ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Իգական սեռի երիտասարդ գործարարը կամ՝ դեռ կարծրատիպեր ենք կոտրում 

Հարցազրույց «Զեբրա» ավտոդպրոցի համահիմնադիր ԷԼԻԶԱ ԳԻՆԵՑՅԱՆԻ հետ:

— Էլիզա, հետաքրքիր է լսել քո կարծիքը՝ որպես իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչ, որը մի բիզնեսում է, ինչը «մեր ժամանակ» բացառապես տղամարդկանց գործունեության ոլորտն էր:

— «Մեր ժամանակներում» կարծես թե նման կարծրատիպեր չկան, սեռականությամբ չի պայմանավորվում բիզնես-գործունեությունը… Ընկերներով որոշեցինք և հիմնեցինք ավտոդպրոցը: Դժվարությունները, որպես այդպիսիք, սեռ չեն ճանաչում, դրանք այն են, ինչը բիզնեսով զբաղվողների մոտ կարող է հանդիպել: Բայց, այստեղ երիտասարդ լինելը Ձեր հարցի համատեքստում, որ հնչեցրիք, խնդիր ունի, քանզի երիտասարդների հանդեպ մի քիչ անվստահություն կա, իբրև փորձ չունենք, նույնիսկ ասում են՝ «Դեռ իրենք չսովորած՝ արդեն իրենք են սովորեցնում»: Սակայն մի պարզ ճշմարտություն կա. կոնկրետ մեր ավտոդպրոցում ընդհանրապես խնդիր չկա, քանզի անձամբ ես չեմ սովորեցնում, այլ կան համապատասխան լիցենզավորված, տարիների փորձ ունեցող մասնագետներ, ովքեր սովորեցնում են: Իմ գործը, որպես բիզնեսի ղեկավար, ընդհանուր մենեջմենթն իրականացնելն է: Շուտով մեր ավտոդպրոցի գործունեության երեք տարին կլրանա, իսկ արդեն կես տարի է, նաև Կապանում ենք մասնաճյուղ հիմնել:

— Հարցս եռաշերտ էի պատրաստվում տալ. երիտասարդ, իգական սեռ և բուն գործունեության ոլորտ. դու սպառիչ պատասխանեցիր…

— Ես հասկացա, թե ինչու եք այս հարցադրմամբ սկսել, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ քաղաքում արդեն վաղուց կին-վարորդներ կան, բայց դեռ նրանց հանդեպ արական սեռի կողմից վերաբերմունքը անվստահելի է, վերապահումով է: Այդուամենայնիվ, թող գովազդ չդիտվի, բայց մեր ավտոդպրոցում ուսուցանողները պրոֆեսիոնալներ են: Մենք նաև մոտոդասեր ունենք: Ի դեպ, կարծրատիպի առումով մի դիտարկում էլ անեմ. այո, շատ դեպքերում, երբ մեզ զանգում են՝ պայմաններին ծանոթանալու համար, հարցնում են, թե միայն աղջիկների խումբ ունե՞նք, կամ հարցնում են՝ կին վարորդ-հրահանգիչ ունե՞ք. եղբայրս կամ ամուսինս միայն այդ դեպքում կթույլատրի… Այսինքն, այդ արգելքը դեռ կա: Ու զարմանալին ո՞րն է. ի վերջո, այդ զանգահարողների 90 տոկոսը տաքսի-ծառայություններից բնականաբար օգտվում են. ի՞նչ է, տղամարդ տաքսիստն ընդունելի է, իսկ տղամարդ վարորդ-հրահանգիչը՝ ո՞չ… Տարօրինակ չէ՞: Բայց դե, սա մեր քաղաքն է, իր ուրույն դիմագծով ու մենթալիտեդով, և միայն մեր ավտոդպրոցով կարծրատիպերն ամբողջությամբ չենք կարող կոտրել:

— Իսկ քո ընտանիքը ինչպե՞ս ընդունեց, երբ հավանաբար կիսվեցիր քո նախաձեռնությամբ:

— Շատ նորմալ: Մանավանդ, գրեթե 9 տարի բիզնես ոլորտում եմ աշխատել, մասնագիտությամբ ֆինանսիստ հաշվապահ եմ, միշտ բիզնեսում եմ եղել, բայց սեփականս չի եղել, սակայն սեփականի պես առաջ եմ տարել՝ թեկուզ որպես բիզնեսի զարգացման մասնագետ: Եվ մերոնք պատրաստ էին: Իսկ ես հասկանում էի, որ որոշակի գիտելիք եմ կուտակել, սկսած ուսանողական տարիներից, աշխատանքային փորձով՝ տարբեր կազմակերպություններում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր, և հասկացա, որ ժամանակն է ի գործ դնել: Իմ աշխատանքի արդյունքում փոքրիկ խնայություն ունեի, ինչպես նշեցի, նաև բիզնեսի կառավարման փորձ էի ձեռք բերել, և որոշեցի ներդնել, ունենալ կողքից եկամտի աղբյուր, ինքնառեալիզացվել:

— Իսկ ինչո՞ւ հենց ավտոդպրոց:

— Տարիներ առաջ նման փորձ ունեցել էինք, ես ներդրում էի կատարել, ընկերներով աշխատել էինք, հետո որոշեցինք հենց մերն ունենալ: Այդ ժամանակ քաղաքում պահանջարկ կար: Մենք էլ գտանք, որ կարող ենք:

— Մի հարցի հանգեցրեցիր. վերջերս ինչ թափով որ զարգացել է այս կամ այն մասնագիտությամբ դաս տվողները, նույն զուգահեռությամբ էլ, երբեմն ծաղրելով, մարդիկ ասում են՝ «Տեսեք, բիզնես-կառավարելու դասեր է տալիս, բայց ինքը ոչ մի բիզնես չունի, գրպանում անգամ կոպեկ չունի»:

— Այո, մենք հիմա շատ սոցիալականացված ենք, ու ամեն ինչը սոցիալական հարթակներում կա: Եվ երբ մի բան փնտրում ես, հետո ինքն է սկսում քեզ առաջարկել: Ճիշտ է, մարդիկ կան, որոնք կյանքում բիզնես չեն ունեցել, բայց դաս են տալիս, թե ինչպես զերոյից բիզնես հիմնել: Ինչ խոսք, ուսանելի կլիներ, եթե այս դասավանդողները սեփական սխալների ու ձախողումների վրա սովորած լինեին ու զարգացնեին իրենց բիզնեսը, ու հիմա էլ խորհրդատվություն տային՝ սեփական փորձը փոխանցելու համար: Եվ ճիշտ եք, անչափ շատ են դաս տվողները. ասում են՝ երկու ամսում մարքեթոլոգ կդարձնենք, կամ ծրագրավորող… Երկմտություն է առաջանում. էդ որ այդքան հեշտ է մասնագետ դառնալը, ինչու են մարդիկ տարիներով բուհերում սովորում, մասնագիտական փորձ ձեռք բերելու համար աշխատանքային ճանապարհ անցնում: Չնայած այդ ամենին, ուրախ եմ, որ ոմանք փորձում են ինչ-որ բան անել, իսկ ոմանք էլ փորձում են նոր մասնագիտություն ձեռք բերել, թեկուզ այնքան խորացված չլինի, բայց դա ավելի նախընտրելի է, քան ոչինչ չանելը: Ես օրինակ, ոչ թե կգովազդեի՝ «Երկու ամսում դարձիր մաքեթոլոգ», այլ ազնիվ կլիներ, երբ հայտարարեի՝ «Երկու ամսում ծանոթացիր մարքեթինգին»:

— Ուսումը դեռ մի կողմ, բայց երբ համոզում են, թե բիզնես կառավարել կսովորեցնենք, դա է տարօրինակը, ի վերջո, բիզնեսը գիրք չէ, որ կարդաս, դա նախ գիտելիքներ է, շուկայի ուսումնասիրություն է, ֆինանսական հնարավորություն է և այլն…

— Այո, մեզ մոտ այդ կարծրատիպն էլ կա. ասենք՝ բացել ես սրճարան, վերջ: Բայց նախքան բացելը ու բացելուց հետո տարբեր աշխարհներ են: Եթե անգամ բիզնեսի տերը մարքեթոլոգ չէ, բայց ժամանակակից կյանքը այնպես արագընթաց է զարգանում, որ հաջողության հասնելու համար պետք է ամեն ինչից գաղափար կազմես, որ կարողանաս դիմանալ մրցակցությանը: Մի ճապոնական ասացվածք կա, որը ես շատ եմ սիրում, ասում է՝ «Ջրհորում ապրող գորտը չգիտի աշխարհի մեծության մասին»: Թող որոշ մարդկանց չթվա, թե իրենք ամեն ինչ գիտեն, մինչդեռ աշխարհն այնքան ընդարձակ է:

— Իսկ ի՞նչ կարծիքի ես գործընկերներով բիզնես հիմնելու մասին. հայերիս մոտ մի այլ կարծրատիպ էլ կա, ասում են՝ «Ընկերոջ հետ եթե չես ուզում հարաբերություններ փչացնել, բիզնես մի դիր», կամ՝ «Համարյա բոլոր ընկերովի բիզնեսներում էլ հետագայում կռիվ է ընկնում»…

— Երբ որ ընկերովի ինչ-որ գործ է դրվում, պետք է այն գիտակցությունը ունենաս, որ որքանով քոնն է, այնքանով էլ մյուսինն է: Համենայնդեպս, միգուցե մենք նման խնդրի չենք հանդիպել, որովհետև յուրաքանչյուրիս համար «Զեբրան» միակ եկամտի աղբյուր չէ: Մենք մեր «Զեբրան» փայփայում ենք, ոչ թե քամում ենք:

— Դու նաև դասավանդում ես, չէ՞:

— Ես դասավանդել եմ Ճարտարագիտական համալսարանի քոլեջում՝ հաշվապահություն: Բայց դասավանդման փորձն ավելի շատ ոչ ֆորմալ հարթակում է՝ որպես դասընթացավար, տարբեր ծրագրերում եմ ներգրավված եղել, որպես ֆինանսական կառավարում: Նախորդ տարի գրեթե 4-5 ամիս տարբեր գյուղական համայնքներում ագրոբիզնեսի վերաբերյալ ծրագրում էինք, իմ մասն, իհարկե, ֆինանսների կառավարումն էր: Շատ գոհ ու ոգեշնչված եմ այդ դասընթացներից: Ես հասկացա, որ այն կուտակած փորձը, որ ես ունեմ, ճիշտ է, որպեսզի տամ: Մարդիկ կան, որ իրենց կարդացած երեք գրքից պրեզենտացիաներ են պատրաստել, ու աջ-ձախ դա են վաճառում: Սակայն առանց փորձի այդ գիտելիքը մերկ է: Իմ ունեցած կամ իմացածը փորձի ենթարկվեց, երբ արդեն սեփական բիզնեսն ունեցա, ուր մնաց փորձ չունենաս, բայց խորհուրդ տաս, թե ինչը ոնց անեն. անկեղծ չէ, ազնիվ չէ:

— Հայաստանը փոքր է, սակայն ինչպես որ մարզերի է բաժանված, նույնկերպ էլ մարդիկ, բարբառը, նիստուկացն է տարբեր: Այ դու, երբ նույն թեմայով տարբեր մարզերում ես աշխատել, ի՞նչ ես նկատել:

— Այդպես էլ կա: Օրինակ, երկու մարզերի գյուղերում ենք եղել, մետրերի հեռավորության վրա գտնվող, բայց շատ տարբեր: Չեմ կարող հատուկ չանդրադառնալ Գետաշենի դպրոցին, որտեղ տնօրենը ինքնատիպ պայմաններ է ստեղծել, այն Հայաստանում որպես միակ էկո-դպրոցի է վերածել: Թե ինչ ոգևորությամբ, էնտուզիազմով է մարդն աշխատում, որ ուզում ես դա վարակիչ լինի ու մյուսներին էլ փոխանցվի: Հետո, մարզեր կան, որտեղի երեխաներն ավելի ակտիվ են, իսկ ես էլ որպես երիտասարդ, սակայն պատասխանատվությամբ եմ մոտենում այն ամենին, ինչը եկող սերունդին կկրթի, կզարգացնի, թեկուզ կամավորական հիմունքներով, պատրաստ եմ: Մեզ համախմբող ռազմավարություն է պետք, որ հաստատուն քայլերով առաջ գնանք: