ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կառավարության ներդրած յուրաքանչյուր մեկ եվրոն կվերածվի 5 եվրո շահույթի», կամ՝ «քյաբա՞բ, թե՞ խորոված»

Գյումրիում էր Գերմանիայի Ֆալցի շրջանի խոհարարների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսիոնալ խոհարար ԿԱՐԼ ՀԱՅՆՑ ՎԵՍՏԵՆՀՈՖԵՐԸ, որն արդեն երկար տարիներ ուսումնական՝ «Սենյոր էքսպերտ սերվիս» ծրագրով շրջում է աշխարհով մեկ, և արդեն երկրորդ անգամ Գյումրիում էր: Պրոֆեսիոնալ խոհարարը «Շրջապատի» հետ կիսվեց իր ուսումնասիրություններով ու եզրահանգումներով (թարգմանությունն ապահովեց Ալեքսան Տեր-Մինասյանը):

Կարլ Վեստենհոֆերն ասաց, որ մեր կրթական համակարգը շատ անելիք ունի, որպեսզի երիտասարդությունը ժամանակակից, պահանջված մասնագիտություն ձեռք բերի, բարձրակարգ որակավորում ունենա: Օրինակ բերելով խոհարարությունը, նշեց, որ պետք է հիմնել մի ուսումնական հաստատություն կամ, ասենք, եղած հաստատություններից մեկում առանձին մասնաբաժին հիմնել՝ բարձրակարգ խոհարարական ուղղվածությամբ:

Իր ուսումնասիրությունների վրա հիմնվելով, նա նկատում է, որ թե՛ ռեստորան-սրճարանների խոհանոցներում, թե՛ սպասարկման-մատուցման ոլորտում որակավորման անհրաժեշտություն կա: «Ես երկրորդ տարին է, որ Հայաստանում եմ: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու, առաջարկելու, ներկայացնելու: Եթե Հայաստանն իր զարգացման ուղիներից մեկն ընտրել է զբոսաշրջությունը, և ուզում է այն զարգացնել, ապա պետք է պետությունը ֆինանսական ներդրում անի ծառայությունների և սպասարկման ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական որակի բարձրացման գործում: Հայաստանն ունի շատ գեղեցիկ, պատմական, արժեքական ու տեսարժան վայրեր, անգամ հարուստ ազգային խոհանոց, բայց չունի պրոֆեսիոնալ, բարձրակարգ հյուրընկալություն»:

Հարցին՝ «Ինչպե՞ս թե… Մենք հյուրընկալ ազգ ենք, հյուրասեր ազգ ենք…», պարոն Վեստենհոֆերը հանգիստ բացատրեց, որ պետք չէ մի քանի հաջողված սննդի օբյեկտների համբավն ընդհանրացնել ողջ Հայաստանով: Ըստ նրա, այստեղ մեծամասամբ ինքնուս խոհարարներ են, համատարած օբյեկտ բացող չակերտավոր ռեստորանատերերը համարյա գործից բան չեն հասկանում, դրա համար ոչ բոլորն են հաջողության հասնում:

Պարոն Վեստենհոֆերին հակադարձում եմ, թե միգուցե յուրաքանչյուր ազգ ունենալով իր համային առանձնահատկությունները, ա՞յդ է պատճառը, որ նա նման կարծիքի է հանգել: Ասում է, որ համային առանձնահատկությունն այս պարագայում ոչ մի կապ չունի… «Ձեր բոլոր սննդի օբյեկտներն առաջին հերթին առաջարկում են՝ «քյաբա՞բ, թե՞ խորոված»: Եվ պատմում է մի օրինակ. «Տոկիոյից տուրիզմի մի մենեջեր բողոքում էր, թե իր տուրիստները, որոնք հյուրընկալվել են Մոնղոլիայում, իրենց բոլոր տեղերում մատուցվել է նույն բանը՝ մոնղոլական ազգային խոհանոցից: Եվ այդ մենեջերն հայտարարել է, որ հաջորդ անգամ միայն այն դեպքում տուրիստներ կուղարկի, եթե հյուրասիրության ցանկը բազմազան լինի: Պարոն Վեստենհոֆերը Մոնղոլիայի տարբեր վայրերում մի քանի ամիս ուսումնական սեմինարներ է անցկացրել, և հասել նրան, որ հաջորդ տուրիստական խումբը գոհ է մնացել:

Ըստ նրա, պետք է հասկանալ մի շատ կարևոր ու պարզ ճշմարտություն. տուրիստը սպառող է և պատրաստ է գումար թողնել իրեն մատուցված ծառայության դիմաց: Վեստենհոֆերն ասում է, որ շատ երկրներում, որոնք մտադրված են եղել զբոսաշրջությունը զարգացնել, խոշոր քաղաքներում գաստրոնոմիական դպրոց, քոլեջ կամ բուհական բաժիններ են բացել, և իրենց երկրի սննդի օբյեկտների խոհարարները, սեզոնն ավարտվելուց հետո, պարտադիր հերթական որակավորման սեմինարների են հաճախել: Պարոն Վեստենհոֆերը գտնում է, որ մեր իշխանությունները ևս պետք է մտածեն այս ուղղությամբ, հիմնեն խոհարարական մասնագիտական դպրոց՝ հատուկ կրթական ծրագրով, որը կրթության նախարարության բազայում ներառված կլինի: Օրինակ՝ իր առաջարկը կիրառվել է Կոսովոյում, որտեղ կա նմանատիպ դպրոց՝ 6-ամսյա բազային ծրագրով: «Խոհարարների մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով կառավարության ներդրած յուրաքանչյուր մեկ եվրոն կվերածվի 5 եվրո շահույթի»,- եզրափակեց պրոֆեսիոնալ խոհարար Կարլ Հայնց Վեստենհոֆերը: