Այս կյանքում՝ ինչին հասել եմ, իմ աշխատասիրության ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ եմ հասել. 15 տարեկանից երկկողմանի որբ եմ մնացել. մայրս ավելի վաղ էր մահացել, հայրս 15-ս լրանալու հենց երկրորդ օրը սրտի կանգից մահացավ: Տատս ու պապս են ինձ հոգ տարել, ինչի համար Աստծուն շնորհակալ եմ, որ նրանց երկար կյանք տվեց: Հենց այդ ժամանակվանից էլ սկսել եմ աշխատել: Մյուս տղեքի պես անհոգ կյանքով չէի ապրում, որոնց ամեն ինչը պատրաստի էր, քանի որ գլխներին ծնող կար, նրանց համար և՛ փող հասցնող կար, և՛ ուսման տվող, և՛ կյանքի բարեկեցիկ պայմաններ, և՛… ամուսնացնող: Բայց ես երբեք չեմ նախանձել ոչ մեկին: Հակառակը՝ քրտնաջան աշխատանքով ես էլ ինչ-որ բանի հասա: 25 տարեկանում արդեն ունեի սեփական բիզնես:
Որտեղից որտեղ էր, մեր տուն եկավ մորեղբորս տղան՝ իր ընկերոջ հետ (մայրիկիս մահից հետո քեռանքս մեզ հետ կապ չէին պահել, իրենց կարծիքով՝ մայրիկս մահացել էր հորս անուշադրության պատճառով): Այդ օրվանից հետագա կյանքս փոխվեց. ես ունեի քեռի, քեռակին, զարմիկներ, նրանց ընկերներն էլ արդեն իմ ընկերներն էին: Օր օրի, տարին տարու վրա, մեծ շրջապատ ձեռք բերեցի: Գործերս, իրոք, լավ էին: Քեռուս որդին աշխատանքը կորցրեց, ես նրան անմիջապես առաջարկեցի ինձ հետ աշխատել, բայց նա խոստովանեց, որ իմ գործից գլուխ չի հանում ու որոշեց մեկնել խոպան: Իսկ մեր ընդհանուր ընկերները մնացին որպես իմ հավատարիմ ընկերներ: Նրանք էլ կարիերայի սանդուղքով բարձրացել էին, որն իր խելքի, որն էլ թիկունքում ազդեցիկ բարեկամ ունենալու շնորհիվ: Իսկ ես ամեն ինչի հասնում էի սեփական ուժերով: Եղավ մի պահ, որ գործերս այնքան էլ լավ չէին: Մի օր ընկերներիցս մեկն առաջարկեց այլ ուղղությամբ համագործակցել: Առաջարկը վատը չէր, ես մտածելու խնդիր չունեի. վստահում էի նրան, գումար ունեի, կարող էի ներդնել: Սկզբում ամեն ինչ նորմալ էր: Ընկերս միշտ գալիս-գնում էր, հաճախակի ընտանեկան խնջույքներ էինք կազմակերպում, հաճելի ու հետաքրքիր ժամանց ապահովում: Միայնակ կարողացա գործը ոտի հանել և եկամուտներ ապահովել: Ընկերս մի քիչ ստելու ու գլուխ գովալու հավես ուներ, բայց դրան ուշադրություն չէի դարձնում, քանի որ նրա ստերը ինձ չէին վերաբերում, առավել ևս՝ ինձ վնաս չէին տալիս… Մինչև այն պահը, երբ խնջույքներից մեկի ժամանակ մեր ընկերներից մեկը գինովացած դուրս տվեց. «Քեզ համար ինչ կա. դու Ա.-ի փողերով գործ դրիր, հաջողության հասար… Ինձ, օրինակ, նա գումար չէր տա»: Ես նրան չպատասխանեցի, քանի որ խմած էր, բայց ասածից հասկացա, որ ընկերս գլուխ է գովացել: Այդպես շարունակվեց, մեկ մի տեղ, մեկ այլ տեղ, այդ խոսակցությունը սկսեց շրջանառվել: Ես երբեք ընկերոջս ուղղակի չհարցրեցի այդ մասին: Ես իմ հիմնական գործն աչքաթող էի արել, այսպես ասած՝ վարի տվել, ու եկավ պահը, որ փակեցի այն:
Երկրի վիճակի, արտագաղթի և մի քանի այլ մանր ու մեծ խնդիրների պատճառով, կամաց-կամաց այս մյուս բիզնեսի վիճակն էլ վատացավ: Ես ամեն կերպ փորձում էի պահել, բայց ժամանակաշրջանն անբարենպաստ էր ու իմ ուժերից վեր էր դառնում այն հունի մեջ պահելը: Եվ ահա, մի գեղեցիկ օր, «լավ» ընկերս իր եղբայրների հետ եկավ, որպեսզի ինձ հետ հաշիվներ անի, ուզում էր դուրս գալ «մեր» ընդհանուր բիզնեսից (որտեղ միայն ես էի աշխատում) ու պահանջեց մի գումար, որը նա չէր ներդրել: Մեր խոսակցությունը վեճի վերածվեց: Ես նրան վերջապես ասացի. «Գիտես չգիտե՞մ, որ բոլորի մոտ հայտարարում ես, թե գումար ես դրել գործի մեջ. ի՞նչ է, դու քո հորինած ստի՞ն ես հավատացել»: Պարզվում է, ընկերս գաղափարը տալու «հոնորարն» է ուզում: Իսկ իր եղբայրների խոսքերից, ի վերջո, գլխի ընկա, որ սրանք ինձ լրիվ «լոխի» տեղ են դրել, որ ես այնքան անպաշտպան եմ, որ կողքիս չունեմ մեկը, ով ինձ թև ու թիկունք կկանգնի: Դա քիչ էր, քեռուս տղան էլ Ռուսաստանից զանգեց, ինձ ամոթով տվեց, թե իրեն սևերես արեցի տղեքի մոտ, ինձ «քցող» են ասում… Դե արի ու բացատրի, թե իրականությունը որն է…
Ահա մի պատմություն, որից ելքը միայն ամեն ինչ թողնելն ու այստեղից հեռանալն է, բայց… Մի՞թե ես վախկոտի մեկը չեմ լինի, ով փախչում է, ի՞նչ կմտածեն… Կմտածեն, որ ես ամոթից փախա… Բայց հարգելի ընթերցող, քեզ սուտ պատմեմ, Աստծուց ի՞նչ թաքցնեմ: Արդարությունը որտե՞ղ է, թե՞ իմ նկատմամբ այս կյանքում ազնվություն, արդարություն որակները չեն աշխատում:
Գ.
«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: