ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Կանաչ տարածքների փոխարեն շինություններ են բազմանում

Այս տարվա  ձմեռը համեմատաբար մեղմ էր, ասել է, թե ձմեռն իր խիստ շնչով չանհանգստացրեց մարդկանց, տան ջերմությունն ապահովելու համար` ինչ գնով էլ լինի, չդրդեց վնաս հասցնել բնությանը: Մյուս կողմից, վառելափայտի զանգվածային վաճառք չնկատվեց քաղաքում, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր էր իմանալ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանից, թե Գյումրիում գրանցվեցի՞ն արդյոք ապօրինի ծառահատումների դեպքեր: Նա նշեց, թե այդպիսի երկու դեպք են ընդամենը արձանագրվել: Ընդ որում, դրանք կապված են եղել ոչ թե ապօրինի վառելափայտ ձեռք բերելու, այլ` շինարարական խնդիրների հետ: Մեկն Իսահակյան, մյուսը` Գարեգին Նժդեհ փողոցում է տեղի ունեցել: Այս տարի հարկադիր անտառահատման ոչ մի դեպք չի գրանցվել: Չի գրանցվել ոչ միայն անտառային տնտեսությունում, այլև` մեծ անտառային տարածք ընդգրկող Ազգային պարկում:

Ըստ Մովսես Մանուկյանի, վիճակագրորեն, շատ դեպքերում հարկադիր անտառահատումներ լինում են Գյումրի քաղաքում, իսկ այս անգամ չեղան. «Ըստ երևույթին քաղաքապետարանի կողմից դրանք կանխելու նպատակով իրականացրած որոշակի աշխատանքներն էլ նպաստեցին դրան, երբ չքավոր տնտեսություններին վառելափայտի տեսքով օգնություններ եղան: Ինչ-որ տեղ, պետք է ասել, որ ավելի շատ բնությունն օգնեց այս գործում, որովհետև այս տարվա ձմեռային ռեժիմը 10 աստիճան ցուրտը չգերազանցեց: Հույս ունեմ, որ մոտակա օրերին էլ ջերմային ռեժիմի կտրուկ անկում չի դիտարկվի»:

«ԲիոսոՖիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանն իր հերթին նկատում է, որ միայն ապօրինի անտառահատումները չէ, որ վնաս են հասցնում բնությանը, երևույթը պետք է ավելի ընգրկուն դիտարկել. «Շատ կարևոր է նաև քաղաքում կանաչ տարածքների զավթումները կանխելը, որոնց, անկախ եղանակային բարենպաստ կամ ոչ բարենպաստ պայմաններից, մշտապես ականատես ենք լինում, երբ կանաչ տարածքները շինություններով են զբաղեցնում: Կանաչ տարածք ասելով պետք է հասկանալ բոլոր այն տարածքները, որոնք ըստ Գյումրու գլխավոր հատակագծի, կանաչապատված են»:

Գևորգ Պետրոսյանը, որպես թարմ օրինակ, բերում է «Մուշ» թաղամասի դեպքը, որը մոտ երկու ամիս առաջ է տեղի ունեցել. «Բնակիչներն այն ժամանակ բողոքեցին, բայց միևնույն է, գործն «առաջ» տվեցին: Այն դեպքում, երբ այս թաղամասը հատուկ կարգավորվող գոտի է, և այստեղ, առհասարակ, իրավունք չունեին որևէ խախտում կատարելու: Իսկ հիմա, երբ դա, այնուամենայնիվ, կատարվել է, մյուսն էլ կմտածի, թե ոնց որ նրան կարելի է դա անել, իրեն՝ ոչ, ու շղթայական ռեակցիայի պես կշարունակվեն խախտումները: Եվ կանաչ տարածքների հաշվին տարբեր նշանակության շինություններ կբազմանան»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ