ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծերացող Հայաստանի հյուսիսը կամ՝ աղետալի ժողովրդագրություն

Պատմական գիտությունների թեկնածու, էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանը ուսումնասիրելով 30 տարիների ժողովրդագրությունը Շիրակի և Լոռու մարզերում, պատրաստել է բնակչության վերարտադրության համեմատական վերլուծությունը, որը ներկայացրեց ՇՊՀ-ում: Ըստ այդ ուսումնասիրության, մեր ժողովրդագրությունն աղետալի վիճակում է, և Հայաստանը ծերացող երկիր է:

«ՀՀ մարզերի բնակչության բնական վերարտադրությունն ազգաբանական ուսումնասիրություններում ունի կարևոր գիտակիրառական նշանակություն։ Ուսումնասիրելով երկու մարզերի բնակչության վերարտադրության շարժընթացը XX դարի վերջին և XXI դարի սկզբին, խնդիր ենք դրել պարզաբանել բնական վերարտադրության տարածքային առանձնահատկությունները, նմանությունները և տարբերությունները։ Հոդվածի նպատակն է ներկայացնել դրա վրա ազդող գործոնները՝ սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, մշակութային և այլն։ Ցույց ենք տվել երկու մարզերի բնակչության ծնելիության և մահացության միտումները, ինչպես նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվն ինչպիսի ազդեցություն է ունեցել մարզերի քաղաքային և գյուղական  բնակչության թվի փոփոխության վրա»,- ներկայացրեց Ա.Բոյաջյանը։

Ըստ բանախոսի, մեր պարտությունների գլխավոր պատճառը բնակչության թվի նվազումն է, մարդկային ռեսուրսների ներուժի անկումն է՝ ի տարբերություն հարևան պետությունների, որտեղ բնակչության թիվն աճ է գրանցել և, բնականաբար, մարդկային ռեսուրսների ներուժն է մեծ: Հաջորդ պատճառը Ա.Բոյաջյանը նշում է Բոլոնյան կրթական համակարգը: Այստեղ հաշվարկ ենք կատարում. 12-ամյա կրթական համակարգ, գումարած 4 տարի բուհ-ական ուսում, ասենք մի 2 տարի էլ բակալավրիատում, մագիստրատուրայում, ստացվում է, որ կրթությունն ավարտողը հասնում է 24-25 տարեկանին, եթե կարիերայի մասին էլ մտածի, սիրելի աշխատանքով տարվի, ապա բնավ ժամանակ չի մնում ամուսնանալուն, էլ չենք ասում մեկից ավել սերունդ տալուն:

«Երկիրը երկիր է մարդկանցով: Բարձր տեխնոլոգիաներ, ժողովրդավարական հասարակարգ և այլն, դրանք վիրտուալ աշխարհից են, իրական աշխարհը դա տարածքն է և այնտեղ ապրող մարդիկ,- ասում է պարոն Բոյաջյանը:- Ցավոք, վերջին 10-15 տարիների ընթացքում բուհական հաստատություններում երբ պետք է դասավանդվեին այն գիտական առարկաները, որոնք կբարձրացնեին ինտելեկտը՝ չեն դասավանդվում, այլ երկրորդական-երրորդական առարկաներ են դասախոսվում»:

1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը և անկախության առաջին տասնամյակում հասարակարգի փոփոխությունը (սոցիալիզմից անցումը կապիտալիզմի), սոցիալ- տնտեսական աղետալի վիճակը, մինչ օրս շարունակվող տրանսպորտային հաղորդակցման ուղիների շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները, հանրապետության քաղաքական անկայունությունը և շարունակվող արտագաղթը, 2020թ. ի հայտ եկած COVID-19 համավարակն էլ իրենց հերթին են ազդեցություն թողել երկու մարզերի բնակչության բնական վերարտադրության վրա:

ՀՀ-ում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, էթնոմշակութային և քաղաքական գործընթացները անմիջական ազդեցություն են թողել Շիրակի և Լոռու մարզերի բնակչության թվի շարժընթացի, բնական վերարտադրության և միգրացիայի փոփոխության վրա, արդյունքում, այսօր երկու մարզերը հայտնվել են ժողովրդագրական աղետալի վիճակում։ Ներկայացվող ժողովրդագրական պաշտոնական վիճակագրական տվյալները և անցկացված դաշտային էթնոաշխարհագրական նյութերը դրա վառ ապացույցն են։ «Մտահոգողն այն է, որ մեր հասարակությունը ավելի ցավոտ է տանում Արցախի տարածքային կորուստները, քան մարդկայինը։ Իհարկե, երկուսն էլ՝ թե տարածքայինը, թե մարդկայինը վտանգում են մեր անկախ պետության գոյությանը։ Սակայն բնակչության թվի շեշտակի նվազումն ավելի վտանգավոր է։ «Եկել, հասել ենք այնտեղ, որ արդեն ոչ թե Արցախի կորստից ենք խոսում, այլ Սյունիքի կորստի հարցն է դրված։ Արցախ չկա, Սյունիք չկա՝ Հայաստան էլ չկա, և սա նույնպես պայմանավորված է ժողովրդագրական գործոնով. եթե Հայաստանի Հանրապետությունն ունենա 5 միլիոն բնակիչ, Արցախն ունենա 500 հազար բնակիչ, մի սանտիմետր տարածքային կորուստ մենք չենք ունենա, որովհետև դա մարդկային ռեսուրս է, ներուժ է, կարող ենք դիմակայել։ Մենք ոչ թե զենքի խնդիր ունենք, տնտեսական խնդիր ունենք, առաջին հերթին մարդկանց խնդիր ունենք»։

Միայն վերջին 33 տարում Շիրակի և Լոռու մարզերի բնակչության բացարձակ թիվը նվազել է 272,6 հզ-ով։ Այդ թվում քաղաքային բնակչության թիվը համապատասխանաբար նվազել է 231,9 հզ-ով։ Այսինքն, բնակչության ընդհանուր թվի նվազման 85,1%-ը բաժին է ընկնում քաղաքային բնակչությանը։ Ներկայացվող ժամանակամիջոցում Շիրակի մարզի բնակչության բացարձակ թիվը պակասել է ավելի քան 133,4 հազարով կամ 36.6%-ով, այդ թվում քաղաքային բնակչության թիվը՝ 48.2%-ով, իսկ գյուղերինը՝ 6.4%-ով:

«Եթե հաշվի առնենք միայն բնական աճի գործոնը, չներառելով միգրացիան, ապա այսօր Շիրակի մարզը պետք է ունենար 475 հզ բնակիչ, այդ թվում Գյումրիի բնակչության թիվը պիտի 350-360 հզ լիներ։ Բայց փաստացի, 2021թ. պաշտոնական վիճակագրական ընթացիկ հաշվառման տվյալներով Շիրակի մարզն ունի 231 000 բնակիչ, այսինքն՝ 2,1 անգամ քիչ, քան պետք է ունենար»։ Ըստ պարոն Բոյաջյանի՝ 1988 թվականին բնակչության թվի անկման հիմնական պատճառի՝ երկրաշարժի պաշտոնական տվյալներով զոհերի թիվը 25 հազար էր, սակայն դա իրական չէ. տարբեր ուսումնասիրություններ են եղել, նաև «Վաշինգտոն փոստը» հրապարակել է, որ զոհերի թիվը 55 հազարից ավելին է»։

Բանախոսը ներկայացրեց աղյուսակներ, թվային ինֆոգրաֆիկաներ, թե տարիների ընթացքում ինչ պատկեր է ունեցել բնակչության բնական վերարտադրությունը, միգրացիոն հոսքերը, ամուսնություններն ու ամուսնալուծությունները, որոնց թվերը ևս հուսադրող չեն:

Մի հետաքրքիր փաստ ևս ներկայացրեց պարոն Բոյաջյանը. «Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բնակվում էին թուրքեր, պաշտոնական տվյալներ պիտի ասեմ. Ցարական Ռուսաստանի մարդահամարի պաշտոնական վիճակագրության մեջ ադրբեջանցի էթնոս, որպես այդպիսին չի նշվել։ Առաջին անգամ էթնիկ կազմը նշվել է Խորհրդային Միությունում 1926թ-ի մարդահամարի տվյալներով, այնտեղ ադրբեջանցի ներկայացուցչությունը նշվել է որպես թուրք։ 1939 թ. մարդահամարի տվյալներով՝ պաշտոնական վիճակագրությամբ, իսկ դա գրանցվում է որպես պետական ռեգիստր, նոր հիշատակվել է ադրբեջանցի։ Դրանք եղել են թուրքալեզու ցեղեր, չեմ էլ ասում ժողովուրդներ»։