Խորհրդային տարիներին մեր բարեկիրթ ուսուցիչներն ու դասախոսները մեզ դպրոցում և բուհերում, ինչ խոսք, լավ էին կրթում: Պարզապես ջանք չէին խնայում, որպեսզի երկրի պիտանի քաղաքացիներ դառնայինք: Խորհրդային կրթական համակարգը բարձր մակարդակի վրա էր գտնվում ու աշխարհի շատ երկրներում պատկառելի վարկանիշ ուներ, և դա բնավ չափազանցություն չէր: Մեզ, ի թիվս այլ առարկաների, դասավանդում էին «Հին աշխարհի պատմություն», հրամցնում նոր և նորագույն պատմությունների դասերը, իհարկե, մի քիչ խորհրդային «երանգապնակին» հատուկ բացահայտումներով և ուղղվածությամբ: Մեր ճանաչողության սահմանը պայմանավորված էր պատմական խորը գիտելիքների կուտակմամբ: Հատկապես խորհրդային տարիների եղելություններն էին մատուցվում բծախնդիր սրբագրումներով: Դա պարտադիր էր: Լայնածավալ երկրի գաղափարախոսությունն էր այդպես պահանջում, և մենք ամեն ինչ ընդունում էինք հալած յուղի պես:
Դասավանդման մեթոդիկան էլ էր խորհրդային կրթական համակարգի առանցքային մաս համարվում: Համաձայնեմ, որ առանց անցյալն իմանալու, անշուշտ, չես կարող լիարժեքորեն ներկան ճանաչելով ապրել, հստակ կողմնորոշվել լաբիրինթոսային քո պատմական ներկայության մեջ: Բայց այն տարիներին, ճշմարիտն ասած, ինձ մի իրողություն էր անչափ զարմանալի թվում. Հայ հեղափոխական դաշնակցությունը պատմաբանների տեսանկյունից մշտապես «սևերես» էր ներկայացվում պատմական հոլովույթներում: Մեզանից մեծերն այն ժամանակ կիսաշշունջ գրեթե միշտ ակնարկում էին, թե ՀՅԴ-ն հայրենիքի բարօրության, թուրքերի դեմ վարած ազատագրական պայքարում իրենց որպես անձնուրաց մարտիկներ են դրսևորել՝ հիմնադրելով Հայոց առաջին հանրապետությունը, որը երկու տարվա կյանք է ունեցել:
Երբ Հայաստանն անկախացավ, հետևաբար նաև անհրաժեշտություն ծագեց պատմությունը սրբագրել: Ուստի, հանիրավի մոռացության մատնված դաշնակցական հայրենասերների գործունեության մասին արդեն պատմաբանները սկսեցին աներեր բարձրաձայնել, գիտական աշխատություններ հեղինակել: Դա, իհարկե, դրվատանքի արժանի երևույթ պետք է դիտվեր, ինչի շնորհիվ, ինչպես ընդունված է ասել` վերականգնվեց պատմական ճշմարտությունը: ՀՅԴ գործունեությունը հայրենիքում պաշտոնական ճանաչում ստացավ: Բայց երբ անձամբ հետհայաց դիտարկում եմ այս կուսակցության անցած ուղին և համեմատում ներկա գործելակերպի հետ, ճիշտն ասած, զարմանքից շփոթմունքի մեջ եմ ընկնում: Հետևություններս ոչ մի կերպ չեն տեղավորվում այսօրվա դաշնակցության ղեկավար մարմինների որդեգրած մարտավարության ու քաղաքական հեղհեղուկ դիրքորոշումն հասկանալու տրամաբանության սահմաններում:
Հայաստանում այս էլ քանի տարի է` իշխանությունը չի փոփոխվում, չնայած նրանց տված խոստումների շռայլությանը, ամեն ինչ նույնն է մնում` ընչազրկությունը չի նահանջում, իսկ դաշնակցականները կարծես մերթ տեսնում են այդ իրողությունը, մերթ աննկատ է մնում աչքից, այսինքն` նրանց տեսողության վատացումը սկսվում է այն պահից, երբ նախարարական պորտֆելների տեր են դառնում: Հանգամանքներից կախված` նրանք մեկ ծպտյալ ընդդիմադիրներ են, որ հոխորտում են իշխանությունների վրա, մեկ էլ իշխանությունների թևի տակ են մտնում` նրանցից փայ ստանալու ակնկալիքով: Հասկանալի է, որ քաղաքական խաղերի պատրանք ստեղծելը երդվյալ դաշնակցականների նոր իմիջն է դարձել, որ բերում է իրենց համար շահեկան դիրքերի ապահովմանը: Իրականությունն այն է, որ կարծես վերջին տարիներին նրանք երդվյալ հանրապետականներից ոչնչով չեն տարբերվում: Մի տեսակ կլոնացման պրոցես է ընթանում, որի գերակա սկզբունքը «որտեղ հաց, այնտեղ կացն» է դարձել:
Ես, ընդհանուր առմամբ, ժխտողական վերաբերմունք չունեմ այն մարդկանց հանդեպ, ովքեր սկզբունքորեն հավատում են իրենց ասածներին ու արած գործերի արդարությանը, բայց երբ ակնհայտ պոպուլիզմի հոտ է փչում նրանց հռետորական ձևակերպումներից, նրանք այլևս վստահություն չեն ներշնչում: Պարզապես նրանք անկեղծ չեն ժողովրդի հանդեպ: Եվ սա չի կարող աչք չծակել: Իսկ ժողովուրդն էլ տվյալ դեպքում իր մեծամասնությամբ այնքան միամիտ չէ, որ չտեսնի, թե դիմակահանդեսը զուտ խորհրդարանի շեմն անցնելու բնույթ է կրում այդ կուսակցության գործիչների համար:
Ահա այսպես` դարձյալ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ իշխանության մաս կազմեց` ի հեճուկս այն բոլոր ընդդիմախոսների, ովքեր պնդում են, թե հանրապետականների կերտած առաջընթացի հետ հույսեր կապելն անհուսալի հեռանկար է խոստանում: Ի դեպ, ակնհայտ է նաև այն փաստը, որ հանրապետականները կարող էին միանգամայն յոլա գնալ առանց դաշնակցականների ընկերակցության, քանզի նոր խորհրդարանում նրանք բացարձակ մեծամասնություն են կազմում:
Այս էլ արդեն քանի տարի անընդմեջ ՀՅԴ-ի համար իշխանամետությունը դասական պաշտոնամոլությունը դարձ ի շրջանս յուր շրջապտույտում է ընթանում: Ինչպես ասում են, սա էլ իր նախընտրությունն է: Մնում է կարծել, թե տեղին կլիներ մտածել, որ նմանօրինակ կուսակցությունը ճիշտ կլիներ հավերժական խոնարհումների շարժիչ հնարեր սեփական ողնաշարի համար և շարունակեր հաճոյանալ ՀՀԿ-ին իր հավատարմությամբ:
Վերջերս զրուցում էի ընկերներիցս մեկի հետ, և նա ասաց, թե 1990-ականների իշխանությունը` ՀՀՇ-ն, համենայնդեպս, իր ուրույն դեմքն ուներ: Ասաց նաև` լավ-վատ, իրենք էին, բայց ՀՀԿ-ում նեոբոլշևկյան երևութականությունն է նկատելի: Իսկ եթե իրենք այդ երևույթը չեն տեսնում, ապա դա արդեն իրենց խնդիրն է: Ով ինչ ուզում` տեսնում է, ուրեմն` իրենց բախտն իրենց հետ: Դաշնակցականներինն էլ` իրենց: Թող վայելեն իրենց բաժին հասած իշխանությունը:
ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ