն, որոնցից 4-ն արդեն իսկ գործում են Դիլիջանում, Ապարանում, Մեղրիում և Վայքում: Մոտ ապագայում նախատեսվում է բացել կենտրոններ նաև Շիրակի (Ախուրյան), Սյունիքի (Կապան) և այլ մարզերում:
Փոխնախարարը ֆորումի մասնակիցներին իրազեկեց, որ այժմ ընթացքի մեջ է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը, որտեղ ներկայացված են Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։ Նա կոչ արեց ակտիվորեն քվեարկել իրենց նախընտրած քաղաքի օգտին՝ ընդգծելով, որ մրցույթի կարգն այս տարի փոփոխվել է, ինչը թույլ է տալիս առավել լայն ընդգրկվածությամբ և թափանցիկությամբ անցկացնել ընտրությունը։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը կարևորեց երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում՝ նշելով, որ այդ գործընթացը բաց է համագործակցության համար և կոչ արեց երիտասարդներին՝ առավել ակտիվ լինել իրենց դիրքորոշումը, խնդիրները և առաջարկությունները ներկայացնելու հարցում։ Նա նաև նշեց, որ ՀՀ Ազգային Ժողովը համարվում է աշխարհում ամենաերիտասարդը։
Քննարկվեցին նաև ուսանողներին աջակցող ծրագրերը, միջազգային համագործակցությունը և կրթաթոշակային հնարավորությունները: Խոսելով այդ մասին նա նշեց. «Անում ենք տարատեսակ դրամաշնորհների վրա, տարբեր ծրագրերի համար` ֆինանսական գրագիտություն, մեդիա գրագիտություն։ Հանդիսանում ենք ԱՊՀ երիտասարդական խորհրդի անդամ, Սալտոյի հետ ենք ակտիվ, ԵՄ-ի հետ ենք համագործակցում այս մասով։ Ունենք համաձայնագրեր տարբեր երկրների հետ, օրինակ` Ռումինիայի, Չինաստանի, Հորդանանի, Ռուսաստանի և այլ պետությունների հետ։ Այդ կառավարությունները մեզ տրամադրում են ամբողջական կրթաթոշակ, մեր ուսանողները կարող են դիմել, ընտրվելու դեպքում՝ գնալ ու սովորել արտերկրում։ Տեղեկացնեմ նաև, որ այս տարի 7 մլն դրամ է հատկացվել միջազգային կրթաթոշակների համար, որից օգտվել է 16-17 ուսանող»։
Ֆորումի պանելային քննարկմանը մասնակցում էր նաև Գյումրու համայնքապետարանի ներկայացուցիչ Լենա Մխիթարյանը, որը հայտնեց, որ 2025 թվականից Գյումրու քաղաքապետարանում ստեղծվելու է երիտասարդական աշխատողի պաշտոն:
Ֆորումի շրջանակում անցկացվեցին հինգ աշխատարաններ, որոնք անդրադարձան հետևյալ թեմաներին՝
- ՏԻՄ-երում երիտասարդների ակտիվ մասնակցության խոչընդոտները և հնարավորությունները
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդների կարիքները և ակնկալիքները
- Երիտասարդների առջև ծառացած հիմնախնդիրները և պետական քաղաքականության արձագանքը
- Երիտասարդների տնտեսական ակտիվության բարձրացման և ձեռներեցության խթանման հարցերը
- Երիտասարդների կարիքները և ակնկալիքները պետությունից, ՏԻՄ-երից և հասարակական կազմակերպություններից
Աշխատարանների արդյունքներով մշակվել են առաջարկությունների փաթեթներ, որոնք հետագայում կուղարկվեն համապատասխան պետական մարմիններին՝ հետագա գործողությունների և օրենսդրական բարեփոխումների համար հիմք հանդիսանալու նպատակով:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Լրագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող