ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Ըսի-ըսավ»` Միշա Պողոսյանի հետ

Բամբասանքը մեր կյանքի մի մասն է կազմում, այն քայլում է փողոցով, նրբանցքներով, այցելում տներ, նույնիսկ նստում ավտոբուս և հասնում գյուղ, հարևաններին սուրճի առիթ հաղորդում և ակաջից ականջ հասնում բամբասվողին: Իսկ որևէ մեկի վատ կամ լավ արարքը պատմելը բամբասա՞նք է: Իհարկե՛: «Ըսի-ըսավ»-ի մասին երկար կարելի է գրել, փիլիսոփայել, բայց կարիք չկա, քանի որ մեր նախագծում կարևորը ոչ այնքան վիճակն է, որքան դրա արդյունքը։ Սա ամենևին էլ ես չեմ մտածում, այլ տնային «խալաթով» նստած մի օրիորդ, ով մտածում է, թե ինչպես բամբասվել «Շրջապատի» հետ ՄԻՇԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ մասին:

— Միշա, շատերը քեզ ճանաչում են որպես մոդել, երիտասարդ գործարար, ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդ, բայց շատերը չգիտեն Միշա անձին, ով այսօր հաջողակ բիզնեսմեն է:

— Ես վերջին շրջանում ամբողջ հոգով, ժամանակով, ոտքով-գլխով, ընտանիքով նվիրված եմ «Համով լանչ»-ին: «Համով»-ը մեր նոր ստարթափն է, որը շարունակությունն էր իմ բոլոր նախկին գործերի, նույն ՀԿ ոլորտի և «Յունիք» ֆուրշետի: Դրանք լավ հիմք էին, որ ստեղծվեր ավելի լավ, մեծ, հիմնային գործ, որը ոչ միայն բիզնես տեսանկյունից է հեռանկարային, այլ նաև լավ է քաղաքի համար: Քաղաքին առաջարկում ենք առողջարար և մատչելի սնունդ` փոքր, բայց ջերմ ու համով անկյունում: Եթե հիմա հարցնում ես, թե ի՞նչ է անում Միշան, ես կասեմ` Միշան «Համով»-ում է և ես ինքս եմ սպասարկում մեր հաճախորդներին:

— Մի անգամ ասել ես, որ Գյումրիում ապրելով՝ սովորել ես ապրել նվազագույնով և ձգտել ապրել առավելագույնով: Վերածելով նախադասությունը գումարային արժեքի, հասկանանք՝ ինչքա՞ն գումար է անհրաժեշտ քեզ ապրելու համար:

— Պարտադի՞ր է ասելը ( ծիծաղում է):

— Այո՛:

— Ես ապրել եմ Գյումրիում, երբ գրպանում ունեցել եմ հինգ հարյուր դրամ և ապրել նաև երեք հարյուր հազար դրամով: Միանշանակ դու չես կարող հավասարաչափ ապրել, բայց երեք հարյուր հազար դրամով ես ապրել եմ լիարժեք կյանքով, օգտվելով նույնիսկ մայրաքաղաքի բարիքներից:

— Գիտեմ, որ քեզ երջանիկ ես համարում և մի առիթով ասել ես, որ իրական երջանկությունը լավ ընկերների, ընտանիքի և սիրված ու սիրող լինելու մեջ է: Արդյո՞ք դա բավարար է երջանիկ լինելու համար:

— Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ լինել երջանիկ, թե՞ ոչ, կամ երջանկության իր պատկերացումները գծել: Բոլորն իրենց որակներից, հնարավորություններից ու ներաշխարհից դուրս գալով որոշում են, թե ինչ է իրենց համար երջանկութունը: Հիմա, եթե ասեմ, որ ես երջանիկ եմ առանց գումար, դա ծիծաղելի կհնչի, բայց այն, որ ինձ համար թիմ և ընտանեկան հիմք ունենալը մեծ երջանկություն է` դա պարզ է: Հիմա, երբ մտածում եմ, որ եթե այդ մարդիկ չլինեին ինձ հետ, ես կլինեի՞ երջանիկ, ո՛չ, ես չէի լինի:




— Երկար տարիներ ճանաչում եմ քեզ, տեղյակ եմ քո ձեռքբերումներից, անկումներից և այդքան տարբեր բնագավառներում: Պատմիր՝ ինչպե՞ս եղան այդ անցումները:

— Ոչ մի միջավայրում հայտնվելն ինձ համար պատահական չէր, պարզապես ես հաշվի եմ առել իմ հնարավորությունները, գիտելիքները և փորձել առավելագույնս քաղել տարբեր բնագավառներից: Կամավորությամբ ես հայտնվեցի ՀԿ ոլորտում, որտեղ շատ ինֆորմացիա ստացա, դա ինձ թույլ տվեց ստեղծել իմ սեփական ՀԿ-ն, հետո` գիտելիք և փորձ, այնուհետև ինքնավստահություն և քո սեփական կայունությունը ապահովելու միջոցի գաղափար: Նորաձևությունից մինչև բիզնես, շատերի համար հասկանալի, շատերի համար`ոչ:

— Գործիքներ, որոնք օգտագործել ես:

— Գիտելիք, ինֆորմացիա, ժամանակ, միջոց, որը պետք է համատեղել և ճիշտ կառավարել:

— Միշա, հինգ տարբերություն գյումրեցու և երևանցու միջև…

— Դժվարություն… մեզ ամեն ինչ դժվարությամբ է տրվում: Նպատակասլացություն, որը երևանցին չունի, իսկ մենք էությամբ համեստ մարդիկ ենք: Կարծում եմ՝ դա նրանից է, որ մենք շատ գիտենք, քիչ ենք խոսում և գնահատում մեր գիտեցածը, իսկ մարդիկ, ովքեր շատ քիչ գիտեն, նրանք համեստ չեն: Եվ ամենակարևորը, որ մենք թասիբով ենք:

— Եթե ոչ Գյումրի, ապա…

— … Արցախում:

— Եվ այսօր…

— … կարող եմ ասել, որ ես երջանիկ եմ:

— Մարդիկ հաճախ…

— … չեն գիտակցում , թե որքան ուժեղ են:

— Ուժը…

— … յուրաքանչյուրն ուժ ունի, մարդիկ կան գտնում են դա, մարդիկ կան` ոչ:

— Բիզնեսը…

— … ամենալավ բանն է:

— Պետք է ավելի շատ, քան…

— … պետք է ավելի շատ քո հետ, քան մարդկանց:

— Ասում են, որ դու…

— … որ ես գոռոզ եմ, իրականում ես կուզենայի, որ ես գոռոզ լինեի, բայց դա այդպես չէ:

— Միշտ փորձել ես…

— … ամեն ինչ փորձել եմ, միշտ փորձել եմ:

— Կարծում ես, մեզ…

— … սպասվում է շատ լավ կյանք:

— Եվ, ի վերջո…

— … մարդ կարող է ամեն ինչ, պարզապես պետք է հավատալ:

 

Զրուցեց՝ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Լուսանկարիչ` ՀՐԱՉ ՎՏՈՅԱՆ

Լուսանկարահանումը՝  «ՀԱՄՈՎ ԼԱՆՉ»-ում

Պիտակներ՝