ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Խաղամանիան ազգային անվտանգության հարց է

Հարցազրույց Շիրակի պետական համալսարանի դասախոս, հոգեբան ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Պարոն Հակոբյան, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ «խաղ» կոչվող խայծի մասին, որը գովազդի տեսքով ներխուժում է մեր կյանք:

— Այդպես էլ պիտի լիներ… դա կոմպոնենտ է, բաղադրիչ է: Խաղերը հենց ստեղծված են այն հոգեբանության վրա, որ մարդը ներգրավվի հենց ընթացքի մեջ, ակամայից: Եթե անձնային արժեքային համակարգում վերահսկողության մեխանիզմները թույլ են արտահայտված, մոտիվացիոն տարածքում ինչ-որ խնդիրներ կան, ապա շատերն արագ կներգրավվեն: Իսկ խաղի կազմակերպիչներին էլ դա է կարևոր:

— Նկատի ունեք՝ աշխատող բիզնես է, բայց որը խաղացողի համար կործանարար է:

— Իհարկե, հասարակությունը և ինստիտուտները քանդող համակարգ է: Ես չգիտեմ այլոք իրենց մշակութային տարածքում ինչպես են գնահատում, բայց մեր պարագայում սա կատաստրոֆիկ վտանգավորություն է:

— Ես ծնողների հետ եմ զրուցել, ովքեր ողբում են իրենց զավակների այդ թուլությունից…

— Այո, դա ողբերգություն է. ընտանիքներ են կազմալուծվում, ամուսիններ են բաժանվում, ինքնասպանություններ են լինում:

— Այսինքն, մարդու կամային հատկանիշների բացակայությո՞ւն է՝ մերժելու, դիմագրավելու, թե՞ ազարտն է, որ «տանում» է:

— Խաղային կախվածություն. եթե ակադեմիական մոտենանք, գոյություն ունի պաթոլոգիաների մի մեծ  դաս, որը կոչվում է ադիկցիա: Ադիկցիաները սկզբում բժշկագիտության, մասնավորապես, նարկոլոգիայի ոլորտում գնահատվում էին միայն այն պաթոլոգիկ միավորները, որոնց հիմքում քիմիական կամ ֆիզիկական կախվածությունն էր, հիմնական մասը թմրադեղային, տոկսիկոմանիա և այլն: Բայց վերջին 30 տարում ադիկցիա հասկացության մեջ ընդգրկեցին նաև վարքային կոմպոնենտները, որոնք կառուցվում են կործանարար սովորույթի վրա: Ըստ էության, դա վարքային և հոգեբանական կախվածություն է, բայց խոշոր հաշվով մասնագետներն այն գնահատեցին որպես հիվանդություն: Այն որպես նոզոլոգիական միավոր ընդգրկված է համաշխարհային բժշկագիտական կազմակերպության կոդավորման մեջ և համարվում է հիվանդություն:



— Ազարտ ասելով, ի՞նչ պետք է հասկանանք:

— Տեսեք, կա սոցիալական ընդունելի ադիկցիա, օրինակ՝ շոպոգոլիզմը («օնիոմանիա»՝ գնումների խելագարություն): Սոցիալական հարթությունում ընդունելի է, բայց այն նույնպես հիվանդագին է: Կախվածությունների դիապազոնը շատ մեծ է, և առանձնակի տեղ է զբաղեցնում խաղայինը, սոցիալական ընդունելի ձևերից է համակարգչային խաղերը, եթե դրանք խաղադրույքներ չեն պահանջում: Չնայած սա կախվածություն է, բայց ադիկցիա չէ: Եվ, հասնելով Ձեր ասած ազարտ խաղերին, ապա սրանք այն կարգի խաղերն են, որոնք խաղացողից ինչ-որ հմտություններ չեն պահանջում, և խաղը կառուցվում է պատահականության վրա: Ֆրանսերենում «ժո դը ազաղտ» նշանակում է պատահական դեպք, սա ռուսերեն բառամիավոր չէ, ինչպես շատերն են կարծում: Խաղը կառուցված է պատահական դեպքի՝ շահումի վրա: Եվ սովորաբար ազարտ խաղերի ժամանակ ոչ թե մրցում են, ոչ թե հմտություններ բանեցնում, այլ բովանդակությունը և կառուցվածքն այնպիսին են, որ հնարավորինս շուտ ես ներգրավվում: Այստեղ երկու կարևոր հոգեբանական գործոն է աշխատում. կարճ ժամանակ և խոշոր շահում: Սա արդեն հզոր մոտիվացիա է, իհարկե՝ հիվանդագին: Ամեն անգամ տանուլ տվողն ուզում է նորից փորձել, «կրկին փորձիր», ազարտ խաղերը հենց վարիացիոն ժամանակի և վարիացիոն գործողությունների վրա է: Կա հաստատուն ժամանակի մեջ ամրապնդում, և կա հաստատուն գործողությունների մեջ ամրապնդում: Ենթադրենք, ես աշխատում եմ մեկ ամիս՝ ժամավճարային: Որոշակի գործողություններ կատարելու համար տալիս են ամրապնդում՝ աշխատավարձի տեսքով: Կա գործավարձային աշխատանք, ինձանից պահանջվում է որոշակի թվով գործողություններ կատարել, որի համար ինձ վճարում են: Կան իրավիճակներ, որտեղ ժամանակն ու գործողությունները՝ երկուսն էլ վարիացիոն են: Այսինքն, ես չգիտեմ, որքան ժամանակ հետո, և հատկապես որ գործողությունս կամրապնդվի: Հենց սա է ազարտ առաջացնում. երբ ես խաղային ավտոմատի լծակը ձգում եմ, ես չգիտեմ, այդ գործողությունս կամրապնդվի, թե՝ ոչ, և ամեն անգամ այդ լծակը քաշելիս, կամ գնդիկը ռուլետկայի վրայով գլորելիս, խաղացողն ամեն անգամ ասում է՝ այ, այս անգամ ես կշահեմ, երբ չի շահում, նորից է խաղադրույք կատարում, մտածելով՝ այ, հիմա կշահեմ… Սա արդեն տանում է ներգրավվածության, որովհետև ամրապնդումների ռեժիմը վարիացիոն է՝ և ժամանակի, և գործողությունների տեսանկյունից: Առավել ևս, երբ հանկարծ շահի: Ինչ խոսք, որոշ ազարտային խաղերում հնարավոր է որոշակի մաթեմատիկական գործողություններ հաշվարկել, բայց թող խաղացողները մի բան լավ իմանան, որ կազմակերպիչը, կազինոն այդ հաշվարկներից տեղյակ է: Շահումների հավանականությունը նրան հայտնի է: Եվ սա 10 հազարից մեկի մոտ է հնարավոր: Խորհուրդ չէի տա՝ այդքան կյանքից տանուլ տալ:

— Դուք նշեցիք, որ ադիկցիաների հիմքում քիմիական, ֆիզիկական կոմպոնենտներ կան, ապա վարքականոնային…

— Խաղային կախվածությունն ունի և սոցիալական, և բիոլոգիական, կենսաբանական հատկություն. ախտահարում է տեղի ունենում: Բիոքիմիայի մակարդակում օրգանիզմի կենսագործունեության մեջ դոֆիմինի է արտադրվում, որը հաճույքի պատասխանատուն է: Շատ դեպքերում, երբ ընտանիքում, աշխատանքում կամ ընդհանրապես, հուզական լարվածություններ ունեք, խաղը թեթևացնում է, դոֆիմինիի ազդեցությունն էլ ռելաքսացիայի վիճակ է հաղորդում: Բայց այս 3 գործոնների գումարումն արդեն ահավոր վիճակ է: Խաղի բացակայության դեպքում, երբ կա ցանկություն, բայց չկա հնարավորություն, թմրամոլների բառապաշարից վերցված, տեղի է ունենում «լոմկա»: Ինչպես թմրամոլության, ալկոհոլիկության մեջ, այս դեպքում ևս կան աստիճաններ. սկսնակներ, ինտենսիվ խաղացողներ և պրոբլեմատիկ խաղացողներ: Այս պարագայում՝ և անձնային, և սոցիալական տարածքում տեղի է ունենում հիմնարար ձևափոխություններ, արժեքային փոփոխություններ, կորցնում ենք անձը:

— Սա նաև ապատիկ վերաբերմունք է շրջապատող աշխարհին:

— Այո, և սա այնպիսի մի վիթխարի պատճառահետևանքային եզրի է հասցնում, երբ մարդը պատրաստ է ամեն ինչի՝ խաբելու, գողանալու, անգամ սպանելու, հանուն իր հերթական պահանջը բավարարելու:

— Դեռ խորհրդային տարիներին, երբ լսում էինք, որ մեկը ղումար է խաղացել ու տարվել, անգամ, կոպիտ ասած՝ կնոջը, դա սարսափելի էր, ու հիմա ազատությունն այնքան լայնիմաստ է, որ թաքուն չեն խաղում, այլ բաց, ազատ:

— Այո, դա բարոյալքման գագաթնակետն է: Եվ ոչ միայն սովետական շրջանում, այլ այն սկիզբ է առնում հնագույն ժամանակներից. Ներոնի ժամանակ հասարակությանը տեսարաններով էին «կերակրում»:

— Պարոն Հակոբյան, տեսեք, ալկոհոլիկները հասարակության մեջ մեկ, երեքն են հանդիպում, թմրամոլները բացահայտ չեն երևում, այս վատ սովորությունների մեջ ներքաշելու մասին գովազդ չի արվում, բայց այս կործանարար սովորությունը՝ խաղամանիան, բաց, ազատ գովազդվում է: Արդյո՞ք չեք կարծում, որ հասարակական դժգոհության ալիք պիտի առաջացներ:

— Ինձ գրանցեք պայքարի դուրս եկողների ցուցակում… Ես Ձեզ հետ համամիտ եմ, այստեղ ազդեցության ոլորտն է մեծ և ներգրավվածության մակարդակը՝ բարձր: Պետք է համահասարակական հակազդեցություն: Տեսեք, 90-ականներին ԱՄՆ-ում վիճակագրական տվյալներով պրոբլեմատիկ խաղացողները բնակչության 5 տոկոսն են կազմել, Դուք պատկերացնո՞ւմ եք, և սա արդեն ահազանգ է անվտանգությանը: 70-ականներին անգլիական հասարակությունն այս առումով ևս բողոքի դուրս եկավ, որովհետև փակվում էին մշակութային օջախները, որովհետև խաղատները գրավել էին մարդկանց, և վերջիններս իրենց ազատ, ռելաքսային ժամանակն անցկացնում էին խաղատներում… Այսպիսի ընթացքի մեջ մենք կորցնում ենք նաև մշակույթը, հետաքրքրությունների ոլորտն է փոխվում: Հասարակությունը դեռ տաք է, բայց մեր զրույցը, Ձեր՝ հարց բարձրացնելն արդեն իսկ պայքարի միջոց է, սկիզբ է, թող որ այն ավելի մեծ ու լայն շրջանակ ընդգրկի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ