ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի հարցազրույցը ԱՄԷ 50-ամյակի նախապատրաստման տարվա մասին:
— 2021թ. դեկտեմբերի 2-ին Արաբական Միացյալ Էմիրությունները կնշի իր հիմնադրման 50-ամյակը։ Այս առիթով ԱՄԷ—ն 2020թ. հայտարարել է 50-ամյակի նախապատրաստման տարի։ Պարոն դեսպան, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը 50-ամյակի նախապատրաստման տարվա վերաբերյալ։
— ԱՄէ-ն արժանացել է իր քաղաքացիների մեծ վստահությանը, այդպիսով դարձրել է իր ժողովրդին ամենաերջանիկ արաբ ժողովուրդն աշխարհում՝ զբաղեցնելով աշխարհում երջանիկ ժողովուրդների շարքում առաջատար տեղ։ Այս տարվա նախաձեռնություններով ԱՄԷ-ն իր ժողովրդի համար մրցունակ ապագա է ստեղծում առաջիկա 50 տարվա համար։ Մենք գիտենք, որ մեր պետությունն ունի լուրջ տեսլական ապագայի հանդեպ՝ հաշվի առնելով անցյալի ձեռքբերումները և ներկայիս աշխատանքները, ուստի և մեր ապագան է խոստումնալից։ 50-ամյակին նախապատրաստվող տարին շրջադարձային է լինելու Էմիրությունների համար, մենք նոր փուլ ենք սկսում տնտեսական, հասարակական և արագ զարգացման մեջ, որպեսզի լինենք լավագույնը աշխարհում առաջիկա 50 տարվա ընթացքում։
— Ձերդ գերազանցություն, կարո՞ղ եք նշել, որո՞նք են այս տարվա ամենակարևոր ծրագրերը։
— Կարևոր նախաձեռնություններից է «Տիեզերական զոնդ» ուղարկելը դեպի Մարս մոլորակ։ ԱՄԷ-ն պաշտոնապես մասնակցում է տիեզերքը բացահայտելու համաշխարհային մրցույթին։ Եվ ենթադրվում է, որ էմիրաթական տիեզերական զոնդը կհասնի Մարս 9 ամսում և ակնկալվում է, որ 2021թ-ից սկսած կկարողանա տեղեկություններ հաղորդել, ինչն էլ կհամընկնի Էմիրությունների հիմնադրման 50-ամյակի հետ։
— Իսկ ո՞վ է ղեկավարելու այդ ծրագիրը։
— Ծրագրի իրականացման և ղեկավարման գործում ներգրավված են էմիրաթցի աշխատակազմ, էմիրաթցի ինժեներներ և գիտնականներ, որոնք փորձառություն են անցել այդ առաքելությունը կատարելու համար։
— Ինչպիսի՞ն է Էմիրությունների տեսլականը այս ծրագրի հետ կապված, և ո՞րն է ծրագրի նպատակը։
— Էմիրությունները ձգտում է առաջին մարդու բնակեցումը Մարսի վրա իրականացնել 2117թ.։ Ծրագիրը նպատակ ունի հիմնովին բացահայտել Մարս մոլորակը՝ պարզ և համապարփակ պատկերացում տալ Մարսի կլիմայի վերաբերյալ։
— Անդրադառնանք նաև «Էքսպո Դուբայ 2020»-ին, որը, թերևս, այս տարվա ամենակարևոր իրադարձությունն է։ Ե՞րբ է սկսվելու էքսպոն և ինչքան է տևելու։
— «Էքսպո Դուբայ 2020»-ի մեկնարկը տրվելու է 2020թ. հոկտեմբերի 20-ին և տևելու է մինչև 2021թ. ապրիլի 10-ը։ Էքսպոի կարգախոսն է՝ «Միավորենք մտքերը, կառուցենք ապագան»։
— Պարոն դեսպան, ներկայացրեք խնդրեմ, թե ինչ միջոցառումներ են նախատեսված «Էքսպո Դուբայ 2020»-ի ընթացքում։
— «Էքսպո Դուբայ 2020»-ը տրամադրելու է 192 տաղավար յուրաքանչյուր երկրի համար, որոնք գործելու են ամբողջ շաբաթվա ընթացքում՝ օրական ավելի քան 15 ժամ, աշխատելու է 200-ից ավելի ռեստորան։ Էքսպոի 60 օրվա ընթացքում տեղի են ունենալու կենդանի ներկայացումներ։ Ակնկալում ենք, որ 11 միլիոն օտարերկրացի այցելու կժամանի էքսպո Դուբայ 2020-ին մասնակցելու համար։
— Հայտնի է, որ ԱՄԷ—ն ԱՄՆ—ի հետ համագործակցելով ստեղծել է «Սաուաբ կենտրոնը»: Ի՞նչ կենտրոն է դա, ո՞րն է կենտրոնի նպատակը և ի՞նչ գործունեություն է ծավալում։
— Սաուաբ կենտրոնը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի համար ստեղծված ինտերակտիվ էլեկտրոնային փոստի նախաձեռնություն է։Այն նպատակ ունի աջակցել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի միջազգային դաշինքների ջանքերին։ Սաուաբ կենտրոնն աշխատում է կապի միջոցների և սոցիալական լրատվամիջոցների ցանցի միջոցով` շտկելով սխալ գաղափարները և ծայրահեղականների շփոթեցնող մտքերը։
— Տեղեկացել ենք, որ Էմիրություններում ստեղծվել է Հանդուրժողականության միջազգային ինստիտուտ. ո՞րն է այդ ինստիտուտի նպատակը։
— Արաբական Միացյալ Էմիրությունները, ստեղծելով Հանդուրժողականության միջազգային ինստիտուտը, ձգտում է հասարակության մեջ տարածել հանդուրժողականության ոգին և ամրապնդել ԱՄԷ-ի դիրքը՝ որպես հանդուրժողականության տարածաշրջանային և միջազգային վառ օրինակ, ինչպես նաև հաստատել քաղաքակիրթ երկխոսության մշակույթը՝ մերժելով անհանդուրժողականության, ծայրահեղականության և մարդկանց միջև խտրականության բոլոր դրսևորումները։ Այս նպատակին հասնելու համար պետությունը առաջարկում է օրենքներ և քաղաքականություն, կազմակերպում է միջազգային համաժողովներ, կատարում է հետազոտություններ, համագործակցում է համաշխարհային գիտական և մշակութային հաստատությունների հետ, որպեսզի տարածի հանդուրժողականության սկզբունքներն ու արժեքները։
— ԱՄԷ—ն հայտնի է նաև իր նորարարական ծրագրերով. ինչպիսի՞ նորարարական ծրագրեր են նախատեսվում 2020-ին։
— 2020թ. փետրվար ամսին մեկնարկեց «Նորարար Էմիրություններ 2020» նախաձեռնությունը, որի ընթացքում հազարից ավել միջոցառումներ անցկացվեցին մեկ ամսվա ընթացքում։ Այդ միջոցառումների նպատակն էր աջակցել ստեղծարար և նորարար գաղափարները բոլոր յոթ Էմիրություններում։ Այս նախաձեռնությամբ պետության յուրաքանչյուր բնակչի հնարավորություն է տրվում նորարար գաղափարներ առաջարկել հետևյալ 4 խնդիրները լուծելու համար՝ ածխածնի երկօքսիդի արտանետումներ, երեխաների շրջանում ճարպակալման մակարդակի նվազեցում, պլաստիկի օգտագործման կրճատում, ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատում։ Այս նախաձեռնությանը մասնակցում են պետական բոլոր հաստատությունները, մասնավոր կազմակերպությունները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները։ Այսպիսով ԱՄԷ-ն ցանկանում է տարածել նորարարության մշակույթը էմիրաթական հասարակության մեջ։
Ինչ վերաբերում է առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ԱՄԷ-ի ուշադրությանը, ապա պետք է նշել, որ Էմիրություններն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը և աջակցությանը։ Անցյալ տարի հիմնադրվել է «Մուհամմադ բին Զայեդի անվան Արհեստական բանականության» համալսարանը, որն իր տեսակով առաջինն է Արհեստական բանականության հետազոտությունների ոլորտում բարձրագույն մասնագիտացված ուսումնառության առումով։