ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թոշակների բարձրացման մասին եւ ոչ միայն

Գյումրու կոլորիտի անքակտելի մասն է կազմում նաև տարիքով տղամարդկանց մի տեղ հավաքվելն ու բոլոր հարցերի «վրայով» անցնելը: Նման «հավաքատեղիներ» Գյումրիում շատ կան, օրինակ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի «արևկողը», թատրոնի մոտ, Անի թաղամասի եկեղեցու բակում: Ու եթե կուզենաս աշխարհի անցուդարձից տեղյակ լինել, ապա ականջդ պահիր պապերի զրույցին… Կլսես «քննարկումներ» քաղաքականությունից, իշխանությանը քննադատություններ կամ գովաբանումներ, վարչապետի այցերից, պահվածքից, այս կամ այն ղեկավարի հետ «ախպեր» լինելուց, քաղաքապետի այս կամ այն գործողության մասին, քաղքի «էս կամ էն տղու» պահվածքից և այլն: Եվ այս տարեցների խոսակցությունից երբեմն ավելի խելամիտ առաջարկներ են ծնվում, քան ղեկավարներից ու պատգամավորներից:

Վերջին օրերի թեման կենսաթոշակի բարձրացման վերաբերյալ շրջանառվող լուրերն են։ 2020թ. հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան 570 հազար թոշակառուի կենսաթոշակները: Այս տեղեկությունը, հատկապես տարիքով թոշակառուների համար, լուրջ ու կարևոր նորություններից է: Հիմա արդեն, երբ լուրը ստացել են ու տրամադրությունները փոխվել են, փորձեցինք Անի թաղամասի եկեղեցու մոտ հավաքված տարեցների հետ զրուցել, թե ի՞նչ կարծիքի են թոշակների 10 տոկոս բարձրացման վերաբերյալ։

Վանո Միքայելյանն ասում է. «Ես հըլը կռնամ աշխատիմ, բայց աշխատանք չեմ կարողանում գտնել։ Հույսերս դրել ենք նոր կառավարության վրա, թե մի օր էլ Գյումրիում լուրջ գործի տեղ կբացեն։ Բանվոր դասակարգը հեչ լավ չի ապրի: Իմ թոշակս շատ քիչ է՝ 30.000 դրամ, որից 10 հազարը կոմունալ վճարներն են, էն դեպքում, որ տունը գազով չենք տաքացնե։ Մնացած 20.000-ով էլ մարդ ու կին հազիվ յոլա ենք գնում։ Փառք Աստծո, հըլը դեղերի կարիք չունինք, ձիգ ենք, էդ կողմով բախտերս բերել է։ Սնունդի, ապրելու միջոցների վրա կծախսենք մնացած փողը։ Երկու հոգու համար առնվազն 100.000 դրամ է պետք, որ գոնե շաբաթը 1-2 անգամ միս ուտենք, տունն էլ միրգ ու բան մտնի»։

Վաչագան Սարգսյան. «Կստանամ 37.500 դրամ թոշակ, որը կբավականացնե 7-8 օր ապրելու համար։ Ստացածն էլ կծախսվի դեղերի, կոմունալի վրա։ Ապրուստի միջոց չէ, միջին չափով ապրելու համար գոնե 90.000-100.000 պիտի էղնի, որ առօրյա այլ ծախսեր կարողանանք հոգանք»։

Հավաքվածներից Ռուբենն էլ (ազգանունը չնշեց) ասում է, որ մտավախություն ունի, որ նոր թանկացումներ կլինեն։ Թոշակի ավելացումը, ըստ նրա, գնաճին անհամարժեք է. «Հըմի 5000-ով թոշակ կբարձրացնեն, երկու ըդքան էլ շուկայում ապրանքները կթանկացնեն»։

Դժգոհությունները գրեթե նույնն են. 10 տոկոսով բարձրացումը հուսադրող չէ։ «Էդ մեր ստացած թոշակն էդ ում հերիք կենե օր։ Մենակ կոմունալ վճարները որ տանք, էլ մնացածին հերիք չի էնե։ Գազին, լույսին, ջրին կուտանք, տան վարձ կուդանք, մե կերպ ծխախոտին կուտանք, տակը բան չմնաց։ Դեղի անուն էլ չեմ տա… Աստված ծերերիս հեռու պահե հիվանդություններից, որ թարսի պես մեզի շատ կուդա: Էս նախարարների, եսիմ ինչերի աշխատավարձերն օր կբարձրացնեն, էդ ո՞ւմ հաշվին կենեն, ընչի՞ հնարավոր չէ թոշակառուներինը նորմալ բարձրցնեն… Դրել են, յանի բան կենեն, 10 տոկոսով դրամով ավել թոշակ, խնդալու էլ է։ Որ թոշակը կստանանք ու խանութների պարտքերը չենք փակե, այլ կմեղմենք, ըդիկ հե՞չ: Գիտեք լավ ապրելու համա՞ր ենք խանութներից վերասյա ապրանք ու սնունդ վերցրե…»:

Շատերը դժգոհեցին, թե այդ ինչպե՞ս է, որ մեկը 30 տարի գործարանում դառը աշխատել է ու 35 հազար թոշակ է ստանում, իսկ մյուսը մաքուր, իր համար կաբինետում նստած է եղել ու 1 մլն դրամ պիտի ստանա. «Դատավորը թոշակի կերթա 700-800 հազար դրամով։ Մեզպեսներն էլ, որ քարը քարին են դրել, առողջությունները զավոդները թողել՝ կառնին 30.000 դրամ։ Ինչո՞վ ապրի հաշմանդամության կարգ ունեցող, հույսը դեղին մնացած, անգործ թոշակառուն»,- սրտնեղեց տարեցներից մեկը։

ՇՈՒՇԱՆԵ ՍԱՔՈՒՆՑ
ՇՊՀ, լրագրության բաժին, 4-րդ կուրս