Հայաստանում քեֆ-ուրախություն, կորպորատիվ երեկո կամ հարսանիք առանց «Հարսանիք» կամ «Հորքուրի գանձ», «Հայաթի երգ» չի անցնում… Անշուտ, բոլորիս է ծանոթ «Hayat project» («Հայաթ փրոջեքթ») բենդի երգերը: «Հայաթ փրոջեքթ»-ի յուրաքանչյուր հեղինակային երգ սոցցանցերում միլիոնավոր դիտումներ է հավաքում: Գյումրեցիներս թեպետ պարծենալու շատ բան ունենք, բայց խմբի ստեղծման պահից՝ «Հայաթ փրոջեքթ»-ը ևս դարձել է Գյումրու այցեքարտը: Եթե առաջ որևէ խմբի համերգի համար գնում էինք Երևան, ապա այսօր «Հայաթի» համերգների օրը երևանցիների «տեղ ու ստար» չկա… Իսկ համերգներն այնպիսի թեժ մթնոլորտում են անցնում, որ տեղում նստած մարդ չի մնում: Եթե մարդ էլ կա, որ դեռ չի ճանաչում խմբի երաժիշտներին, ապա կփորձենք մեկ հարցազրույցի շրջանակում ծանոթանալ. մի քիչ հումոր, մի քիչ լուրջ, ամեն ինչից՝ մի քիչ:
Hayat project-ի բոլոր երգերի հեղինակը գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է: Պրոդյուսերն է Վահե Կիրակոսյանը, ստեղնաշարային գործիքներ՝ Արթուր Եղիազարյան, սոլո-կիթառ՝ Արմեն Հովհաննիսյան, բաս-կիթառ՝ Մհեր Մարտիկյան, հարվածային գործիքներ՝ Արմեն Թադևոսյան, երգիչներ՝ Հովհաննես Սերոբյան, Նարե Հովհաննիսյան, Գևորգ Հակոբյան:
— Խումբը ստեղծվել է երկու տարի առաջ. երևի պանդեմիայի շրջանո՞ւմ էր:
Վահե. — Երկուսուկես տարի առաջ: Նախքան պանդեմիան, մենք արդեն հավաքվել էինք ու որոշել ստեղծագործական գործունեություն սկսել: Կորոնան մեջ ընկավ, հետո էլ պատերազմը սկսվեց, ու այն նորամուտով, որ պիտի սկսեինք, մի քիչ այլ կերպ ստացվեց: Բենդը ստեղծվել է Գյումրիում առաջին երաժշտական ռեստորան «Հայաթ-մյուզիք հոլլին» կից՝ որպես ռեզիդենտ-բենդ, որի գաղափարը պարտադրում է ունենալ սեփական խումբ, որը տեղում պիտի նվագի ու մշտական կենդանի երաժշտություն ապահովի: Ու ստացվեց այնպես, որ «Հայաթ փրոջեքթ»-ը դուրս եկավ ոչ միայն ռեստորանի, այլև Գյումրու և Հայաստանի սահմաններից, և այն դարձավ ամենապոպուլյարը:
— Ստիպված եմ ստանդարտ հարց տալ. ո՞րն է Ձեր հաջողության բանալին:
— Մենք այնպիսի ֆորմատ մտածեցինք, որը շատ հետաքրքիր էր ստացվում. սկզբում հայտնի երգերի միքսեր էր՝ պոպուրի, ու այդ երգերն այնպես էին իրար միանում, որ մինչ այդ Հայաստանում չէին անում: Բայց հիմա «Հայաթի» հաջողության գրավականը «Հայաթ փրոջեքթի» սեփական, հեղինակային երգերն են, որոնք իրենց ոճի և կատարողականության մեջ ևս եզակի են: Ճիշտ է, ներկայում փորձում են պլագիատ անել, նմանակել, բայց…
— Բայց «Իտալացի հայերը» երգում Ադրիանո Չելենտանոյից հատված կա…
— Այո, այդ փոքր հատվածը ներմուծվել է, որպեսզի ասոցացվի իտալացիների հետ, իսկ երգն ու երաժշտությունը, ինչպես և մեր մյուս երգերն արդեն հեղինակային են՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է գրել:
— Ես ուզում եմ հասկանալ, Ձեր բենդը ի՞նչ ոճի մեջ է. պոպուրի, էթնիկ, փոփ… չեմ պատկերացնում:
Հովհաննես. — Կոնկրետ ոճ չենք առանձնացնի, թեկուզ թե՛ կոլորիտի, թե ՛մատուցման հետ կապված, քանզի համերգներին հնչում են բազմաթիվ ստեղծագործություններ, մենք ջազ էլ, էթնո էլ, ռոք էլ նվագում ենք, բայց երևի ընդհանրացնելով՝ փոփ:
— Բեմում յոթն եք… Իսկ ետնաբեմո՞ւմ:
— Տեսեք, մենք լուրջ աշխատակազմ ունենք՝ տեխնիկական սպասարկման անձնակազմ, հնչյունային ռեժիսորներ, պրոդյուսերական թիմ, ոճաբաններ… «Հայաթ փրոջեքթը» պրոֆեսիոնալ հիմքի վրա է դրված:
— Այսինքն՝ երաժիշտները, երգիչները՝ բոլորը մասնագետնե՞ր են, և ոչ թե սիրողական կատարողներ:
Վահե. — Այո, քանզի բոլորն էլ ունեն երաժշտական և բեմական կրթություն:
Նարե. — Ես մասնագիտությամբ դեռ կրթվում եմ, բայց երաժշիտ եմ՝ ջութակահար, շարունակելու եմ մասնագիտական հմտություններ ձեռք բերել:
Հովհաննես. — Ես էլ զոդողության ֆակուլտետն եմ ավարտել… Չէ, իրականում ավարտել եմ Գյումրու թատերական ինստիտուտը: Դաշնամուրի վրա եմ նվագում, ջութակ, երգով եմ զբաղվել: Բեմի հետ կապս առավել ու ցայտուն ամրապնդվել է «Հայաթ»-ում ու «Հայաթ փրոջեքթի» շնորհիվ:
Վահե. — Գևորգը փայտա-փողային մշակույթում է և ոկալ: Մհերն ու Արմենը կիթառահարներ են, Արմենը՝ հարվածայինի վրա է, Արթուրը ստեղնաշարայինի վրա է և նաև «Հայաթ փրոջեքթի» երգերի գործիքավորողը:
— Դուք բեմում և հոլովակներում յուրօրինակ ոճով եք. վառ գունային կոստյումներ, դեկորացիաներ… Մեր կյանքի գորշությունն եք ցրո՞ւմ… Ոճաբան էլ կունենաք…
— Այո՝ ունենք: Ինչո՞ւ ասացի, որ մենք պրոֆեսիոնալ ենք աշխատում. թե՛ երաժշտական հոլովակների նկարահանումները, թե՛ ֆոտոները, թե՛ ոճը, մեյք-ափը, վարսահարդարումը և այլն, զբաղվում են հայտնի մասնագետները: Այո, մենք վառ գույներով ենք ներկայանում, մեր նոր տեսահոլովակն էլ, որ հաջորդ շաբաթ հարթակում կլինի՝ վառ, պայծառ, ուրախ է: Ուղղակի պատերազմական դեպքերով պայմանավորած, հետաձգվել էր:
— Սոցցանցերում «Հարսանիք»-ը մոտ 9 միլիոն, «Հորքուրի գանձ»-ը 4 միլիոն դիտումներ ունեն: Հետևե՞լ եք՝ հատկապես Հայաստանից են մտնում, թե՞…
Վահե. — Կարծում եմ՝ ամենաշատը Հայաստանից, մանավանդ «Հարսանիքը», իսկ մնացյալ դեպքերում՝ երևի աշխարհի հայերը:
— Իսկ ես կարծում եմ, Ձեր հաջողության բանալին գյումրվա բարբառն է:
— Ռուբը (Մխիթարյանը) ուղնուծուծով լեննականցի է, ու երգերը ծնվինԳը լեննականցու մտքում: Մենք էլ ապացուցեցինք, որ Լեննականի բարբառը ըդիկ սիրո լեզուն է, մանավանդ «Խելագարվիմգը» երգով, որ բավական ռոմանտիկ երգ է: «Հարսանքիը» կոլորիտային է, ու ամեն մեկը կարող է երգի մեջ իրեն գտնել. «թոթոլ թևերով հորքուրը», «անձեռակերտ հարսնաքուրը», «սուրբ քավոր-քավորկնիգը»…
— Մի գաղափար էլ ես տամ. ի՞նչ կարծիքի եք, որ փորձեք հայաստանյան մի քանի բարբառով երգերի շարք հանեք, երևի հետաքրքիր կլինի:
— Հեղինակին կփոխանցենք, շնորհակալություն գաղափարի համար:
— Համագործակցային ֆորմատով էլ եք աշխատել. Սոֆի Մխեյանին նկատի ունեմ: Ո՞ւմ կողմից է եղել առաջարկը:
— Առաջարկն եղել է Սոֆիի կողմից: Շատ հավեսով աշխատանք է եղել «Ամպերից վերը», թե հոլովակը, թե երգն էլ էլի ընդունվեց ժողովրդի կողմից:
— Համագործակցության առաջարկներ էլի կա՞ն:
— Շատ կան, պետք է տեսնենք, թե ում հետ, ինչ ֆորմատով համագործակցելը լավ կստացվի, ոճայինով ում հետ հետաքրքիր կստացվի:
— «Հայաթի» մուտքը հայաստանյան շոու—բիզնես… Ինչպիսի՞ ազդեցություն թողեց:
Հովհաննես. — Միանշանակ՝ դրական ազդեցություն է թողել: Ասպարեզում փոխվեց մի բան, չէ, շատ բան փոխվեց, որովհետև այնտեղ վառ գույն էր պակասում՝ Գյումրին: Չմրցակցելով որևէ մեկի հետ, որևէ խմբին չնմանվելով, մենք մերը բերեցինք շոու:
Վահե. — Ճիշտ նկատեցիք, որ այդտեղ բաց կար, որը մենք կարողացանք լրացնել: Միգուցե մեր հաջողությունը նաև կապված է նրա հետ, որ մենք ազգային մեծ սթրես տարանք, պատերազմից հետո ոնց որ թերապիա էր պետք՝ սթափվելու: Դրան գումարած մերոնց տաղանդը:
— Սխալված չեմ լինի, ու Դուք էլ սխալ չեք ընկալի, եթե ասեմ, որ «Հայաթ փրոջեքթը» հենց սկզբից էլ իրեն «թանկ» ներկայացրեց:
— Ռուբոն երկար տարիների փորձ ունեցող պրոդյուսեր է, ես էլ մասնագիտությամբ մարքեթոլոգ, ֆինանսիստ եմ, և այո, մենք այդպես էինք դրել՝ ստեղծել պրոֆեսիոնալ պրոդուկտ ու թանկ վաճառել, ու չէինք սխալվել մեր հաշվարկներում: Սկզբնական շրջանում բողոքներ լսելի էին, թե ինչու են տոմսերն այսքան թանկ, մյուսներն էլ կարծում էին, թե ինչպես կարող է Գյումրիից խումբը թանկ լինել… Մենք ախր խասյաթ ունենք՝ դրսից եկածը կարող է թանկ լինել, բայց մերը ինչպե՞ս կարող է… Ասեմ, որ Երևանից էլ, այլ քաղաքներից էլ մեր պահանջարկը շատ կա: Եվ նաև Վրաստանից, շուտով համերգային ծրագրով նաև Մոսկվա ենք գնալու՝ մեծ մենահամերգ ենք ունենալու:
— Վրաստանում ո՞նց ընդունեցին:
Նարե. — Շատ-շատ լավ: Եվ ընդհանրապես, մեր բոլոր համերգներն այնպիսի բարձր տրամադրությամբ ու ոգևորությամբ են անցնում:
Հովհաննես. — Համերգային ֆորմատով դեռ միայն Հայաստանում ենք եղել, մյուս տեղերում կորպորատիվ երեկոների, տոնակատարությունների: Այ, Մոսվայում նոյեմբերին նոր համերգ ենք տալու:
— Այ, համերգից հետո կուզենայի Ձեզ հետ նորից զրուցել ու իմանալ, թե ինչպիսին էր հանդիսատեսը:
Հովհաննես. — Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, թե՛ կորպորատիվների, թե՛ տոնակատարությունների, թե՛ համերգների միջև տարբերությունը շատ չի լինի, նկատի ունեմ՝ հանդիսատեսի առումով, որովհետև մեր երգերը «տանո՜ւմ» են:
— Ի՞նչ եք կարծում, Վահե, հումորային ժանրը պիտի պահե՞ք, քանզի շատ լավ է ստացվում:
— Մենք ամեն ինչի մեջ մեզ փորձելու ենք:
— Իսկ այսքան մարդու արվեստի մեջ դժվար չէ՞ համախմբված պահելը:
— Պասպորտները մոտս են,- կատակում է Վահեն:- Այստեղ մարդկային լավագույն բնավորություններով օժտված մարդիկ են հավաքվել, ու դրա համար հուզմունքը, համոզմունքը, ճաշակը բռնեցրել ենք: Բացի այդ, այս ամենից զատ՝ ֆինանսական կայունություն է: Մենք չենք խնայում, ամեն ինչի համար գումար ենք ներդնում, որպեսզի որակով պրոդուկտ ստանալով՝ լավ գումար վաստակենք: