Հարցազրույց Գյումրու քաղաքապետարանի Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Թադևոսյան, նախ խոսենք թվաբանորեն. որքան եկամուտ է ապահովում արտաքին գովազդը:
— Մեր քաղաքի գովազդային մեծ վահանակները («բիգ բորդերներ») ահագին գումար էին ապահովում, սակայն կառավարության որոշմամբ, դրանք 2018 թվականից անցան ՊԵԿ-ի ենթակայության տակ: Թույլտվությունները տալիս է ՊԵԿ-ը, մուծումները հարկայինն է գանձում, ու քաղաքային բյուջե ահագին գումար չի մուտքագրվում:
— Չհասկացա. ինչո՞ւ քաղաքի գովազդային տարածքները պետք է գտնվեն ՊԵԿ—ի ենթակայության տակ…
— Կառավարությունն որոշել է միջպետական ճանապարհահատվածներում գտնվող վահանակները տալ ՊԵԿ-ին:
— Դա վերաբերում է միջպետական ճանապարհահատվածներին, իսկ քաղաքայինն ի՞նչ կապ ունի:
— Ըստ դիտարկման, քաղաքային ճանապարհները համարվում են միջպետական…
— Այսինքն, ճանապարհները վերանորոգելը, ճանապարհային երթևեկության նշանները, գծանշումները և այլն՝ քաղաքային են, բայց գովազդային վահանակները մերը չեն, հա՞: Իսկ դիմե՞լ եք վերին ատյաններ:
— Այո, գրություններ ենք ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և պատասխան ստացել, որ դա կառավարության որոշումն է: Այդ «բիգ բորդեր»-ները գովազդի մասով բավական մեծ գումար էին մուտքագրում բյուջե…
— … մանավանդ ընտրական շրջաններում:
— Այո: Մինչև հեղափոխությունը շատ խանութներ, օբյեկտներ փակվում էին, մարդիկ չէին կարողանում հարկերը տալ, ուր մնաց գովազդ պատվիրեին: Սակայն հիմա, ես զգում եմ, որ բավականին աշխուժություն կա. այն ժամանակվա գոնե իմ նկատած օբյեկտները, որոնց վրա գրված էին՝ «Վաճառվում է» կամ «Տրվում է վարձով», արդեն մեծամասամբ սկսել են գործել: Ու չնայած այդ ամենին, 2018-ին գովազդներից մոտ 40մլն դրամ գումար էր մուտքագրվում քաղաքային բյուջե: Իսկ հիմա՝ մոտ 30մլն: Տեսեք, ուրեմն Երևանում էլ այդ «բիգ բորդերների» հետ կապված խնդիր էր եղել, բայց, արի ու տես, որ Երևանի քաղաքապետը զանգել էր նախարար Պապիկյանին, ու այդ մի քանի «բիգ բորդերները» կառավարությունը տվել էր քաղաքին: Սա արդեն խտրական վերաբերմունք է: Էդ մեր քաղաքը պիտի վարկով փողոց սարքի, վերականգնի նշանները, լուսացույցները և այլն, մենք ծախս անենք, իսկ Երևանը, որ ունի մեծ բյուջե… Հիմա, օրենքի սահմաններում, քաղաքապետի որոշմամբ, մենք իրավունք ունենք քաղաքից հեռացնել «բիգ բորդերները»: Դե ուրեմն՝ մենք էլ կհանենք:
— Հիմա, եթե ուզենանք, օրինակ, «Շրջապատ» թերթի գովազդը տեղադրել, պետք է ՊԵԿ—ի՞ն դիմենք:
— Ոչ, կա «Իմիջ» կազմակերպություն, որի մասնաճյուղն է երևի այստեղ, ղեկավարը գյումրեցի է, թույլտվություն են ստանում ՊԵԿ-ից (ՊԵԿ-ը հանձնել է իրենց), և տուրքը վճարվում է ՊԵԿ-ին:
— Բացի գովազդային պաստառներից, խանութների, օբյեկտների անվանումները, ցուցանակները, սրանց համար և՞ս տուրք, որպես այդպիսին, մուծում են:
— Նախ, քաղաքաշինությունից պետք է թույլտվություն ստանան, հետո՝ գովազդի բաժնից: Շատերը փորձում են ապօրինի ձևով աշխատել՝ առանց թույլտվության, հրաժարվում են տուրք մուծել: Ներկայում բավական շատ գործերով մենք նրանց հետ իրավաբանական հարաբերությունների մեջ ենք մտած: Ամեն ամիս գույքագրում ենք քաղաքային գովազդային տարածքները, նրանք, որոնք չեն մտել մեր բաժիններ, այլ ընթացք են ստանում: Ինչ վերաբերում է խանութների ցուցանակներին, ապա նրանք, որոնք վաղուց կային, մնացին, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք, արգելում ենք բազմապիսի ցուցանակները: Պետք է Լեզվի տեսչության, քաղաքաշինության ու մեր բաժնի հետ համաձայնեցվեն, նոր միայն փակցվեն: Ներկայում գովազդային «ԷյԹիԷլ» ընկերությունն է մեզ դիմել, որպեսզի Ռիժկովի ճեմափողոցի երկայնքով, նոր ֆորմատներով, նոր դիզայնով վահանակներ տեղադրեն: Դիզայնը մեզ կներկայացնեն, քաղաքաշինության ու մեր բաժինը կքննարկի, հետո, որ թույլտվություն ունեցան, արդեն կտեղադրեն:
— Իսկ որ Անկախության տոնի կապակցությամբ անճաշակ պաստառներ բերեցին ու տեղադրեցին, քաղաքին տուրք չվճարվե՞ց:
— Ոչ, նման պաստառները, սոցիալականներն անվճար են: Մենք հիմա գովազդների գներն էլ ենք փոխել. սովորականները, եթե առաջ 1000 դրամ էին, ներկայում 1125 դրամ է դարձել: 40 տոկոս ալկոհոլային խմիչքների գովազդներինը դարձավ 5250 դրամ, իսկ 20 տոկոս ալկոհոլ պարունակողներինը՝ 3000 դրամ:
— Հիմա բավական ակտիվություն է սկսվել բիզնես շրջանակներում, ինչպիսի՞ պահանջներ ունեն:
— Այո, ակտիվացել է, հույսերն է արթնացել, եթե այն ժամանակ ոչինչ էլ չէին ուզում անել, թողել էին ինքնահոսի, ապա հիմա ծախսեր են անում: Էլ չեմ ասում, այժմ զբոսաշրջությունը մեծ թափ է առել Գյումրիում, և դա նպաստում է, որ շարժունություն առաջանա:
— Միայն թե՝ կտրոններ խփեն:
— Ես Ձեզ մի բան ասեմ. գիտեք անշուշտ, որ մարզերից, մայրաքաղաքից բազմաթիվ սննդի շարժական օբյեկտներ էին Գյումրի բերվել, ու հաշվի առե՞լ էին, որ հենց վերջիններս կտրոններ չէին տալիս ու, այսպես ասած, «խփում էին տեղի սննդի օբյեկտների գործին»: Էլ չեմ ասում, ըստ իս, 15 հազար այցելու չի եղել…