Հարցազրույց Գյումրու քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Բալասանյան, 2020 թվականը դժնդակ տարի էր. նախ՝ համավարակի հետևանքով սահմանափակումներ, տնտեսության, բիզնեսի, սպասարկման և այլ ծառայությունների պարալիզացում, հետո՝ պատերազմ. մարդկային կորուստներ, ցավ, թևաթափ վիճակ… Քաղաքը՝ լինելով գործող մարմին, ինչպե՞ս դիմակայեց այս ամենին:
— Իհարկե, 2020 թվականը ծանր տարի էր բոլորիս համար: Համավարակի դեմ պայքարի միջոցառումներ, արտակարգ դրության պայմաններում աշխատանքի և գործընթացների կազմակերպման անհրաժեշտություն, որն իր հետ բավական մեծ դժվարություններ առաջ բերեց: Հուլիս ամսին տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ հասցրեցին քաղաքին, հատկապես տնակային տնտեսությանը: Նման տեղումներ վերջին 170 տարվա ընթացքում առաջին անգամ էր գրանցվում: Իսկ պատերազմն առավել բարդացրեց իրավիճակը: Ինչ խոսք, դժվարությունները շատ էին, բայց, այնուամենայնիվ, կարողացանք բնականոն հունով շարունակել քաղաքի վերակառուցման և բարեկարգման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
— Գյումրու զարգացման ծրագրեր, վարկային ծրագրերով փողոցաշինություն… ծրագրերը շարունակվելո՞ւ են:
— Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փողոցաշինական ծրագրի երկրորդ փուլով 2020 թվականին հիմնանորոգվեց մոտ 10կմ ճանապարհ: Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվեց 15 փողոց՝ մոտ 6կմ ճանապարհ: Մեքենայական պարկը կարողացանք համալրել մեկ տասնյակից ավելի մեքենա-սարքավորումներով: 2021 թվականին շարունակվելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերը: Գյումրու թվով 8 փողոցներում (Տիմիրյազև, Շինարարաների, Ռուսթավելի, Մուսայելյան, Երկաթգծի բանավան տանող փողոց՝ Գարեգին Ա փողոցով մինչև մանկապարտեզ, Արագած թաղամասի փողոց, Շարա Տալյան փողոցի միջնամաս) և Կայարանամերձ հրապարակում փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարվա մարտ ամսվա կեսերին: «Մերձմոսկովյան» ընկերությունն է հաղթել մրցույթում, փետրվարի 10-ին էլ կնքել ենք պայմանագիրը: Հիմնանորոգվելու են Սլաբոտկա թաղամասը՝ հրապարակից ձախ ընկած հատվածը: IDEA հիմնադրամն է շարունակում ծրագիրը, հավանաբար գարնանն արդեն կմեկնարկեն Բարեկամության այգու վերակառուցման աշխատանքները: Բոլոր այն ծրագրերը, որ մեկնարկել էին անցած տարի՝ շարունակվելու են այս տարի:
— Այժմ քաղաքը ինչպիսի՞ խնդիրների առաջ է կանգնած:
— Քաղաքում լրջագույն խնդիրներից մնում է աշխատատեղերի բացակայությունն ու տնակները: Ճիշտ է, փողոցաշինական և ներդրումային ծրագրերի շրջանակներում թեկուզ և սեզոնային, բայց աշխատատեղերի բավական մեծ թիվ ենք ունենում, բայց, այնուամենայնիվ, հիմնական աշխատատեղերի խնդիրը առկա է: Այս պահի դրությամբ ունենք հաշվառված 2795 տնակ, որից 518 փակ դուռ է, մոտ 470 ընտանիք ունի անօթևանության կարգավիճակ: Այս երկու խնդիրները շարունակում են մեր քաղաքի համար մնալ առաջնային կարևորության:
— Այս տարի ընթացք տրվելո՞ւ է բնակարանաշինությանը:
— Համահայկական հիմնադրամն է բնակարանաշինության ծրագիր իրականացնելու, մոտ 110 բնակարանի կառուցման մասին է խոսքը: Շատ լավ ծրագիր էր սոցիալական բնակարանաշինության ծրագիրը, բայց այս տարի սոցիալական բնակարանաշինության ծրագիր չունենք:
— Ի՞նչ տոկոսով է բյուջեն հավաքագրվել: Եթե եղել են թերացումներ, հատկապես ո՞ր մասով:
— Այո, տարին բավական բարդ էր նաև հավաքագրումների առումով, բայց, չնայած բոլոր դժվարություններին, կարողացանք տարեվերջին ունենալ հավաքագրումների շատ լավ ցուցանիշ: Ֆոնդային բյուջեին կատարեցինք մոտ 101 տոկոսով, իսկ վարչական բյուջեն 87 տոկոսի չափով:
— Պարոն քաղաքապետ, բնակչությունը դժգոհում է քաղաքային տրանսպորտի աշխատանքից, նաև ահազանգեր կան, որ տարբեր թաղամասերում, նույնիսկ դպրոցների շրջակայքերում վխտում են թափառող շները:
— 2021թ. ունենք երթուղային ցանցի փոփոխություն, նոր միկրոավտոբուսների ձեռքբերման ծրագիր: Ծրագրի իրականացման դեպքում կունենանք մոտ 70 ավտոբուս` 8-9 ավտոբուսային երթուղի: Հուսով ենք՝ այս տարի ծրագրի իրականացմանը որևէ բան չի խոչընդոտի և սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կկարողանանք ձեռք բերել նոր միկրոավտոբուսներ:
2019-ից մեկնարկած կանգառների նորացման ծրագիրը շարունակվել է 2020թ-ին, կշարունակվի նաև այս տարի: Նախատեսված է երեք տարվա ընթացքում տեղադրել 70 կանգառ, որից մոտ 50-ն արդեն տեղադված է:
Ինչ վերաբերում է թափառող շներին, Դուք գիտեք, այդ ամենը կարգավորվում է համապատասխան օրենքով: Օրենքի համաձայն` սկսած 2020 թվականից Գյումրիում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիր: Անցած տարի երկու անգամ հայտարարվել է մրցույթ, դրան համապատասխան իրականացվել է թափառող շների ստերջացում: Ապաստարանի կառուցման համար տարածք ենք հատկացրել, եղել են կազմակերպություններ, որոնք եկել են, հանդիպել են ու գնացել են, ոչ մի ներդրում ու հստակ ծրագիր դեռ չկա: 2019թ. օրենքում լրացումներ կատարվեցին, որոնց համաձայն` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկ ամսից մինչև 3 տարի ժամկետով:
— Որպես բազմափորձ պատգամավոր, ինչպե՞ս կգնահատեք Շիրակի մարզից ընտրված պատգամավորների աշխատանքը:
— Ես չեմ ուզում գնահատական տալ… ընտրողն է նրանց աշխատանքին գնահատական տվողը:
— Եվ վերջին հարցը. այս տարի ՏԻՄ ընտրություններ են, Դուք մասնակցելո՞ւ եք:
— Ընտրությունների մասով որևէ բան ասել չեմ կարող, դեռ որոշում չկա, երբ եղավ որոշում` անպայման կտեղեկացնենք: Այս պահին մտածում եմ քաղաքի վերակառուցման, ծրագրերի իրականացման և այդ աշխատանքների ընթացքի մասին: