ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ինձ դրել էին «ոսկե ձու ածողի» տեղ

Ունևոր ընտանիքի աղջիկ եմ: Եղբայրներս ամուսնացած են, ամեն մեկը բիզնեսի տեր: Հայրս ու մայրս ժամանակին պաշտոններ են զբաղեցրել, հետագայում հայրս նաև բիզնեսներ է հիմնել: Մինչ այժմ հայրս ղեկավարում է իր բիզնեսները, որոնք ճյուղավորել է՝ եղբայրներիս բաժին հանելով:

Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, պիտի խոստովանեմ, հանդես գամ ինքնաքննադատությամբ: Որպես տան փոքր աղջիկ՝ ինձ երես են տվել: Դրան զուգահեռ, եթե ընկերներս իմ մասին խոսեն, պիտի ասեն, որ ընկերությանը նվիրված, հոգի տվող անձ եմ, երբեք գոռոզ, ինքնահավան չեմ եղել:

Երկրպագուներս իրար կոկորդ էին կրծում, իսկ ես անհոգ ծիծաղում էի, քանզի մտքումս որոշել էի ամուսնանալ թեկուզ չունևոր, բայց սրտիս ուզած տղայի հետ: Եվ շատ չուշացավ «սրտիս ուզած» տղան: Արտաքնապես գեղեցիկ էր, գրավիչ: Նա մի քանի ամիս շարունակ հետևում էր, հայտնվում այնտեղ, որտեղ ես էի լինում: Երբ, ի վերջո, մոտեցավ ինձ, ես նրա մասին արդեն գիտեի համարյա ամեն ինչ. հայրը՝ զինվորական, մայրը՝ ուսուցչուհի: Նա ընտանիքի միակ զավակն էր: Մեր միջև սեր ծնվեց: Ամուսնացանք: Հայրս բնակարան նվիրեց ու մենք տեղափոխվեցինք մեր բնակարանը: Հետագայում այն կահավորվեց հորս ու եղբայրներիս օգնությամբ:

Մի քանի ամիս երջանիկ ամուսնական կյանք ապրեցինք՝ մինչև այն պահը, երբ նրան ասացի, որ բավական է ապրենք ծնողներիս օգնությամբ, այլ պետք է մեր տունը մենք պահենք: Ասես 180 աստիճանով խոսքերս փոխեցին ամուսնուս. սկսեց տանից երկար ժամանակով բացակայել, ինչ-որ ընկերախմբով թափառել, ինձ պահանջներ ներկայացնել, թե՝ ամոթ է, էս ընկերս էսպես-էնպես է հագնվում, էն ընկերոջս աները մեքենա է գնել, էն մյուսը… Զարմանքից լլկվել էի. ես, որ ամեն ինչով ապահովված եմ ապրել, երբեք այս ընթացքում նրա դեմ պահանջներ չեմ ներկայացրել, իսկ նա… ասես դերերը փոխված լինեին:

Երբ նրա իրական դեմքը պատռվեց, ես նոր միայն հասկացա, որ ամուսինս՝ իր փառասեր ընտանքի հետ միասին, նախօրոք պլանավորել էին հարուստի տնից հարս բերելու օպերացիան, որը նրանց բարեկեցության նախապայմանն էր հանդիսանալու: Ինչում իրենք չէին սխալվել: Բաժանվեցինք… Ես հեռացա: Նրանք սկսեցին ջանասիրաբար «աշխատել» դատարաններում՝ ապացուցելով, որ ես անբարո կյանք եմ վարել ու, քանի որ ես եմ բաժանության հայց ներկայացրել, ուրեմն ունեցվածքը պետք է գանձել ի հօգուտ իրենց: Թքելով եղած-չեղածի վրա, գույքը «նվիրաբերեցի» սիրասուն ամուսնուս, տունը վաճառեցինք՝ կեսը նրան բաժին հանելով: Իսկ «անբարո» կյանք վարելու փաստերն էլ հանդիսանում էին գործընկերներիս հետ աշխատանքային հարաբերությունները…

Մեկ տարի անց գործընկերներիցս մեկին հաջողվեց ինձ համոզել, որ ոչ բոլոր տղամարդիկ են էգոիստ ու փառասեր: Բայց շուտով պիտի հակառակն ամրապնդվեր իմ մոտ. նա ևս մեծ հույսեր էր փայփայում, թե կարող է հայրս աղջկան երկրորդ անգամ բախտավորեցնելու համար՝ փեսային մեծ փայ հանի, որպեսզի նրա ընտանիքը երբևէ կարիքի մեջ չապրի:

Այսօր ատելությամբ եմ լցված տղամարդկանց հանդեպ ու չեմ հավատում նրանց սին խոսքերին ու դատարկ զգացմունքներին… Նրանք ասես ամենուրեք թակարդներ են դնում, իսկ ես ճարպկորեն բացահայտում ու շրջանցում եմ՝ անիծելով հորս հարստությունը:

Անանուն


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: