ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կաշառակերություն հասկացությունը միակողմանի չպետք է դիտարկել. կա տվող ու կա վերցնող

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Պարոն Կարապետյան, որոշ դպրոցներում անառողջ մթնոլորտ է, և երբեմն միջանձնային հարաբերություններն այնքան են լարված լինում, որ դուրս են գալիս դպրոցի պատերից:

— Իհարկե, ցավալի է ու տհաճ, որ կրթական հաստատությունում նման իրադարձություններ են տեղի ունենում, քրեական գործեր են հարուցվում, որն ավելի աչքի ընկնող է, քան նույն այդ կրթական օջախի հաջողությունները: Եվ այս ամենը չի կարող չանդրադառնալ կրթության որակի վրա, բայց նաև հարկ եմ համարում նշել, որ կրթության կազմակերպման և նրա հետագա գործունեության հետ նշածներս շատ քիչ առնչություն ունեն: Հիմնականում աղմուկ բարձրանում է ներանձնային հարաբերություններով, ոչ առողջ մթնոլորտով, ավելի շատ անձնական դաշտը աշխատավայր տեղափոխելով:

Իսկ վերլուծե՞լ եք, թե ինչն է պատճառը, որ նման անառողջ մթնոլորտ կա կրթական հաստատություններում:

— Փորձել եմ վերլուծել, հասկանալ, միջոցներ գտնել՝ կանխելու… Մենք ավելի շատ կարիք ունենք սիրո, ջերմության, փոխադարձ հարգանքի: Ցավով պիտի նշեմ, որ վերջին ժամանակաշրջանում չենք փորձում ընդհանուր եզրեր գտնելով, ընդհանուր հայտարարի գալով՝ փոխըմբռնման գնալ:

Եթե օբյեկտիվորեն դիտարկենք, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ ներանձնային նման մթնոլորտի պատճառահետևանք է, երբ նախկին իշխանության օրոք կրթական հաստատությունները կուսակցականացվեցին, ինչը մարդկանց, այսպես ասած, «բանակների» կամ «թևերի» բաժանեց:

— Դիտարկումը տեղին է, չեմ բացառում: Մյուս կողմից, այն դպրոցներում, որտեղ չկա Ձեր մատնանշած քաղաքականացվածությունը, և՛ տնօրենը, և՛ վարչական համակազմն ընդհանրապես չեզոք են գտնվել՝ չբաժանվելով իշխանական ու ոչ իշխանական թևերի, դարձյալ այդ խնդիրը նկատվում է:

Այսինքն, ենթադրելի է, որ լոկ մարդկային բնավորություններ են:

— Այո, և այս ամենից զատ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այժմ փորձում են նախկին արատավոր գործելաոճից զերծ պահել, կրթական հաստատություններից քաղաքականությունը դուրս մղել, ինչը շատ կարևոր քայլ է: Յուրաքանչյուր ոք ունի ազատ կամքի արտահայտման իրավունք ու պետք չի պարտադրանքներով առաջնորդվել:

Վերջին մեկ տարվա ընթացքում շատ դպրոցներում կոռուպցիոն դեպքեր հայտնաբերվեցին, քրեական գործեր հարուցվեցին, տնօրեններ՝ հրաժարականի դիմումներ գրեցինԻնչպե՞ս է, որ նախկինում նման աղմկոտ դեպքեր չէին արձանագրվում: Երբևէ ներքին աուդիտ, ստուգում չի՞ իրականացվել, թե՞ քաղաքական կամք չի եղել:

— Ես չեմ փորձի գնահատական տալ այն ոլորտին, որտեղ ինքս ուսումնասիրություն չեմ անցկացրել կամ բողոքներ այդ առումով չեմ ստացել: Սա իրավապահ մարմինների աշխատանքն է, և դատավարական պրոցեսներում կպարզվեն, թե արդյո՞ք դիմում-բողոքները հիմք ունեն, արդյո՞ք մեղավորությունը կհիմնավորվի և, եթե ձերբակալություններ կամ որևէ պատիժ կսահմանվի, ապա նոր գնահատական կտրվի: Իսկ աուդիտ իրականացնելու կամ չիրականացնելու առումով ասեմ. մենք՝ մեր աշխատակազմով, ոլորտով պատասխանատու ենք կրթության որակի, կրթության կազմակերպման և կրթությանն առնչվող բոլոր հարցերի համար, բայց նման արատավոր երևույթները որքան են կազմում, կան, թե՝ չկան, ես ոչ հաստատում եմ, ոչ էլ բացառում: Սա իրավապահ համակարգի գործն է: Ասեմ, որ մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները հստակ ցույց են տալիս, որ հիմնականում ավելի շատ ու խորն են ներանձնային հարաբերությունները: Եթե կան աշխատանքային թերություններ, թերացումներ, ապա դրանք կարող են լինել յուրաքանչյուր ոլորտում, սա զուտ աշխատապրոցես է. որտեղ կա մեծ թվով կոլեկտիվ, աշխատանք, այնտեղ կարող են լինել նաև թերություններ:

Բայց, քանի որ խոսքը հանցանքի, այլ ոչ թե թերության կամ սխալի մասին է, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ. ի՞նչն է պատճառը, որ կրթական ոլորտում կոռուպցիոն դեպքերը շատ են, և արդյո՞ք պատճառներից մեկն այն է, որ ուսուցիչը ցածր աշխատավարձ է ստանում:

— Ես իմ կարծիքն եմ հայտնում, գուցեև սա գլխավոր պատճառներից մեկն է՝ մանկավարժի աշխատավարձն ամենացածրն է: Բայց կաշառակերություն հասկացությունը միակողմանի չպետք է դիտարկել, կա տվող ու կա վերցնող: Իսկ ինչո՞ւ ենք փորձում սլաքներն ուղղել միայն վերցնողին, միաժամանակ մեղսակից է նաև տվողը, որի քայլերը ևս պետք է կանխել, որոնք փորձում են կաշառք տալուց զատ, ներազդել, ճնշում գործադրել ազգակցական, շրջապատի և այլ կապերի ու մեթոդների կիրառման միջոցով: Իսկ, ընդհանրապես, բոլոր բնագավառներում, որտեղ կա աշխատավարձային մասով խնդիր, կա ապրելու, գոյատևելու հարց, տվյալ ոլորտում  բարձր կլինի նաև զարտուղի ճանապարհով  արագ գումար «աշխատելու» հիվանդագին երևույթները:

Իսկ ի՞նչ եք կարծում, բուժում կա՞, հնարավո՞ր է մաքրել ոլորտը:

— Այո, հնարավոր է. պետք է ունենանք կամք, պետք է իրական քայլեր ձեռնարկենք և վերանայենք աշխատավարձի չափը:

Խոսվում է, որ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է, սա կօգնի՞:

— Թեպետ խոսվում է, ասվում է, այս պահին կոնկրետ հստակեցում չկա, թե որքանով, քանի տոկոսով է բարձրանալու:

Մեր մարզում ի՞նչ թիվ են կազմում մանկավարժները:

— Չնայած սա կոնֆիդենցիալ տեղեկություն է, բայց մարզխորհրդի նիստերին մոտավոր նշվում է շուրջ 3000-ից ավել մանկավարժ, 31 հազար աշակերտություն:

Այսինքն, մանկավարժները թվով շա՞տ են, որ երբեմն դպրոցներում դասաժամերի բաշխման համար նեղվածություններ, լարվածություն է լինում, կես դրույքով են մարդիկ աշխատում:

— Քանի որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտության թվակազմով, թվային դիտարկմամբ գալիս է 1/10 հարաբերակցություն: Լինում է, որ սա ազդում է դրույքաչափերի ու աշխատավարձերի վրա, բայց սա գլխավոր պատճառը չէ. մենք ունենք սահմանամերձ, բարձր լեռնային տարածաշրջաններ, ինչու չէ, նաև քաղաքային համայնքներում հաստիքներ, առարկաներ, որոնց թափուր աշխատատեղերն ամիսներ, նաև տարիներ չենք կարողանում համալրել:

Ո՞ր առարկաների գծով:

— Գրեթե բոլոր առարկաների՝ հատկապես գյուղական համայնքներում, իսկ հիմնականում «Ինֆորմատիկա» առարկայի:

Սա նշանակո՞ւմ է, թե բարձրագույն ուսումնական հաստատույունները չեն կարողանում ապահովել պահանջարկը:

— Բուհ-երում անգամ բաժիններ կան, որտեղ բավական թափուր տեղեր են մնում: Ենթադրում ենք, որ պատճառ կարող էր հանդիսանալ ցածր աշխատավարձերը, և մարդիկ չեն ուզում այդ պատճառով մուտք գործել դպրոց:

Այդ դեպքում, ինչպե՞ս է կարգավորվում սահմանամերձ ու բարձր լեռնային շրջաններում դասավանդումը:

— Հարակից առարկաներ դասավանդողների միջոցով կամ ինչ-որ այլ եղանակներ ենք մշակում: Օրինակ, վերջերս համագործակցում ենք «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հետ, որի արդյուքնում, Շիրակի մարզում 5 դպրոցներում համալրվել է ուսուցչական կազմը:

Այս տարի ինչքա՞ն շրջանավարտ կունենանք:

— Եթե խոսքը 12-ամյայի շրջանավարտներին է վերաբերում, մոտ 1700, իսկ 9-ամյաները՝ մոտ 2000:

Կրթական ոլորտը բազմաթիվ փորձարկումների ենթարկվեց, չեն հասցնում մի փոփոխության շրջանն ավարտել, երբ հաջորդում է մյուսը: Սա կրթական որակի վրա չի՞ ազդում:

— Շատ տեղին բառ արտահայտեցիք՝ «փորձարկումներ»: Կրթությունը կարիք ունի մշտական փոփոխություների, և ոչ թե փորձարկումների: Փոփոխությունների կարիք միշտ կա, բայց պետք չէ փորձարկումների ենթարկել: Փոփոխություններից մեկը, որը 2018-ից սկիզբ է առել, ու շատ եմ գնահատում, դա Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կիրականացվի ներառական համակարգը, սա կարևոր իրադարձություն է:

Մեկ ամսից «Վերջին զանգ» է. դարձյա՞լ սկսվելու են խոսակցությունները՝ «գումար հավաքել», «քեֆ անել», բողոքներ և այլն:

— Միշտ էլ որևէ բանից թե՛ գոհ, թե՛ դժգոհողներ կլինեն: Երբեմն նույնիսկ բողոքում են այն մարդիկ, ովքեր շրջանավարտ չունեն, ուղղակի խոսակցություն, լարվածություն ստեղծելու համար չեղած տեղից փորձում են տպավորություն ստեղծել, մթնոլորտ շիկացնել: Երբեմն էլ բողոքում են նրանք, ովքեր հենց պրոցեսի մեջ են, մասնակից են: Մինչդեռ պարտադրանք հասկացություն չկա, այսօր առավել ևս բացառվում է: Ծնողները որոշում են ամենալավ, ամենաշքեղ միջոցառումն անցկացնել, հետո էլ որոշում են բողոքել: Հարգելիներս, չեք ուզում, մի արեք, դուք եք ձեր ֆինանսների տնօրինողները, ձեզ ոչ մեկ չի ստիպում, չի պարտադրում:

Բազմաթիվ անգամ ասպարեզ է նետվել դպրոցական արտահագուստի հարցը: Այս հարցում ինչպիսի՞ կարծիք ունեք Դուք:

— Իմ կարծիքով, դպրոցական միանման հագուստի ներմուծում միայն ու միայն կարող է լինել ծանրաբեռնվածությունը չբարդելով ծնողների վրա, այլ պետական մակարդակով: Հակառակ պարագայում՝ պարտադրանք չպետք է լինի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ