ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծառերը կանգնած են մահանում» կամ՝ իմ ճաշակը քո ճաշակին ընկեր չէ

Դեռևս 2013թ-ին, երբ Գյումրու քաղաքապետարանն օրակարգ էր բերել Վարդանանց հրապարակի՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմացի 8 եղևնիների տեղափոխման հարցը, «Շրջապատը» հարցախույզ էր հրապարակել, որտեղ քաղաքացիները մեծամասամբ դեմ էին արտահայտվել եղևնիների տեղափոխմանը: Վերջերս «Շրջապատի» խմբագրի հետ մասնավոր զրույցում քաղաքացիները խոսել էին այդ եղևնիների ոչ փարթամ տեսքի մասին, ինչից հետո խմբագիրը ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով եղևնիների լուսանկարը, գրառում էր կատարել:

Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 3-ին հրավիրել էր թվով 8 եղևնիները տեղահանելու ու դրանք «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում վերատնկելու թեմայով հանրային բաց լսման: Քննարկումը վարող փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ներկայացրեց «Շրջապատի» խմբագրի ֆեյսբուքյան գրառումը, նաև քաղաքապետարանի կայքում զետեղված հարցումը՝ արձանագրելով, թե քանիսը՝ դեմ, քանիսը՝ կողմ են արտահայտվել եղևնիների տեղահանմանը: Նշեց, որ ուզում են կառուցողական քննարկում լինի, իսկ թե արդյունքում ինչ կստացվի՝ կարձանագրեն:

Ռ.Սանոյանը նշեց, որ «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը հարցում է ուղարկել քաղաքապետարանին, թե տվյալ գործողությունն իրականացնելու ի՞նչ անհրաժեշտություն կա, ո՞ւմ ճաշակի համար է արվում և այլն: «Սա ճաշակի խնդիր չէ, այլ պահանջը այն մարդկանց կողմից է, ովքեր քաղաքում շրջում ու տեսնում են, թե ինչ կարելի է անել՝ քաղաքն էլ ավելի բարեկարգ տեսնելու համար»,- ասաց փոխքաղաքապետը:

Հաջորդ հարցը վերաբերում էր եղևնիների տեղափոխման անհրաժեշտության մասնագիտական կարծիք-հիմնավորմանը, և որքան գումար կպահանջվի, եթե համաձայնվեն եղևնիները տեղափոխել: Ռ.Սանոյանն ասաց, որ քաղաքապետը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ՝ մասնագիտացված տեխնիկա տրամադրելու հարցում, և որևէ մեծ ծախս չի պահանջվում:

Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի կանաչապատման գծով բրիգադիր Ազատ Խաչատրյանը ներկայացրեց. «Մինչ երկրաշարժը դրանք լավ վիճակում էին: Հետո բազմաթիվ մեքենա ու տեխնիկա է աշխատել տարածքում, ճյուղեր են կտրել, փոխվել է գույնը, փշատերևների մի մասը չկա, գագաթները չկան, աճը կանգնած է: Բացի այս, ծառերի արմատները խրվում են Գյումրի գետակի մեջ, քանի որ գետակն անցնում է հրապարակի տակով: Այո, այս ծառերը կարող են երկար ապրել, արդեն 50 տարի ապրել են, բայց խցանումների պատճառով կարող են թունելի փլուզման պատճառ դառնալ, ինչպես եղավ «Կինո Հոկտեմբերի» մոտ: Երկու տարի առաջ «Նորմա Թերզյան» ՍՊԸ-ի կողմից ենք դիմում ստացել. դիմացի եղևնին թեքվել է: Եթե ուժեղ քամիներ լինեն, փորձանք կլինի: Ես էլ այն ժամանակ դեմ էի, բայց քանի որ հիմա մասնագիտացված տեխնիկա կա, որի դանակները 2մ խորությամբ մտնում են հողի մեջ ու հանում ծառերը, ես հույս ունեմ, որ եթե տեղափոխենք, 90% կպչողականություն կապահովվի: Իսկ այդ տարածքում փշատերև այլ ծառեր կտնկենք, որոնք շատ չեն բարձրանում ու շատ գեղեցիկ տեսք ունեն»,- ներկայացրեց Ազատը Խաչատրյանը:

Գևորգ Պետրոսյանը հարցրեց, թե գրավոր պարզաբանում էր ուզել, իսկ քաղաքապետարանը բանավոր է պատասխանում. այդպես չպիտի լիներ: Հետո նկատեց, թե քաղաքապետարանը կարող է իր ենթակայութամբ աշխատող հիմնարկների աշխատակիցների միջոցով կազմակերպել ու իր ցանկացած արդյունքը ստանալ: Ռ.Սանոյանը վրդովված արձագանքեց, թե եթե ուզենային կազմակերպել, այնպես կանեին, որ… «Ձեր ներկայացրած հիմնավորումներն օբյեկտիվ չեն,- շարունակեց Գ.Պետրոսյանը։- Իմանալով եղևնիների արմատային համակարգի կառուցվածքը՝ պարոն Խաչատրյանը նման հիմնավորում չպիտի ներկայացներ, որովհետև եղևնիներն ունեն դեպի խորանիստ, ուղղահայաց իջնող արմատային համակարգ ու մակերեսային արմատներ, որոնք չեն կարող լինել խցանման պատճառ։ Տեսքի հետ կապված. 20 տարիների ընթացքում եղևնիների խնամք չի եղել ու դուք ասում եք՝ վատ է։ Չհաշված այս վերջին տարիներին քանի անգամ եղևնիների արմատային համակարգը վնասելով՝ արվել է շինարարություն, վերջերս էլ իրականացվել է էլեկտրական կաբելի անցկացում, էլեկտրական հոսանքի կաբելը հենց եղևնիների արմատների վրայով է անցկացվել: Ես անձամբ եմ տեսել… Ճաշակի հարց եք քննարկման դրել՝  եղևնիները սիրո՞ւն են, թե՞ գեշ, ճաշակի հարցերը հանրային քննարկման չեն դնում։ Ձեր չխնամելը, չջրելը, ձեր անփութության արդյունքն է»։

Ռ.Սանոյանը հակադարձեց. «Փողոցաշինական մեծ աշխատանքներ են ընթանում, հիմա՝ արմատներին չկպնեն, սա չանեն, նա չանեն… Մեկից սաղ առաջարկներդ ասա, գրենք: Ռիժկովի փողոցի բնակիչն եկել, բողոքում է, որ ծառերի արմատները խրվել են շենքի տակ, կքանդվի, ասել եմ՝ գնա բնապահպաններին ասա»:

Գ.Պետրոսյան. «Էլի շինարարություն եք ուզում անել, ինչ-որ բան գուզեք էդ հատվածում անեք՝ ասֆալտ փոխել, չիդեմ ինչ, նորից էս հարցը քննարկման եք դրել, արդիական է դառել. չեմ հասկնա, քաղաքապետարանն էլ ուրիշ բանուգործ չունի՞, էդ 8 եղևնիներն են հա՞ մեր քաղաքը տեսքից գցողը»:

Ռ.Սանոյան. «Քաղաքապետարանը շատ բան ու գործ ունի, դուք էլ օգնեք, ոչ թե քննադատեք: Ինչի՞ չես գալիս էդ հանձնաժողովի մեջ մտնում»:

Գ.Պետրոսյան. «Պարոն Սանոյան ջան, դուք ծախսում եք մեր փողը, պարտավոր եք այդ փողը ծախսելու համար հարցնել մեզ ու մեր ճաշակով ծախսել»:

Ռ.Սանոյան. «Մենակ դու չես մուծում, ես էլ եմ հարկ մուծում, ես էլ եմ բնակիչ՝ իմ սիրտս էլ է ցավում, ինչո՞ւ եք մեզ առանձնացրել, մի կողմ դրել…»։

Գ.Պետրոսյան. «Դուք ո՛չ նախագիծ եք ներկայացրել, ո՛չ ծախսերը…»:

Ռ.Սանոյան. «Ի՞նչ ծախս, ես ասացի, որ պայմանավորվել ենք Երևանի հետ, քաղաքապետը տրամադրում է, հեչ մի ծախս էլ չկա»:

Քննարկումն էլ ավելի թեժացավ, երբ Ազատ Խաչատրյանն ասաց. «Դուք ասում եք ծառերն այստեղ չեն խնամվում, ամեն օր ծաղիկները ջրվում են, դուք խաբա՞ր եք»:

«Ճիշտ է՝ ծաղիկները»,- հեգնեց Գևորգը:

«Բայց եթե ծաղիկները ջրում, լխկեցնում ես, էդ ծառին ջուրը չի գնո՞ւմ, եղավ, որ դու քեզ հակասում ես»,- ասաց բրիգադիր Ազատը:

«Պարոն Խաչատրյան, ձեր էդ էլեկտրիկի կրթությամբ…»,- բղավեց Գևորգը։

«Ես էլեկտրիկն եմ, դու էլ բուսաբան ես դառել, հա՞»,- փոխադարձ հեգնեց Խաչատրյանը։

«Պարոն Խաչատրյան, հըմի արմատային համակարգի մասին լեկցիա կարդա՞մ,- էլ ավելի ոգևորվելով, շարունակեց Գևորգը,- ձեր 20 տարիների կառավարման համակարգի տգիտությունը ջրի երես կհանեմ, թեև հազար անգամ հանել եմ: Առանց ոռոգման համակարգի կանաչապատում անելը, տխմար կառավարումը…»։

Ռ.Սանոյանը միջամտեց՝ ասելով, եթե առաջարկ ունեն՝ ասեն: Գևորգ Պետրոսյանն առաջարկեց, որպեսզի Բուսաբանության ինստիտուտից մասնագետ հրավիրեն, թող նրանք եզրակացություն տան:

Ճարտարապետ Սերգեյ Կուրազյանը երկարաշունչ ելույթ ունեցավ՝ նկարագրելով հրապարակի չափը, ընդունված նորմերը, որպես ճաշակի խնդիր չդիտարկվի, այլ՝ ճարտարապետական նորմերով մոտենան: Նշեց, որ մեր հրապարակը փայլուն ճարտարապետական կոմպլեքս է, բայց ծառերը, որոնք սնվում են ագրեսիվ, թթու ջրերով, իր կարծիքով, «ծառերը կանգնած են մահանում» մոտիվներով է, որովհետև 2-3 ծառ այդ տեսքն ունեն: Իսկ եղևնիները կարծես հրապարակը երկու մասի են բաժանում՝ ցանկապատ հիշեցնելով: «Աշխարհում հանրահայտ, միջազգային մակարդակով եմ խոսում, Կապիտոլիումի հրապարակում՝ Իտալիայում ծառերը լիքն են, հա՞, Ձմեռային պալատը. էդ հրապարակում դուք  պատկերացնո՞ւմ եք ծառերն էդպես շարված լինեն։ Օրինակ՝ այստեղ ծառերով փակել ենք փայլուն մի շենք, մեկը հյուրանոցն է աջ ու ձախ, մեկը Քաջազնունու շենքն է՝ Առաջնորդարանի, Հանրապետության առաջին վարչապետի, փակելով գնում ենք, շենքներն ո՞ւմ ենք պետք, ծառերն են պետք, հա՞»,- ասաց ճարտարապետը:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը կարծիք հայտնեց. «Ես հասկացա, որ «Գյումրի չայը» մեծ խնդիր է առաջացնում. նշանակում է, էդ հարցը պետք է կարգավորել: Ես հիշում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներից մեկը, ով անընդհատ այս ծառերի մասին ներկայացնում էր, ասում էր. «Ես որ եղևնիներին նայում եմ, մրսում եմ». շատ ուժեղ հիմնավորում էր գտել, թե ինչու այդ մրսեցնող ծառերը Հյուսիսի խորհրդանիշը չպիտի լինեն այս հրապարակում։ Այս ծառերն այս հրապարակի հուշարձաններից մեկն են, իմ ընկալումն այդպիսին է, և իրենց հարկավոր է հանգիստ թողնել, եթե կարող ենք օգնել, եկեք օգնենք, սովորականից ավելի մեծ խնամքով՝ դենդրոլոգի մասնակցությամբ, խնամելով»:

Քանդակագործ Ալբերտ Վարդանյանն էլ ասաց, որ ժամանակին, երբ ծառերը տնկել են, նրանց մտքով չի անցել, որ այսքան կբարձրանան. «Եկեք միասին մտածենք, լուծում գտնենք: Չէի մտածել, որ «Գյումրի չայը» այդքան խնդիր ունի, որ թունել կա… Եթե արմատները վնասել են, ու մի փլուզում տեղի ունենա, ո՞վ տակից դուրս կգա: Վիճենք՝ թե քնձռոտ ծառերը հանելը ճիշտ է, թե ո՞չ: Եթե 5 տարի հետո էդ ծառերը պիտի չորանան, ցախավել դառնան, ավելի լավ է էսօր հանենք»:

Քննարկմանը ներկա թոշակառու քաղաքացի առաջարկեց, որպեսզի այս բանավեճը հարատև չլինի, մեկ ծառը տեղափոխել, տեսնել իրեն ինչպես կդրսևորի, նոր մտածել մնացածների մասին:

Քաղաքապետի մշակույթի գծով խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը կարծիք հայտնեց. «Ես բուսաբան չեմ, մասնագիտական կարծիք չեմ կարող ասել: Ես կողմ եմ, որ հեռացնեն: Մի հարց եմ ուզում տալ նրանց, ովքեր այդպես բորբոքվում են. ո՞րն է քաղաքապետարանի շահը, որ նման առաջարկություն է անում, ո՞րս չենք ուզում ունենալ աշխարհի ամենասիրուն հրապարակը։ Ժողովուրդ, ման եկեք ամբողջ աշխարհով մեկ և հազվագյուտ քաղաքներ կգտնեք, որտեղ կենտրոնական հրապարակն աջ և ահյակ եկեղեցիներն են և մեջտեղը ռատուշան, այսինքն՝ քաղաքապետարանը։ Այդպիսի հրապարակներ շատ քիչ կան, եկեք օգտվենք մեր քաղաքի յուրահատուկ գեղեցկությունից: Կողմ եմ, որ Ամենափրկիչի դիմացը բացվի: Ոնց որ երկիրն է ջահելանում, պիտի ջահելանա նաև բնությունը»։

Գերմանիայի դաշնության հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանն էլ կողմ արտահայտվելով եղևնիների հեռացմանը, առաջարկեց լանդշաֆտային դիզայներ հրավիրել Գերմանիայից, որը կուսումնասիրի, կսովորեցնի, ու գեղեցիկ դիզայնով գեղեցիկ տեսարան կստանանք՝ կանաչապատ, ծաղկապատ:

Քանի որ ընդդիմախոսների բանավեճը շարունակական բնույթ էր կրում, Ռուբեն Սանոյանը հայտարարեց, որ հարցն օրակարգից հանում է ու չեն անդրադառնա այնքան ժամանակ, մինչև մասսայական պահանջ չլինի: