Հարցազրույց «Արտ լանչ» սննդի կետերի և «Պոպոք» հյուրանոցային ցանցի համահիմնադիր, «Մանթաշով» միության անդամ ԲԱԿՈՒՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Մելքոնյան, Դուք բավական ակտիվ գործունեություն եք ծավալում ոչ միայն մինչ կարանտինը, այլև դրա ընթացքում էլ, և արտակարգ դրության մեղմացումից հետո էլ: Սկզբի համար, նախ մեր ընթերցողին Ձեզ հետ ծանոթացնենք:
— «Արտ լանչ»-ի գործունեությունը սկսել ենք ամուսիններով՝ 2002թ-ից: Հիմնադիրը կինս է՝ Գայանե Մարգարյանը: Սկսել ենք բացառապես տանից սննդի առաքումներով: Եթե հարցնեք, թե նման բիզնես սկսելն ինչ հեռահար նպատակներով էր, միգուցե հիասթափեցնեմ կամ զարմացնեմ՝ առանձնապես ոչ մի, ուղղակի օրվա հաց վաստակելու հնարավորություն էր: 2 տարուց տանից տեղափոխվեցինք ավտոտնակ, և արդեն փոքր եկամուտ էինք ապահովում: Հետո մասնակցեցինք USAID-ի կողմից աջակցության ՓՄՁ ծրագրերի, երկու դրամաշնորհային ծրագիր շահեցինք: Արդեն տեղափոխվեցինք մեծ տարածք, որի առաջին հարկը վերածեցինք խոհանոցի, որտեղից էլ 6-7 տարի առաքումներն էինք շարունակում: Արդեն ունեինք վստահելի անուն, մեծ փորձ: Հետագայում մասնակցեցինք բազմաթիվ մրցույթների, և մեր առաջին լուրջ հաջողությունը, որ գրանցեցինք՝ «ԱրմենՏել»-ի վարչական շենքի ճաշարանի տենդերը շահելն էր: Արդեն առաքումները դադարեցրինք, սակայն փորձն ու հմտությունները պետք եղան համաճարակի ժամանակ: Քանի որ մեր բոլոր կետերը փակվել էին, վերադարձանք մեր իմացած հնին:
— Բայց, եթե մյուս ոլորտները տուժել են կարանտինից, սնունդի ոլորտը, պետք է որ շահեկան վիճակում լիներ:
— Եթե մեր ընկերության գործունեության մասով դիտարկենք, ապա, մեր աշխատանքի առանձնահատկությունն այն էր, որ մենք սնունդով էինք ապահովում հիմնարկություններին, իսկ վերջիններս կարանտինի պատճառով փակվեցին, ինչի հետևանքով փակվեցին նաև մեր սննդի կետերը: Նույնիսկ այսօր դեռ այդ կետերում մոտ 20-30% զբաղվածություն է: Բավարարվում ենք այնքանով, որ հասցնենք մարդկանց աշխատավարձերը: Իսկ մեր աշխատակիցների թիվը… Դեռևս մարտի 12-ին էր, որ մենք ընդունեցինք մեր 1000-րդ աշխատակցին. մեծ շուքով, նվերներով… Մարդը զարմացած էր մնացել, թե ո՞նց, հակառակը չպիտի՞ լիներ… Իսկ հաջորդ օրվանից արդեն սկսվեց թագաժահրը: Բայց մենք աշխատակից չկրճատեցինք, ավելին՝ այժմ 1075 է:
— Սննդի բարձր որակի շնորհի՞վ էր, որ ՊՆ-ի կողմից հայտարարված տենդերի շահողներից մեկն եղաք:
— 5 կազմակերպություն է իրականացնում բանակի սննդի մատակարարումը: Նկատած կլինեք, որ ես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ եմ, հաճախ եմ գրառումներ անում: Գովեստի շատ խոսքեր եմ ստանում զինվորների ծնողներից: Սա շատ ոգևորիչ է՝ ոչ թե բիզնեսի առումով, այլ՝ հոգեկան բավարարության: Առաջին զորամասում, երբ արդեն բացվել էր մեր խոհանոցը, խոհարարն հուզված պատմեց, թե կյանքում շնորհակալություն շատ էր լսել, բայց այդքան օրհնանք… Մի զավեշտալի դեպք պատմեմ. երեխային ծառայության են տանում, մայրն ինձ գրում է՝ «Ոնց անենք, որ երեխաս ընկնի այն զորամասը, որտեղ «Արտ լանչ»-ն է սնունդ մատակարարում… Սիրտս հանգիստ կլինի՝ երեխաս մամայի եփածի համին սնունդ կստանա»… Ամեն դեպքում, ի ուրախություն զինվոր ունեցող ծնողների, ասեմ, որ պիլոտային ծրագրի հաջողությունն ակներեև է, և մինչև տարեվերջ և՛ Հայկական, և՛ Արցախյան ՊՆ բոլոր զորամասերում էլ սննդի մատակարարման կարգի փոփոխություն կլինի:
— COVID-ով վարակակիրների սննդի մատակարարման խնդիրն էլ է «Արտ լանչ»-ը լուծում:
— Ի սկզբանե բաց մրցույթ էր հայտարարվել՝ 28 հոգու համար: Ուրիշ ընկերություն չմասնակցեց, միայն մենք էինք: Եկամտի մասին խոսք գնալ չէր կարող, ավելի շուտ՝ սոցիալական պատասխանատվություն էր, որ մեկ օր առաջ պետք էր արձագանքել: Իսկ Ծաղկաձորի «Գոլդեն Փալասից» հետո, երբ դեպքերն ավելացան, մենք միայնակ չէինք հասցնի, արդեն 7-8 կազմակերպություն ներգրավվեց:
— Կարանտինի պատճառով ֆինանսական կորուստները մե՞ծ են:
— Մի հարցազրույց էի տվել, հարցրել էին, թե կարանտինի, տնտեսական ճգնաժամի ժամանակ ի՞նչ կարելի է անել: Ես մանրամասնել էի, որից «Կարելի է շահած դուրս գալ» արտահայտությունս դուրս բերելով՝ մարդիկ սխալ էին հասկացել՝ կարծելով, թե ես նկատի ունեմ գումարով շահելը… Տրամաբանական կլիներ, եթե մենք դիմակ, ալկոգել արտադրող լինեինք: Շահած դուրս գալը միայն գումարով չէ: Օրինակ բերեմ ստարտափների վրա. վենչուր կապիտալիստական ֆոնդերը կամ ցանկացած սկսնակ բիզնես ֆինանսավորողները, այն բիզնեսին չեն ֆինանսավորում, որը ֆինանս աշխատող է, այլ այն բիզնեսի մեջքին են կանգնում, որն ունի կրեատիվ բիզնես-իդեա և լավ թիմ: Իսկ իմ ասած՝ շահած դուրս գալը նշանակում էր, որ մենք օգտվեցինք կառավարության սուբսիդավորվող վարկից, որն ուղղվելու էր աշխատողների աշխատավարձերի ֆոնդին: Նույնիսկ ընկերներս զարմացած հարցնում էին, թե ինչիս է պետք այս պայմաններում վարկերի տակ մտնելը, աշխատող ընդունելը: Ասում եմ՝ լավ աշխատողը, լավ կադրը լավ թիմ է ձևավորում, որը բիզնեսի հաջողության գրավականն է: Եթե ամիսներ առաջ, տնտեսական պիկի ժամանակ, լավ մասնագետն աշխատանք ուներ, բարձր աշխատավարձ էր ստանում, սակայն պանդեմիայի հետևանքով, ձեռնարկության, արտասահմանյան կազմակերպությունների փակման պատճառով մարդիկ կրճատվել են, ապա այսօր մենք աշխատակից ենք ընդունել, որին ձեռք բերելու համար շատ ժամանակ ու ֆինանս էր հարկավոր: Հիմա այն պահն է, որ կարող ես լավագույն մասնագետներից թիմ ձևավորել, այն ժամանակահատվածն է, որ այնպիսի բիզնես-գաղափարներ իրագործես, որոնք նախկինում՝ լավագույն մասնագետների բացակայության պատճառով, այն պահարանի խոր դարակում էիք պահել…
— Դուք նաև հյուրանոցային ցանցի համահիմնադիր եք: Սա մի ոլորտ է, որն երևի ամենաշատն է տուժել:
— Եթե հյուրանոցների աշխատանքի խնդիր կա, ասենք, Երևանում, ապա Դիլիջանի, Ծաղկաձորի մեր հյուրանոցներն ակտիվ աշխատում են:
— Նկատի ունեք ներքին տուրիզմի զարգացո՞ւմն է նպաստել ակտիվությանը:
— Այո և, եթե ներքին տուրիզմի համար ճիշտ մարկետինգ տարվի, ապա մարդիկ կօգտվեն: Եթե ինչ-ինչ վիճակագրական տվյալներ անցյալից վերցնենք, կամ նույնիսկ իմ անձնական ուսումնասիրությունների վրա հենվեմ, ապա Հայաստան ժամանողների թվի կրկնակին դուրս էր գնում: Այո, 2019-ը զբոսաշրջության զարգացման պիկ ապրեց, ու պանդեմիան հոսքը կանգնեցրեց: Ըստ ամենայնի, եթե եվրոպական երկրները բացեն սահմանները, մենք մի տուրիստի դիմաց 100 դուրս գնացող կունենանք: Հիմա, եթե ասեմ, թե ուրախ եմ, որ կարանտինի պատճառով հնարավորություններն են ավելացել, կարող է էլի սխալ ընկալվեմ, բայց, իրոք, ներքին տուրիզմի զարգացումը վերելք կապրի: Բավական է միայն կարողանանք այնքանով շահել, որ աշխատակից չկրճատենք, հասցնենք կոմունալ ու հարկային պարտավորությունները: Նաև այս շրջափուլում մենք մի գաղափար կարողացանք կյանքի կոչել. դա վրացական ORBI սիստեմի նման է: Հանգստի վայրում, մեր դեպքում՝ Դիլիջանում, ստեղծել ենք փոքրիկ թաղամաս, և սեփականատերերը կարող են տուրիստներին վարձակալությամբ տրամադրել իրենց առանձնատները: Ի ուրախություն մեզ, արդեն 80%-ը վաճառվել է: Կարծում եմ, 2 տարուց տուրիզմը մեծ վերելք կապրի, որովհետև մարդիկ շրջագայելու կարոտով՝ պլաններ կմշակեն: Այս տարին բարով-խերով ավարտենք, մյուս տարի ամբողջ աշխարհը տնտեսական ճգնաժամի հետևանքների վերացմամբ զբաղված կլինի, իսկ արդեն 2022-ի ամռանը կանխատեսում եմ զբոսաշրջային բում:
Պիտակներ՝ #covid_19