Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ ԼԻԼԻԹ ԳՈՐԳԻՆՅԱՆԻ հետ:
— Տիկին Գորգինյան, անցած տարի ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց՝ սեպտեմբերից փակել գիշերօթիկ դպրոցները: Փոխարենը՝ կգործեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։ Հատուկ դպրոցներում ներառված երեխաներին նախատեսվում էր վերադարձնել կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ և ներառել հանրակրթական դպրոցների ներառական կրթության ծրագրերում: Կես տարի արդեն անցել է, ի՞նչ կասեք, այն իրեն արդարացրե՞ց:
— Մինչ այս պահի դրությամբ մեր կողմից կատարված աշխատանքները փաստում են, որ որոշումն արդարացված է: Չնայած այն բանին, որ երեխաների ընտանիքներում կարիքների գնահատումը ցույց տվեց, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած սոցիալականից, վերջացրած ծնող-երեխա բարդագույն հուզական կապի բացակայությունը, բայց այդ խնդիրներին մեծամասամբ հնարավոր է լուծումներ տալ, որ երեխաները վերադառնան ընտանիք և ապրեն իրենց ծնողների հետ:
— Խոսակցություններ են շրջանառվում, թե գիշերօթիկների երեխաներից սկսել են դրսում առևտրով զբաղվել:
— Այդ խոսակցությունները մեզ էլ են հասել, բայց ասեմ, որ այդ երեխան, որին Գյումրիում նկատել են, որևէ կապ չունի գիշերօթիկի հետ:
— Ասացին, թե «Թռչունյան տուն» կենտրոնի սան է…
— Ես նման տեղեկություն չունեմ: Գիտեմ այն ադի-բուդի վաճառող երեխային, որն իր ծնողներից մեկի ուղեկցությամբ է մանր առևտրով զբաղվում, գիտեմ ընտանիքին, ծանոթ ենք սոցիալական վիճակին, գիտեմ, որ երեխայի կրթության կազմակերպմանն այն չի խանգարում: Մենք երեխաների հետ պայմանավորվել ենք, որ պետք է ամեն օր հաճախեն դպրոց, ծնողներն էլ հետևողական են լինելու: Մենք չենք կարող բացարձակ արգելք հանդիսանալ, որ առևտրով զբաղվի, մանավանդ, որ ծնողները տեղյակ են, ծնողներն իրենք են պատրաստում ադի-բուդին, մենք ծնողներին հորդորել ենք, որ վաճառքին մասնակից լինեն:
— Գուցե սխալվում եմ, բայց երեխայի աշխատանքի շահագործման, նման կարգավորիչ կամ արգելող օրենք չկա՞…
— 14 և ավել տարիքի երեխան իրավունք ունի մանր առևտրով զբաղվելու կամ աշխատանքային գործունեություն ծավալելու, եթե այն չի խանգարում կրթություն ստանալուն: Երբ մենք տեղեկացանք, որ ադի-բուդի կամ նման մանր առևտրային գործողությամբ զբաղվող երեխա կա, ռիսկային գործոնները նկատի առնելով, անմիջապես կապ ենք հաստատել ծնողների հետ, բացատրական աշխատանք է տարվել, տեղեկություն է տրվել անչափահասների գործերով զբաղվող բաժանմունքներին և համատեղ զրույց ենք ունեցել և՛ ծնողի, և՛ երեխայի հետ, բացատրել ենք և՛ իրավունքները, և՛ ռիսկերը, և ինչ ելքեր կարող են լինել, եթե ծնողը խորը չզբաղվի: Եթե ընտանիքում կա սոցիալական խնդիր, ապա սոցիալական խնդիրները լուծվել են, ընտանիքներին սոցիալական աջակցություն է տրվել:
— Դուք բացառում եք, որ հաստատություններից տուն վերադարձած երեխաները հնարավոր է դրսում նման գործողությո՞ւն ծավալեն: Եվ, միգուցե երեխաներն առավել պաշտպանված, խնամված կլինեին հատուկ հաստատություններո՞ւմ:
— Ես չեմ բացառում, ես ուղղակի տեղյակ եմ, որ այսօրվա դրությամբ բոլոր 128 երեխաները, որոնք եղել են լուծարված 2 խնամքի հաստատություններում, վերադարձել են ընտանիք, նրանց ընտանիքների հետ բազմամասնագիտական թիմի կողմից տարվել և տարվում է հսկայածավալ աշխատանք, և այդ աշխատանքի արդյունքում այդ ընտանիքներում խնամվող երեխաների հետ որևէ խնդիր չկա: Ոչ մի երեխա չկա հանրակրթությունից դուրս մնացած, բացառությամբ երկուսի, որոնք Ախուրյան համայնքից են, 18 տարեկան, և խնդիրը ոչ թե թերացման մեջ է, այլ երեխաների հետ աշխատանք է տարվում, որպեսզի կազմակերպվեն նրանց մասնագիտական ուսուցումը: Մյուս բոլոր երեխաների և ընտանիքների հետ կա անընդհատ կապ, սոցիալական աշխատողները մշտապես այցելում են, և խնդիր չկա: Իսկ եթե նորմայից, գծագրած պլանից շեղում է նկատվում, ապա անմիջապես բազմամասնագիտական թիմի կողմից ահազանգվում է, և համապատասխան աշխատանքներ տարվում: Իսկ ինչ մնում է ադի-բուդի կամ չգիտեմ ինչ վաճառող երեխային, ապա նա սովորական ընտանիքից է, հաստատությունում չի եղել:
— Իհարկե, ոչ մեկը դեմ չէ, որ յուրաքանչյուր ընտանիք ամբողջական լինի, ավելին, երեխաները պետք է մեծանան ընտանեկան օջախի ջերմության ներքո, սակայն, եթե այսօր մտավախությունները չբարձրաձայնվեն, մտահոգությունների մասին չխոսվեն, ապա վաղը փաստի առաջ կկանգնենք ու շատ ավելի բարդ կլինի:
— Այո, շատ ճիշտ եք: Իհարկե, կարևոր է, որ ուշադրություն դրաձվի, սակայն ուզում եմ, որ տեղեկությունը ճիշտ մատուցվի: Որովհետև մեկ սխալ նախադասությունը կարող է բերել անդառնալի հետևանքների: Տեսեք, 13-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը, որ տեղի ունեցավ… առաջին հարցադրումն եղել է, ինչը ինձ շատ ցավ պատճառեց, որ այդ ուղղությամբ է հարցադրվում, արդյո՞ք նա հաստատության երեխա էր: Եթե ասենք՝ այո, հաստատության երեխա էր, մինչդեռ այդպես չէր, և ի՞նչ, երեխան կարող է շաբաթ-կիրակի տուն էր գնացել ու կարող է նման բռնության էր ենթարկվել, կամ արձակուրդներին կարող էր դա տեղի ունենալ: Փոխանակ խոսենք բռնություն երևույթի մասին, այն ծածկադմփոց անելու մասին, երբ մարդուն դաժանաբար չգիտեմ քանի ժամ ծեծում են, և ոչ մեկը չի արձագանքում, թքած ունեն, անտարբեր են, բայց անմիջապես հարցադրվում է, թե երեխան հաստատությա՞ն, չգիտեմ որ կենտրոնի՞ սան էր… Սա է ինձ ցավացնողը: Թե չէ, Աստված մի արասցե, որ նման դեպք կրկնվի. ցանկացած, նույնիսկ բարեկեցիկ ընտանիքում էլ կարող էր նման դեպք արձանագրվել:
— Հաստատություններում կայի՞ն երեխաներ, որոնք ռիսկային խմբում էին:
— Այդ բարդ դեպքերով երեխաները, որոնց վերադարձն ընտանիք ուղղակի չէր կարող լինել, տեղափոխվել են «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատություն: Այդ ընտանքիների հետ մի քիչ լայն, շատ աշխատանք է պահանջվում, այդ գործընթացներում ենք և, երբ հունիսի 25-ից Նանսենի անվան հաստատությունն էլ լուծարվեց, ու բազմամասնագիտական թիմը հաստատեց, որ այդ ընտանքիների հետ չունենք որևէ արդյունք, ապա այդ երեխաները դարձյալ չեն վերադառնա իրենց բարդ ընտանիքները: Թե ուր կգնան, այս պահին չեմ կարող ասել, որովհետև ամեն երեխայի հետ անհատական պլան է մշակվում:
— Թեպետ պետական ենթակայությամբ չէր, բայց ունեինք «Թռչունյան տուն» կենտրոնը, որը հովանավորների հրաժարման և այլ պատճառներով ևս լուծարվեց, սակայն այնտեղ ևս կային սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ. ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ երեխաներին:
— «Թռչունյան տանն» եղել է գրանցված 108 երեխա, որի մի մասը օգտվել է ծառայությունից գիշերային բաղադրիչով. այսինքն՝ գիշերները մնացել են, խնամվել են և այլն, որը շատ փոքր մասն է կազմում, իսկ մյուս մասն ուղղակի օգտվել է դպրոցից, հաճախել պարապմունքների և վերադարձել են իրենց ընտանիքներ: Երբ այս հաստատության լուծարման որոշում կայացվեց, բոլոր ընտանիքների հետ մարզպետարանի համապատասխան բաժնի կողմից աշխատանքներ ծավալվեց, բոլոր ծնողների հետ հանդիպել ենք, բոլոր երեխաները հանրակրթական համակարգում են, չունենք դպրոց չգնացող երեխա: Բոլորին տրվել է ֆինանսական աջակցություն, այն ընտանիքները, ում սոցիալական վիճակը նորմայից խիստ ցածր է, այդ ընտանիքների համար մշակվում են առանձին ծրագրեր, քանզի հասկանում ենք, որ մեկանգամյա ֆինանսավորումը չի բավարարի երեխային ընտանիքում պահելու համար: Դրա համար փնտրում ենք կազմակերպություններ: Քանի որ «Թռչունյան տան» խնդիրն ակամա տեղի ունեցավ, դրա համար այսրոպեական լուծումներ տրվեցին: Բայց «Թռչունյան տան» գիշերային բաղադրիչով երեխաներին և նրանց, որոնք չէին կարող ընտանիք վերադառալ, տեղափոխել ենք Նանսենի անվան հաստատություն: Ինչպես մյուս երեխաների, այդպես էլ այս երեխաների նկատմամբ նույն պլանավորմամբ ենք առաջնորդվելու, մինչև վստահ չլինենք, որ երբ երեխան վերադառնա տուն, խնդիրներ չի ունենա:
— Այսինքն, եթե խոսակցություններ կային, թե հաստատությունների երեխաների հետագա ճակատագիրն անհայտ է, միֆի՞ ժանրից էին:
— Ես փառք եմ տալիս Աստծուն, որ մինչև այսօր, բոլոր այն ռիսկերը, որոնց մասին մենք բարձրացրել էինք, այդ ռիսկերից ոչ մեկը իրականություն չի դարձել: Բայց դա իրականություն չի դարձել ոչ թե որովհետև բախտը մեր կողմն էր, այլ որովհետև կա տաժանակիր աշխատանք բազմամասնագիտական թիմի կողմից: Այս թիմը ոչ միայն մարզպետարանի աշխատակիցներն են, այլև համայնքն է, սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, պոլիկլինիկաները, ոստիկանության տեսուչները, «Հայ օգնության ֆոնդի» փորձագետ սոցաշխատողները, «Վորլդ Վիժըն», «Հայկական Կարիտաս» կազմակերպության աշխատակիցները, «Իմ Քայլը հիմնադրամ», «Ֆլայ» կազմակերպությունը, որոնք նաև ֆինանսական աջակցությունն են ապահովում ընտանիքներին, անհատներ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են նման ընտանիքներով:
— Ցանկություն կար խնամատար ընտանիքների ինստուտուտ կազմավորել: Ստացվե՞ց:
— Ասեմ, որ այսօր բոլոր քննարկված դեպքերում մենք չենք ունեցել երեխա, որին անհրաժեշտ է տալ խնամատարության: Խնամատարության ինստիտուտի զարգացման համար առաջին էտապը բնականաբար իրազեկման աշխատանքներն են, որոնք պլանավորել էինք հենց այս շաբաթվանից սկսել: Գյումրի և Արթիկ համայնքներում մենք կազմակերպել ենք հանդիպում մասնագետների և ծնողների հետ: Սա առաջին քայլն է, որն ընթանում է ըստ պլանավորման:
— «Երեխաների տուն» հաստատությունում շա՞տ լքված երեխաներ ունենք:
— Բազմակի հաշմանդամություն ունեցող 125 երեխա կա այդտեղ:
— Մենք միայն հաշմանդամությո՞ւն ունեցող երեխաներ ունենք, թե՞ լքված երեխաներ ևս…
— Բազմակի հաշմանդամությամբ պայմանավորված ծնողների կողմից ծնողական իրավունքից հրաժարված երեխաներ են այնտեղ: Եթե չեմ սխալվում, 2 երեխա կա, որոնցից ծնողները չեն հրաժարվել, ուղղակի նրանք, կապված երեխայի հաշմանդամության հետ, չեն կարողանում համապատասխան խնամք իրականացնել, բայց պարտադիր տեսակցություն ունեն: Բայց ցավոք սրտի, մյուս երեխաները մանկատանն են հայտնվել, քանզի ծնողները հրաժարվել են: Եվ մենք այս ուղղությամբ էլ ենք պլանավորում աշխատանքներ. «Յունիսեֆի»՝ «Բարի Մամա» կազմակերպության հետ մարտի վերջին կլինեն մասնագիտական իրազեկման դասընթացներ՝ հիվանդանոցների աշխատողների հետ, որպեսզի կարողանան ծնողների հետ խորը հոգեբանական զրույցների միջոցով հասնել նրան, որպեսզի ծնողը չհրաժարվի հաշմանդամություն ունեցող երեխայից: Քանի որ հստակ դրված է. այն երեխան, որը գուրգուրանք ստանում է ծնողի կողմից, ավելի արագ է աճում, դրական դինամիկան շատ ավելի լավն է:
— Շնորհակալություն, և ուրախ եմ, որ այս պահին տխուր մտապատկերներս ցրվեցին:
— Ես ևս շնորհակալ եմ, ևս մեկ անգամ ասեմ, որ նորմայից դուրս չունենք որևէ իրավիճակ: