Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
— Բժշկուհի, վերջերս մի արտահայտություն լսեցի, որը խորն ընկալում ունի. «Հոգեբանն անգամ հոգեբանի կարիք ունի»… Կուզենայի իմանալ՝ ինչպիսի՞ն է այցելությունը հոգեբանի մոտ, դիմո՞ւմ են, թե՞ բերում են հիվանդի, ում մոտ արդեն բարդացած վիճակ է:
— Այո, այդպես է՝ հոգեբանն էլ ունի հոգեբանի կարիք: Հարցի վերաբերյալ այսպես պատասխանեմ. մեզ մոտ չկա հոգեբանին դիմելու ձևավորված մշակույթ: Սա գալիս է նրանից, որ մեզ մոտ չի պրոպագանդվում հոգեբանի աշխատանքը:
— Իսկ սովետական ժամանակահատվածում հոգեբանին դիմելու ավանդույթ եղե՞լ է, թե՞ այն ժամանակ դա ընդունելի չէր, քանի որ սովետական քաղաքացին, այսպես ասած, հոգեբանի կարիք չուներ:
— Սովետական երկրում հոգեբանությունը՝ որպես գիտություն, 70-ական թվականների վերջից սկսեց զարգանալ:
— Այսինքն, բավական ժամանակ է անցել, և պետք է, որ նորմալ ընդունվեր:
— Հասկանո՞ւմ եք, բանն այն է, որ մարդկանց չիմացությունը, ազգային մենթալիտետը, ավանդապահությունը, իրոք, թողել են իրենց ազդեցությունը, և հոգեբանին պացիենտն ընկալում է որպես հոգեբույժի… Ու, եթե պացիենտը դիմում է հոգեբանին, ենթադրում է, թե փսիխիկայի հետ խնդիր ունի, ու «Աստված մի արասցե», եթե հանկարծ կողքից իմանան, որ մեկը դիմել է այդ մասնագետին: Եթե անգամ հասարակությունն այն անտեսի, պացիենտն ինքն է ներքուստ այդպես ընկալում: Իսկ դա նշանակում է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ:
— Ինչո՞ւ Ձեր մասնագիտության անհրաժեշտությունը չի կարևորվում այնքանով, որքանով այն առավել քան անհրաժեշտ է: Վերջիվերջո, որքանով պատկերացնում եմ, հոգեբանին դիմելու անհրաժեշտությունն անտեսելով, կգա մի այնպիսի իրավիճակ, երբ արդեն ստիպված հիվանդին բերում են հոգեբույժի մոտ:
— Այո, Դուք ճիշտ եք, կա սահմանային վիճակներ, որով զբաղվում են հենց կլինիկական հոգեբանները. մարդը, երբ մի փոքր էլ հեռանում է, արդեն հոգեբույժի մոտ է հայտնվում: Կա մի ռուսական ասացվածք. «Լավ է հոգեբանի մոտ լացել, քան հետո հոգեբույժի մոտ ծիծաղել»: Եթե կա հոգեբանական լարվածություն, այնքան չեն դիմում, իսկ հետո էլ սահմաններ են դնում իրենք իրենց համար, ու վիճակն այնքան է բարդանում, որ ուզի, թե չուզի, իրեն արդեն տանում են հոգեբույժի մոտ: Չնայած տանելու հետ կապված մի բան ասեմ. վերջին երկու տարում առողջապահության համակարգում ընդունվել է մի որոշում, որ մինչև անձը չստորագրի, իր համաձայնությունը չտա, նրան չեն ուղեկցում հոգեբույժի մոտ:
— Զարմանալի է, հոգեխանգարման վիճակում գտնվող մարդն արդյո՞ք ադեկվատ է, որ ինքնակամ համաձայնություն տա:
— Հենց ասելս էլ դա… Մարդը ոչ ադեկվատ վիճակում ինչպե՞ս կարող է օբյեկտիվ որոշում կայացնել: Դա աբսուրդ է: Ասենք՝ այդ մարդը հասարակության համար վտանգավոր է, ուրեմն ի՞նչ, նա մի վտանգավոր քայլ անի, հետո նոր նրան ոստիկանությա՞ն միջոցով կասեցնեն:
— Բժշկուհի, իսկ հոգեբանական ճնշումների, արտաքին ազդակների ենթակա են ավելի շուտ էմոցիոնա՞լ մարդիկ, թե՞ բնավորության առանձնահատկությունը բնավ կապ չունի այս պարագայում:
— Բնավորության գծերն, իհարկե, դեր խաղում են: Կան մարդիկ, որոնք ավելի սթրեսակիր են, կամ բուռն են արձագանքում որևէ երևույթի, կամ շատ զգայուն են, կան էլ՝ թեթև են տանում: Ամեն դեպքում, նրանք, ովքեր առավել քան բուռն են արձագանքում և երկարատև լարվածության մեջ են, ապա այն կարող է բերել փսիխոսոմատիկ հիվանդությունների առաջացման: Փսիխոսոմատիկ հիվանդություն համարվում է բրոնխիալ ասթման, խոցային հիվանդությունը, նաև զարկերակային հիպերտենզիան, սրտամկանի կաթվածը… Այս հիվանդություններն, իհարկե, ունեն զարգացման այլ պատճառներ: Հիվանդության հիմքում, նախևառաջ, ընկած է խառնվածքը, բնավորության գծերը… Տեսեք, եթե երկրաշարժից հետո մենք ունենայինք բավականաչափ մասնագետներ, ժամանակին հոգեբանական լայնածավալ աշխատանքներ տարվեին, ապա այսօր մենք չէինք ունենա այսքան տարատեսակ, բարդացած հիվանդություններ: Երկրաշարժից հետո, այս 30 տարվա ընթացքում նաև բարդ կենցաղավարությունն է դրան գումարվել ու պատկերացրեք, թե ինչպիսի իրավիճակ է. օնկոլոգիական հիվանդություններն են շատացել, որի առաջացման պատճառներից մասնագետները նշում են երկարատև լարվածությունը: Խոցային հիվանդությունները ևս սթրեսների հետևանք են, սիրտ-անոթային, էնդոկրին… լարվածության հետևանք են:
— Իզուր չեն ասում՝ մահացած նյարդերը չեն վերականգնվում, թույլ նյարդերը խփում են բոլոր օրգաններին:
— Այո, արտաքին ազդակների ազդեցությունից առաջացած սթրեսները բերում են փսիխոսոմատիկ հիվանդությունների:
— Իսկ հոգեբանական հիվանդությունները գենետիկորեն փոխանցվո՞ւմ են:
— Եթե ազգականների շրջանում կա շիզոֆրենիայով հիվանդ, ապա շատ հավանական է, որ ժառանգաբար այն փոխանցվի:
— Վերադառնալով այն փաստին, որ հայերը հոգեբանի դիմելու «խասյաթ» չունեն, սակայն մեր ազգը բավական էմոցիոնալ է, ուրեմն…
— Եթե մարդու հոգեկան ինքնազգացողությունը փոքր-ինչ վատացել է, կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է տանը, աշխատանքի վայրում, և նա չի հարմարվում, նրա մոտ առաջանում է կիսվելու ցանկություն: Նման դեպքերում մարդը կարող է դիմել հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնությանը, ով կօգնի շատ արագ հասնել հոգեկան հավասարակշռության: Մինչդեռ նախ խոսում են բարեկամի-հարևանի հետ, կամ գնում են շառլատան բախտագուշակների մոտ, լավագույն դեպքում՝ հոգևորականի: Հատկապես բարդ է, երբ երեխայի մոտ նկատելի են նյարդային թեկուզ թեթև խանգարումներ, սակայն ծնողները չեն տանում հոգեբանի մոտ, որ հանկարծ չասեն, թե երեխան խախտում ունի, թեպետ դա այդ խախտումը չէ, որը նրա ապագայի վրա հետք է թողնելու, բայց, եթե անուշադրության մատնես ու բարդացումներ առաջանան, ապա, բնականաբար, հետևանքները լուրջ կլինեն:
— Ֆիլմերում շատ ենք տեսել, որ կան տարբեր անոնիմ խմբակներ՝ հարբեցողների, թմրամոլների, «սերիալամոլների» (սա կատակով), մեզ մոտ չկան, չէ՞:
— Ոչ, նման ակումբներ չկան, բայց հոգեբանի աշխատանքն արդեն իսկ անոնիմ է. դա բժշկի պատասխանատվության ներքո է և պացիենտի տվյալներն ու ախտանիշները գաղտնի են պահվում:
— Դեպրեսիա-ընկճախտ…
— Դեպրեսիաները հիասթափությունների պատճառահետևանք են. մարդիկ ունեն երազանքներ, ցանկություններ, որոնք չեն կարողանում ռեալիզացնել, ու դա հանգեցնում է նրանց մոտ դեպրեսիվ վիճակների. մարդը պետք է իր առջև պարզ, լուծելի խնդիրներ դնի: Հնարավոր է նաև` չկարողանա հասնել նպատակին. պետք է նաև դրանից ժամանակին հրաժարվելու և հարմարվելու ունակություն ձեռք բերել: Ներդաշնակությունը, լավատեսությունը, դիմացինին հասկանալու ունակությունը, թերևս, ամենակարևորն են հոգեկան անհավասարակշռությունից դուրս գալու համար:
— Լացը և ծիծաղը…
— Երկուսն էլ բնության կողմից մարդուն տրված պաշտպանական ռեակցիաներ են. լացի միջոցով լիցքաթափվում են, բայց սովորություն չպետք է դարձնել: Իսկ ծիծաղը բուժիչ հատկանիշներ ունի, նույնիսկ ԱՄՆ-ում կա ծիծաղի թերապիա. ծիծաղի ժամանակ արտադրվում են բիոքիմիական հորմոններ, որոնք լավ են ազդում մարդու վրա:
Պիտակներ՝ #առողջապահություն