ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Երկու ստվեր սպիտակ սավանի վրա

Վաղամեռիկ ընկերոջս ՝ ժիրայրի հիշատակին

Գարնանային հորդ անձրևներից հետո փողոցները վարարել էին։ Վահանի հոգին ևս վարարել էր գարնանային փողոցների  նման, դարձել անկառավարելի։ Չգիտես ինչու` այս անգամ դժկամությամբ էր պատրաստվում հերթական հանդիպմանը իր սիրեցյալի՝ Անահիտի հետ։ Հոգնել էր սիրուց, թե ոչ, ինքն էլ չգիտեր։ Եվ մի՞թե հնարավոր է սիրուց հոգնել։ Գուցե գարո՞ւնն էր իր մեջ ալեկոծել զգացմունքները, ստիպել կասկածել դրանցից ամենանվիրականի գոյությանը…

…Հագնվեց ինչ պատահեր, այն` ինչ առաջինը ձեռքն ընկավ զգեստապահարանը բացելուց հետո։ Մի պահ նույնիսկ որոշեց չգնալ Անահիտի հետ հանդիպմանը, կզանգի, կարդարանա, որ վատառողջ է և կտապակվի ինքն իր մեջ, անելանելիությունից ուղիներ կորոնի։ Արդեն հինգ ամիս էր, ինչ ծանոթ էին և չնայած այդ կարճ ժամանակաընթացքին, կարելի է ասել, ամեն ինչ գիտեին միմյանց մասին։ Ամեն ինչ, բացի երևի գլխավորից, որի մասին ամեն անգամ Վահանը ուզում էր պատմել, բայց  ամեն անգամ ինչ-որ պատճառաբանություն որոնելով ինքն իր համար, հետաձգում էր։ Անահիտն էլ, չնայած ներքին որոշակի անհանգստությանը, ոչինչ չէր հարցնում, քաջածանոթ լինելով Վահանի բնավորությանը և համոզված լինելով, որ միևնույն է, եթե նա ցանկություն չունի պատմելու իրեն հուզող խնդրի մասին, կլռի, կամ խոսքը սար ու ձոր գցելով կփոխի զրույցի թեման։

Երկու օր հետո հերթական բժշկական ստուգումն էր անցնելու։ Շուրջ երեք ամիս էր, ինչ ապրում էր բժիշկների կցկտուր խոստումներից կառչած, հույս փայփայելով, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Սկզբից ևեթ որոշել էր. Անահիտին ամեն ինչ կպատմի միայն բարեհաջող ավարտից հետո, բայց հիմա այդ ավարտին ինքն էլ արդեն չէր հավատում…

…Մտքերի մեջ տարված չնկատեց, թե ինչպես թռավ ժամանակը և որոշում կայացնելու պահը ձեռքից բաց էր թողնված, ժամադրությունից ուշացել էր։ Հիմա Անահիտը անթաքույց կփնթփնթա և միգուցե նաև իրեն կկասկածի անհավատարմության մեջ։ Արագ դուրս եկավ տանից։ Ժամադրավայրը բավականին հեռու էր, ուստի համարյա վազքի անցնելով, Վահանը ստիպված էր օգտագործել ակրոբատիկական բազմաթիվ հնարքներ` ջրափոսերից և ավտոմեքենաների անիվներից ցայտող ջրից հնարավորինս խույս տալու համար, ինչը ոչ միշտ էր հաջողվում։ Տեղ հասավ ամբողջովին ցեխոտված` ևս մեկ դժգոհության առիթ Անահիտի համար։ Վերջինս պատսպարվել էր ժամադրավայրին մերձ խանութի մուտքի մետաղյա ծածկի տակ և ակնհայտ անհանգստության նշաններ էր ցույց տալիս։ Վահանին տեսնելով, նա նկատելիորեն աշխուժացավ, բայց դեմքի դժգոհ արտահայտությունը չփոխվեց։

— Բարև, Անահի՛տ,- ողջունեց Վահանն ու մեղավորի պես սպասեց իր «դատավճռին»։

— Բարև, շնորհակալ եմ, որ երկար սպասեցնել չտվեցիր,- չորությամբ հեգնեց Անահիտը։

— Ների՛ր, քնով էի անցել ու զարթուցիչն էլ մոռացել էի լարել,- արագ մի սուտ հորինեց Վահանը, բայց ակնհայտ անհաջող։

— Գիտեմ, որ երբեք համարձակություն չէիր ունենա գոնե ուշանալուդ պատճառն ասելու,- Անահիտի ձայնի մեջ վրդովմունքի մեղմացման նոտաներ կային։

— Իրավացի ես, Անահի՛տ, ես ստեցի զարթուցիչի անհեթեթ պատմությունն անելով,- Վահանը մտքում որոշեց այլևս երբեք չխաբել Անահիտին, մանավանդ, որ դա ոչ մի անգամ իր մոտ չէր ստացվել,- պարզապես տրամադրություն չունեի, իսկ մեր հանդիպումն հետաձգելու համար չհասցրեցի քեզ զգուշացնել։

— Չփորձես խաբել ինձ, Վահա՛ն, միևնույն է, ես քո դեմքին նայելով էլ գուշակում եմ, որ ինչ-որ խնդիր է քեզ տանջում, պատմի՛ր ինձ` ինչ է կատարվում քեզ հետ։

— Խնդրում եմ, մի քիչ էլ սպասիր, Անահի՛տ, և ես ինքս քեզ հետ կկիսվեմ, բայց առայժմ ոչինչ մի հարցրու, խնդրում եմ։

Վահանի դեմքը լարվածությունից ջղաձգվեց, նա ևս մի անհաջող ճիգ գործադրեց խոսակցության անցանկալի թեման փոխելու համար։ Անահիտը, ինչպես միշտ, արագ ըմբռնեց Վահանի ցանկությունն ու թեև հասկանում էր, որ մի քիչ էլ «գրոհելուց» հետո նա տեղի էր տալու ու պատմելու էր ամեն ինչ, բայց լռեց՝ չցանկանալով լարվածության մեջ պահել նրան։ Միաժամանակ հուզմունքից խեղդվեց, արցունքը կանգնեց կոկորդին ու հազիվ զսպեց իրեն, որպեսզի ազատություն չտա արցունքներին։ Գուցե՞ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, գուցե՞ Վահանի խնդիրները կապված են աշխատավայրում նրա հետ հաճախ ծագող անախորժությունների հետ, գուցե՞… Հարցը կախված մնաց օդում ու Անահիտի համար անհայտ էր, թե որքան ժամանակով։ Դեռ երբեք, նույնիսկ իրենց ծանոթության առաջին օրերին, նա այդչափ ճնշված չէր զգացել իրեն։

— Գնանք մեր սիրած սրճարանը,- զգալով, որ Անահիտի խռովվածությունը չի անցնում, լռությունը խզեց Վահանը,- ոչի՛նչ, որ ստիպված կլինենք մի քիչ էլ թրջվել։

Նա համարյա ստիպողաբար Անահիտին դուրս քաշեց ծածկի տակից և տարավ իր հետ ցեխոտ ու համարյա ամայի քաղաքով։ Սրճարանը հեռու չէր։ Մատուցողը հին ծանոթի նման ողջունեց զույգին և առաջնորդեց դեպի նրանց սիրած անկյունը, ապա փոխելով սեղանին դրված անձեռոցիկների տուփը, ու պատվերը գրանցելով` արագ հեռացավ, նրբանկատորեն սիրահարներին ժամանակ տալով րոպե առաջ մենակ գտնվել իրար հետ։ Մատուցողի հեռանալուց հետո դեռ մի քանի րոպե երիտասարդները լուռ էին, յուրաքանչյուրն իր մտքերի հետ…




— Անահիտ, ես ուզում եմ, որ դու իմանաս` ոչ մի գաղտնիք չունեմ քեզանից, պարզապես ինձ մտատանջող մի խնդիր կա, որի շուրջ առայժմ չեմ ցանկանում խոսել, որովհետև կարծում եմ, որ այն ժամանակավոր է և կլուծվի մինչև մենք ամուսնանանք։

— Իսկ ինչո՞ւ չես ուզում պատմել ինձ այդ մասին, միգուցե երկուսով ավելի հե՞շտ գտնենք քեզ տանջող խնդրի լուծումը։

— Չեմ կարող, հավատա, այդ խնդիրը միայն ինձնից կախված չէ, ես ինքս էլ անկարող եմ միայնակ գտնել դրա լուծումը: Հիմա ժամանակն իմ օգտին չի աշխատում, բայց ես համոզված եմ, որ ելք կգտնվի։

Անահիտը լռեց։ Վահանը նկատեց, որ իր սիրեցյալն ակնհայտ խռովկան է դառնում, երբ չի կարողանում ստանալ իր ուզածը ու նրա դեմքի թթված արտահայտությունը տեսնելով, չկարողացավ զսպել ծիծաղը։ Նա սեղանի վրայով ձգվեց առաջ ու համբուրեց Անահիտին։ Վերջինս չդիմադրեց. այնքան էր ուզում համոզվել, որ իր կողքին սիրող ու անհոգ տղամարդ կա։

— Իմ խռովկան երեխա, ե՞րբ ես վերջ տալու քո մանկական կամակորությանը։

— Ես խռովկան չեմ, պարզապես ուզում եմ ճշմարտությունն իմանալ։

— Արի այսօր գոնե չխոսենք այդ մասին: Համարենք, որ այն պարզապես ճակատագրի անհաջող շրջադարձ է։

Մատուցողն արագ քայլերով բերեց պատվերը և նույնպիսի արագությամբ հեռացավ։ Վահանը բաժակների մեջ շամպայն լցրեց, ապա կտրատեց շոկոլադն ու դրեց ափսեի մեջ։

— Խմենք մեր կենացը, Անահի՛տ: Խմենք ու Աստծոն խնդրենք, որ ոչ մի դիպված չխաթարի մեր սերը։

Անահիտը բաժակը տարավ շուրթերին և առաջին անգամ խմեց նրա ողջ պարունակությունը։ Վահանի բոլոր ջանքերը` կատակներով ցրել լարվածությունը, անցնում էին անհաջող և երեկոն սկզբից ևեթ կարելի էր ձախողված համարել։

Սրճարանից դուրս եկան, երբ դրսում խավարն իր լիակատար իշխանությունն էր տարածել քաղաքի վրա։ Անահիտը, պատճառաբանելով ուշ լինելը և հոգնածությունը, խնդրեց իրեն տաքսիով ճանապարհել և չուղեկցել մինչև տուն: Վահանը չդիմադրեց Անահիտի ցանկությանը, բայց երբ տաքսին շարժվեց` իր հետ տանելով նրան, Վահանին թվաց, թե ողջ աշխարհը դատարկվեց ու այդ զգացումը երկար ժամանակ չլքեց իրեն։ Նույնիսկ մի պահ մտադրվեց հետ վերադառնալ սրճարան և հարբել այնտեղ մինչև լուսաբաց: Սակայն հաջորդ իսկ պահին պախարակեց ինքն իրեն այդ մտքի համար և, կտրելով ամայի փողոցը, քայլերն ուղղեց դեպի տուն։

Տուն մտավ, երբ կեսգիշերն անց էր։ Մորը չանհանգստացնելու համար միջանցքի լույսը  չվառեց, այլ խարխափելով մթության մեջ, մտավ ննջարան և առանց շորերը հանելու՝ փլվեց անկողնու վրա։ Կարծես ողջ մարմինն անզգայացած լիներ և առաջին անգամ մտածեց, որ դրա պատճառը կարող է և հոգնածությունը չլինել։ Վահանին թվաց, թե մի անտեսանելի ձեռք իրեն փորձում է քաշել և իր հետևից տանել դեպի անէություն, ու դա մի պահ նույնիսկ այնքան հաճելի ու սպասված թվաց: Ննջարանում վառված էլեկտրական լամպի կուրացուցիչ լույսը նրան նորից վերադարձրեց իրականություն։

— Վահա՞ն, այդ ե՞րբ եկար,- մայրն էր։

— Հենց նոր, մայրի՛կ։

— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է դեմքդ այդպես այլայլված, երևի Անահիտի հե՞տ ես վիճել։

— Ո՛չ, պարզապես հոգնած եմ ու հանգստանալ եմ ուզում: Գնա՛, հանգիստ պառկիր, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես շորերով պառկել, վեր կաց, հանվի՛ր և մտի՛ր անկողին,- ինչպես երեխա ժամանակ, երբ երկար խաղալուց հետո քունը հաղթում էր, ու Վահանը ծուլանում էր շորերը հանել, մոր հանդիմանությունն այս անգամ էլ արդարացված էր։

Ննջարանից մոր դուրս գալուց հետո, Վահանը դժկամությամբ հանեց շորերը, շպրտեց աթոռի վրա: Առավոտյան աշխատանքից չուշանալու համար լարեց զարթուցիչն ու լույսը հանգցնելով` պառկեց, հուսալով, որ գոնե քունը մոտ կգա հոգնատանջ մարմնին: Սակայն աչքը հաջողվեց փակել միայն լուսաբացին մոտ, ուստի զարթուցիչի ձայնը ցնցեց նրան՝ չքացնելով ողջ գիշեր երազած քնի ու հանգստի դյութանքը։ Որոշեց, որ աշխատանքի չի գնա, որոշումն ինքն իր մեջ առաջին անգամ արդարացնելով, որ վատառողջ է: Բացի այդ, գուցե վաղը, երբ բժիշկների ենթադրությունները հաստատվեն, իրեն այլևս անհրաժեշտ չի լինի աշխատանքի չգնալու համար արդարանալ ինչ-որ մեկի կամ ինքն իր առջև։ Շուլալվեց վերմակի մեջ, բայց նորից քնել չհաջողվեց։ Հեռախոսի զանգը նրան հանեց համբերությունից։ Որոշեց՝ եթե աշխատավայրից լինի, կպատասխանի կոպիտ և զանգողին կուղարկի գրողի ծոցը։ Դժկամությամբ բարձրացավ տեղից, վերցրեց լսափողը։

— Ալո, Վահա՛ն, ես եմ` Անահիտը: Գիտե՞ս, ողջ գիշեր չկարողացա քնել, անընդհատ մտածում էի մեր մասին։ Ես իրավացի չէի, երբ երեկ այդքան անսպասելի հեռացա քեզանից ու դրանով գուցե քո մոտ կարծիք ստեղծվեց, թե նեղացած եմ։ Հիմա կգամ ձեր տուն, սիրելի՛ս: Այլևս անկարող եմ…

— Սպասի՛ր, Անահի՛տ, ես ուզում եմ պատմել ինձ տանջող խնդրի մասին, չեմ ուզում, որ հետո փոշմանես քո որոշման համար։

— Ոչինչ չեմ ուզում լսել, Վահա՛ն, ես քիչ հետո ձեր տանը կլինեմ, իսկ դրանից հետո նույնիսկ ամենաանցանկալի անակնկալն ինձ համար ծանր չի լինի, որովհետև կլինեմ քո կողքին։

Հեռախոսն անջատվեց։ Վահանը Անահիտի խոսքերից հուզված, կյանքում թերևս առաջին անգամ ազատություն տվեց արցունքներին։ Հիմա նա կգա ու իրենք երբեք չեն բաժանվի, եթե միայն… Աթոռի վրայից վերցրեց շորերը, հագնվեց, հարդարեց անկողինը։ Ննջարանի դուռը բացվեց։ Մայրն էր.

— Վահա՞ն, քնա՞ծ ես։

— Չէ՛, մայրի՛կ, ներս մտիր։

— Ի՞նչ է, չե՞ս ուզում աշխատանքի գնալ,- մայրը դեռ չէր նկատել Վահանի արցունքոտ աչքերը։

— Չէ՛, չեմ գնալու, հիմա Անահիտը կգա մեր տուն և մնալու է այստեղ: Այնպես որ, կարող ենք պատրաստվել հարսանիքի։

— Անահի՞տը,- մոր զարմանքը տարօրինակ թվաց Վահանին, չէ՞ որ նա միշտ բարեհաճությամբ էր մոտեցել իր և Անահիտի հարաբերություններին,- ի՞նչ է կատարվում քեզ հետ, Վահա՛ն, ինչո՞ւ ես արտասվել, ի՞նչն է մտահոգում քեզ և մի՞թե կարելի է աղջկան նման անցանկալի իրավիճակի մեջ դնել։

— Դա Անահիտի որոշումն է: Ես նրան չեմ պարտադրել, ի վերջո, գուցե հնարավոր լինի այդպիսով խաբել ճակատագրին, շուռ տալ նրա անցանկալի ընթացքը։

Դռան զանգը ընդհատեց մոր և Վահանի զրույցը…

Վահանն արագ նետվեց դեպի դուռը, բացեց այն ու սիրահարները իրար գտան միմյանց գրկի մեջ։

— Ես հեռացա տանից, Վահա՛ն: Ծնողներս, բնականաբար, համաձայն չէին իմ որոշման հետ, իսկ ես այլևս անկարող էի սպասել, անկարող էի չլինել քո կողքին, երբ մահը ուզում է խլել քեզ ինձանից։ Խնդրում եմ` թեթևամիտ մի համարիր իմ որոշումը և թույլ տուր լինել քո կողքին։ Ինձ համար կարևոր չեն ամուսնական արարողությունը, մեզ շրջապատողների կարծիքները, չարակամների բամբասանքները։ Ես սկսել էի գաղտնի հետևել քեզ, գիտեի, որ այցելում ես բժշկի, հետո հասկացա երեկվա քո խոսքերի իմաստը, երբ ասում էիր, որ ժամանակը հիմա քո օգտին չի աշխատում: Ցավոք, շատ ուշ հասկացա, իսկ առավոտյան հանդիպեցի քո բժշկի հետ, և նա ամեն ինչ պատմեց… Ասաց, որ վաղը քեզ վիրահատելու են։ Ների՛ր, որ եղել է պահ, երբ կասկածել եմ քո հավատարմությանը, ուղղակի հիմար բաներ են անցել մտքովս։ Ների՛ր, որ մինչ այժմ չեմ կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում քեզ հետ: Բայց հիմա իմ կասկածներն անցյալ են, և ես հասկանում եմ, որ դու թաքցրել ես ինձանից քո հիվանդությունը, որպեսզի ցավ չպատճառես ինձ: Ուզում եմ միայն ասել, որ ես մտադիր չեմ փախչել ճակատագրից, որովհետև սիրում եմ քեզ, ու քո հետ միասին կպայքարեմ թեկուզ մեկ օր ավել մահվան ճիրաններից քեզ փրկելու համար…

— Անահիտ, այդ ինչե՞ր ես խոսում,- Վահանի մայրը հազիվ էր մնում ոտքի վրա,- ի՞նչ հիվանդության մասին է խոսքը: Վահա՛ն, ի՞նչ է կատարվում քեզ հետ…

— Հանգստացի՛ր, մայրիկ, հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Այո, արդեն երեք ամիս է, ինչ ես պարբերաբար հաճախում եմ հիվանդանոց: Բժիշկները կասկածում էին, որ իմ մոտ չարորակ ուռուցք կա… Ցավոք, հետազոտությունները ցույց տվեցին, որ դա ենթադրություն չէ։ Վաղը ես գնալու էի բժշկի մոտ` վերջնական պատասխանի համար։ Դու պետք է ամուր լինես, մայրի՛կ, չնայած գիտեմ, որ անհնարինն եմ պահանջում քեզանից։ Հիշո՞ւմ ես, երբ հայրիկը մահացավ, դու նույնը ասում էիր ինձ։ Ես դեռ լավատես եմ, և հույսս չեմ կորցրել, որ հնարավոր է շուռ տալ ճակատագրի ընթացքը։ Ես դեռ ինձ բավականաչափ ամուր և առողջ եմ զգում և, եթե դուք լինեք իմ կողքին, իսկ դրանում ես չեմ կասկածում, համոզված եմ՝ կհաղթեմ նույնիսկ ամենակարող մահվանը։

— Դու խելագարվել ես, Վահա՛ն, ուշքի՛ եկ, դու չես կարող ծանր հիվանդ լինել, հապա նայիր, թե որքան էներգիա կա քո մեջ: Չեմ հավատում բժիշկների խոսքերին։

— Մայրի՛կ, տա Աստված, որ նրանք սխալված լինեն, բայց հիմա ինձ համար դա չէ կարևորը: Ասա՛ ինձ` ընդունո՞ւմ ես մեր տանը Անահիտին, համարո՞ւմ ես նրան քո աղջիկը։

— Դուք ինձ այլընտրանք չթողեցիք: Չնայած պետք է ասեմ, որ ես զգացված եմ Անահիտի նվիրվածությունից, ուրեմն թող ձեր ուզածով լինի։ Հիմա կգնամ Անահիտենց տուն և կհայցեմ նրա ծնողների ներողամտությունը։

— Շնորհակալ եմ, մայրի՛կ, որ հասկացար մեզ։

Երեկոյան Վահանենց տան հյուրասենյակը հարսանքատուն էր հիշեցնում։ Ներկա չէին միայն Անահիտի հարազատները։ Նրա ծնողները պահանջել էին, որպեսզի նա վերադառնա և վճռականորեն հայտնել էին Վահանի մորը, որ միայն դրանից հետո կարող են խոսել առաջիկայում հարսանիքի պատրաստություն տեսնելու մասին։ Բայց երիտասարդները չզիջեցին, հարսանիքը կարող էր և չլինել, չէ՞ որ վաղվանից իրադարձությունները կարող էին անցանկալի ընթացք ստանալ…

…Հաջորդ օրը, կեսօրն անց, Վահանն արդեն պառկած էր հիվանդասենյակի անշուք մահճակալին։ Բժիշկը խորհուրդ էր տվել չհետաձգել վիրահատությունը, յուրաքանչյուր ժամը կարող էր վճռորոշ լինել։ Դեռ երեկվա սիրահարները լուռ էին։ Թվում էր անցած մեկ գիշերը նրանց օժտել էր ամուսնական երկար տարիների իմաստնությամբ, միասին խոչընդոտները հաղթահարելու և հանկարծահաս դժբախտությանը հաղթելու տոկունությամբ։ Լուռ էր նաև հիվանդասենյակի մի անկյունում ծվարած Վահանի մայրը։ Իրարամերժ մտքերն ու հիշողությունները հանգիստ չէին տալիս նրան։ Հիշեց ամուսնու կյանքի վերջին ժամերը։ Մինչև հիմա դժվարությամբ էր համակերպվում նրա կորստի հետ և ահա ճակատագիրը նոր հարված հասցրեց։ Նախավիրահատական ժամերն անցան արճճի ծանրությամբ։ Երբ Վահանին տեղափոխեցին վիրահատարան, Անահիտը նստեց Վահանի մոր կողքին, ապա կծկվեց նրա գրկում՝ կարծես պաշտպանություն հայցելով նրանից։ Երեք ժամ անց վիրահատարանից դուրս եկավ բժիշկը։ Թվում էր` անցած ժամերի ընթացքում նա կրկնակի ծերացել էր։ Իր կյանքում վիրահատական սեղանի վրա բազում մահեր տեսած բժիշկը բառեր չգտավ մխիթարելու որդեկորույս մորն ու մեկ օրում այրիացած ջահել աղջկան։ Ցավոք, մահն ավելի զորեղ էր գտնվել…

… Անահիտը համարյա անգիտակից վիճակում նստած էր վիրահատարանում։ Վահանը դեռ պառկած էր վիրահատական սեղանի վրա` ծածկված սպիտակ սավանով։ Մի քանի րոպե առաջ նրա ուշագնաց մորը հարազատները տեղափոխել էին տուն, սակայն Անահիտին վիրահատարանից հեռացնել չէին կարողացել։ Անահիտը չէր կարող հաշտվել Վահանի մահվան իրողության հետ։ Բժիշկն ասում էր, որ Վահանը գուցե մեկ-երկու ամիս ապրեր` ծանր հիվանդությունը կրելով իր մեջ, բայց վիրահատությունը նրան անխուսափելի մահվանից փրկելու միակ հույսն էր, որը չիրականացավ։ Եթե միայն հնարավոր լիներ հետ վերադարձնել վերջին ժամերը, կարելի էր հրաժարվել վիրահատությունից, գոնե ևս երկու ամիս հնարավոր կլիներ վայելել սիրահար և կին լինելու երջանկությունը…

… Անահիտը ձեռքով քաշեց սավանի ծայրից: Այն դանդաղ սահելով Վահանի անշնչացած մամնի վրայով, ընկավ գետնին` տարածվելով վիրահատարանի հատակին։ Վահանի դեմքին սառել էր ժպիտը, որը կարծես ուշ նետված մարտահրավեր էր մահվանը…

… Վիրահատարանի հատակի վրա ընկած սպիտակ սավանի վրա երկու ստվեր էր անշարժացել… երկու սպիտակ ստվեր…

ԳՈՒՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ