ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Իմ սեր՝ Գյումրի»

Հարցազրույց Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:

— Լիլիթ, այս տարի Քաղաքի օրը նշվելու է սեպտեմբերի 5-ին, թեպետ այս տարվանը կտարբերվի նախորդներից:

— Այս մասին խոսելիս, ես միշտ նույն նախադասությամբ եմ սկսում. աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար խիստ արտասովոր ու անսովոր է առանց հյուրերի տոն նշելը: Ամեն ինչ կարող էինք պատկերացնել, ամեն ինչի հոգեբանորեն երևի պատրաստ էինք, բայց որ Գյումրիի նման հյուրընկալ, հյուրասեր օջախի տան դուռը բացող չի լինի՝ սա ամենաբարդն է: Բայց, ինչ խոսք, այս վիճակում միայն մենք չէ, որ հայտնվել ենք, այլև հայտնվել է ամբողջ աշխարհը: Մնում է միայն համակերպվել և գտնել այն բոլոր հնարավոր միջոցները, որ կարողանանք քաղաքի տոնական տրամադրությունը ստեղծենք, տոնական մթնոլորտ հաղորդենք, նոր բացվող կառույցների, մարզադպրոցների, մշակութային օջախների, վերակառուցվող հուշահամալիրի կարևորությունն հասցնենք այն բոլոր մարդկանց, ովքեր մեզ կփնտրեն համացանցում, կհետևեն հեռուստաընկերությունների եթերներին, ուղիղ միացումներին, լրատվամիջոցների էջերին:

— Ասել է թե՝ ծնունդը հեռավար ենք անելու…

— Այո, փորձելու ենք այդ օրը վաղ առավոտից սոցիալական հարթակի բոլոր հնարավոր ցանցերն ու էջերը ծառայեցնել Գյումրիին, Գյումրիի պատմությանն ու մարդկանց, այդ օրը Գյումրիում իրականացվող, ցավոք առանց քաղաքացու ակտիվ ներկայության տոնական իրադարձությունների լուսաբանմանը:

— Այնուամենայնիվ, մեր ժողովրդի բնավորությանը բնորոշ հարցնեմ. հե՜չ մարդ չպիտի գա մեր ծննդի՞ն:

— Անվանական գուցե չկարողանամ ասել, թե ովքեր, բայց ենթադրում եմ, որ կառավարությունից մարդիկ կլինեն: Հիմնականում պաշտոնական միջոցառումներ են լինելու, բացման արարողություններ… Մենք Արտակարգ դրության այս պայմաններում չենք կարող լայնասրտորեն մարդկանց հրավիրել, ասել՝ եկեք:

— Իսկ ի՞նչ նորություններ ենք ունենալու քաղաքում:

— Այդ օրը բացելու ենք Գյումրու համայնքային հին գրադարանը՝ նոր հասցեում. Գյումրու Կենտրոնական գրադարանը տեղափոխվում է քաղաքապետարանի առաջնային հարկաբաժին: Քաղաքապետարանի նկուղային հարկաբաժնում բացելու ենք Գյումրու պատմության թանգարանը, որտեղ ցուցադրվելու է Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցանմուշները: Նույն հարկում բացվելու է համայնքային ցուցասրահ, որը գոնե վերջին 25-30 տարիների ընթացքում այնքան անհրաժեշտ էր, պահանջված էր քաղաքի արվեստագետների, նկարիչների կողմից: Սա մի տարածք կլինի նկարիչների աշխատանքների ցուցադրության համար, որի չլինելու պատճառով տարիների ընթացքում արվեստագետները չէին ցուցադրվում: Բացվելու է լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի անվան հիմնանորոգված ու բարեկարգված «Ծանրամարտի մարզադպրոցը»: «Մայր Հայաստան» հուշահամալիրը թարմացված, բարեկարգված, մինչ 1988թ. նախկին տեսքին բերված, գեղեցկացած՝ քայլուղիներով, ճեմուղիներով կներկայացնենք մեր համաքաղաքացիներին ու հյուրերին, իհարկե, առցանցային տարբերակով: Բացի այս ամենից, մենք պատրաստել ենք Գյումրուն նվիրված տեսահոլովակներ, տեսաուղերձներ, հատուկ տեսաբացիկներ ենք պատրաստել, և քաղաքի հայտնի, ճանաչված ու սիրված, հարգանք վայելող մեր համաքաղաքացիներն ու այլոք իրենց հոգու և սրտի խոսքը կհղեն քաղաքի օրվա կապակցությամբ: Նաև գեղեցիկ տոնական համերգային ծրագիր ունենք նկարահանած՝ բացառիկ տեխնիկական ու լուսային էֆեկտներով հագեցած:

— Մի պահ հիշեցի, որ կարանտինի շրջանում շատ երկրներում հայտնի երաժիշտերն ու երգիչները, փորձեցին արվեստի ձայնի միջոցով խզել պանդեմիայի լռությունը: Կարո՞ղ է Քաղաքի օրը նման անակնկալներ էլ լինեն:

— Մենք այդ մասին երկար մտածեցինք, բայց հաշվի առնելով մեր համաքաղաքացիների բնավորությունը, նրանց՝ քաղաքը շատ սիրելու զգացմունքներին ծանոթ լինելով, եթե հանկարծ իմանան, որ քաղաքի որևէ անկյունում որևէ միջոցառում է լինելու, նրանք հաստատ կիջնեն, կմոտենան, մարդկային կուտակումներ կլինի… Բայց մենք այս իրավիճակում իրավունք չունենք մարդկանց առողջությունը վտանգել: Ամեն ինչ անելու ենք, որ հանկարծ կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշների անգամ չնչին աճ չունենանք: Այդ պատճառով մենք բոլոր հեռարձակվող միջոցները, հայտնի բլոգերներին, գյումրիական կայքերին ու կոնտենտ ունեցողներին հնարավորություն ենք տալիս առցանց կապուղով ներկայացնելու քաղաքային միջոցառումները: Նրանք, ովքեր կուզենան սոցցանցերում հրապարակել քաղաքից հին ու նոր լուսանկարներ ու հոլովակներ, հորդորում եմ օգտագործել #Գյումրի,  #«Իմ սեր՝ Գյումրի» հեշթեգերը, որպեսզի ավելի լայն սփռում ունենանք: Ի դեպ, այս տարի մեր քաղաքի գլխավոր ուղերձն է՝ «Գյումրի՝ իմ սեր» խորագիրը: Օգտվել ենք գծանկարիչ Լևոն Լաճիկյանի համանուն գծանկարներից: Ինչո՞ւ «Իմ սեր՝ Գյումրի»: Որովհետև մեր քաղաքը խաղաղության խորհրդանիշ է, որովհետև մեր դժվարությունները հաղթահարում ենք սիրով միավորված, քաղաքի նկատմամբ սերն է մարդկանց պահել: Եվ մեր այդ սերը մենք կփորձենք սփռել աշխարհով, մեր ուղերձով ուզում ենք հասցնել, որ աշխարհում տեղի ունեցող անզենք ու զենքով պատերազմները տեղի են ունենում սիրո բացակայությունից: Եթե մենք օրորոցից սեր նվիրենք իրար, սիրենք կյանքն ու աշխարհին՝ առանց ռասայի, կրոնի ու ազգային խտրականության, ապա սերը հաստատ կփրկի մարդկային կյանքերն ու աշխարհը: Սերը միակ միջոցն է՝ ըմբոստացած ու փոթորկված աշխարհը խաղաղեցնելու: Եվ մեր նկարահանած տոնական համերգն այդ ուղերձով է առաջնորդվում:

— Կարծում եմ, ծախսերը քաղաքային բյուջեից շատ չեն լինի:

— Ինչպես գիտեք, քաղաքի բյուջեն կազմելիս, ավագանու կողմից քաղաքային գլխավոր միջոցառումների համար գումարները նախապես հաստատվում են: Այս տարվա համար նախատեսված էր 8 միլիոն դրամ: Սակայն, հասկանալի է, որ այս անգամ շատ ավելի քիչ գումար է ծախսվելու: Հիմնականում ծախսեր են գնում տեսահոլովակների, տեսաուղերձների, համերգային ծրագրի նկարահանումների վրա: Ի դեպ, այդ օրը գյումրեցի խանդավառ երիտասարդների կողմից քաղաքին նվիրված երգի և տեսահոլովակի պրեմիերան է լինելու, հիմքում դարձյալ սերն է՝ «Հաղթել սիրով» վերտառությամբ: Մենք գյումրեցի մանուկների ձայնով աշխարհին ասում ենք, որ՝ թող լռեն աշխարհի բոլոր թնդանոթները, որպեսզի երկինքները դառնան արևների տունը: