ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ընկերս քցեց ու թռավ

Ընկերոջս՝ Արայի հետ մտերիմ ենք դեռ մանկությունից: Նա իմ համադասարանցին է եղել, երկուսս էլ եղբայր չենք ունեցել ու իրար «ախպեր» ենք համարել: Նրա երեսից դեռ փոքրուց էի ընկնում կռիվների մեջ, թասիբին կանգնում, շատ անգամ ծեծվում, իսկ ինքը, ինչպես միշտ, ջրից չոր էր դուրս գալիս: Կռվարար էր, մի տեսակ անդուր, շառլատան բնավորություն ուներ, ստեր էր մոգոնում, շատ հաճախ անտեղի սրան-նրան կպչում: Արդեն պատանի հասակում էինք, բայց չէր խրատվում, ողջ օրը «բազարների» մեջ էր: Ես զգում էի, որ շրջապատում շատերը չէին սիրում Արային, աշխատում էին որքան հնարավոր է՝ նրանից հեռու մնալ: Ես էլ կարծես տուժում էի նրա երեսից, քանի որ նրա մտերիմ ընկերն էի, թաղի տղերքը նաև ինձանից էին խուսափում: Շատ անգամ են ինձ ասել. «Ա՛յ Արթուր, ախր դու կարգին տղա ես, ի՞նչ գործ ունես էդ ախմախի հետ: Թե՞ սպասում ես՝ մի օր էլ քեզ գցի փորձանքի մեջ, նոր հասկանաս՝ ով ով է»: Բայց ես մնում էի անդրդվելի. Արան իմ ընկերն էր, ու ես նրանից երես թեքել չէի կարող:

Ստացվեց այնպես, որ մերոնք ինձ ինստիտուտ ընդունել տվեցին. թվում էր՝ ամբողջ օրը դասի պիտի գնայի, ու Արայի հետ քիչ պիտի շփվեի: Բայց՝ ոչ: Նա ամեն օր գալիս էր ինստիտուտ, չէր թողնում դասի նստեմ, ինձ հանում էր դասից ու տանում իր հետ փողոցներով աննպատակ թափառելու: Բանն հասավ այնտեղ, որ քննություններս հանձնել արդեն անկարող էի ու ստիպված էի հայտնի միջոցներով՝ փողով կամ հորս ծանոթների միջոցով գնահատական կորզել: Մորս՝ Արայի հետ չշփվելու բոլոր հորդորներին կոպիտ պատասխանում էի. «Ինքը իմ ախպերն է, ու մեզ ոչ մեկը չի կարող հեռացնել իրարից»: Հետո հայրս ջղայնացավ, այլևս գումար չէր տալիս, իր ծանոթներին քննություններիս հարցով չէր դիմում, ու ես երկրորդ կուրսից դուրս մնացի ինստիտուտից:

Առողջական խնդիրներ ունեի. բանակ չտարան, իսկ Արան մեկնեց ծառայության: Բանակում եղած ժամանակ էլ մենք շփվում էինք իրար հետ: Այսինքն՝ նա ժամանակ առ ժամանակ ինձնից փող էր ուզում: Ես ճարում էի նրա ուզած գումարը, հասցնում իրեն: Իսկ «ընկերս» չէր էլ մտածում՝ պարտքո՞վ եմ առել էդ փողը, գուցե ինքս է՞լ չունեմ, կամ գուցե ստիպված եմ եղել մեր տնի՞ց թռցնել: Նրա համար մեկ էր. կարևորը՝ ուզած գումարը ժամանակին հասցնելն էր: Հետո բանակից եկավ, առաջարկեց, որ միասին գործ դնենք, փող աշխատենք: Ասաց՝ հարմար կլինի, եթե սննդի օբյեկտ բացենք: Համաձայնեցի: Բայց, քանի որ Արան փող չուներ, գործի մեջ ես էի գումար դնելու: Հորիցս կլորիկ գումար խնդրեցի: Չմերժեց: Տարածք վարձեցինք, սկսեցինք աշխատեցնել:

Ամիսներն անցնում էին, գործը կարծես նորմալ առաջ էր գնում, բայց… ոչ մի շահույթ: Փողերն ասես փոշիանում էին: Ամեն ինչ շատ տարօրինակ էր. օրվա վերջին ռևիզիա էինք անում ու պարզվում էր, որ պակասորդ ենք տվել: Տեսնելով, որ այդպես շարունակվել չի կարող, որոշեցինք օբյեկտը փակել: Բայց Արան վնասով դուրս չեկավ, տուժողը ես էի. հորս տված գումարից համարյա ոչինչ չէր մնացել: Ճիշտ է, խեղճ մարդը մտահոգվեց, բայց ոչ մի վատ բան չասաց, հակառակը՝ տեսնելով իմ ընկճված վիճակը, մխիթարում էր. «Բան չկա, տղա ջան, էդպես էլ կպատահի, գործի մեջ ամեն ինչ հնարավոր է: Մի՛ մտածիր, մի ուրիշ բիզնես կգտնես»: Ես ամենևին չէի կասկածում Արայի վրա, մտածում էի՝ նա ազնիվ է, ու շա՜տ է «տանջվում», որ էդպես եղավ: Դրանից մի երկու ամիս անց ամուսնացավ, ճոխ հարսանիք արեց, ու մտքիս ծայրով էլ չանցավ, թե այդ ծախսի փողերը նրան որտեղի՞ց:

Տարիներն անցնում էին, մենք մեր մտերմությունը պահպանում էինք արդեն ընտանիքներով: Ես էլ էի ամուսնացել, աշխատում էի: Մի օր էլ Արան եկավ, թե՝ ինձ տոկոսով փող է հարկավոր: Ասաց՝ իբր գործ է ուզում դնել ու, եթե ստացվի՝ երկուսիս համար էլ լավ կլինի. «Ախպերս, էն անգամ դու փող դրեցիր ու տուժվեցիր: Էս անգամ էլ ամեն ինչ ես կանեմ, ահագին շահույթ կունենանք, մինչև ե՞րբ ես էդ ծանր գործին աշխատելու: Մենակ թե, ինձ համար շահով փող ճարի»: Որոշեցի օգնել. իմ մի ծանոթից փող վերցրի՝ բավական մեծ գումար, բարձր տոկոսադրույքով ու տվեցի Արային` հավատալով, որ նա իսկապես արտադրամաս է հիմնելու: Մեկ ամիս անց նա ընտանիքով անհետացավ: Իմացանք, որ Եվրոպա է մեկնել… անվերադարձ: Ես գլուխս պատեպատ էի տալիս, ինձ մեղադրում նման ապուշության մեջ. ստիպված էի վերցրածս պարտքը ինքս վերադարձնել: Այլ ելք չկար, ես չէի կարող Արայի նման անպատասխանատու և ստոր գտնվել. մեր սեփական տունը ծախեցինք, փոխարենն առանք ավելի էժան երկսենյականոց մի բնակարան՝ այդպիսով գումար տնտեսեցի ու վերցրածս պարտքը փակեցի: Ամիսներ են անցել, սակայն ես ինձ ներել չեմ կարող, մեկ-մեկ էլ մտածում եմ, թե տեղն էր ինձ նման հիմարին: Ո՞վ էր խնդրում՝ ձեռք մեկնեի մի մարդու, որն ինձ ամբողջ կյանքում ֆռռացրեց մատի վրա: Ի՞նչ արած, էս կյանքում եթե քցողներ կան, ուրեմն զոհեր էլ կլինեն: Իմ պարագայում այդ զոհը ես եղա:

ԱՐԹՈՒՐ
(անունները փոխված են)


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: