ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Խնդիր եմ դրել՝ վերականգնել պետությանը հասցված վնասը»

Հարցազրույց Շիրակի մարզի դատախազ ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ:

Պարոն Գաբրիելյան, տարին արդեն կես է ընկել, կարո՞ղ եք ներկայացնել վիճակագրական տվյալներ

— Կփորձեմ ներկայացնել 2018թ-ի ընթացքում Շիրակի մարզում արձանագրված դեպքերի թվային պատկերը, կաշխատեմ ըստ հանցատեսակների բաժանել, նաև՝ կոնկրետ որ հանցագործություններով ունենք աճ և նվազում, այդ թվում՝ բացահայտումները:

2018թ-ին, համեմատած անցած տարվա կիսամյակի հետ, ունենք արձանագրված դեպքերի թվի նվազում՝ 8-ով (անցած տարի 632-ն էին, այժմ 624 է): Այս համատեքստում կարևորում եմ առանձնապես ծանր հանցագործությունների թվի նվազումը: Անցած տարի առավելապես ծանր հանցագործությունների 7 դեպք ենք ունեցել, իսկ այս տարի՝ 2: Ընդ որում, անցած տարի սպանությունների 4 դեպք էր, իսկ այս տարի 2, և երկուսն էլ բացահայտված են. վաճառակետի դիմաց հրազենով երկու անձի սպանության և հոգեմետ դեղերով հարազատին թունավորման եղանակով սպանության դեպքերն են: Հանցանք կատարած  անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանք այժմ գտնվում են կալանքի տակ, չնայած որ վերջին հանցանքը կատարողը հաշվառված է հոգեբուժական կենտրոնում:

Հասարակությանը վտանգ ներկայացնող անձնավորությունը ազատ տեղաշարժման իրավո՞ւնք է ունեցել:

— Նա նախկինում դատապարտված եղել էր: Նաև հաշվառված է եղել, բայց երբ համապատասխան հանձնաժողովի եզրակացությամբ՝ վտանգ չի ներկայացրել, հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն կենցաղային վեճի պատճառով հարազատին կյանքից զրկել է:

Նշեմ, որ իմ կողմից հատուկ հանձնարարություն է տրվել՝ ստուգելու 2007թ-ից մինչ օրս արձանագրված սպանության դեպքերը, որոնցով քրեական գործերի վարույթները կասեցված են եղել՝ որպես մեղադրյալ ենթակա անձերի ինքնությունն անհայտ լինելու պատճառով: Կոնկրետ 13 դեպքերի ուսումնասիրության համար քննիչներին տրվել են որոշակի քննչական և դատավարական գործողություններ կատարելու առարկայական ցուցումներ, որոնք բխել են կոնկրետ քրեական գործերի նյութերից, ինչպես նաև հանձնարարություններ են տրվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը՝ ձեռնարկելու և ակտիվացնելու անհրաժեշտ և արդյունավետ օպերատիվ հետախուզական աշխատանքները՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, մասնավորապես, հայտնաբերելու հանցանք կատարած անձերի ինքնությունը: Նշված քրեական գործերով թվով 12-ի համար ցուցումներ է տրվել քրեական գործերի վարույթները վերսկսելու և նախաքննություն կատարելու համար: Քրգործերը վերսկսվել են, գտնվում են անձամբ իմ դիտակետում, անձամբ եմ ուսումնասիրելու բոլոր գործերը և հետամուտ ենք լինելու:



Պարոն Գաբրիելյան, հատկապես ո՞ր հանցատեսակն է առավել մտահոգիչ:

— Հափշտակությունների մասով ինձ մտահոգում է արձանագրված բնակարանային գողությունները, և մենք ունենք աճ: Անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 30 դեպք, իսկ այս տարի, նույն հատվածում՝ 44: Սա ողջ Շիրակի մարզով, բայց շատը Գյումրիում է: Բացահայտման ցուցանիշի նվազում ունենք. 44-ից 29-ը բացահայտված չեն:

Կարծում եք՝ «խելացի սխեմայո՞վ» են գողություն կատարել, թե՞ հիմնականում փակ բնակարաններ են թալանել:

— Այո, ճիշտ եք, փակ բնակարաններից են հիմնականում հափշտակություններ կատարվել: Այս ուղղությամբ ևս օպերատիվ հետախուզական աշխատանքներ են տարվում և ես լիահույս եմ, որ բացահայտման դեպքերը կավելանան:

Դուք բազմիցս հայտարարել եք, որ անզիջում պայքարում եք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ

— Շիրակի մարզի դատախազությունը, այո, անզիջում պայքար է մղում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ: Այս համատեքստում, օգտագործելով ամբողջ գործիքակազմը, ինչպես նաև համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տալով հետաքննական և նախաքննական մարմիններին, հետամուտ ենք լինում կոռուպցիոն դեպքերի մեջ կասկածվող անձանց բացահայտելու ուղղությամբ: Առաջնահերթության կարգով խնդիր եմ դրել՝ վերականգնել պետությանը հասցված վնասը: Նաև նման հակումներ ունեցող, ենթադրյալ հանցանք կատարած անձանց հորդորում եմ զերծ մնալ նման վարքագիծ դրսևորելուց և վերականգնել պատճառված վնասը, միաժամանակ նկատի ունենալով, որ կկիրառվի քրեաիրավական ներգործության միջոցներ: Կոնկրետ Շիրակի մարզում հարուցվել է 42 կոռուպցիոն բնույթի քրեական գործ, որից պետությանը պատճառված վնասի վերականգնված  չափը կազմում է 36 մլն 928 հազար դրամ: Սա շարունակական բնույթ է կրելու:

Հանրության ուշադրության կենտրոնում է Շիրակի պետհամալսարանի և Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վերաբերյալ կոռուպցիոն քր.գործերը:

— ՇՊՀ-ի առումով ունենք հարուցած 2 քրեական գործ: Մեկը վերաբերում է դասախոսների կողմից բարձրացրած հարցերին՝ հանցագործության մասին հայտարարություն էին արել: Նախապատրաստած նյութերի արդյունքներով հարուցվել է քր.գործ՝ քր.օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում են քննչական անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մասնավորապես, նշանակել ենք ստուգում, փորձաքննություն, և դրանց արդյունքները ստանալով, անհրաժեշտ եզրահանգման կգանք՝ կոնկրետ հանցագործության հատկանիշներ առկա՞ են, թե՞ ոչ, և, եթե այո, ապա ովքեր են մեղավորները:

Երկրորդ քրեական գործը վերաբերում է յուրացման և խարդախության եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքին: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ուսանողներից հավաքվել է մեծ թվով գումար, իսկ համապատասխան ուսումնասիրություններից պարզվել է, որ շատ քիչ մասն է մուտքագրվել, մնացած տարբերությունը, որը կազմում է շուրջ 460 մլն դրամ, դեռ չի պարզվել, թե որտեղ է: Հաջորդ դրվագը վերաբերում է դիպլոմների միջուկների կամ այլ աշխատանքների համար ուսանողներից հավաքագրած գումարներին, 4 տարիների ընթացքում այդ գումարը կազմել է մոտ 20 մլն դրամ, բայց նաև փաստվել է, որ այդ կապակցությամբ բուհի ֆոնդից դուրս է գրվել գումարներ: Ելնելով այդ արդյունքներից, որոշեցինք քրեական գործ հարուցել: Դեռևս ներգրավված կասկածյալ անձինք չունենք, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:

Նույնը պետք է ասեմ Կոնսերվատորիայի մասին. հարուցվել է քրեական գործ, նշանակել ենք ստուգումներ: Այս պահին հարցաքննվում են բազմաթիվ անձինք, մեր կողմից քննիչին տրվել են ցուցումներ՝ քննչական գործողություններ կատարելու ուղղությամբ, արդյունքները համադրելով, բավարար ապացույցների դեպքում, որոշում կկայացվի անձանց մեղադրյալ ներգրավելու համար:

Թիվ 40 դպրոցի տնօրենի մասով մեղադրանքը առաջադրված է, վնասը վերադարձված է, երկու համայնքի՝ Մեղրաշատի և Իսահակյանի ղեկավարների քր.գործերի հետ միասին ուղարկվելու են դատարան:

Իսկ Մարալիկի առողջության կենտրոնի դեպքով ի՞նչ կա:

— Կենտրոնի հետ կապված ունենք հարուցված քրեական գործ՝ 308 և 309 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով: Նյութեր նախապատրաստելու առիթը հանդիսացել է Շիրակի մարզպետարանից ստացված աուդիտի արդյունքները: Ուսումնասիրելով՝ հայտնի է դարձել, որ կան ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տվյալներ: Կենտրոնի տնօրենը իրեն ձևակերպել է որպես սթափության վիճակը ստուգելու մասնագետ և այդ կապակցությամբ ստացել աշխատավարձ, մինչդեռ համապատասխան իրավական ակտերի ուսումնասիրությամբ, տնօրենը, բացի գիտամանկավարժական գործունեությունից, իրավունք չունի այլ աշխատանք կատարելու: Բացի այդ, աշխատակիցների հետ կնքել է պայմանագիր՝ կոնկրետ աշխատավարձի չափով, սակայն քիչ է վճարել:

Իսկ նոր գործերից որո՞նք կնշեք:

— Այսօր տեղեկացա, որ Սարիար գյուղի դպրոցի տնօրենը միջոցներ է ձեռնարկում՝ պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, և իր նկատմամբ քրեական գործ է հարուցված: Նաև մեր կողմից ուսումնասիրություններ են կատարվում պետշահերի շրջանակներում, այս պահին թվով 12 ուսումնասիրություն ունենք, որի արդյունքում կունենանք պետությանը պատճառված վնասի վերականգնում: Հիմնականում վերաբերում են դպրոցների տնօրենների, գյուղապետերի, այլ պետհիմնարկների ղեկավարների ու աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի առթիվ հարուցված գործերին:

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ կոռուպցիոն բնույթի հանցանքներն ավելի շատ տարածված են դպրոցների տնօրենների, համայնքապետերի շրջանում:

— Այս 6 ամիսներն ամփոփելով, ես հետևյալն եմ որոշել. ուսումնասիրել, կատարել վիճակագրություն, թե քանի՞ հատն է դպրոցի տնօրենի, քանի հատը համայնքի ղեկավարի կողմից, ու համապատասխան հանցանքը կատարելու նպաստող պայմաններն ու պատճառները բացահայտելու համար կոնկրետ միջնորդագիր հասցեագրել պատկան մարմիններին՝ իրականում պարզելու հանգամանքները, և ապա միջոցներ ձեռնարկել, որ այսուհետ բացառվի նման դեպքերը:

Թմրամոլության և թմրամոլների ցուցանիշներն ինչպիսի՞ն են:

— Ասեմ, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 4 դեպքի նվազում ունենք, անցած 41-ի դիմաց 37 ենք գրանցել: Բարձր է նաև բացահայտման ցուցանիշը՝ 81,1 տոկոս: Թմրանյութերի իրացման դեպքերի բացահայտումները կատարվում են երկար ու բազմաչարչար աշխատանքների շնորհիվ, քանզի նշված սուբյեկտները գործում են փակ, լատենտային: Անցած տարի 25 դեպք էր, իսկ այս տարի՝ 14: Բացահայտման ցուցանիշի 50 տոկոս աճ ենք գրանցել… Ինձ համար սա մտահոգիչ է:

— «Բենզինիստների» «քոքը» կտրվե՞ց, թե՞

— Հա, եթե հիշում եք, 2009-10թթ-ին «բենզինիստները» մեծ թիվ էին կազմում, բայց հիմա, փառք Աստծո, քիչ են…

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների ցուցիչներն ինչպիսի՞ն են:

— Այս կիսամյակում ունեցել ենք 12 անչափահասի կողմից կատարված տարաբնույթ հանցագործություններ՝ նախորդ 29-ի դիմաց: Ի դեպ, նշածս 12-ը հաշվառման մեջ չեն գտնվել: Փաստորեն, այս առումով նվազում է դիտվում:

— «Շրջապատը» տպագրել էր հոդվածաշար՝ կապված գերեզմանի անարգման դեպքի հետ: Այդ դեպքով քրեական գործ հարուցվե՞լ է, եթե այո՝ ի՞նչ փուլում է այն գտնվում:

— Իմ կողմից ցուցում է տրվել վերսկսել քրեական գործի վարույթը, կոնկրետ քննչական  ու դատավարական գործողություններ կատարելու ուղղությամբ, նաև հանձնարարություն է տրվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, ոստիկանության աշխատակիցներին հանձնարարություն է տրվել օպերատիվ հետախուզական աշխատանքների կապակցությամբ:

Պարոն Գաբրիելյան, այժմ իրավիճակ է փոխվել, այսպես ասած, նոր Հայաստանում ենք ապրումաշխատելը հեշտացե՞լ է, Դուք հեղափոխությունից առաջ ու հետո կարո՞ղ եք եզրույթ սահմանել:

— Դատախազությունը ապաքաղաքական կառույց է: Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված կարգով:

Բայց հնարավոր է, չէ՞, որ քննիչներն ինչինչ պատճառով, կամ նախկին իշխանության վարած քաղաքականության պատճառով կաշկանդված աշխատեին, վերապահումով, տարբերակված գործեին

— Մեր լիազորություններն իրականացրել ու իրականացնում ենք օրենքով սահմանված կարգով: Գոհունակությամբ եմ հայտնում, որ հանրությունը սկսել է վստահությամբ վերաբերվել իրավապահ համակարգին:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ