ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խեղճ գյուղացին դառը դատեց, բնությունն եկավ մի քանի րոպեում ավիրեց

Հունիսի 4-ին տեղացած փոթորկախառն անձրևն ու կարկուտը որպես աղետ կախվեց Շիրակի մարզի մի շարք համայնքների գլխին: Այստեղ է ասած՝ խեղճ գյուղացին ծանր դատի, բնությունն առնի տանի… Թե ինչ չափով են տուժել համայնքները, արդյո՞ք պետությունը գյուղացուն կփոխհատուցի կրած վնասների համար, զրուցեցի Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսական և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի հետ:

Ըստ պարոն Մանուկյանի, մարզի 3 խոշորացված համայնքներ մեծ վնասներ են կրել. «Ախուրյան խոշորացված համայնքի 5 բնակավայրեր, Ամասիա համայնքը՝ 6 բնակավայրով և Սարապատ համայնքը՝ 6 բնակավայրով: Ընդհանուր, մեր ունեցած պատկերով, 17 համայնք տուժել է, բայց մասնագիտական և ընդհանուր ուսումնասիրության արդյունքում՝ շատ համայնքների կրած վնասները չնչին էին, համայնքներ էլ կային, որոնք 100 տոկոսով են տուժել: Արդեն ըստ պաշտոնական տվյալների, մոտ 13 համայնք՝ 1300-1500 հեկտար ցանքատարածությունով վնաս են կրել: 100 տոկոսով կարկտահարվել են Հովիտում (մոտ 250հա) բոլոր տեսակի մշակաբույսերը, Բասենում (մոտ 500հա) հացահատիկային մշակաբույսերը, Կառնուտում՝ հացահատիկային (մոտ 120 հա), կերային և բնաջարաբոստանային մշակաբույսերը: Ամասիայի և Աշոցքի տարածքում ծավալային առումով վնասը փոքր է եղել՝ 20-40հա, որովհետև ցանքերն այստեղ քիչ տոկոս են կազմում, սակայն Ախուրյան համայնքի բնակավայրերի կրած վնասի ծավալը կազմում է 1000հա, վնասն էլ բավական մեծ է՝ հատկապես կենտրոնական մասով, որտեղ կարկուտի էպիկենտրոնն է եղել»:

Լավ, ի՞նչ է սպասվում, պետությունն հանձն առնո՞ւմ է որևէ կերպ օգնության ձեռք մեկնելու:

— Կազմված հանձնաժողովները ուսումնասիրությունների եզրակացությունները կներկայացնեն Տարածքային և զարգացման նախարարություն: Բնական աղետների հետևանքով պատճառած վնասները գրանցվում են, ստեղծվում է ռեեստր, հետագայում, եթե պետության կողմից աջակցության խնդիր է լինում, տվյալ տարվա աշնանը՝ բերքահավաքի և գյուղատնտեսական աշխատանքների ավարտից հետո, ընդհանուր իմի է բերվում վնասը, դրանից հետո որոշվում է, թե ինչ կարգով ու ինչ չափով է հնարավոր աջակցություն տրամադրել:

Ցանքատարածություններից որքա՞ն սպասելիք ուներ գյուղացին և գյուղվարչությունը:

— Մեր ունեցած նախկին ցուցանիշներից ելնելով, վնաս կրած թվարկածս համայնքները միջին հաշվով մոտ 30 ցենտներ բերք են տվել: Եթե անգամ 1000 հեկտարի մասով հաշվեք, ապա մոտ 3000 տոննա համախառն բերքի կորուստ կունենանք՝ հացահատիկից»:

Փաստորեն, «ճտերն աշնանն ենք հաշվելու» թևավոր խոսքի պես, գյուղացու բախտը կորոշվի աշնանը, հա՞»,- հարցին Մովսես Մանուկյանը՝ լուռ համաձայնվելով, հոգոց հանեց:

Խեղճ գյուղացին դառը դատեց՝ դատարկ նստեց, բա հիմա ո՞նց են ապրելու:

— Այս տարին կարկտառատ է լինելու՝ 15-20 կարկտահարություն դեռ սպասվում է, ու ամեն անգամից, բնականաբար, վնասի ծավալներն էլ ավելի աճելու են… Դեռ հայտնի չէ. եթե համայնք կա, որը 20-30 տոկոսով է վնաս կրել, հետագայում մինչև որքան տոկոս կկազմի վնասը: Եթե այս ծավալով պահպանվի վնասը, ապա պետության կողմից բավականին աջակցություն սպասելի է: Նշեմ, որ որքան մեծ է վնասի ծավալները կազմում, այնքան աջակցությունը քիչ կլինի, որքան փոքր՝ այնքան աջակցոթյունը մեծ է ստացվում… Բացատրեմ՝ պարզ է, չէ՞, մի բան է 150 հոգու հատուցում տալը, այլ բան է՝ 1500: Նախարարն էլ նույնն ընդգծեց, որ աշնանը ամբողջ տեղեկությունը հավաքագրված կլինի, և ապա նոր որոշում կկայացվի:

Իսկ հակակարկտային կայանքները օգուտ չե՞ն տվել:

— Չնայած այդ տարածքներում հակակարկտային կայանքներ կան, բայց դրանք տեղակայված են արևմտյան սահմանագծով, քանզի կարկտային հոսանքները մշտապես այդ կողմերից են սպասելի եղել, սակայն այս անգամվա կարկտային ամպերը տարիներ շարունակ այս ուղղությամբ չի դիտարկվել: Որ Լոռու մարզից կարկտաբեր հոսանքներ ներթափանցեին, դա քանի տարի է, չէր եղել: Եվ դրա համար էլ հակակարկտային կայանքները 5-7կմ հեռավորությամբ գտնվելով, չեն կարողացել կասեցնել: Հյուսիս-արևելյան ուղղությամբ է հոսանքը եկել, իսկ մեր կողմերում մշտական հարավ-արևմտյան, հարավ-արևելյան ուղղություններից է կարկտաբեր հոսանքներ ներթափանցում:

Հ.Գ. Ստացվում է, որ առավել ծանր վիճակում կհայտնվեն այն գյուղացիական տնտեսությունները, որոնք հատկապես գյուղվարկերով են ցանք արել, քանզի, արդեն հույսը կտրած, պիտի այստեղիցայնտեղից էլի պարտքեր անեն, որ բանկերի տոկոսները փակեն: Իսկ պետությունն այս պարագայում ոչ մի միջամտություն չի ունենա, քանի որ բանկանհատ հարաբերություններ են:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ