Կյանքս այնպես դասավորվեց, որ արդեն 30-անց էի, սակայն ընտանիք դեռ չէի կազմել: Սկզբում ծնողներիս էի պահում, մտածում էի, որ նրանց հանդեպ պարտավորություն ունեմ, ինչը, շատ բնական է: Նրանք սկզբում երեխա չեն կարողացել ունենալ, շուրջ 15 տարի տառապել են, հետո, երբ արդեն հույսերը կտրած են եղել, Աստված ասես խղճացել է. ու ես եմ ծնվել: Այնպես որ, երբ ես 20 տարեկանս նշեցի, ծնողներս արդեն առաջին կես դարը հատեցին…
Կարելի է ասել՝ միայնակ եմ մեծացել. ասում են. «Ուշ ծնված երեխաները խելացի են լինում…», իմ պարագայում, թող նարցիսական չհնչի՝ խելացին ու ինդիվիդուալությունն էին համատեղվել, իսկ երկրպագուների ուշադրությունն էլ փաստում էր այն մասին, որ Աստված արտաքինիս մեջ ժլատ չէր գտնվել:
25 տարեկանում, երբ ուսումնական ծրագրով Եվրոպա էի մեկնել, ծանոթացա մի տղամարդու հետ, ով բավական մեծ հնարավորությունների տեր էր: Հետո հայրս հիվանդացավ ու ես թողնելով ամեն ինչ՝ վերադարձա հայրենիք: Իմ ծանոթն ինձ այնքան էր սիրում, որ ֆինանսով օգնեց, որպեսզի ես իմ սեփական բիզնեսը հիմնեմ ու, քանի որ միտք չունեի վերադառնալու, գոնե ապրեմ ըստ ցանկության ու կարիքի մեջ չլինեմ: Ափսոս, ցավով եմ ասում, մի երկու տարի առաջ նա ավտովթարից զոհվեց…
Այստեղ կարողացա բիզնեսը զարգացնել: Ծնողներս գոհ էին ինձանից, քանի որ ես նրանց հանդեպ միշտ ուշադիր էի, իրենց թիկունքին կանգնած: Երբ հայրս հերթական սրտի նոպան ունեցավ, ինձ կանչեց մոտը, ձեռքս բռնեց ու խնդրեց, որ ես անպայման ամուսնանամ, որպեսզի, եթե նա այս փուլից էլ ողջ դուրս գա, գոնե թոռնիկ վայելելու հաճույքին արժանանա: Եվ ահա, անսալով ծնողիս հորդորին, ամուսնացա: Այդ տղան վաղուց էր հետևիցս գալիս, անընդհատ իր ներկայությունը զգացնել էր տալիս: Սեր-մեր չկար… Հիշեցի դպրոցական տարիներս. բարձր դասարանցի տղաներից մեկը, որն ինձ էր սիրահարվել, հերթական անգամ մերժում ստանալով, կատաղությունից նետեց. «Աստված չտա քեզ սեր…»: Սնոտիապաշտ չեմ, բայց, ասես այդ խոսքերը անեծքի պես հետևում են ինձ: Այդպես էլ, մինչ օրս, սեր չգտա:
Ամուսինս հենց սկզբից էլ ցույց տվեց իր էությունը. աշխատելու ցանկություն բացարձակապես չուներ, միևնույն ժամանակ՝ պահանջկոտ էր: Սկզբում ես էլ չէի հասկանում, թե ինչն ինչոց է: Ինձ մի ընթացք թվաց, թե ես պարտավոր եմ անելու ամենը՝ ընտանիքի համար, դա մեր ընտանեկան սխեմայից էր իմ մոտ տպավորվել: Հետո, երբ ընկերուհիներս նկատում էին տրամադրությանս անկումները, կամաց-կամաց հասկացանք, որ ամուսինս օգտվում է իմ հնարավորություններից: Մանավանդ, ես մեր ամուսնական համատեղ մեկ տարվա ընթացքում նրա կողմից ոչ մի ուշադրություն չտեսա, ոչ մի հոգատարություն, փոխըմբռնման մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել, իսկ ճաշակներս այնքան տարբեր էին, որ կիլոմետրերով էր չափվում: Նա իր նման մի քանի ընկերների հետ (ռաբիս ճաշակի), ամեն օր մեր տանն էին հավաքվում, կերուխում անում, իրենց ճաշակի երաժշտություն լսում, անփութորեն կեղտոտում ու վերաբերվում տան գույքին…
Մի առավոտ սրտխառնոցից վեր թռա տեղիցս… Պարզ է, երեխայի էի սպասում: Ամբողջ օրը մտորումների մեջ էի. չէի ուզում երեխան ծնվեր ու մեծանար այն միջավայրում, որն առկա էր: Երկար մտածեցի, գնացի ծնողներիս հետ խոսելու: Մայրս ինձ մի նախադասություն ասաց, որը վերջնական որոշում կայացնելու հիմքն էր: Ասաց. «Ես և հայրդ, երբ տանջվում էինք երեխա ունենալ, մեզ իրար հետ պահում էր սերն ու հարգանքը»: Ես ծնողներիս ասացի, որ բաժանվում եմ մի մարդուց, ում կողքին եթե մեռնեմ, նրան դա այնքանով չի հետաքրքրի, որքանով դրամապանակիս պարունակությունը:
Հենց հաջորդ օրը ամուսնուս տանից դուրս հրավիրեցի: Նրա լկտի պահվածքն անգամ հեռու հարևանների նյարդերի վրա էր ազդել, բոլորը հավաքվել էին թաղում, ու բոլորի ցանկությունն էլ այն էր, որ նա րոպե առաջ իր նման անթրաշ ու լակած թշվառների հետ հեռանա:
Ն.Գ.
«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: