Այսուհետ Գյումրիում շրջանաձև երթևեկության կանոնները գործելու են այլ կերպ: ՀՀ-ում մինչև անցած տարի գործում էր կարգ, երբ հրապարակային շրջանաձև երթևեկության վարորդները ճանապարհը զիջում էին հրապարակ մտնող տրանսպորտային միջոցներին, իսկ նոր կարգով, երթևեկության առավելությունը կտրվի շրջանաձև երթևեկություն կատարողին, այսինքն հարակից տարածքներից դեպի հրապարակ մտնող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկություն կատարող կամ այդ տարածքը լքող տրանսպորտային միջոցներին: Այս մասին տեղեկացրեցին Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը և Ճանապարհային ոստիկանության հետաքննության տեսուչ, կապիտան Արմեն Պողոսյանը:
Քաղաքապետարանը հատուկ գծանշումները կատարել է, իսկ ՃՈ պատասխանատուն ասաց, որ սկզբնական շրջանում ոստիկանները կփորձեն բացատրական մեթոդով կարգավորել այս երթևեկությունը, մինչև վարորդները կսովորեն նոր կանոնակարգին:
Իմ կես կատակ-կես լուրջ հարցադրմանը, թե «ստացվում է, որ ավանդական հարսանիքների դեպքում (հրապարակում 3-7 շրջան կատարելու սովորությանն է վերաբերում) խցանումներ են առաջանալու հարակից փողոցներում», կապիտանը մի պահ հապաղեց, ապա պատասխանեց. «Օրենքը՝ օրենք է, որի առաջ բոլորը հավասար են, ու տարբերություն չկա, թե ինչպիսի միջոցառումներ են տեղի ունենում հրապարակում: Եթե պահանջվում է զիջել, ուրեմն պետք է զիջել»:
Հարց հնչեց, թե կան հատվածներ, որտեղ ճանապարհային երթևեկության նշանները բացակայում են կամ ջնջված են, այս դեպքում խնդիրներ են առաջացնում: ՃՈ պատասխանատուն համաձայնեց, որ կա նման բան և պարզաբանեց, որ Գյումրու քաղաքապետարանը այդ հարցը կկարգավորի և համապատասխան նշաններն ու գծանշումները կթարմացվեն:
Հարցին՝ չնայած Սայաթ-Նովա փողոցում կա երկու հետիոտնային անցում՝ մեկը Արվեստների ակադեմիայի հատվածում, մյուսը Ռուսթավելու խաչմերուկ, արդյո՞ք հարմար չեն գտնում, որպեսզի թատրոնի դիմացի հատվածում ևս «զեբրա» գծանշում անեն, մանավանդ քաղաքացիները, ըստ սովորության, այդտեղով են փողոցն անցնում, հատկապես ներկայացումներից հետո, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Ճիշտ է, այդ հատվածում չկա հետիոտնային գծանշան, բայց դրա փոխարեն կա ստորգետնյա անցում»: Հակադարձեցի, թե երբեմն տարեցները դժվարությամբ են այդ գետնանցումների աստիճաններով իջնում-բարձրանում: Կնյազ Մանասյանը մեկնաբանեց, որ ինչ-որ ժամանակ առաջ մեջտեղի այդ հատվածում հետիոտնային գծանշում արել էին, սակայն այն անհարմարություն է ստեղծել մեքենաների ընթացքին, քանի որ անցումների միջև հատվածը կրճատվել էր:
Հաջորդ հարցս վերաբերում էր «Բագրատունյաց» հրապարակին (Բոշի սադին) միացնող հետիոտնային անցումների բացակայությանը, որտեղ միակ «զեբրան» Հաղթանակի պողոտային կապողն է: Պարոն Մանասյանը բացատրեց, որ այդ հարցի շուրջ իրենք ևս մտահոգ են, ելքեր են փնտրում, քանի որ նույն խնդիրն է առաջանում, ինչ Սայաթ-Նովա փողոցում. մի կողմից Ռուսթավելու խաչմերուկից հետո կարճ հատված է մնում՝ աջ շրջադարձում անցում ունենալու դեպքում, մյուս դեպքում՝ Գորկու փողոցից իջնող մեքենաների ընթացքն է դժվարացնում՝ վերևում հետիոտնային անցում լինելու պատճառով:
Խնդրահարույց է նաև Նժդեհի հրապարակի, «Պետուշոկ» կոչվող (Շիրակացի-Մարմաշեն) հատվածների ճանապարհային երթևեկությունը, քանզի կոնկրետ կարգավորումներ դեռ չկան և վթարներ այդ հատվածներում շատ են լինում: Ըստ ՃՈ կապիտանի, օղակային երթևեկությունը սխալ կլինի, ավելի հարմար է լուսացույցային կարգավորումը:
Հարց բարձրացրեցի նաև հեծանվորդային ճանապարհահատվածներ ունենալու վերաբերյալ: Կ.Մանասյանը պարզաբանեց. «Ինչ-որ հասարակական կազմակերպություն կար, որը նախաձեռնել էր նման բան: Մենք տվել էինք մեր համաձայնությունը՝ Սախարովի հրապարակից Շիրակացի փողոցով, բայց այդպես էլ չարեցին: Սակայն, մյուս կողմից, առայժմ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»: