Նաիրա Գրիգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Զբոսաշրջությունից մինչեւ Miss Supertalent of the World

Հարցազրույց Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, ով Հայաստանը ներկայացնելու է «Միսս Սուպեր Տաղանդ 2019» մրցույթին:

Գյումրին՝  կուրորտային քաղաք

Նաիրա, Գյումրիում տուրիստական կազմակերպությունների թիվն ավելացե՞լ է:

— Գյումրիում պաշտոնապես գրանցված ունենք 6 տուրիստական կազմակերպություն, չհաշված ավիատոմսերով զբաղվողներին: Ներգնա տուրիզմով զբաղվում է 4 կազմակերպություն, կան նաև անհատներ, որոնք փորձում են խմբեր հավաքել:

Հնարավոր եղա՞վ կոտրել այն սառույցը, որ Երևան ժամանած հյուրը ուղևորվի նաև հյուսիսային հատված, մասնավորապես, Շիրակի մարզ, որը տարիներ շարունակ դուրս էր մնում տուրիստական ընկերությունների ուղեցույցներից:

— Չգիտեմ՝ մյուսներն ինչպես, բայց ես, որպես «Սթեյշն տուրի» հիմնադիր տնօրեն, կարող եմ փաստել, որ՝ այո, բավականին հնարավոր դարձրինք հյուրերի ներգրավումը դեպի Գյումրի: Չնայած երկու տարի է, ինչ մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում, և դա բավարար չէ հմտանալու համար, սակայն կարողացել ենք մեծ թվով տուրիստներ բերել: Մենք նոր մեթոդաբանություն էլ ենք մշակել այստեղից ներհայաստանյան այլ զբոսավայրեր ցանկացողների համար. ամեն շաբաթ-կիրակի ունենք տուրեր գյումրեցիների համար՝ դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր:  Թեկուզ մինուսով լինի, բայց սովորեցնում ենք, որ հնարավոր է Գյումրիից գնալ, այլ ոչ թե գնալ ու օգտվել երևանյան ռեգուլյար տուրեր կազմակերպողների ծառայություններից:

«Շիրակ տուրը» աշխատում է հատուկ կատեգորիայի տուրիստների համար. նրանք ընդունում են գերմանացիների, իրենց հյուրատանն հյուրընկալվողներին տանում են պատմական վայրեր՝ Երեյրուքի տաճար, պատմական Անի, Մարմաշեն, ավելի շատ հնագիտական ու պատմամշակութային վայրեր են տանում: Քաղաքային տուրով քիչ են զբաղվում: Ինչ-որ չափով, կարելի է ասել, մեկս մյուսիս լրացնում ենք: «Գյումրի տուրը» հիմնականում աշխատում է դպրոցահասակների հետ, կազմակերպում է նրանց էքսկուրսիաները, ապահովում է սնունդով, ժամանցային խաղերով և այլն: «Տարոն տուրը» նոր է սկսել իր գործունեությունը: «Արի Գյումրի» նախաձեռնությունը, որում զբաղված են երեք երիտասարդներ, բավականին շատ տուրիստներ են կարողացել բերել Գյումրի՝ գնացքով: Կարելի է ասել, գնացքով տուրիզմի հիմքն իրենք են դրել, երբ էքսպրես գնացքը դեռ չկար: Կարծում եմ, բոլորս էլ տուրիզմի ողջ հմտությունները կամաց-կամաց կսովորենք, և հաջորդ տարիներին Շիրակի մարզ ավելի շատ հյուրեր կկարողանանք ներգրավել:

— «Ֆեյսբուքում» կարդացի, որ Գյումրուն շնորհվել է «Կուրորտային քաղաք» տիտղոս

— Այդ միջոցառումը կազմակերպել էր «Տուրիստական Հայաստան» կազմակերպությունը, որը ամենամյա մրցանակաբաշխություն է անցկացնում: Այն ոչ պետական կազմակերպություն է, սակայն այս տարի համագործակցեց Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Մշտապես առաջարկվել են տուրիստական ընկերությունների, անհատների, նախաձեռնությունների անուններ, քվեարկության է դրվում 2 փուլով, հետո ուղարկվում է ցանկ ՀՀ տարածքում գործող տուրիստական կազմակերպություններին, և նրանց քվեարկությամբ ընտրվում են, այսպես ասած, ամենա-ամենաները: Այս տարի առաջին փուլում հստակ դրված էր՝ պետք է նշեիր այն քաղաքը, որն ըստ քեզ «Տուրիստական քաղաք» տիտղոսին կհավակներ: «Սթեյշն տուրը» միակ տուրիստական կազմակերպությունն էր, որին ուղարկվել էր այդ հարցումը: Ես ուղարկեցի մեզ հետ համագործակցող բոլոր կազմակերպություններին, որոնք խմբեր էին ուղարկում Գյումրի, խնդրեցի, որ նշեն Գյումրին: Մոտ 50 կազմակերպություն նշել էր Գյումրի: Իհարկե, դա միայն իմ ասելով չէր, իրականում այդպես էին գտել, քանի որ այս տարի տուրիստական հոսքը Գյումրի անհավանական էր: 2-րդ փուլում արդեն տարբերակներով էր. Գյումրի, Դիլիջան, Ջերմուկ, Ծաղկաձոր, Իջևան: Եվ Գյումրին հաղթել էր: Մեզ հրավիրեցին մրցանակաբաշխությանը: Մենք երկու մրցանակ տուն բերեցինք. ՄԱԿ-ի՝ գյուղական ինտեգրված  զբոսաշրջության զարգացման ծրագրով և Գյումրին՝ որպես կուրորտային քաղաք անվանակարգում: Մի քիչ կուրորտային բառը մարդկանց մոտ խառնաշփոթ առաջացրեց, որովհետև կուրորտայինը՝ առողջարանայինը, Գյումրու հետ ուղղակի իմաստով առնչություն չունի, բայց, եթե մարդիկ նշել են Գյումրի, ի՞նչ անեին, ասեին՝ չէ՞… Համ էլ, ես շատերի, այսպես ասած, բերանները փակեցի, ասելով, որ մենք էլ հումոր ունենք, որը առողջարար է…

Miss Supertalent of the World

— Նաիրա, տեղեկություն տարածվեց, որ դու մասնակցելու ես «Միսս Սուպեր Տաղանդ 2019»-ին. Fashion week Paris ու Fashion week Italy…

— Միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը Հայաստանի շուրջ 10 մասնակիցների, այդ թվում նաև իմ լուսանկարներն ուղարկել էր Կորեա, որը «Միսս Սուպեր Տաղանդ» գեղեցկության մրցույթի կազմակերպիչ կողմն է: Եվ 10 մասնակիցներից ընտրությունն իմ վրա է կանգնել: Ես ընդհանրապես նման մրցույթների չեմ սիրում մասնակցել, չնայած շատ հրավերներ եմ ունեցել Հայաստանից:

Բայց ընտրել ես մոդելային կարիերա

— Դա իմ մասնագիտությունը չէ, այլ՝ հոբբին: Ես շատ քիչ ցուցադրությունների եմ մասնակցում, իսկ եթե մասնակցում եմ, ապա այն ցուցադրություններին, որոնք գտնում եմ, որ ինձ պետք են, որոնք ինձ ինքնաբավարարում, ինքնազարգացում է տալիս: Ես, որպես մոդել, չեմ ընդունում այդ մասնագիտության տեղի չափանիշները. ասենք՝ հյուրընկալություն: Իմը՝ հագուստի ցուցադրությունն է, պոդիումը: Եվ որպեսզի գնամ, գեղեցկության մրցույթի մասնակցեմ՝ ես դրան դեմ եմ, որովհետև չեմ սիրում, երբ գեղեցիկը գնահատում են 6-7 հոգի, և գնահատում են, բնականաբար, իրենց չափանիշներով ու ճաշակով, բայց դու ունես քո ինքնագնահատականը, և դրանով քեզ կոտրում են: Ու քանի որ այս միջոցառմանն ավելի շատ պոդիումով քայլելու պայմանը կա, ես առաջին հայ մոդելը կլինեի, որը Ֆրանսիայի ու Իտալիայի պոդիումներով է անցնելու: Հոկտեմբերի 15-ից գնում եմ՝ երեք երկիր. Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա՝ շուրջ 33 քաղաք:

Այսինքն, 33 անգամ պոդիո՞ւմ ես բարձրանալու:

— Ոչ, 13 օր եմ քայլելու. նորաձևության շաբաթվա ընթացքում քայլելու եմ Ֆրանսիայի և Իտալիայի մոտ 20 քաղաքի ամենահեղինակավոր դիզայներների համար։ Բայց այցելելու ենք 33 քաղաք: Բանն այն է, որ այս մրցույթը կրում է նաև զբոսաշրջային բնույթ:

Իսկ ի՞նչ կապ ունի Կորեան

— Կազմակերպիչը կորեական կողմն է, իրենք միշտ այս մրցույթն անցկացնում են տարբեր երկրներում, այս անգամ որոշել են բացումն անել Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի տակ, իսկ փակումը կլինի Իտալիայի «Աստորիայում»:

Նաիրա, մրցույթի երկրորդ բառը՝ «տաղանդն» է

— 50-ից ավել երկրներից են մասնակիցները: Եվ ոչ միայն քայլելու ենք պոդիումով, այլև ներկայանալու ենք նաև ազգային տարազներով, որը պարտադիր բաղադրիչ է նման մրցույթների դեպքում. եթե Գալա մրցույթ ես հասնում, ապա մի հատ տարազային, մի հատ լողազգեստ ու մի երեկոյան զգեստ ես ներկայացնելու: Ես գնում եմ Տերյան կենտրոնի և «Անես» նորաձևության կենտրոնի զգեստներով, իսկ տաղանդի փուլում պետք է ցույց տանք, թե ինչ տաղանդ ունենք:

Գաղտնիք կբացե՞ս, ի՞նչ ես ներկայացնելու:

— Լավ, Ձեզ համար գաղտնիք կբացեմ. կիթառ եմ նվագելու, և հայկական տարազով մի փոքրիկ բեմադրություն է լինելու:

Անհանգստանո՞ւմ ես:

— Ես չեմ երազում հաղթելու մասին, այլ ինձ ավելի գրավիչ, ինքնաբավ կզգամ, երբ կքայլեմ հռչակավոր դիզայներների համար: Բացի այդ, քանի որ այս մրցույթը նաև զբոսաշրջային բնույթ է կրում, ապա ինձ առավել քան հետաքրքիր է… Էլ չեմ ասում՝ այդքան քաղաքներում լինելն արդեն հաջողություն է: Նաև սա փորձի փոխանակում է:

Ֆինանսական ծախսերը կազմակերպիչնե՞րն են հոգում:

— Կազմակերպիչները հոգում են ողջ ծախսը, բայց Հայաստանի կողմից մուծում կա: Այս գեղեցկության մրցույթում առաջին անգամ՝ 5 տարի առաջ՝ Աննա Գրիգորյանն է մասնակցել, հիմա՝ ես, և Հայաստանն ունի զեղչի հնարավորություն: