ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Թոդ Ֆաբաքեր. «Մեր նպատակը միայն էկո-թաղամասով բավարարվելը չէ, այլ ողջ քաղաքի տարածքով համաչափ զարգացում ապահովելը»

Գյումրիում կառուցվելու է էկո-թաղամաս: Դրանք նորարական տեխնոլոգիաներով, էկոհամակարգով ու ժամանակակից կյանքը հարմարավետ դարձնող, այսպես ասած, ապագայի քաղաքներն են, որոնք վաղուց կան Չինաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում: Ներդրողը «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության համահիմնադիր նյու յորքցի Թոդ Ֆաբաքերն է՝ «ԴԻՍՏՐԻԿՏ» կայուն զարգացման և ձեռնարկատիրության հիմնադրամի հետ համատեղ: Նշենք, որ 2012-ից Գյումրիում գործում է «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՏՏ ոլորտի ընկերությունը, որը շարունակաբար զարգանում է՝ ավելացնելով աշխատատեղեր:

Գյումրու ավագանին անցած շաբաթ հավանության արժանացրեց էկո-թաղամաս կառուցելու ծրագիրը և Բուլվարային փողոցի 55  հասցեի՝ նախկին զորամասի՝ «Ուռի գունդ» կոչվող տարածքի 21 հեկտար հողամասը տրամադրեց «Դիստրիկտ» հիմնադրամին, որտեղ, ըստ էկո-քաղաքի նախատեսված ծրագրի, ներառված կլինեն բազմաթիվ բաղադրիչներ. բնակելի հատված, ՏՏ ոլորտի ստարտափ ընկերություններ, էկո տնտեսություն վարող ձեռնարկություններ, հասարակական կառույցներ, աղբի վերամշակման, շինարարական,  գյուղատնտեսական արտադրություններ, իսկ լանդշաֆտային ճարտարապետությամբ լուծումները կլրացնեն տարածքում եղած աղբյուրները և լճային հատվածները:

Հարցազրույց «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության համահիմնադիր ԹՈԴ ՖԱԲԱՔԵՐԻ հետ:

— Պարոն Թոդ, ինչպե՞ս ծնվեց էկո-քաղաք կառուցելու գաղափարը:

— Գյումրիում հիմնելով «Դիջիթըլ Փոմըգրանեթ» (DP) ՏՏ ոլորտի ընկերությունը, տեսնելով դրա զարգացումներն ու աճը, կուտակված հարուստ գաղափարներ կային, և դա մոտիվացրեց, որպեսզի Գյումրիում ավելի մեծ գաղափարով ծրագիր ներդրվի, որպեսզի այդ իդեաներով մարդկանց այստեղ պահենք՝ ապահովելով զբաղվածություն: Ես ունեի երկու տարբերակ. կամ դուրս գալ Գյումրիից, Հայաստանից, տեղափոխվել այլ շուկա, կամ պետք է տեղում մեծ գաղափարը կյանքի կոչել, որպեսզի ապահովեի մարդկանց ներհոսքը: DP-ի գլխամասային գրասենյակը հենց Գյումրիում է, մենք մասնաճյուղեր ունենք ԱՄՆ-ում, Չինաստանում, և այստեղ գործելն ինձ ապացուցել էր, որ հնարավոր է տեղում զարգանալ, և ես նախընտրեցի երկրորդ տարբերակը. մնալ, ու իրականացնել երազանքները, մեծ գաղափարները:

— Գյումրիում բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել՝ շատ գեղեցիկ, հրաշալի, սակայն մնացել են թղթի վրա, չեն իրականացվել: Եվ հիմա, որքան էլ հիասքանչ ծրագիր է ներկայացվում, մարդկանց մոտ թերհավատություն կա, թե այն կիրականանա: Ինչպե՞ս կփարատեք այդ կասկածները:

— Բնականաբար, Դուք, որպես ԶԼՄ, տեղյակ եք DP-ից, իսկ, ասենք, հասարակ քաղաքացիները հնարավոր է, որ տեղյակ չլինեն, ծանոթ չլինեն մեր գործունեությանը: Ես կյանքի երկար ճանապարհ եմ անցել, որն ինձ ցույց է տվել, որպեսզի հաջողության հասնես, պետք է անցնես երկար ուղի: DP-ը սկսելով փոքրից, զարգացել է, կայանալով՝ աճել, և արդեն կարող էր իրեն թույլ տալ ընդլայնվել: «Դիստրիկտ»-ում հենց գործելու են DP-ի հաջողված ստարտափները: Շատ քիչ մարդիկ գիտեն, բայց հենց Գյումրիում ստեղծված «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության շատ հաջողված ՏՏ ոլորտի ստարտափներ աշխարհում տարածված են: Եզրակացնելով՝ «Դիստրիկտ»-ի ստեղծումը հենց պայմանավորված է «Դիջիթըլ Փոմըգրանեթ»-ի զարգացմամբ ու կայացմամբ: Այդպիսով, երբ ուզեցել եմ Գյումրիում հիմնել ՏՏ ընկերություն՝ հիմնել եմ, ուզեցել ենք զարգանալ՝ զարգացել ենք, գտել ենք, որ աշխատողների թվաքանակը պիտի շատացնենք՝ շատացրել ենք:

— Դուք բացառապես «ԴԻՍՏՐԻԿՏ» կայուն զարգացման և ձեռնարկատիրության հիմնադրամի հետ համատե՞ղ եք իրականացնելու էկո-քաղաք ծրագրի իրականացումը, որովհետև խոսք կա, թե հայաստանցի այլ գործարարներ ևս ներգրավված են:

— Նման խոսակցությունները տեղին չեն, քանզի ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, թե կարիք կա այլ ներդրողների: Ո՞րն է «Դիստրիկտի» գաղափարը: Այն է, որ այն օրգանիկ կերպով պետք է աճի: DP-ի ցանցի համագործակցող գործընկերների շնորհիվ «Դիստրիկտի» կայացման արդյունքում պլանավորում ենք, ասենք, այստեղ բերել ձայնագրման խոշոր ստուդիա: DP-ն այս պահին հանդիսանում է երաժշտական ինդուստրիայի համար «սոֆտ» ծրագիր տրամադրող ամենախոշոր ընկերություններից մեկը: Համագործակցում ենք երաժշտական աշխարհի հայտնի մարդկանց հետ, նաև հանդիսանում ենք Արտ-գալերիաների համար ծրագիր տրամադրող մեծ կազմակերպություն, համագործակցում ենք ԱՄՆ-ում, Բրիտանիայում գործող կազմակերպությունների հետ: Եվ նման համագործակցությունները ևս հնարավորություն կտան կյանքի կոչելու «Դիստրիկտի» գաղափարները:

— Իմի բերելով, ի՞նչ կունենա էկո-քաղաքը:

— Ես չեմ սիրում օդում խոսել: Այն, ինչ տեղի է ունենալու, լինելու է օրգանիկ զարգացմամբ: Պատկերավոր հետևյալ օրինակը բերեմ. երբ ծրագրավորման սկզբում ինչ-որ հավելվածի համար նախնական պատկերացումներ են լինում, հետո սկսում ես աշխատել դրա վրա, հնարավոր է, ժամանակի ընթացքում ստացվի այլ բան, որը կարող է շատ ավելի կատարելագործվածը լինել: IT-ում դա տարածված երևույթ է: Շիրակի մարզում զարգացման հնարավոր ուղղություններն են՝ գյուղատնտեսությունը, որը զարգանալու մեծ պոտենցիալ ունի՝ նորարական տեխնոլոգիաների ուղեկցությամբ, և մյուսը, որը նույնպես այստեղ խնդիր է՝ հասանելի կացարաններով մարդկանց ապահովելն է: Առաջինը, որ պատկերացնում ենք այդ թաղամասում, շինարարական պարագաների արտադրության համար ձեռնարկություն ստեղծելն է, որը տեղում կապահովի էժան և անհրաժեշտ շինանյութը, ինչը նաև աշխատատեղեր է ենթադրում: Մեր ցանկությունն է մարդկանց համար ստեղծել կայուն զարգացում և էկո-միջավայր: «Դիստրիկտը» պետք է հասանելի լինի բոլոր մարդկանց համար: Տեսեք, երբ կան ՏՏ ոլորտի ընկերություններ, Տեխնոպարկ, այն փողոցում քայլող մարդուն չի առնչվում, իսկ «Դիստրիկտը» ուզում է այնպիսի ծրագրեր իրացնի, որը յուրաքանչյուրի համար հասանելի կլինի, ազդեցություն կունենա: Իմ նպատակն է, որ Գյումրիի մարդիկ որևէ կերպ կապված լինեն «Դիստրիկտին». աշխատանքով, ստեղծած արտադրանքով, գյուղատնտեսությամբ, գաղափար իրականացնելու հնարավորություն ունենան, բնակարան ձեռք բերեն: Ձեր նախորդ հարցին կուզենամ անդրադառնալ. մենք ունենք այն ֆինանսական ռեսուրսը, որպեսզի չսպասենք պետության, համայնքապետարանի կամ չգիտեմ ում ֆինանսավորմանը, մենք պատրաստվում ենք գնել այդ տարածքը, և ոչ թե վարձակալել կամ անվարձահատույց օգտագործել… Մենք պատրաստվում ենք դառնալ խոշոր հարկատու անգամ ողջ երկրի հարկային դաշտում: Մեր նպատակը միայն էկո-թաղամասով բավարարվելը չէ, այլ ողջ քաղաքի տարածքով կայուն և համաչափ զարգացում ապահովելը: Բոլորը կարող են իրենց ներդրումն ունենալ «Դիստրիկտում», նոր գաղափարներ գեներացնել, կրեատիվ լուծումներ տալ, սեփական փոքր արտադրամաս ունենալ, սրճարան բացել… Շիրակի մարզում, Գյումրիում, անգամ դրսից բոլորը կարող են մասնակիցը դառնալ «Դիստրիկտի» զարգացմանը: