ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Երկաթը տղու համար է

Ամենուր երկաթի կտորներ, մուրճերի բազմաթիվ տեսակներ, կատարված աշխատանքների լուսանկարներով «զարդարված» մեծ արհեստանոց… Երիտասարդ դարբնի հայացքն անդադար պտտվում է «սենյակում»՝ կանգ առնելով մեկ իր մրոտված ձեռքերին, մեկ մուրճերին, մեկ էլ՝ նույն մրոտված ձեռքերից կյանք ստացած քանդակին, որը դեռ անավարտ է: Գյումրիում գործող Մնոյանների դարբնոցը շատերին է հայտնի: Լենինականում հայտնի դարբին Հովհաննեսի (վարպետ Օնիկի) թոռը՝ 29-ամյա Հովհաննեսն այսօր շարունակում է պապի ու հոր գործը:

ապի ու հոր արհեստը շարունակող երիտասարդն իր աշխատանքների մասին համեստորեն լռում է, բայց հպարտությամբ շտապում է թվարկել ավագ Մնոյանների գործերն ու տեղադրման վայրերը. «Երկաթգծի կայարանի շենքի, Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու ջահերը, «Ամենափրկիչ» եկեղեցու մեծ խաչը պապիս ու հորս աշխատանքներն են: Էջմիածնի Մայր տաճարում ևս աշխատանքներ ունենք՝ մոմակալներ են: Գյումրվա ֆայտոններն էլ է պապս սարքել… Երբ տեղադրվեց «Ամենափրկչի» խաչը, շատերը սկսեցին խոսել, թե դա նախկին խաչը չէ: Բայց այն հենց «Ամենափրկչի» խաչն է՝ վերանորոգված: Խաչին կրակած տեղեր կային, դժվար էր վերանորոգելը: Ավելի հեշտ կստացվեր՝ նորը սարքելը, քան՝ հինը վերանորոգել»:

Հովհաննեսը երկաթի հետ «կռիվ տալը» իրենն է համարում, ասում է, որ պապից ու հորից ժառանգած գենն էլ, իր հերթին, ամեն օր իրեն բերում է արհեստանոց: Չնայած դարբնությամբ մեծ գումարներ աշխատել չի կարողանում, բայց գործը փոխելու մասին չի էլ մտածում. «Չեմ էլ ուզում մտածել ուրիշ բան անելու մասին: Երկաթի հետ շփվելն է ինձ ամենաշատը գրավում: Ծանր է ու դժվար երկաթի հետ աշխատելը, բայց հաճելի է: Երկաթը տղու համար է: Ափսոս, որ էսօր ջահելները չեն ուզում էս արհեստը սովորել»:

Իր մասին խոսել Հովհաննեսը չի սիրում, ասում է՝ փոխարենը «կխոսեն» իր իսկ աշխատանքները: Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում կրթություն ստացած երիտասարդ դարբինը վստահաբար նկատում է, որ գոնե այս գործում կրթությունը մղվում է երկրորդ պլան, երբ մարդն ամեն բան զգում է ներսից: Թերևս հենց այդպես է զգացել՝ կատարելով իր վերջին աշխատանքը, որը կարող ենք տեսնել Իսահակյանի անունը կրող պուրակում: Ցեղասպանության 100-ամյակին նվիրված քանդակագործության 2-րդ միջազգային սիմպոզիումի մասնակցության հրավեր ստանալուն պես, միանգամից մտածել է. աշխատանքի հիմքում լինելու է հայ կնոջ կերպարը.

— Հայ աղջկա անմեղ կերպարն եմ ուզում ցույց տալ: Գործս դեռ կիսատ է, բայց վերջնական արդյունքում դա եմ ստանալու: Չեմ ուզում գործերս առանձնացնել, բայց այնպես է ստացվում, որ իմ համար ամենալավ աշխատանքը միշտ վերջին գործն է լինում: Աշխատանքներիս անուն դնել չեմ սիրում ու երբեք չեմ դրել: Այն ինքն իրենով պետք է ցույց տա, թե ինչ է դա: Եթե աշխատանքին նայելիս, մարդը կարողանում է անուն գտնել՝ ուրեմն լավ է ստացվել:
Ըստ Հովհաննեսի, այսօր Հայաստանում ոչ միայն արվեստագետի, նաև արհեստավորի համար գումար աշխատելը շատ դժվար է. «Երևի շատ բան է փոխվել, բայց թե ինչ՝ չեմ կարող ասել: Այսօր միայն ստեղծագործելով տուն պահել չես կարող: Բիզնես ոլորտում պետք է քեզ դրսևորես, թե չէ՝ արհեստով ու արվեստով բան դուրս չի գա: Օրինակ՝ Եվրոպայում չկա հացի խնդիր ու մարդն ազատորեն ստեղծագործում է, իսկ մեր մոտ ստիպված ես մտածել, թե մատերիալ որտեղից ճարես, ոնց ամեն բան դասավորես, որ ոչ ընտանիքդ հացի խնդիր ունենա, ոչ՝ ստեղծագործ միտքդ տուժի: Օրինակն իմ վրա բերեմ. եթե ես ժամանակ ու հնարավորություն ունենամ, ճաղավանդակ սարքելու փոխարեն, կնստեմ՝ կստեղծագործեմ: Անկեղծ եմ ասում. եթե կարողանամ ստեղծագործելով փող աշխատել, մեծ հաճույքով կստեղծագործեմ»:

Մեկը մյուսին վատաբանելը, քծնանքը Հովհաննեսը հասկանալ ու ընդունել չի կարողանում: Ափսոսանքով է խոսում հայ ժողովրդի, մասնավորապես, գյումրեցիների արժեհամակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին. «Ո՞նց կարելի է մարդուն քծնել, ինչ է թե ինչ-որ բան պետք է անի քո համար… Բա արժանապատիվ մարդը, առավել ևս՝ արժանապատիվ տղեն, ո՞ւր մնաց, ո՞ւր է կորել մարդու էդ տեսակը՝ ես չեմ հասկանում: Գյումրեցին շատ է փոխվել, չտեսնել հնարավոր չէ»:

Ձեռքի տակ ունեցած աշխատանքային գործիքների մեծ մասը Հովհաննեսն ինքնուրույն է պատրաստել, մնացածը պապի ու հոր ձեռքով պատրաստածներն են: Ասում է. «Դարբինն ինքը պետք է պատրաստի իր մուրճերը: Լավ մուրճ ունենալն ամենալավ բանն է դարբնի համար: Վաճառելու համար ես մուրճ չեմ սարքում, հազվագյուտ կարող եմ նվիրել: Օրինակ՝ ընկերոջս ծնունդին մուրճ եմ նվիրել… Շատ էր ուրախացել, որովհետև ինքն էլ է դարբին… Թե չէ ուրիշ մեկին տանես մուրճ տաս, կասի՝ էս ի՞նչ ես բերել»:

Հովհաննեսի հայրը՝ Սամվել Մնոյանը հիշում է՝ որդին արհեստանոց էր գալիս դեռ վաղ տարիքից, հետաքրքրվում աշխատանքներով, գործիքներով: Որդու աշխատասիրությունից հայրը չի դժգոհում, բայց նկատեց, որ, երբ տղան ինչ-որ բան չցանկացավ անել՝ որևէ մեկը չի կարող ստիպել: Նա նաև մի դրվագ հիշեց որդու մանկությունից. «Հովհաննեսն ընդամենը երկու տարեկան էր… Մի անգամ տեսնեմ՝ փայտիկներով ու պլաստիրինով անիվ էր սարքել, պահում էր ջրի տակ, ջուրը լցվում էր վրան, էդ անիվը պտտվում էր, ջրի կաթիլները թռնում էին երեսին, ինքն էլ ուրախանում էր: Շատ հետաքրքիր բան էր ստացվել, պապը գրկել ու ուրախ-ուրախ ցույց էր տալիս: Ես էլ էի տպավորվել իր ստեղծածով, հատկապես, որ այդ տարիքում էր սարքել»:

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ