Մեկ դարից «5 պակաս» կյանքի ընթացքում նա տեսել է երկու երկրաշարժ, երկու պատերազմ, երկու հասարակարգային փոփոխություններ: 95-ամյա Եպրաքսյա (Վալյա) Վոսկովսկայա-Գաբրիելյանն այն եզակի հայ կանանցից է, ով Հայրենական Մեծ պատերազմին մեկնել է ռազմաճակատ: Նա մեր կողքին է ապրում՝ Գյումրու Կազաչի պոստ թաղամասում, տնակում և փառք Աստծո՝ առողջությունից շատ չի դժգոհում, միայն մի աչքը լավ չի տեսնում, մյուսը վիրահատվել է:
Եպրաքսյա տատի հետ երկար զրույց ունեցա: Խոսեցինք ամեն ինչից, ինքներդ պատկերացրեք, համարյա մեկ դար ապրածը որքան բան կունենա ասելու, խոսելու, համեմատելու, խրատելու, խորհուրդներ տալու…
Ծնվել է 1924թ., Լենինականում: Հայրը եղել է Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի գյուղխորհրդի նախագահ: Մայրը փախեփախին փրկվել է՝ Ղարսի փախստականների հետ հասնելով Ռուսաստանի Կրասնոդար քաղաք, որտեղ և ծանոթանալով զինվորական սպայի հետ, ամուսնացել են, եկել են Հայաստան, Արթիկի՝ Նոր Կյանք գյուղ:
Եպրաքսյա տատն ուզեց իր պատմությունն անմիջապես սկսել պատերազմից, բայց խնդրեցի մի շատ կարևոր ժամանահատվածի անդրադառնալ, ապա նոր խորանալ պատերազմական թոհուբոհի մեջ…
Նախ՝ 1937 թիվը
Ինչպես և ասացի, հայրս Նոր Կյանքի գյուղխորհրդի նախագահն էր, գյուղացիք գիտեին, որ դաշնակ էր: Մի օր հայրս գնում է Ղազանչի կայարան, որտեղ ջրհոսք է սկսված լինում: Հորեղբայրս այդ ժամանակ շինարարական բրիգադիր էր, կոմունիստ: Տեսնելով եղբորը՝ հորս, շալակով՝ ջրից այն կողմն է անցկացնում: Լուրն հասնում է «որտեղ պետքն է». հորեղբորս բռնեցին, 10 տարով ազատազրկեցին: Երբ ազատվեց, դրանից հետո էլ Ստալինի հրամանով, աքսորեցին Սիբիր: Իսկ հորս վրա չկարողացան:
Զինվորագրում. «Զա ռոդինու, զա Ստալինա. պեռյոդ»
Ես ու իմ նման բազմաթիվ կոմերիտական երիտասարդ աղջիկներ աշխատում էինք հրապարակի վրա գտնվող «Բելաշվեյնայա» կարի գործարանում: Պատերազմի սկզբում մենք զինվորական ներքնաշորեր էինք կարում, իսկ շուտով «Կարմիր խաչից» մեզ մոտ եկան ու մեզ քույրական գործ սովորեցրին: Զինկոմիսարիատից ստուգայցի պատրվակով մեզ մոտ եկան, հենց այնպես հարցրեցին. «Եթե պատերազմում պետք լինեք, կգնա՞ք»: Բոլորս, ակտիվ կոմերիտականների նման, ձեռք բարձրացրեցինք. «Մենք կգնանք, մենք կօգնենք մեր զինվորներին»: Կարծես անցավ, գնաց, մոռացվեց:
Երբ երեկոյան տանը մայրիկիս պատմեցի, խեղճը վայվույը դրած ծնկներին խփեց. «Հայրդ քի՞չ էր, ֆրոնտում է, հիմա էլ դո՞ւ.. Էս ի՞նչ ես արել»: Բայց մեր մտքով ի՞նչ անցներ, թե… Մենք 5 երեխա էինք, երեք քույր, 2 եղբայր, մեծը ես էի, եղբայրներս փոքր: Զինկոմիսարիատից պավեստկա եկավ, հրավիրում էին: Գնացինք: Ասացին. «Ֆրոնտ եք գնալու: Հետներդ վերցրեք մի հատ կռուժկա, մի հատ գդալ, ու վեշմեշոկ»: Երբ մեզ լցրեցին վագոնները, դեռ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հասանք Բաթում, որտեղ զինվորական համազգեստ հագցրեցին, նոր միայն ուշքի եկանք ու հասկացանք, թե ուր ենք գնում ու ինչի համար: Լացուկոծ էինք դրել: Կամանդիրն հարցրեց, թե ինչու ենք լալիս: Ասացինք, թե, ախր, մենք, հայ աղջիկներս, ի՞նչ գործ ունենք պատերազմում: Նա թե՝ «Դուք ինքնակամ եք զինվորագրվել»… Բանը բանից անցել էր, պրիսյագ ընդունեցինք, մեզ բաժանեցին ջոկատների վրա: Ես ընկա Ուկրաինայի պաշտպանական ջոկատ: Թեժ մարտեր էին… Կռվեցինք: Հետո մեզ տարան Ուսլավենսկի, որտեղ թեթև կոնտուզիա ստացա, ու տեղափոխեցին Կրասնոդար: Կրասնոդարի ազատագրումից հետո, մեզ տարան Մոլդովիա, այստեղ ևս մասնակցեցինք ազատագրական մարտերին: Որից հետո մեր ֆրոնտային ճանապարհը պիտի ձգվեր մինչև Ռումինիա… Արդեն 44 թիվն էր: Ասեմ, որ երբ կոնտուզիա էի ստացել, բանից անտեղյակները մեր տուն «սև թուղթ» էին ուղարկել, թե զոհվել եմ: Նույն ժամանակ Կերչի տակ զոհված հորս «սև թուղթն» են տուն բերում, ու խեղճ մայրս երկու կորստի ցավն է ապրում: Լավ է, կարողացա մորս նամակ ուղարկել, պատմել գլխովս անցածը: Բայց հայրս չվերադարձավ, իրոք, զոհվել էր… Ռումինիայի ազատագրման ժամանակ ծառայում էի հակաօդային վաշտում, որպես «պլանշետիստ»: Դա մի սարք է, որի շնորհիվ «բռնում» ես երկինք բարձրացած ինքնաթիռները, ապա տվյալները հայտնում, որ զենիթային հրետանին կրակի՝ խփի:
Պատերազմում մենք շատ բան տեսանք, շատ բան հասկացանք, բայց Ստալինը որպես ուժեղ ղեկավար, ժողովրդին բռի մեջ էր պահում: Գուցե դա ճիշտ էր, որ քաոս չստեղծվեր երկրում, ու պահպանվեր հասարակարգը: Պատերազմին մի-մի բաժակ օղի էին լցնում, բաժանում զինվորներին ու գոռում. «Զա ռոդինու, զա Ստալինա. պեռյոդ»… Ու գնացինք պեռյոդ, հաղթեցինք: Բայց, երբ տեսանք Եվրոպան, անհամեմատելի էր մեր աղքատ երկրի հետ, բայց մենք, Սովետական Միության քաղաքացիներս երկրի հանդեպ պարտավորություն ունեինք ու պիտի ապրեինք մոտավորապես հավասար կենցաղով: Ի դեպ, պատերազմում ես այլազգի աղջիկների չտեսա, ավելի շատ ռուսներն էին, ու հայերս: Էն ադրբեջանցիք սապոն էին ուտում, որ տուն փախնեին:
Հաղթանակի համազարկերը
Ռումինիայում արդեն տևական դադար էր: Մեկ էլ մեր հրամանատարն եկավ, մեզ դիրքավորվելու հրաման տվեց ու հրամայեց. «Կրա՜կ»: Զարմացանք, թե ի՞նչ է պատահել հրամանատարի հետ… Հրամանն ի կատար ածվեց. կրակ, կրակ, կրակ: Ապա գոռաց՝ «Թողնեե՜ել»: Ու լռության մեջ հայտարարեց. «Պատերազմն ավարտվա՜ծ է»: Մենք մի քանի րոպե չէինք հավատում մեր ականջներին, ապա ուշքի եկանք, հասկացանք հրամանատարի բաղձալի խոսքերի իմաստը… Լացի միջից ծիծաղում էինք, գրկախառնվել էինք… Անչափ հուզումնալից պահեր են, որ մինչև հիմա ես վերապրում եմ: Տղաներին տարան Գերմանիա, իսկ աղջիկներիս՝ տներով… Ռումինիայի հայերն իմացել էին, որ զինվորների մեջ հայ աղջիկներ կան: Եկան մեզ՝ երեք հայս աղջիկներիս տարան նախ բաղնիս, հետո պատիվ տվեցին, ապա շուկա, որտեղ խանութների տերերը հայեր էին, ոտքից գլուխ հագուստներ գնեցին, մեզ նվերներ տվեցին…
Վերջապես վերադարձանք հայրենիք: Գնացքով տունդարձի ճանապարհը, երևի կինոներում տեսած կլինեք, թե ինչպես ամեն կանգառում մարդիկ են խմբված, ուրախ երաժշտություն է հնչում, պարում են, դիմավորում ծաղկեփնջերով, համբույրներով: Լենինականի կայարանում մեզ նույնպես դիմավորեցին: Զինկոմից էին եկել, մեզ տարան տներով: Երբ տուն մտա, մայրս տանը չէր, տեղյակ էլ չէր եղել, որ ես վերադառնալու եմ: Տեսնեմ, եղբայրներս խելոք խաղում են, տունն ավերակ: Սկսեցի տունը մաքրել, որ մորս համար անակնկալ լինի, համ էլ, երբ տուն մտնի, զարմանա: Եկավ, անմիջապես գլխի ընկավ, էլի լաց ու ծիծաղ, հորս մահը ողբացինք: Մորս ասեցի, որ ես կմտնեմ աշխատանքի, թիկունք կկանգնեմ, տունը ոտքի կհանենք:
Հանդիպում ապագա ամուսնու հետ
Գնացի զինկոմիսարիատ՝ ներկայանալու: Ի դեպ, ինձ ռուսները Վալյա էին կոչում: Մի ռուս կին էր նստած. մեր դիվիզիայի զամպալիտը: Ինձ ճանաչեց: Առաջարկեց աշխատել զինվորական խոհանոցում՝ որպես շեֆ-խոհարար: Սկսեցի աշխատել: Ապագա ամուսինս հենց այստեղ էր աշխատում, ազգությամբ ռուս էր՝ Ստավրոպոլից: Դու մի ասա, հենց առաջին պահից սիրահարվել է ինձ: Սկսեցին ինձ համոզել, որ ռուսի հետ ամուսնանամ: Ի վերջո՝ ամուսնացանք՝ 48 թվին, իսկ 49-ին ծնվեց որդիս: 52 թվին, երբ երկրորդ որդիս ծնվեց, ամուսինս ծառայությունից ազատվեց, ու մենք մեկնեցինք Ստավրոպոլ՝ սկեսրանցս մոտ: Ինձ շատ լավ ընդունեցին, սիրեցին: Երկրորդ որդիս 6-ամսական էր, երբ գնացինք, երրորդ որդիս 6-ամսական էր, երբ Հայաստան վերադարձանք: Այն ժամանակ Ռուսաստանում կյանքն այնքան էլ լավ չէր, պարզ ու հայտնի պատճառով՝ պատերազմի կիզակետով էր անցել: Ես չկարողացա մնալ, խնդրեցի ամուսնուս՝ վերադառնալ Հայաստան: Մեր միլիցիայում ամուսնուս խնդում էին, որ որպես հետաքննիչ աշխատի, բայց նա չհամաձայնվեց, քանզի ես չէի ուզում, որ նա միլիցիայում աշխատեր: Երկուսով մտանք աշխատանքի Լենինականի զորամասում:
Աղետալի երկրաշարժը պատերազմի բնական տեսակն էր
Ինձ, որպես պատերազմի վետերան, մեր զորամասը 3-սենյականոց բնակարան էր հատկացրել «Ստրոմմաշինա» թաղամասում՝ «Ծերանոցի» կողքին: Ինչպես շատերը, մենք էլ մեր մեր տունը սարքեցինք, օջախ դարձրեցինք: Երկրաշարժին տունը կորցրեցինք, տնակում բնակվեցինք: Հետո, որպես անօթևան ընտանիք, «Մուշ» թաղամասում տուն ստացանք, բայց ընտանիքիս մի կեսը կարողացավ տեղափոխվել, իսկ մյուս կեսով մնացինք տնակում: Երկրաշարժից հետո հիշո՞ւմ եք հացերը, որոնք բնավ ուտելու չէին: Ալյուր էի տարել, որ հաց թխեին, տուն բերեի: Ամուսինս բազկաթոռի մեջ նստած՝ ինսուլտ էր ստացել, մահացել: Կորցրեցի ընտանիքիս տղամարդուն:
Վետերանների հանդեպ վերաբերմունքի մասին
Եպրաքսյա տատին ասում եմ, թե Սովետի ժամանակ վետերանների հանդեպ անչափ լավ վերաբերմունք է եղել: Ասում է. «Տունը որպես վետերան եմ ստացել: Կար վետերանների խանութ, որից օգտվում էինք: Մեր նկատմամբ ուշադրություն եղել է. առաջ ավելի շատ, հիմա էլ ենք ուշադրության կենտրոնում՝ ելնելով պետության հնարավորություններից: Ամեն Հաղթանակին նվիրված տոնակատարությանը մեզ հրավիրում են, չեն անտեսում, նվերներ կամ գումար են տալիս: Գյումրիում տեղակայված ռուսական դիվիզիայի կողմից ամեն տարի հատուկ հրավերներ ենք ստացել, մեզ համար ճոխ սեղաններ են բացել: Հիշո՞ւմ եք՝ շքերթները. Մայիսի 1, Մայիսի 9… Դրանք շատ գեղեցիկ տոնակատարություններ էին: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախաձեռնությամբ մեզ հրավիրել էին տոնական ընդունելության` Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ: 75-ամյակի կապակցությամբ հրավիրվել ենք մոսկովյան զորահանդեսին, Կուրսկ ենք հրավիրվել:
Սովետական ժամանակաշրջանում ապրած յուրաքանչյուրին եթե հարցնեք, ապա կհաստատեն, որ մենք լավ ենք ապրել, աշխատանք ենք ունեցել, վաղվա օրվա համար ապահովագրված ենք եղել: Այո, համամիտ եմ, որ շատ բաներ չենք իմացել ու շատ բան չենք տեսել, բայց կար մեկ կուսակցություն, օրենքը բոլորի համար էր… Տեսեք, չնայած մեր տանը 5 երեխա էր, ու շատ հնարավորություն չենք ունեցել, բայց խաղաղ ու հանգիստ ապրել ենք: Չեմ ասում, թե սովի մատնվողներ չեն եղել, թե վատ ապրողներ չեն եղել…
Հայաստան. անցյալը, ներկան ու ապագայից սպասումները
18 տարեկան երիտասարդը գնացել, Ղարաբաղյան հակամարտությանն է մասնակցել, վերադարձել է, բայց չկա աշխատանք, չկա ապրելու հնարավորություն, ուշադրությունից դուրս է… Ասելս ի՞նչ է. համեմատության մեջ եթե դնենք, սովետի ժամանակ երիտասարդներին մեծ ուշադրություն էր դարձվում, որովհետև երկրի ապագան էին, հենց սա նկատի ունենալով, ուզում եմ, որ մեր երիտասարդներին մեր պետությունը շատ ուշադրություն դարձնի, աշխատանք ստեղծի, որ մեր երեխեքը չարտագաղթեն, գնում են խոպաններ, էլ ետ չեն գալիս, գնում, այնտեղ ընտանիք են կազմում, կտրում են կապը հայրենիքի հետ: Հայրենիքը դա այն է, որը քեզ պահում է, քեզ համար ապրելու պայմաններ է ստեղծում: Դատարկ խոսքեր չեն հայրենասիրությունը, բայց դա փոխադարձ պետք է լինի: Հիմա, անկախացումից հետո, ո՞ւմ են պետք այդքան կուսակցությունները, գզվռտոցները, բայց արդյունքում ոչինչ չեն անում:
95-ամյա խորհուրդը
Թող երբեք պատերազմ չտեսնեն մեր երեխաները… Մենք տեսել ենք, գիտենք, թե ինչ է պատերազմը. սարսափ է, ճակատագրերի խեղում է, մարդկային կյանքերի կորուստ է, ավիրածություն է: Թող քաղաքական այրերը շատ արագ լուծեն Ղարաբաղի հարցը, որը չի թողնում, որ մեր երկիրը զարգանա, որը մեծ կորուստներ է պատճառում մեր երկրին՝ թե՛ մարդկային, որն ամենակարևորն է, թե՛ տնտեսական: Թող շատ լուրջ մտածեն, աշխատատեղեր ստեղծեն, գործազրկությունը վերացնեն: Երկիրը միայն ռեստորաններով, հյուրանոցներով ու խանութներով չի զարգանա: Հասուն տղամարդն այսօր չի կարողանում երկու երեխա պահել: Ընտանիքները չեն ուզում մեկ-երկուսից ավել երեխա ունենալ: Իսկ դա վտանգավոր է: Երկրի ղեկավարը պետք է խիստ լինի, բռունցքը սեղանին զարկել կարողանա, որ ենթակաները երես չառնեն: Ղեկավարը չպիտի մտածի գրպանելու մասին, որ մյուսները չսովորեն ու ամեն մեկն իր հերթին թալանի: Մեզ համար մեր հայրենիքն ավելի լավն է, քան թե գնան ռուսների ոտքերի տակը մաքրեն… Ուշադրություն դարձրեք մեր ջահելներին, որ հայրենիքը չքայքայվի:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ