ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Զգացմունքների առաքում Գյումրիում ու Շիրակի մարզում

Երևի Գյումրիում նկատած կլինեք emo.am ցուցանակը… Սկզբում կարելի է կարծել, թե մի՞թե սա էն լացկան «էմօ»-ների մասին է, որ ջահելության մի փոքր հատվածի մեջ տարածված էր: Բայց պարզվում է, emo-ն դա անգլերեն emotion բառն է, որը թարգմանաբար նշանակում է զգացմունք…

Զրույց emo.am ընկերության սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետ Լիլիթ Մայլամյանի հետ:

Լիլիթ, եթե անվանումն ամբողջությամբ հնչեցնենք` emotion delivery, ստացվում է՝ զգացմունքների առաքում:

— Այո, որովհետև այն, ինչ մենք առաջարկում ենք առաքել հասցեատերերին, արդեն իսկ տեղով զգացմունք է. ծաղիկներ, դիզայներական ծաղկեփնջեր, արծաթյա զարդեր և ձեռքի աշխատանքներ, թեյեր… Այս ամենը  մարդու մոտ զգացմունք է առաջացնում՝ թե՛ ուղարկողի, թե՛ ստացողի:

Այսինքն, այս սթարթափը նրանով է միակ, որ բացի ծաղկեփնջերի առաքումից, նաև նվերներ է առաքում:

— Այո: Պատկերացրեք, մեկը հեռու է Գյումրիից և ուզում է իր հարազատի, բարեկամի, ընկեր-ընկերուհու ծննդյան տոնի կապակցությամբ կամ այլ առիթով հաճելի անակնկալ մատուցել, հենց այստեղ է, որ մենք օգնության ենք հասնում, հեշտացնում ենք նրա գործը. բանկային քարտի միջոցով օն-լայն կարող են պատվիրել այն նվերը, որն ընտրել են, և ելնելով հասցեատիրոջ գտնվելու վայրի հեռավորությունից՝ հաշվելի ժամանակահատվածում պատվերը հասցնում ենք: Պատվիրատուն «sms» հաղորդագրության միջոցով ստանում է իրեն հետաքրքրող մանրամասների պատասխանները:

Միայն Գյումրիում ու Շիրակի մարզո՞ւմ է աշխատում:

— Առայժմ: բայց մոտ ժամանակներս կլինի նաև Երևանում: Նաև պլաններ կան Հայաստանից դուրս: Ծաղիկների պահով երևի դեռ ոչ, սակայն զարդերի և ձեռքի աշխատանքների մասով, ամենայն հավանականությամբ, շուտով: Մենք գործընկերներ ենք փնտրում արտերկրում, որպեսզի իրականացնենք այս ծրագիրը: Այստեղ էլ համագործակցում ենք ծաղկի սրահների հետ, բրենդային ապրանքանիշ ունեցող անհատների հետ: Սա մյուս կողմից շատ լավ PR է գյումրեցի վարպետների համար, որոնց ձեռքի աշխատանքները գովազդվում են, դուրս են գալիս հայրենիքի սահմաններից: Եվ, եթե այս ծրագիրն աշխատի, ապա բոլորի համար լավ կլինի:

Ես տեսա Ձեր առաջարկների մեջ նաև գարեջրով փունջԱսել է, թե՝ տղամարդկանց ևս չեք անտեսել:

— Անշուշտ, տղամարդկանց մասին էլ ենք մտածել: Ճիշտ է, մեր քաղաքում, մարզում մի քիչ ամեն նորույթ ուշ է ընդունվում, բայց հետո մեծ թափ է ստանում:

Միգուցե թա՞նկ է ստացվում, դրա՞ համար նորույթներն, այսպես ասած՝ ուշ են ընդունվում. մինչև էժանանալը:

— Մենք գնային քաղաքականությունը մշակել ենք մեր մարզի հնարավորություններին համահունչ: Ինչ խոսք, ինչ-որ բան, հնարավոր է՝ թանկ կլինի, ինչ-որ բաներ էլ՝ էժան, կախված պատվերից:

Դուք միայն ուրա՞խ էմոցիաներ եք առաքում:

— Այո՜, միայն ուրախ:

Ո՞վ է ղեկավարը:

— Կարեն Գասպարյանը: Մենք համագործակցում ենք IT Space ընկերության հետ, որն էլ պատրաստել է մեր կայքը:

— «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում Դուք ևս ներկայացված էիք: Ի՞նչ էիք առաջարկում՝ բիզնեսի առումով, և ի՞նչը զարմացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

— Սա նաև PR էր մեր նորաստեղծ ընկերության համար: Բիզնեսի տեսանկյունից՝ ուզում էինք, որ մեր ճանաչելիությունը բարձրացնեինք, հատկապես դրսում, որպեսզի, ինչպես վերևում նշեցի, արտերկրում գործընկեր գտնեինք, որը ներդրում կաներ, և մենք կկարողանայինք առաքման գործընթացները դրսերում կազմակերպել: Մանավանդ, ինչպես գիտեք, դրսում ձեռքի աշխատանքներն ավելի բարձր են գնահատում: Իսկ վարչապետի հետ էլ ուզում էինք, որ նրա միջոցով մեր էջը տարածեինք, սակայն նա հասկանալի կերպով բացատրեց, որ դա անարդարացի ու անհավասար քայլ կլինի մյուսների նկատմամբ: Բայց սելֆի անել (լուսանկարվել) սիրով համաձայնեց, որը PR-ի տեսանկյունից ևս վատ չէր:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ