ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Էխ, աշխարհ, աշխարհ, ինչի՞ ես ըսպես ծուռ…

Ծնվել եմ Լենինականում, բանվորի ընտանիքում: Երկրաշարժից հետո բնակվել ենք տնակում, այնուհետև տեղափոխվել հարմարավետ բնակարան:

Երկրաշարժից կուչ եկած իմ քաղաքում դժվար էր աշխատանք գտնել, և հայրս սկսեց զբաղվել մանր առևտրով, որպեսզի պահեր 7 հոգանոց ընտանիքը: Տատս… անդրդվելի, եսասեր անձնավորություն, ով բացի իր ստամոքսից, ուրիշ ոչնչի մասին չէր մտածում: Նա սիրում էր իշխել` իշխել ամուսնուն, վեց զավակներին ու թոռներին: Ինձ համար անտանելի էր այդ երևույթը, անտանելի էր, որովհետև տատս հենց սկզբից չէր ուզեցել մայրիկիս որպես հարս բերել իրենց տուն: Խեղճ մայրս հարս եկած օրվանից տառապել է տատիս վերաբերմունքից: Տատս միշտ վեճերի ու կռիվների առիթ էր ստեղծում, հաճույք էր ստանում դրանից: Նրան դուր էր գալիս, որ հայրս միշտ բարկանում էր մեր` երեք քույրերիս վրա, անտեղի, անառիթ: Հետո գնում, սենյակում փակվում, սկսում էր երգել:

Տատս քույրեր և եղբայր ուներ արտասահմանում, ովքեր այդ տարիներին օգնում էին մեզ: Նրանք մեզ միշտ հագուստ էին ուղարկում, բայց տատս չէր թողնում վերցնեինք, ինքն էր վերցնում, որպեսզի վաճառեր և իր սրտի ուզած ուտելիքը գներ: Երբ տատս պայուսակը ձեռքին մտնում էր բակ, մեր բակի երեխաները կատակով ասում էին՝ «բիզնես լեդի» տատիկդ եկավ: Ես ամոթից գետինն էի մտնում: Երբ մեր ընկերուհիներն էին հյուր գալիս, տատս գալիս, նստում էր մեր կողքը, ու նրանց ասում. «Ձեր հագին լավ շորեր ու կոշիկներ ունեմ, կարո՞ղ է ուզեք»: Ընկերուհիներս բարկանում էին. «Տուր թոռներիդ»: Ինքն էլ, առանց երկմտելու, ասում էր. «Նրանց հագին չի լինում, փորձել են»: Ու ոնց էի ես կատաղում, բայց ի՞նչ անեի, տատս էր, հանուն հայրիկիս լռում էի…

Լինում էին օրեր, երբ հայրիկիս գործերը լավ չէին ընթանում, դե, առևտուր էր, մեկ՝ լավ, մեկ՝ վատ… Ու մենք տանն ուտելու բան գրեթե չէինք ունենում, իսկ տատիկիս սենյակից տեսակ-տեսակ մրգերի, բանջարեղենի անուշավետ հոտեր էին բուրում: Իսկ հայրս, եթե մի բան մեզ համար գներ, դրա ուղիղ կեսը տալիս էր տատիս ու պապիս, իսկ մյուս կեսը մենք հինգ հոգով ուտում էինք, հայրս ասում էր` մեծ են, թող իրանք ուտեն, առողջ մնան: Հորաքույրներս էլ, հորեղբայրս էլ ամեն անգամ մեզ այցի գալիս տատիս ու պապիս տեսակ-տեսակ ուտեստներ, քաղցրավենիքներ ու հյութեր էին բերում, նորից նույնն ասելով, թե իրանք մեծ են, դուք հետո էլ կուտեք…

Այս ամենից հետո իմ մանկական պատկերացումներն ու հրաշքներին հավատալը ի չիք դարձան: 10 տարեկանում իմ հասակակիցները դեռ տուն-տունիկ էին խաղում, իսկ ես Աստվածաշունչ էի կարդում և ամեն օր աղոթում Աստծուն, որ այս ամենն ավարտվի ու խաղաղություն պարգևի իմ ընտանիքին…

Եվ այսպես գլորեցինք տարիներ: Պապս ապրեց արքայավայել կյանքով և մահացավ  2005 թվականին, 90 տարեկան հասակում` շրջապատված վեց զավակներով, թոռներով ու ծոռներով: Մտածում էինք` տատս «կխելոքանա», էլ չի փորձի բոլորիս նյարդերի վրա ազդել, բայց հակառակը…. Մենակ մնալով, սկսեց ավելի շատ քայքայել մեր առողջությունը: Հայրիկիս ասում էինք. «Մայրիկիդ ուղարկիր եղբորդ տուն, գոնե մի քիչ հանգստանանք»: Պատասխանում էր. «Այնտեղ մի օր էլ չի մնա, հետ կգա»: Եվ, իրոք, այդպես էր: Նա չէր կարող ապրել առանց իր սենյակի:

Մի տարի Ամերիկայից մեզ հյուր եկավ տատիկիս քույրը՝ նրանից 10 տարի փոքր: Աչքերիս չհավատացինք. «Ո՞նց կարող են նրանք հարազատ քույրեր լինել»,- մտածում էինք մենք: Լրիվ նրա հակապատկերն էր` այնքան լավն էր, այնքան բարի, ամեն խոսքի մեջ մեզ ուղղված օրհնություն կար: «Այ, էս տատիկին մենք հաճույքով կպահենք»,- ասում էինք ես և քույրերս…

Ու նորից անցան տարիներ: 2015 թվականին տատս՝ թագուհուն վայել կյանքով ու «չոր աչքով» ապրելուց հետո, 92 տարեկան հասակում մահացավ…

Այժմ ամեն ինչ այնքան հանգիստ է. քույրերս ամուսնացել են, ամեն մեկը մեծացնում է իր բալիկներին, հայրս էլ ցավեր գրեթե չունի, մայրս իրեն սիրված է զգում, իսկ իմ նյարդերն այնքան հանգիստ են հիմա:

Այնքան դառնություններ կան հուշերիս մեջ, որ սրանք դեռ ամենաչնչինն են, որ պատահել է մեզ հետ ու ամեն անգամ հիշելուց մեծ ցավ եմ ապրում: Բայց ավելի մեծ ցավ ապրեցի, երբ հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես են փորձում ուրախ ձևանալ ծերանոցում ապրող տատիկներն ու պապիկները, որոնք իրենց հոգու խորքում, համոզված եմ, երազում են տուն վերադառնալ, գրկել իրենց թոռներին, ուրախանալ նրանց հաջողություններով…

Այսքանը ես իմ տատիկի մասին գրեցի, որպեսզի ասեմ, որ բոլոր մարդիկ էլ ունեն թերություններ` մեկի մոտ ուժեղ արտահայտված, մյուսի մոտ` մի քիչ թույլ, բայց դա չի նշանակում, որ այդ մարդկանց պետք է դուրս շպրտեք ձեր կյանքից: Հարգելի՛ որդիներ, գոնե դուք պարտավոր եք տեր կանգնել ձեր ծնողներին, չէ՞ որ նրանք ժամանակին ապրել են ձեզանով, ուրախացել ձեզանով… Միայն պատկերացրեք, որ ձեր մայրերը 9 ամիս կրել են ձեզ իրենց կրծքի տակ և կյանքի գնով ձեզ լույս աշխարհ բերել: Մի՛ եղեք այդքան երախտամոռ: Դուք իմ հայրիկից ոչնչով լավը չեք: Չէ՞ որ նա բոլորիս դեմ գնաց ու պահեց իր ծնողներին իր կողքը: Հիշե՛ք, որ դուք էլ երեխաներ ունեք, և Աստված չանի, եթե նրանք էլ ձեզ հետ նույն կերպ վարվեն…

Սիրելի՛ հարսեր, երևի կարդացիք, թե 30 տարի ինչ դժվարությունների միջով է անցել մայրս: Բոլորի տներում էլ վիճաբանություններ լինում են, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ մարդկանց արհամարհեք, դուրս հանեք նրանց ձեր կյանքից և հանգիստ ապրեք: Չէ՞ որ դուք և նրանք նույն միս ու արյունից եք, ու վաղը դուք էլ եք մեծանալու: Մի զրկեք նրանց` ձեր կողքին գեղեցիկ ու երջանիկ ծերանալու իրենց երազանքից:

Եղեք ներողամիտ, և Աստված էլ ձեզ կների, չէ՞ որ ամեն բանի հիմքում` Սերն է…

ԱԼԻՆԱ


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: