ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ժամանակակից հանդիսատեսն ավելի պահանջկոտ է

Թատերաշրջան 152

Սեպտեմբերի 23-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը «Լիր Արքա» ներկայացումով կհայտարարի 152-րդ թատերաշրջանի բացումը: Այն Գյումրու թատրոնի և «Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման» հիմնադրամի համատեղ նախագիծն է: Ներկայացման տոմսերի վաճառքից հավաքված գումարը կփոխանցվի հիմնադրամի ֆոնդին՝ հետագա ծրագրերի իրականացման համար: Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասում է. «Շատերն են հետաքրքրված հիմնադրամով, իրենց աջակցությունն են հայտնել և օժանդակություն արել, վստահ եմ, որ այն ծրագրերը, որոնք իր առաջ դրել է հիմնադրամը, մոտակա ժամանակում լուծումներով տեսանելի կդառնա: Այնուհետև հոկտեմբերին մայրաքաղաքում կայանալիք «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին կներկայանանք «Լիր Արքայով»:

Թատրոնը ղեկավարելու իր 6-ամսյա ժամանակահատվածը Տիգրանը մեկ նախադասությամբ ամբողջականացրեց՝ բուռն ստեղծագործական ամիսներ: «Վերջերս Մշակույթի նախարարի մոտ հանդես եկանք հաշվետվությամբ, ներկայացրեցինք, որ Գյումրու դրամատիկականը 2016թ-ի ցուցանիշների համեմատ, 2017-ի այս ժամանակահատվածում կրկնապատկել է արդյունքները. նախորդ 35 ներկայացումների փոխարեն արել ենք 70-ը, 10.900 հանդիսատեսի փոխարեն 22 հազար հանդիսատես ենք ունեցել, կրկնապատկվել են վարձակալական արժեքները, որի շնորհիվ ֆինանսական մուտքերն են ավելացել: Այսպիսի բարձր ցուցանիշներ ունենք, հուսամ, որ միչև տարեվերջ կպահպանվի: Եվ, բնականաբար, նման հնարավորությունները մեզ թույլ է տալիս անել «շռայլություններ», այն է՝ թատրոնում կատարվում են որոշակի տեխնիկական փոփոխություններ, վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ են տարվել, ժամանակակից անվտանգության համակարգ է ներդրվել, անցակետեր են փոխվել, ներկայացումներին տրամադրվող գումարներն ենք բարձրացրել: Այսպիսով, ուզում ենք ոչ թե հայաստանյան թատրոններին համարժեք դառնալ, այլ՝ համաշխարհային մակարդակի»:

— Տիգրան, իսկ անձնակազմում եղե՞լ են փոփոխություններ:

— Գիտեք, ցանկացած ղեկավար ունի իր ղեկավարման մոդելը, որում կլինեն մարդիկ, որոնք չեն համապատասխանի, կմնան նրանք, ովքեր կհամապատասխանեն: Մենք ոչ մեկին չենք ասել՝ գնա, մենք կոլեկտիվին ներկայացրել ենք վազքի այն ռիթմը, որը մեր աշխատանքում պետք է լինի: Եվ նրանք, ովքեր կարողանում են այդ ռիթմով աշխատել՝ մնացել են, իսկ նրանք, ովքեր մտածել են, որ դա իրենցը չէ՝ հեռացել են:

— Միգուցե ձեր առաջարկած ռիթմը չբավականանցներ, ասենք՝ տարիքո՞վ դերասաններին…

— Ժողովրդական արտիստ Ռազմիկ Բադալյանը, ով 70 տարեկան է, ավելի շատ ներկայացումների մեջ է խաղում… Տարիքը, վաստակը ռիթմի հետ կապ չունեն. կարող ենք ունենալ 25 տարեկան ծերունի և 70 տարեկան երիտասարդ: Ժամանակակից հանդիսատեսն ամեն օր քո առաջ նոր պահանջ է դնում, իսկ հնով դու չես կարողանա բավարարել:

— Աշխատակազմը մե՞ծ է:

— Այո, 115 հոգի հիմնական կազմում են, էլ չեմ ասում պայմանագրային աշխատակիցները:

— Իսկ թատրոնի աշխատակիցը բավարարվա՞ծ է իր ստացած աշխատավարձով:

— Կասեի՝ ոչ: Ցավոք, այն գումարը, որ ստանում են արտիստները, դա քիչ է: Մերոնք բազմակողմանի զարգացած են և ստիպված համատեղության կարգով՝ ֆիլմերում, գովազդային հոլովակներում նկարահանվելով, հեռուստատեսություններում ու ռադիոկայաններում, համերգային ծրագրերում զբաղված լինելով, փորձում են արտիստավայել ապրել: Իսկ մեր կողմից ասեմ, որ նոր մեխանիզմ ենք մշակել գլխավոր ռեժիսորի հետ. այն արտիստները, որոնք ամսվա ընթացքում ավելի շատ ներկայացումներում են զբաղված լինում, նրանց հավելավճարումներ, պարգևավճարներ ենք ավելացնում:

— Ինչպիսի՞ն է այսօրվա թատրոնի հանդիսատեսը:

— Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր թատրոնի հանդիսատեսն երիտասարդացել է: Այս ժամանակահատվածում մեր ամենակարևոր ձեռքբերումը հենց այն է, որ հանդիսատեսի սերնդափոխություն է տեղի ունեցել: Իսկ դրան հասնելն այնքան էլ հեշտ չէր, մի քանի ծրագրերի շնորհիվ է, որ արդյունք ենք գրանցել: Աբոնեմենտների մեծ մասը համալսարանի ուսանողությանն է: Իսկ թատրոնը մեծ ձգողական ուժ ունի՝ մեկ անգամ եղար, ձգողականությունը քեզ հաջորդ անգամներին էլ կբերի: Եվ դպրոցական ծրագրեր ենք առաջարկել, դա բարձր եմ գնահատում, որովհետև հանդիսատեսին դաստիարակում ենք աշակերտական նստարանի հետևից ու հետո նա դառնում է մեր հանդիսատեսը:

— Տիգրան, այսպիսի հարց. ո՞ր տիպի հանդիսատեսի մուտքը ձեզ կզարմացներ կամ կգոհացներ:

— Գիտեք ինչ՝ նրանք, ովքեր արդեն մեր հանդիսատեսն են՝ այլևս թիրախ չեն, կարող է 500 հանդիսատեսի համար չուրախանամ, որոնք մշտապես մերն են, բայց 2-ի համար, որ նոր են՝ կուրախանամ: Բազմիցս եմ ասել՝ քաղաքային, մարզային և այլ գերատեսչային ղեկավարների ոչ թե պրեմիերաներին ներկայանալն է գովելի, այլ նրանց մշտական, առօրեական կապը թատրոնի հետ, ինչը օրինակ կհանդիսանար իրենց կառույցի աշխատակիցների համար: Ես այս ամենը չեմ ասում, որ մտածեն, թե ուզում եմ հանդիսատեսի թիվ ավելացնել, այլ մշակույթի հանդեպ վերաբերմունքն եմ ուզում, որ փոխեն իրենց մեջ:

— Թատրոնի շենքի արտաքին հատվածը, միջավայրը, մանավանդ ամառային շրջանում, ձեզ դուր գալի՞ս է:

— Կան բաներ, որոնք թատրոնի գործառույթներից դուրս են, թատրոնի գեղագիտական ընկալումներին և պահանջներին, բնականաբար, չի կարող լինել համահունչ այն, ինչ կա: Ինչպես ասում են. քո իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղից սկսվում են ուրիշի իրավունքները. գոյություն ունի մեկ այլ կառույց, որը կոչվում է Գյումրու քաղաքապետարան՝ քաղաքի գլխավոր ճարտարապետով, տարածք հատկացնողներով և այլն… Չեմ ուզում խառնվել իրենց գործառույթներին, այդ մասով իրենք են պատասխանատու:

— Թատրոնը տեխնիկական մասով շա՞տ բացեր ունի:

— Ինչպես գիտեք, «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը թատրոնին մոտ 50 հազար եվրո արժողության արևային համակարգ նվիրեց, հատուկ որոշում ենք ընդունել՝ խնայողությունների հաշվին տեխնիկական վերազինման ծրագիր ենք իրականացնում, սա «արևի պես լույս էր» մեզ համար: Աշխարհում ամեն օր է տեխնիկան զարգանում, իսկ մենք դեռ սովետական շրջանի լուսաէֆեկտներն էինք օգտագործում: Ինքներդ պատկերացրեք, այնքան հին, որ երբ մեկի մի դետալը փչանար, ոչ թե հնարավոր էր փոխարինել, այլ դեն նետել էր պետք, որովհետև արտադրող գործարանն արդեն 20 տարի գոյություն չունի: Որոշ փոփոխություններ մենք ենք արել՝ մեր հնարավորություններով, իսկ ամենամեծ աջակցությունը ստացանք պետական ֆիլհարմոնիայից. երբ այնտեղ սկսեցին շենքի վերանորոգման աշխատանքները, չօգտագործվող տեխնիկան, լուսաէֆեկտները՝ բավական թանկ արժողությամբ ու ժամանակակից, նվիրատվության կարգով մեզ տվեցին, որի համար շատ երախտապարտ ենք: Այնպես որ, նոր թատերաշրջանում հանդիսատեսը շատ փոփոխություններ կտեսնի:

— Իսկ բեմական ռեկվիզիտի, հագուստների…

— Անպայման, իհարկե, դրանք ևս առաջնային են: Մենք մի սկզբունք ենք որդեգրել՝ նոր ներկայացումների մեջ չենք օգտագործի այն, ինչ ունենք. սկսած բեմի ձևավորումից և վերաջացրած հագուստով և այլն: Տարեկան 7-8 ներկայացում ենք պլանավորել, հանդիսատեսն էլ շատ է փոխվել, տեսած է, նրան հնի պրիմիտիվությամբ չես գոհացնի, անգամ երեխաներին, որ հեքիաթներ ենք ներկայացնում, պետք է հնարավորինս վերազինված լինենք նորօրյա տեխնիկական միջոցներով. 3D, ու չգիտեմ էլ ինչ:

— Փոքր դահլիճի աշխատանքներն ինչպես են ընթանում:

— Այն նույնպես ակտիվ է… ներկայացում, համերգային ծրագիր: Մի բանի մասին էլ կուզեմ ասել. քչացել են բազմաճաշակ համերգների համար վարձակալումները, սա չի նշանակում, թե մենք խոչընդոտ ենք հանդիսանում, այլ կարողացել ենք ներկայացումներով զբաղեցնել օրերը՝ մեկ ամսում 17 ներկայացում, դա նշանակում է, որ մշակութապես հագեցրել ենք դաշտը: Մենք կենտրոնացած ենք հիմնադրամի զարգացմամբ. մշակույթի նախարարն իր կողմից առաջին ներդրումն արեց, ներդրումներ արեցին մեր մարզից ընտրված պատգամավորներից որոշները, մեր աշխատակազմն է ամենամսյա աջակցություն ցուցաբերում, մեր մշակած ծրագրերից ենք հասույթ տրամադրում: Օրինակ՝ աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը նոյեմբերին նախատեսում է համերգ, որի հասույթը փոխանցելու է հիմնադրամին, նաև մի շարք այլ բարի կամքի տեր մարդիկ, ազատ է, ով ուզում է, ով բարձր է գնահատում ու կարևորում է մշակույթը, կարող է մասնակիցը լինել:

Հաջորդ տարի շատ մեծ նախագիծ ենք նախատեսել. առաջին անգամ Գյումրու դրամատիկականի բեմում կլինի օպերային ներկայացում՝ մեր արտիստների և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային արտիստների մասնակցությամբ… Մնացածը հիմա չեմ ասի, թող մնա որպես անակնկալ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ